Մհեր Աբեղյան․ սոցռեալիզմ՝ մարդկային դեմքով

Կիսվել:

Խորհրդահայ գեղանկարիչ և գրաֆիկ Մհեր Աբեղյանը ստեղծագործում էր այն ժամանակներում, երբ վարչակարգը գերապատվությունը տալիս էր սոցիալիստական ռեալիզմին։ Նա էլ հետևեց այդ գեղարվեստական ուղղությանը, սակայն ընդունելով դրա սկզբունքները, ջանում էր նկարել այն, ինչը մարդկային էր, սրտամոտ ցանկացած դիտողի, առավել ևս՝ իր հայրենակիցներին։ Հետագայում Սերգեյ Դովլաթովի շնորհիվ այսպիսի ձևակերպում տրվեց՝ «մարդկային դեմքով սոցռեալիզմ», ինչը ենթադրում էր շեղում սոցռեալիզմի չոր ու դոգմատիկ կանոններից՝ ի շահ քնարականության, կենցաղային պսիխոլոգիզմի և կենդանի մարդկային զգացմունքների։ Սրանով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ իր ամենահայտնի գործերը նկարիչը ստեղծել է Ստալինի մահից հետո, երբ արդեն քառասունն անց էր։ Նրա աշխատանքներին հատուկ տպավորիչ խորությունը, զգայական, պատկերավոր մտածողությունը, գունեղութունը առանձնակի դեկորատիվություն և էպիկականություն է հաղորդում դրանց՝ վերածելով «առօրեականության պոեզիայի» (արվեստաբան Ալեքսանդր Կամենսկու բնորոշումն է)։ Կարելի է ասել, որ դրանցում առաջնայինը հաճախ ոչ թե ներքին բովանդակությունն է, այլ բանաստեղծականությունը, գեղեցկությունը, առինքնող գույները։

 

Հայկական բակ

 

Աբեղյանն, իհարկե, առաջին հերթին Մարտիրոս Սարյանի հետևորդն է, ինչի մասին վկայում են թե՛ ընտրված մոտիվները, թե՛ ներդաշնակ, հանդարտ տրամադրության գերակշռումը։ Իսկապես, դժվար է նկարչի պատկերած տեսարանների շարքում գտնել խռովքի մասին ակնարկող որևէ բան․ նույնիսկ նրա 1957 թ․ «Ամպամած Սևան»-ն ամենևին էլ մռայլ չի թվում։ Ընդհակառակը՝ նրա լեռնային համայնապատկերներում ամեն ինչ պարուրված է մեղմագույն եթերային անդորրով, ինչը դրանց երազային, վիպերգական շունչ է հաղորդում։ Այս իմաստով Աբեղյան-որդու ստեղծագործությունը հոր և հորեղբորորդու կողմից հայկական էպոսի խորազնին ուսումնասիրության յուրօրինակ շարունակությունն է։ Երևի սա նկատի ունենալով է արվեստաբան Աբրամ Էֆրոսը 1944 թ․ հարցրել․ «․․․Ես ուզում եմ իմանալ՝ Աբեղյանի ահա այս մշուշաքողը, մի տեսակ մարգարտափայլ այս միգաշղարշը, նրա ծիածանային գույները կյանքից առնված ինչ-որ բանե՞ր են, թե՞ դավանանք․․․»։ 

 

նատյուրմորդ

 

Մհեր (ծննդյան անունը՝ Մեհեր) Աբեղյանը ծնվել է 1909 թ․ հունվարի 13 (26)-ին՝ Վաղարշապատում։ Նրա հայրն էր ականավոր բանասեր Մանուկ Աբեղյանը, հորեղբորորդին՝ պատմաբան, բանասեր և հասարակական գործիչ Արտաշես Աբեղյանը, որը կյանքի նշանակալի մասն ապրեց տարագրության մեջ՝ Գերմանիայում և արգելված անուն էր ԽՍՀՄ-ում։ Մհերի կրտսեր եղբայրը՝ թատերագիր և դերասան Սուրեն Աբեղյանը երիտասարդ տարիքում՝ պատերազմի ժամանակ գերի ընկավ ու հետագա ամբողջ կյանքն ապրեց Գերմանիայում և ապա՝ ԱՄՆ-ում։ Հավանաբար նաև այս ընտանեկան հանգամանքների պատճառով է, որ նկարիչը երբևէ չի փորձել դուրս պրծնել պարտադրվող գեղարվեստական մեթոդի կապանքներից։

Փոքր հասակից Մհերը շփվել է իրենց տուն այցելած նշանավոր անհատականությունների հետ, նրա կնքահայրը Կոմիտասն էր։

Աբեղյանը բազմակողմանի մասնագիտական կրթություն է ստացել, ուսանել է ինչպես հայկական դասական գեղանկարչության, այնպես էլ պրոլետարական արվեստի ու ավանգարդի վարպետների դասընթացներում։ 1922 թ․ ընդունվել և 1927 թ․ ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը, որտեղ սովորել է Ստեփան Աղաջանյանի և Սեդրակ Առաքելյանի մոտ (վերջինիս որոշ ազդեցությունը զգացվում է հատկապես նրա բնապատկերներում)։ 1927-1930 թթ․ սովորել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում (Վխուտեին)՝ Ս. Գերասիմովի, Ա. Դրևինշի, Ն. Ուդալցովայի մոտ, իսկ 1930-1931 թթ․՝ Լենինգրադի Պրոլետարական կերպարվեստի ինստիտուտում՝ Ա. Օսմյորկինի մոտ։ 1934 թ․ երիտասարդ նկարիչն արժանացել է Անդրկովկասի ժողովուրդների կերպարվեստի օլիմպիադայի առաջին կարգի պատվոգրի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Աբեղյանը ստեղծել է ռազմահայրենասիրական բնույթի աշխատանքներ, որոնք լայն տարածում են գտել․ նրա մոսկովյան օֆորտները ցուցադրվել են տարբեր զորամասերում։ Մասնավորապես, նա հեղինակել է «Հայրենական Մեծ պատերազմը» օֆորտների շարքը, «Հերոս քաղաք» լինոփորագրական նկարաշարը (մատիտ, լինոփորագրություն, 1943-1964), «Խաղաղություն և պատերազմ» (1967–68) շարքը։ Նույն՝ գրեթե պարտադիր թեմայով է արված «Որդու վերադարձը» կտավը (1947), որում հեղինակը՝ հայկական միջավայրը շեշտելու նպատակով ներառել է սինին ձեռքին հայուհուն, հայկական պտուղներով նատյուրմորտը սեղանին և խորքում՝ հայոց բնաշխարհը՝ Մասիսի վեհատեսիլ պատկերով։

Նկարչի կենսագրությունում կան քիչ հայտնի դրվագներ։ «Սովետական Հայաստան» ամսագիրը 1949 թ․ գրում էր․ «Գեղանկարիչ Մհեր Աբեղյանը աշխատում է երկու կոմպոզիցիոն մեծ կտավի վրա՝ «Ընկեր Ստալինի ելույթը 1905 թվի բանվորական միտինգում» և «Ընկեր Ստալինը, Շահումյանը և Սպանդարյանը «Կայծ» թերթի խմբագրատանը»։ Առաջինը ցուցադրվեց Համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսում, դրա վերատպությունները զետեղվեցին կենտրոնական պարբերականներում և ահռելի տպաքանակներով թողարկվեցին երկրի առաջատար հրատարակչությունների կողմից։

1927 թվականից Աբեղյանը մասնակցել է ցուցահանդեսների: 1943 թվականից սկսած բազմիցս անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, ինչպես նաև՝ Էջմիածնում, Դիլիջանում, Մոսկվայում, Լենինգրադում, Կաունասում, Օդեսայում, Ռիգայում, Վիլնյուսում, Թբիլիսիում, Փարիզում (1976) և այլուր։

Երկու անգամ՝ 1939-1945 և 1967-1968 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության նախագահը: Ստեղծագործական ուղևորություններ է կատարել Ռումինիա (1958), Բուլղարիա, Իտալիա (1965), Շվեյցարիա (1969), Անգլիա (1973), Ֆրանսիա (1976):

Դասավանդել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ​​ուսումնարանում (1937-1944), Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1954-1959), 1958 թվականից՝ պրոֆեսոր: 1960 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման։ Նրա աշխատանքները ներկայացված են բազմաթիվ թանգարանային հավաքածուներում, այդ թվում՝ Մոսկվայի ​​Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանում, Ռուսական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ) և Հայաստանի Ազգային պատկերասրահում: Նա այն սակավաթիվ հայ նկարիչներից էր, որի թանգարանը բացվեց իր կենդանության օրոք՝ 1990 թվականին, Վաղարշապատում։ Հեղինակի կամքի համաձայն նրա արվեստանոցում պահվող բոլոր աշխատանքները նվիրաբերվեցին թանգարանին։ Նկարիչը կյանքից հեռացավ 85 տարեկանում՝ Երևանում։

Աբեղյանն աշխատել է ամենատարբեր նյութերով ու տեխնիկական միջոցներով՝ յուղաներկ, ջրաներկ, մատիտ, ածուխ, սանգինա, կավճամատիտ, չոր ասեղ, լինոփորագրություն, օֆորտ: Հիմնականում ստեղծել է բնանկարներ, դիմանկարներ և նատյուրմորտներ։ Հատկապես հայտնի են աշխատավոր կանանց պատկերող նրա գեղանկարները, որոնք մի ամբողջ շարք են կազմում («Բյուրականյան աշուն», 1963, «Անձրևից հետո (Բյուրական)», 1964, «Երեկո», 1964, «Լուսիկ Աբեղյանի հիշատակին», 1987, և այլն)։ Ամբողջ կյանքի ընթացքում Աբեղյանի ներշնչանքի հիմնական աղբյուրը եղել է հայրենիքը։ Նոնա Ստեփանյանի դիպուկ բնորոշմամբ՝ «նկարչի գլխավոր հերոսը՝ Հայաստանը, հառնում է մեր դեմ իր ողջ գեղեցկությամբ ու բազմազանությամբ, իր յուրաքանչյուր անկյունով, տարվա յուրաքանչյուր եղանակով և օրվա պահով»։ Ռուբեն Դրամբյանի վկայությամբ՝ Աբեղյանն է գրաֆիկայում առաջինը պատկերել Հայաստանը՝ թեմատիկ լայն ընդգրկումով։ 1967 թ․ նկարիչն ավարտեց և Երևանում ու Մոսկվայում ցուցադրեց «Հայրենիք» եռապատկերը, 1970-ին՝ «Հայաստան» եռապատկերը․ Սարյանի «Հայաստան» պաննոն հիշեցնող մոնումենտալ այդ աշխատանքներում որպես հայրենիքի խորհրդանիշներ հանդես էին գալիս լեռնային բնաշխարհը և հողագործ, աշխատավոր մարդիկ։

 

Hayastan-yerapatker

 

Աբեղյանը կերտել է ծնողների, կնոջ, Զոյա Պետրոսյանի, Ռուբեն Զարյանի, Չիկ Տամատյանի, Գևորգ Էմինի, Տաթևիկ Սազանդարյանի, Միքայել Մազմանյանի, Վիկտոր Բալայանի, ակադեմիկոս Մարտին Կասյանի, նկարչուհի Էմմա Գրիգորյանի, Չինգիզ Այթմատովի և այլոց դիմանկարները։ Ա․ Կամենսկու խոսքերով՝ «նկարչին մարդկանց մեջ առանձնապես գրավում է հոգեկան կարեկցանքը, մտքերի և զգացմունքների մաքրությունը, հանգիստ պարզությունը և ներաշխարհի հավասարակշռվածությունը։ ․․․Աբեղյանի դիմանկարներն ավելի շատ հիշեցնում են կարճ քնարական բանաստեղծություններ»։ Ստեղծել է նաև կանանց գրաֆիկական դիմանկարներ («Երիտասարդ կնոջ գլուխ», 1954, «Օրորոցի մոտ», 1957, «Լուկրեցիա», 1964,  և այլն)՝ հաճախ պատկերելով նրանց փակ աչքերով։ Մի շարք նկարներում հեղինակին ոգեշնչող կերպարն ու մուսան եղել է նրա կինը՝ Լուսիկը։ Թե՛ յուղաներկ, թե՛ գրաֆիկական դիմանկարներին հատուկ է էտյուդային անավարտությունը, ընդհանրացման ձգտումը և միաժամանակ՝ որոշակի տրամադրությունը, մտքի կենտրոնացումը։

 

Ցողիկ

 

Վխուտեմաս-Վխուտեինը, որ ավարտել էր Աբեղյանը, դիզայնի կարևորագույն դպրոց էր և նշանակալի ազդեցություն ունեցավ ժամանակի դիզայնի և գրքարվեստի վրա։ Ինչպես և գերմանական Բաուհաուզում, այստեղ ևս՝ հենվելով մոդեռնիզմի սկզբունքների վրա՝ ջանում էին ազատվել ամեն ավելորդ դետալից՝ աշխարհը կտրուկ վերափոխելու համար։ 1930-ականների սկզբից Աբեղյանը շատ է աշխատել օֆորտի և լինոփորագրության տեխնիկայով․ վերջինս իրեն հատուկ լակոնիզմով այդ տարիներին մեծ տարածում էր գտել ԽՍՀՄ-ում։ Այստեղ էլ նկարչի հիմնական թեման բնությունն էր ու գյուղական կենցաղը։ Արվեստաբան Նորա Պրոկոֆևան 1959 թ․ նշել է, որ Աբեղյանը «կարողանում է սև և սպիտակ գույների զուգորդմամբ հասնել վառ արևայնության և օդեղենության էֆեկտի»։

 

Արարատյան դաշտ

 

Աբեղյանը մեր այն նկարիչներից է, որի մասին շատ են գրել թե՛ հայ, թե՛ ռուս արվեստաբանները։ Համեմատաբար քիչ է ուսումնասիրված գրքերի նկարազարդման ու ձևավորման ոլորտում նրա ունեցած նկատելի ներդրումը։ 1920-ական թվականներից սկսյալ նա բազմաթիվ գրքեր է ձևավորել (որոշ դեպքերում՝ առանց անվան մատնանշման), այդ թվում՝ Խնկո Ապոր «Թխսամերը» (1929), Նաիրի Զարյանի «Ռուշանի քարափը», Վարդունու «Սոցմրցումը» (1932), Վաղարշակ Նորենցի «Տրամվայը» (1933), Ստեփան Զորյանի «Սմբատ Բագրատունի» պատմվածքը (1941), «Հայոց գրականության պատմության» վեցհատորյակը, Ալեքսանդր Պուշկինի «Բորիս Գոդունովը» (1950), Վլադիմիր Մայակովսկու «Այս գրքույկը պիտի խոսի ծովի մասին ու փարոսի», Հովհաննես Շիրազի «Օձն ու մեղուն» (1953), Հովհաննես Թումանյանի «Ախթամարը» (1959) և այլն։ 1939թ. նկարազարդել է «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի համահավաք տեքստը (մատիտ, լինոփորագրություն, օֆորտ): Վաղ շրջանի՝ սոցիալիստական շինարարությունն արտացոլող գրաֆիկան և գրքերի նկարազարդումներն արված են հեղափոխական ռեալիզմի ոգով, սակայն դրան հատուկ կոպիտ, ինդուստրիալ պատկերմանը Աբեղյանը հավելել է մարդկայինն ու բնությունից ներշնչվածը։ Գրքեր պատկերազարդելիս՝ նա լավագույնս կարողացել է նկարին հաղորդել ոչ միայն հայկականը, այլև ռուսականը, խորհրդայինը․ ուշագրավ աշխատանք է Մայակովսկու վերոնշյալ գրքույկը, որի յուրաքանչյուր էջում ավարտուն գունանկար է՝ բանաստեղծության տողերը վրայից տպագրված։

 

 

«․․․Ես ուզում եմ միշտ լինել արդիական։ Ձգտում եմ, որ ինձ շրջապատող իրականությունը դառնա իմ ստեղծագործության սկզբնաղբյուրը, բովանդակությունը»,- գրել է Մհեր Աբեղյանը։ Հենց այս սկզբունքի իրացմանը խորհրդահայ նկարիչը նվիրեց իր ամբողջ գիտակցական կյանքը։

 

Աշոտ Գրիգորյան

 

Պատկերներ․

1․ Ինքնանկար, ստվարաթուղթ, կտավ, յուղաներկ, 1979, 50x70 սմ, Մհեր Աբեղյանի թանգարան

2․ «Հայկական բակ», թուղթ, տեմպերա, 1945, 37,5×46,5 սմ, մասնավոր հավաքածու

3․ «Երևանյան նատյուրմորտ», կտավ, յուղաներկ, 1946, 130x100 սմ

4․ «Հայաստան», եռապատկերի կենտրոնական մասը, 1975, կտավ, յուղաներկ, Մհեր Աբեղյանի թանգարան

5. «Ցողիկ», կտավ, յուղաներկ, 1947

6․ «Արարատյան դաշտ», լինոփորագրություն, 1965

7․ Հովհ․ Թումանյանի «Ախթամարի» նկարազարդումներից

Դիտումներ: 94

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։