Լքված տուն
Ես լքված տուն եմ՝
Անդուռ, անլուսամուտ,
Քամիներ են մեջս
Ու պատերս են մամուռ
Ես լքված տուն եմ
Սարի գլխին հեռու
Ինձ գտնելու համար
Շատ ջանք է պետք գալու
Ես լքված տուն եմ
Ու այստեղ միջանցիկ քամիները
Սերեր են երգում
Իմ անտերության ֆոնին:
***
Ես շուտով
Կմեռնեմ
Գուցե
Հենց այսօր
Կամ էլ
Հենց հիմա։
Կոպերիս
Տակ սահման
Չի մնա
Ու լուսաբացը
Կլինի լոկ հիշողություն:
Էլ մի շտապիր
Ինձ չտեսնել,
Էլ մի շտապիր
Չսիրել։
Մի օր մարդիկ
Կտրորեն հողը խոնավ,
Ու չեն իմանա,
Որ սիրտ է եղել՝
Տրորված մի սիրտ,
Նախքան հող դառնալը։
Մի օր կմեռնեմ
Այսօր
Գուցե հենց հիմա
Արդեն
***
Եթե ընկել ես
Վեր կաց
Տես լուսինը կախվել է
Ամպից ցած:
Եթե ընկեր ես
Կմնաս հետս
Երբ
Ցուրտ է ու թաց:
Մենք կորցրել ենք
Կորցրել ենք մեզ
Ցերեկը,
Ու իզուր
Իզուր ենք
Փորձում գտնել գիշերով։
Մենք այնքան ճիշտ ենք
Ապրում
Որ մեռնում ենք մենակ
Մեռնում ենք
Վերջում:
Վերջում:
Լսիր ընկերս
Գուցե ճիշտը
Սխալվելն էր
Ու ուղղակի ապրելը։
Առանց ֆիլտրի
Առանց պատրանքի
Որ պետք է փրկել աշխարհը
Որ պետք է լինել
Գեղեցիկն` ամենա
Ու հարուստը:
Գուցե քեզ
Չերջանկացնի փողը
Ու խելքահան անի
Հայրենի սարն ու ձորը։
Լսիր ընկերս
Եթե ընկել ես
Միշտ կտեսնես ձեռքս
Որ կքաշի քեզ վեր:
Կամ կիջնի մոտդ
Դեմքս
Որ ծիծաղենք
Անդունդից
Թե էս ինչ
Հեշտ բան էր
Գլորվելը ձորից
Ու վեր բարձրանալը
Նորից:
Մենք կորցրել ենք մեզ
Ու ուզում ենք
Որ գտնի ուրիշը
Նա հանի մեր մատի
Փուշը
Ու թողնի հանգիստ:
Հանգիստ:
Հանգիստ:
Մի դատիր այդքան խիստ
Առաջին անգամ ես ապրում
էս կյանքը:
Կամ չես հիշում անցածը
Ուղակի եթե ընկել ես
Վեր կաց:
Եթե ընկել եմ
Մնա մոտս
Եթե ընկերս ես:
Սխալվելը
Մեղք չէ
Մեղք է չապրելը էս կյանքը։
***
Ի վերջո, մեզ լքում են բոլորը.
Կարևոր է, որ դրանից հետո
Մենք դեպի մեզ դառնանք
Չգնանք օտար հանդերում
Մոլոր ու գլխիկոր ման գանք
Խոտակեր կամ խոտ դառնանք:
Ի վերջո, մինչև այդ
Մենք էլ ենք լքել
Նրանց
Նրան...
Նա հավատում էր, որ կդառնանք տուն
Տուն, սիրտ, բույն,
Իսկ մեզ այլ փայլփլուն մի գույն
Տարավ:
Հունով ծուռ... խավար
Բոլորը լքում են բոլորին
Ես այստեղ եմ
Ու էլ չեմ սպասում քեզ
Սեր:
Շուշանիկ Գյոլչանյան
Դիտումներ: 166
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։