«Մանկական երգ»-ի մասին

08:47 14.08.2026 · Գրական · Թոմաս Ման
Կիսվել:

1921

Ես ձեզ շատ բան չունեմ պատմելու «Մանկական երգ»-ի մասին: Ես փոքրիկ նախաձեռնությամբ ճանապարհ անցա «Տերը եւ շունը» հովվերգական արձակի միջոցով, որի լեզվի մեջ տեղ-տեղ թափանցել էր հեքզամետրի ոգին, նույնիսկ նրա վանկերի հնչյունը: Տաղաչափության նկատմամբ իմ   պատվախնդրությունն այդքան էլ հեռու չգնաց չափածո հովվերգության պարագայում: Իմ հիմնական մտահոգությունն այն էր, որ ընդգծեմ  հեքզամետրը եւ արտահայտեմ նրա ոգին, որն այդ թեմայի ոգին էր, այլ ոչ թե գրեմ դասագրքային ոճի տողեր, որոնցից, ի դեպ, շատերը ողջունելի են, ծնվում են հեշտ եւ ինքնաբուխ, եւ որոնք հայտնաբերում ես բանաստեղծության մեջ:  

Որքանով ես տեղյակ եմ`գրախոսություններում հաճախ հիշատակվող տողերի  անհարթությունն ակնհայտ է: Երբ ռիթմերը կարդացվում են ոչ թե որպես հեքզամետրեր, այլ ազատ, դրանք դյուրությամբ են ընկալվում. այդպես ինձ հավատացրել են լեզվական զգացողություն ունեցող մարդիկ: Հակառակ   դեպքում, այս համատեքստում, ես հաճույքով եմ մտածում այն կապի մասին, թե ինչպես Գյոթեն, որը խնդրել էր ծեր Վոսին ընդգծել «Հերման եւ Դորոթեա»  ստեղծագործության մեջ վատ հեքզամետրերը, նրանից պատասխան ստացավ, որ ինքը ցավում է, բայց պետք է ընդգծի դրանք բոլորը: 

Ֆրիդրիխ Շլեգելի կարծիքով` «Հերմանը եւ Դորոթեան» Գյոթեի բանաստեղծություններից ամենաանկեղծը, ամենաազնիվը, միամիտը եւ  բարոյականն է. հետագա բնութագրման համար նա ավելացրել է անհնարին  գովասանքը` «հայրենասիրականը», այն բարձր չափանիշը, որը ես պատկերացնում էի իմ բանաստեղծության իմպրովիզացիայի ժամանակ: Նրա հետ կապվում է մեծ, հեղափոխական իրադարձությունների, պատերազմի եւ  ազգային ցնցումների նախապատմությունը. հնարավոր է, որ այն նաեւ ընդօրինակել է նրան` Շլեգելի հետ կրկին խոսելով եւ այդ իրադարձություններին «լիբերալ» հայացք նետելով:

«Ապաքաղաքական մարդու մտորումները» ստեղծագործության երկարատեւ  վերացարկումից հետո առաջին արհեստական փորձերը երկու  հովվերգություններն են`մեկը երեխայի, մյուսը`կենդանու եւ բնապատկերի  մասին. այն բաժանման, խաղաղության, ուրախության, սիրո եւ սրտանց  մարդկայնության խորը պահանջի արդյունք է, որը ոչ մի կապ չէր ուզում  ունենալ գրականության մեջ այդ ժամանակ նորաձեւ «մարդկայնության» եւ  «սիրո» հետ`տեւականի, անձեռնմխելիի, ոչ պատմականի, սրբազանի պահանջի հետ, եւ այնքանով, որքանով ես ընկղմվում էի այդ տարրի մեջ, իսկապես լուրջ էի վերաբերում հովվերգությանը եւ հեքզամետրի ոգուն: Այնուամենայնիվ, այսօրվա հովվերգության նկատմամբ չկա ուժեղ հավատ, եւ եթե Շլեգելն արդեն մտածել էր «Հերման եւ Դորոթեա»-ի մասին, եւ նույնիսկ այնտեղ, որտեղ բանաստեղծությունը թվում է ամենահոմերականը եւ միամիտը, ունենում ես այն ընկալումը, ինքնասահմանափակումը, որը ոչ հոմերական է. ավելի ուշ այդ ընկալումը վերածվում է ծաղրերգության, ինչը  հատկապես ակնհայտ է «Ջրածնի պերօքսիդ» հեքզամետրիկ կիսատողում կամ այնպիսի արտահայտություններում, ինչպիսին է «նախատեսված  երիտասարդությունը»:

Կարճ ասած` իրական միամտության թերությունն արտահայտվում է որպես  պարոդիայի հակում, եւ այս փոքրիկ բանաստեղծական միջադեպից առնվազն կարելի է եզրակացնել, որ արվեստի ոգու նկատմամբ սերը, որի գոյությանն այլեւս չեն հավատում, ծնում է պարոդիա:

 

1.  Հեքզամետր- հին հունական եւ լատինական պոեզիայի դասական չափ է, որը բաղկացած է վեց ոտքից եւ հիմնականում կիրառվել է հերոսական  էպոսներում:

2. Ֆրիդրիխ Շլեգել (1772-1829)- գերմանացի նշանավոր փիլիսոփա, գրականագետ եւ գերմանական ռոմանտիզմի գլխավոր տեսաբաններից   մեկը:

 

 

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

  

Դիտումներ: 187

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։