Մոլլա Ղորբան Ալիի սրտի ցավը

Կիսվել:

Աղոթարար նվաստիս անունը Ղորբանալի է, աշխատա՞նքս` գլուխս ուտեր, Սեյեդ ալ-Շոհադայի ողբասացն ու գովերգուն եմ։ Քանի տարեկա՞ն եմ, Աստված ինքը գիտի, եթե կարողանայի վերադառնալ Սպահանի Սեդեհը, որն իսկական ծննդավայրս է, հանգուցյալ հայրս, Աստված գթությամբ պարուրի նրան, իր ձեռագրով «Զադ ալ-մոադ»-ի կազմի հետևում գրել էր ծննդյանս օրը, ժամն ու րոպեն։ Բայց վստահ եմ, դա էլ անառակ եղբայրս մինչև հիմա տասը անգամ ծախսել է իր ցոփությունների ու այլանդակությունների համար։ Տե՛ր Աստված, Դու ինքդ դատիր չարին։ Բայց հիմա պիտի որ մոտավորապես հիսուն տարեկան լինեմ։ Ա՜խ թե ինչպես է անցնում կյանքը, Աստված է վկա, արաբական ձիուց ավելի արագ եմ գնում, սպիտակած մորուքիս մի՛ նայիր։ Աստված աշխարհին սևերես անի, որ վիշտն ու ցավը սպիտակեցնում են նույնիսկ աչքի սևությունը․․․ Հեյ-հե՜յ, թե ինչպե՛ս են մարդիկ փոխվում․․․ մի ժամանակ մարդիկ մուսուլման ու աստվածավախ էին, էսօր անօրենությունը տիրել է աշխարհին։ Տղամարդիկ աստվածատուր մորուքը խուզում ու իրենց կնոջ տեսք են տալիս, իսկ կանայք բեղ են դնում, որ տղամարդկանց պես լինեն։ Դե, հենց էդ բեղավոր կինը, որ դատաստանի օրը հավանգով զարկում է Հազրաթ Հոջջաթի գլխին, հենց էս անմորուք խոշոր բեղերով տղամարդկանցից մեկն է լինելու, կամ՝ էս բեղավոր ու կռվազան լաչառ կանանցից մեկը, որ, Աստված դրանց քոքը աշխարհի երեսից կտրի… Ու էլ ոչ ոք չի հիշում, որ ածուխի փոշու մեկ շահի մանը երեսունհինգ շահի եղած լինի։ Երդվում եմ Հազրաթ Աբբասի երկու կտրած ձեռքերով, որ լավ եմ հիշում, որ զուտ հացի շահի մանը յոթուկես շահի էր։ Խանութպան մարդը՝ կնկա ու երեխաների հետ, ամսական տասնհիգ զար-երկու թումանով թագավորություն էր անում․․․ Տե՛ր Աստված, ինքդ խղճա քո ծառաներին․․․ Վա՜խ, որ էս շղթան կոտրեց չորացած վիզս։ Տե՛ր Աստված, մինչև ե՞րբ պետք է էս զնդանում մնամ։ Ախր, սպանիր ու փրկիր ինձ։ Բայց ապերախտ ծառան Աստծու ծառան չի։ Ո՛վ Տեր, փառք Քեզ, հարյուր հազար փառք Քեզ։ Փառք տվածիդ, փառք չտվածիդ․․․ Այո, ճամփորդության ժամանակ, երբ հանգուցյալ հորս դիակը տանելու համար պատիվ ունեցա Ռեզայի Մաշհադը գնալու։ Վերադարձիս՝ Թեհրան հասնելուս ճամփին ծախսի փողս վերջացավ, և մնացի այնտեղ ու մի սպահանցի ռոզե-խանի մոտ ծառա վարձվեցի ու կամաց-կամաց ինքս էլ սկսեցի ողբասացություն ու գովասանություն անել, ու որովհետև ջերմ ձայն ունեի Սեյեդ ալ-Շոհադայի շնորհից գործս բռնավ։

 

Տերս մահկանացուն կնքեց։ Նրա այրու հետ ամուսնացա, որը բացի առաքինի ու անարատ լինելուց՝ մի փոքրիկ տունուտեղ էլ ուներ և շուրջ քսան տարի  Սեյեդ ալ-Շոհադայի աղուհացը վայելեցինք։ Պատահում էր, որ շաբաթական տասը-տասնհինգ մենբար էի ունենում։ Ճի՛շտ է, որ կարգին ուսում չունեի, բայց Մարգարեի գերդաստանի ողորմության շնորհիվ ուշիմ էի ու լավ հիշողություն ունեի։ Հենց մեկ կամ երկու անգամ արարողությունը լսելով՝ սովորում էի ու հետզhետե արարողությունը ջերմացնելու, աղոթք ու ֆաթեհե կարդալու մեջ հմտացա։

Այն օրերին մարդիկ էլ ողջամիտ կերպով սգում էին։ Տուն չկար, որից տարին մեկ անգամ պերճանքի համար ողբասացության ձայն չբարձրանար։ Մոհարրամ ամսում ամեն քսան տնից մեկի մեջ սգո վրան կար։

Հիմա այն ինձ առատ է՝ օրաթերթն է, որը սատանայի անօրենությունից էլ ավելի շատ է տարածված… Բայց բուն խոսքիցս շեղվեցի ու Ձեր գլուխը ցավեցրի։ Հարցնում եք, թե ինչպե՞ս էս բանտն ընկա, և կաշի ու ոսկոր դարձած վիզս ու ոտքս շղթայեցին (որ երանի գերեզման մտներ)։ Էս գլխովս անցածը երկար պատմություն է, որը վախենամ Ձեզ հոգնեցնի։ Ո՞չ, Աստված վկա՝ ո՞չ։ Շա՛տ բարի, դե որ իսկապես ցանկանում եք, չեմ զլանա։

 

Մի քանի տարի ողբասացությամբ զբաղվեցի։ Մեր թաղում մի կտորավաճառ կար, որը թաղի ամենից անշառ մարդն էր։ Ոչ ոք չէր լսել, որ Հաջիի ձայնը բարձրանար։ Մի քանի չորեքշաբթի երեկո, որ մեր թաղի ջրբաժանի հերթն էր, պատահեց, որ մի քանի բառ խոսեի Հաջիի հետ։ Երևում էր, որ սրբակենցաղ ու աստվածավախ մարդ է։ Վաղ առավոտյան սալավաթ ասելով՝ կապան գլխին գցում ու իր կրպակն էր գնում։ Երեկոյան՝ կրպակը փակում էր, հաց ու ջուր էր գնում, կապան գլխին գցում ու կրկին սալավաթ ասելով տուն էր վերադառնում։ Երբ Հաջին գնում էր, տան դուռն առավոտից չէր բացվում, մինչև որ նա երեկոյան վերադառնար։ Ուրբաթ գիշերներն էլ Հաջին էլի կապան գլխին էր գցում և ոտքով ուխտի գնում Աբդ օլ-Ազիմի դամբարանը և գիշերվա կեսին կամ լուսաբացին վերադառնում։ Բանալի ուներ, դուռը բացում ու ներս էր մտնում։ Ուրբաթ կեսօրից առաջ էլ բաղնիք էր գնում ու հետո էլ գնում-մնումներ անելով տուն վերադառնում։ Ուրի՛շ բան, որ ո՛չ ոք երբեք չէր լսել, որ այդ տնից քեֆի, կերուխումի կամ վեճ ու կռիվի ձայն լսված լիներ։ Բայց բոլորը գիտեին որ Հաջին կին ու երեխա ուներ՝ մինուճար մի աղջիկ։ Պատահեց, որ այդ աղջիկը մի օր հիվանդացավ։ Հաջին ուխտ էր արել, որ եթե իր աղջիկը բուժվի, հինգ ամիս ամեն շաբաթ իր տանը Մարգարեի գերդաստանի գովաբանության հանդես կկազմակերպի։ Աղջիկն էլ Հազրաթ Աբա Աբդալլահ ալ-Հոսեյնի շնորհով բուժվեց, ու որովհետև Հաջին մեր հարևանն էր, ինձանից խոսք առավ, որ ուրբաթ գիշերները գնամ իր տուն և ողբասացություն անեմ։ Լավ հիշում եմ, երրորդ շաբաթն էր, «Ղասեմի հարսանիքի ոցբասացությունը» նոր էի սովորել, որը շատ լավ երգեցի ու հանգուցյալների ողորմության, իղձերի կատարման և սրբատեղիների հողը համբուրելուն վերաբերող աղոթքներ կարդացի։ Թեյ խմելուց ու ղելյան ծխելուց հետո ուզում էի դուրս գալ, երբ գլխիս hետևիցս մի քնքուշ ձայն (որը միանգամից, չգիտեմ ինչպես, մարմնիս դող պատճառեց) կանչեց. «Աղա՛ շեյխ»։ Վերադարձա ու տեսնեմ՝ գլուխը չադրայով ծածկած մեկը ձեռքը չադրայի արանքից երկարացրել է դեպի ինձ՝ երկու ղռան փողը բռի մեջ պահած։ Հասկացա, որ երեք շաբաթվա ողբասացության վճարն է, որ առավել պատվելու համար հանձնել էր աղջկան, որ նա իր ձեռքով փոխանցի Սեյեդ ալ-Շոհադայի ողբասացին։ Ձեռքս մոտ տարա, որ երկուղռանոցը վերցնեմ, բայց ձեռքս տարօրինակ կերպով դողաց, ու երկուղռանոցն ընկավ հատակին ու գնաց դեպի բակի ու ածուի կողմը։ Աղջիկը կռացավ, որ վերցնի ու կռացած վիճակում գնաց դեպի ածուն մետաղադրամի hետևից, բայց հանկարծ չադրայի անկյունն առավ վարդենու ճյուղին ու գլխից ընկավ։ Գլխաբաց աղջիկը «հողը գլխիս» ճչալով (որովհետև էլ ծածկոց չկար գլխին, ու ծամերը բաց էին) շարունակ փորձում էր ամոթից ծաղկի պես շիկնած դեմքը երկու ձեռքով ծածկել։ Իսկապես, ոնց որ արևից աչքերս շլացած լինեին։ Հանկարծ սիրտս սկսեց ուժգին բաբախել ու առանց երկուղռանոցին սպասելու՝ տնից դուրս թռա և դռան հետևում ընկնավորի նման դռանը հենվեցի ու միառժամանակ վատ քեֆով կանգնած մնացի։ Հենց որ Սեյեդ ալ-Շոհադայի ողորմությամբ քեֆս տեղը եկավ, ու քայլելու ուժ գտա մեջս, ուրբաթ գիշեր լինելով հանդերձ, որ պիտի ողբասացության համար մի քանի տեղ գնայի, ու դեռ նոր էր արևը մայր մտել, տեսնելով, որ քեֆս լավ չի, տուն վերադարձա։ Կողակիցս (սուրբ Ֆաթիմա-Զահրային միանա, աննման կին էր) վիճակս տեսնելով ասաց․«Սառել ես», արագ տաք ջրով նաբաթ տվեց։ Բայց ոչ, քեֆս չէր լավանում և  չգիտեմ ինչպես՝ միտքս ու երևակայությունս գնում էր դեպի Հաջիի տունը, ծաղկած ծառն ու այն բաց ծամերը։

 

Գիտեի, որ այդ բոլորը պիղծ սատանայի գայթակղությունն է, որն ուզում է՝ սուրբ Հոսեյնին գովաբանողի միտքը պղտորի ու սուրբ Ալիի շիաներին աստվածային ողորմածության այս ուրբաթ գիշերում զրկի իր նահատակ զավակին փառաբանելիս։ Ինչքան Աստծու տված անեծք կար, սատանային հղեցի, բայց ճար չարեց ու չարեց։ Կնոջս (Աստված նրան Խեյր օլ-նեսայի հետ ընկերացնի, աննման կին էր) հարցրի․ «Կտորավաճառ Հաջիի կնոջը ճանաչո՞ւմ ես»: Ասաց․ «Երկու-երեք ամիս առաջ, երբ Հաջիի եղբոր մահվան լուրն էր Քյարբալայից եկել, Հաջին հոգեհանգիստ էր կազմակերպել, ու ես էլ որպես հարևան գնացել էի ցավակցելու, առաջին անգամ տեսա Հաջիի կնոջը, դրանից հետո էլ մի անգամ բաղնիքում եմ տեսել»։ Ասացի. «Հաջիի աղջկա՞ն ինչպես»։ Կինս զարմացած ասաց․ «Ի՞նչ է, էս գիշեր հարցաքննո՞ւմ ես ինձ։ Էդ բաները քո ինչի՞ն են պետք։ Քեզ ո՞ւր են տանում, որ գալիս՝ հարց ես տալիս՝ Հաջիի կնոջն ու աղջկան ճանաչո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Պարոնը ողբասացությունը թողել է երեսի վրա, եկել տան անկյունում վեր է ընկել ու գլուխս է տանում»։ Ասացի․ «Զաիֆա, դու ինձանից լավ գիտես, որ Հաջին իր աղջկա բուժման համար է ինձանից հինգ ամսով շաբաթական ողբասացության խոստում առել։ Ուզում եմ իմանալ՝ աղջիկը քանի տարեկան է, ու դրա համեմատ՝ Սողրայի, Սաքինեի կամ Շահրբանուի և կամ Ղասեմի հարսանիքի ողբն ասեմ։ Կինս ասաց․ «Հենց Ղասեմի հարսանիքը հարմար է, որովհետև աղջիկը արդեն տասնվեց տարեկան կլինի, փառք Աստծուն, կարծես Հաջիի տան լուսնյակը լինի»։ Ասացի. «Լուսնյակ է, թե մեռած աստղ, դա ինձ չի վերաբերում»։ Եվ նորից ծաղկած վարդենին ու ցրված ծամերը պատկերվեցին իմ մտքում, ու սրտիս խորքից մի ցավոտ հոգոց հանեցի։

 

Կինս էլ (Աստված ողորմի նրան. ոտքից գլուխ մաքրություն էր), իմ վիճակը տեսնելով՝ փնթփնթաց ու նամազն ավելի ուժգին կարդաց, ապա տանն ունեցած հացն ու խաղողն ուտելով՝ օձի ու կարիճի վտանգը խափանող աղոթք արեց, շուրջը փչեց ու քնեց։ Իմ քունը չէր տանում, և սիրտս տագնապում էր։ Լուսնյակ գիշեր էր։ Տանիքում երեկոյից ի վեր չէր դադարում զույգ կատուների մլավոցը։ Կինս (ով ամենամաքրակենցաղ կանանցից էր) քնի մեջ, առանց աչքերը բացելու՝ քթի տակ դժգոհությամբ ասաց․ «Էլի գարունը եկավ, ու կատուների մռռոցը սկսվեց»։ Գարուն բառը լսելով՝ նորից ծաղկած ծառն ու ցրված ծամերը հիշեցի ու այս անգամ ( քավ լիցի, Տեր Աստված) հիշեցի, որ ծամերի ներքևում մի դեմք կար, որն անծանոթ մարդու դիմաց ամոթից շիկնել էր հենց այն ծառի ծաղկաթերթիկների պես, որը նախանձից չադրան խլել էր նրա գլխից ու ցավի փշեր ցանել իմ սրտում։ Սիրտս այնպես սկսեց բաբախել, որ վստահ էի՝ կինս իսկույն կզարթնի, ու այդ ժամանակ հարկավոր կլինի մի ավանակ բերել՝ խայտառակությունս վրան բարձելու (Բաթուլ-Ազրային միանա, աննման կին էր, որի հատը չկար)։ Բայց ոչ։ Նա, ցերեկվա տնային հոգսերից հոգնած, անջատված էր այս աշխարհից։

 

Գլուխներդ ի՞նչ ցավեցնեմ, ո՛չ ապաշխարանքի սուրահը օգնեց, ո՛չ էլ երեխա եղած ժամանակ սովորածս քնելու աղոթքը։ Ինչ արեցի, որ քունս տանի, չտարավ ու չտարավ։ Ձանձրացա։ Անկողնուց ելա ու մի տաբատ ու շապիկով, ոտաբոբիկ ու գլխաբաց՝ աստիճաններով տանիք բարձրացա։ Հարևանները խորը քնած էին, ոչ մեկի ձայնը չէր լսվում։ Լուսնյակը տիրել էր ամբողջ աշխարհին, ու կարծես թե պատ ու կտուրները արծաթով էին օծվել ու կաթի նման սպիտակել։ Շահի մզկիթի գմբեթը հեռվից հսկա հավկիթի էր նմանվում, ու մինարեթները երկու մատների պես պահում էին այդ հավկիթը։

Հիշածս երկու կատուներից մեկը ոտներիս արանքից փախավ ու անհետացավ։ Երբեմն զեփյուռի ալիքը հեռվից մի երգի անուշ ձայն էր հասցնում ականջիս։ Հարբած մի լոթի հետևի փողոցից խումար ձայնով երգելով անցնում էր։ Հիշում եմ, որ էս ոտանավորն էր երգում․

 

Լուսնյակ գիշեր, ծվեն-ծվեն ամպերով           

Հավաքվեինք գավաթի շուրջ ամենքով,

  

Մի խոսքով՝ աշխարհն աշխուժացել էր, ու ես էլ տրամադրվել էի, ու քեֆս լավ էր։ Բայց հանկարծ մոտակայքում գտնվող գիշերապահի բղավոցից սթափվեցի, որը կանխում էր․ «Ո՜վ կարիքների մատակարարիչ»։ Նրա ձայնից հարևաններից մեկի կաթնակեր երեխան քնից թռավ ու սկսեց լացել ու բոշայություն անել։ Մոր ձայնն էլ գալիս էր, որ երբեմն գուրգուրում ու երբեմն էլ անիծում էր ու հայհոյում։ Տեսարանը լրացրին թաղի շուկայի շները, որ միանգամից իրար վրա հարձակվեցին ու անասելի աղմուկ-աղաղակ բարձրացրին։ Ես զգաստությունս վերագտնելով տեսա, որ կտորավաճառ Հաջիի տան կտուրի անկյունում թաքնվել եմ թիթեղյա կոտրված ծածկի ներքո ու մտահոգությամբ ջրհորդանի անցքից օտարի տան ներսն եմ դիտում։ Աչքերս հառեցի սենյակի մուտքի շեմի մոտ սպիտակ անկողնուն, որի մեջ քնաթաթախ մի օրիորդ բարձն առել էր իր ծամերի ալիքների մեջ։ Եվ հիշում եմ, որ մրմնջում էի այս ոտանավորը, որը երբեմն տեղավորում էի ողբասացություններիս մեջ:

 

Զարմանում եմ քո աչքերից՝ օր ու գիշեր քնկոտ են,

Ու ամբողջ մի բազմություն դրանց վշտից արթուն է։

  

Ինքս իմ արած խենթությունից շվարած՝ մի քանի ապաշխարանքի աղոթք կարդացի ու նույնպես մեկ տակ տաբատ ու շապիկով, ոտաբոբիկ՝ պատվարներից, ցանկապատերից ու պատերից անցա ու վերադարձա տուն։ Տեսա, որ խեղճ կինս շփոթահար այսուայն կողմ է վազում ու բղավում․ «Մոլլա՜, մոլլա՜, ախր ո՞ր սև գյոռն ես մտել»։ Ասացի․ «Կարճամիտ զաիֆե (Հինգ սուրբերը բարեխոսեն նրան, որ կին չէր՝ գոհար էր) դու քո ճիչերով հարևաններին քնահարամ արեցիր. ի՞նչ կա, գնացել էի տանիք, որ լուսնյակ գիշերով մի թեթև օրհներգեմ ու փառք տամ Բարձրյալին»։ Ասաց․ «Օրհներգությունը մե՛ջքդ կոտրի», փնթփնթաց, վերմակը գլխին քաշեց ու ծպտուն չհանեց։ Ես էլ գնացի դեպի իմ անկողինը, որ միգուցե քնեմ, բայց նորից սպիտակ անկողնու տեսիլքը միտքս ընկավ ու ծաղկած ծառը, ցրված ծամերն ու շիկնած դեմքը, և իրար խառնվեցի…

 

Մի խոսքով՝ էլ չկարողացա՛ տնից դուրս գալ։ Օրեցօր քեֆս վատանում էր։ Կինս վշտից հիվանդացավ։ Ինչ որ ունեինք, մաս-մաս ծախեցինք ու կերանք։ Շաբաթական այն բոլոր ծրագրերից, որ ունեի, միայն կտորավաճառ  Հաջիի տուն էի գնում, այն էլ՝ իբր թե մեր տանը մոտիկ լինելու պատճառով։ Կնոջս հիվանդությունն օրեցօր ծանրանում էր, ու մի օր էլ առավոտյան ազանի ժամանակ լքեց այս աշխարհն ու ազատվեց ցավ ու վշտերից։ Աստված ողորմի նրան, որի նմանը չկար։ Այն օրվանից ես մնացի միայնակ, առանց խնամատարի։ Երբ արդեն տան իրերից ոչինչ չմնաց, տան կեսը գրավ դրեցի թաղի ցախավաճառի մոտ, ով առերես սրբակենցաղ էր ձևանում, բայց իրականում իր ամբողջ ունեցվածքը ձեռք էր բերել թումանին տասը շահի ու մեկ ղռան տոկոս գանձելով և ինչպես ասում են, ցորենի տեղ գարի էր վաճառում։ Երեք հարյուր թուման ստացա, որով բժշկի, դեղավաճառի, մեռել լվացողի և այլ ծախսեր փակեցի ու մնացած չնչին դրամն էլ ամենայն ժուժկալությամբ նեղ ապրուստիս հատկացրի։ Մի գիշեր մութ սենյակում վատառողջ վիճակով ընկել ու այս ոտանավորն էի երգում․

     

Մենության մեջ շվաքիցս բացի՝ ուրիշ մեկը ընկեր չէ

Բայց գիշերվա մթնում նա՛ էլ ինձ դիմացողը չէ…

  

Եվ իսկապես, անտերությանս պատճառով լաց էի լինում, երբ լսեցի՝ տան դուռը ծեծեցին։ Շատ զարմացա, թե ով է, որ այս կեսգիշերին ինձ է հիշել։ Աչքերս չորացրի ու գնացի դուռը բացեցի։ Տեսա կտորավաճառ Հաջին է։ Ասաց․ «Աղա՛ Մոլլա, մեր Գոհար խանումի հիվանդությունը վերսկսվել է, ու մայրը շատ մտահոգ է։ Եկա խնդրելու, որ էս գիշեր մի աղոթասացություն կազմակերպեք, գուցե Ձեր շնչից Աստված կրկին բուժում պարգևի»։ Ընդունեցի և դուռը փակեցի։ Ուզեցի վերադառնալ սենյակ, բայց ուժս չպատեց ու հենց միջանցքի աստիճանների վրա ընկա ու սկսեցի հեկեկալ։ Դեմքս դեպի սև ու խավար երկինքը բարձրացրած և ինձանից անկախ սկսեցի հանդիմանել, լեզուս պապանձվեր՝ շատ սրբապիղծ խոսքեր լեզվիս եկան, որոնցից ամեն մեկը հազար տարով դժոխքի կրակի էր արժանի։ Բայց Աստված ինքը գիտի, որ ես մեղավոր չէի, և ով էլ իմ տեղը լիներ, մոլորության կմատնվեր։ Հիշում եմ, որ ասում էի․ «Ո՛վ Դու, որ չգիտեմ՝ կա՞ս, ու չի կարելի ասել , թե չկաս, ախր, Դու էս աստղերն ես ստեղծել, որոնք բյուրավոր կլոր, լպիրշ ու անպատկառ աչքերի պես շարունակ մեր՝ դժբախտներիս արցունքներն են հաշվում ու իրար աչքով անում, ու շարունակում՝ իրենց խեղկատակությունը։ Ախր, եթե նպատակդ հենց դա՞ է, մեզ, երկինք ու երկիր արարելուց՝ ի՞նչ օգուտ կա դրանից։ Ախր, Քյարբալայի՛ Աստված, Դո՛ւ, որ Իմամ Հոսեյն ստեղծեցիր, էլ Շեմր Զոլ-Ջովշան ինչո՞ւ ստեղծեցիր։ Դու հո գիտե՛ս՝ արծիվի մագիլները մսագործի դանակի նման հատու են, ճնճղուկի մարմինն ինչո՞ւ ես այդքան քնքուշ ստեղծել։ Եթե ճնշումը, բռնությունն ու պարտադրանքը լավ է, ինչո՞ւ ես իրար հետևից մարգարեներ ուղարկում, որ աշխարհը լցնեն բարի գործերի հրավերի կանչերով։ Դու հո գիտե՛ս՝ Հոսեյնիդ փառաբանողիս սիրտը որքան բարակ  է, ինչո՞ւ կտորավաճառ Հաջիի աղջկան այդ ծամերն ու լուսե դեմքը շնորհեցիր ու հետո զուր տեղը հանկարծակի կերպով նրա նազելի մարմնում այդ աղետն ես դնում։ Արդյո՞ք դա է իմ երեսուն տարվա ողբասացության վարձքը։ Ձեռքդ զորեղ լինի, որ վարձքս լա՛վ դրեցիր բուռս։ Իզուր տեղը երկու ղռանոցն անմեղ աղջկա ձեռքից վայր ես գցում, հետո նրա չադրան կարում ես փշերին ու իմ օրը սևացնում։ Աննման կնոջս ինձանից խլում ես, էս գիշեր էլ ուզում ես արցունքս արյուն դարձնել ու մարդու աղջկան նորի՛ց հիվանդացնում ես։ Իսկապե՛ս, արդեն համը հանում ես»։

 

Այո, Մեղա Աստծուն, շատ լաչառություն արեցի, բայց դրանք զառանցանք էին, և գիտեմ, որ Աստված կների։ Ամբողջ գիշերն այդ կերպ՝ երբեմն լացուկոծով, երբեմն էլ ինձ հանդիմանելով ու սաստելով լուսացրի ու առավոտվա աղոթքի ժամին կապան գցեցի վրաս և տնից դուրս եկա, որ միգուցե հիվանդի մասին տեղեկանամ։ Տեսա՝ հեքիմի ջորին կանգնած է Հաջիի տան մոտ, ու հեքիմի ծառան, ջորու սանձը ձեռքին փաթաթած, քարին նստել ու ննջում էր։ Կամաց արթնացրի նրան ու հարցրի․ «Մաշհադի, գիտե՞ս՝ հիվանդի քեֆն ինչպես է»։ Սուր հայացք նետեց վրաս ու ասաց. «Հիվանդը դո՛ւ ես, ախունդ, որ մարդկանց քնից զրկում ես, թե՝ հիվանդն ինչպե՞ս է։ Ախր, ա՜յ հասկացո՜ղ, եթե մարդու քեֆը լավ լինի, վաղ առավոտյան հեքիմն ի՞նչ գործ ունի նրա տանը»։ Տեսա՝ նա իրավացի է։ Ամոթահար ու ընկճված՝ տուն վերադարձա, դուռը բանալիով փակեցի ու ասացի. «Էս դուռն այլևս չի բացվելու՝ բացի մեռել լվացողի վրա՝ դիակս թաղելու համար»։ Հիշում եմ ինքս մեն-մենակ ռոզե էի կարդում, լաց լինում ու Հաջիի աղջկա ապաքինման համար աղոթում էի։ Այդ օրն այդպես անցավ ու իմ կոկորդից՝ ո՛չ մի կաթիլ ջուր ցած գնաց, ո՛չ կորեկի չափ հացի կտոր։ Գիշերը վոզու կատարեցի ու նամազ կարդացի, բայց տեսա, որ օգուտ չունի, և հենց հիմա է, որ կխելագարվեմ: Լվացքի պարանի մի ծայրը կապած էր տան կողքի չորացած ծայրով թթենուն, իսկ մյուս ծայրը՝ պատին խրված մախաթին։ Բացեցի այն և կապեցի թթենու ճյուղին ու մյուս ծայրն ամուր կապ գցեցի։ Աստծուն փառաբանեցի և ուզում էի վիզս անց կացնել ու ազատվել այս ցավերի աշխարհից, երբ տան դռան թակոց լսվեց։ Ձայն չհանեցի, բայց հանկարծ կտորավաճառ Հաջիի ձայնը հասավ ականջիս, որն ասում էր․ «Աղա՛ Մոլլա Ղորբան Ալի, աղա՛ Մոլլա Ղորբան Ալի»։ Անվարան դեպի դուռը թռա ու բացեցի։ Երանի թե բացած չլինեի։ Պարզվեց, որ անողորմ կյանքը պոկել է այդ նորաբողբոջ ծաղկին կյանքի ճյուղից, ու Հաջին եկել է խնդրելու, որ աղջկա աճյունի վրա Ղուրան կարդամ, որը դրել էին մոտակա մզկիթի կացարանում, որպեսզի առավոտյան պատանքի մեջ փաթաթեն ու թաղեն։ Ուզեցի ասել, որ անգրագետ եմ, բայց կոկորդիցս ձայն դուրս չեկավ, և Հաջին, իմ լռությունը համաձայնության նշան համարելով, գնաց ու կրկին ես մնացի ու մենությունս…

 

Լուսնյակը տարօրինակ էր փայլում և հաճելի զեփյուռ փչում։ Թթենուց կախված պարանը հանդարտ դեսուդեն էր շարժվում, ու շվաքը գետնի վրա ժամացույցի ճոճվող սլաք էր թվում, որ հաշվում է կյանքի ու մահվան ժամերը։ Հանկարծ հիշեցի այն լուսնյակ գիշերը, երբ առաջին անգամ տեսա Հաջիի աղջկա դեմքը, ու նորից նույն ծաղկած ծառն ու ցրված ծամերը միտս ընկան, ու հոգոց հանեցի։ Ասացի՝ պետք է մեկ անգամ էլ տեսնեմ լուսնից հազար անգամ ավելի գեղեցիկ այդ դեմքը։ Կապան գցեցի ուսերիս, որը կինս (տա Աստված՝ Դատաստանի օրը բարեխոս Սրբուհուն միանա, աննման կին էր) հարյուր անգամ կարկատել էր, ու մզկիթ գնացի։ Դուք ինքներդ արդեն հասկանում եք, թե ինչ վիճակում էի, որը թող Աստված իր հպատակներից ոչ մեկին չշնորհի։ Սկզբում մեռելի պես միառժամանակ անձայն ու անշարժ չորացել էի, չէի կարողանում հավատալ, որ այն բոյն ու հասակը, որին ես տեսել էի, հիմա անկյանք քնած լինի այս նամազի չադրայի տակ ու վաղը գերեզմանում հողի տակ մտնի: Բայց մտածեցի, որ ես Ղուրան կարդալու համար եմ եկել այստեղ ու կամաց-կամաց սկսեցի մրմնջալ (Ղուրան կարդալ հո չգիտեի՛)։ Սկսեցի այն աղոթքները, որոնք անգիր էի արել, բայց արցունքը ժամանակ չտվեց ու ջրհորդանի պես սկսեց հոսել։ Աստված է իմանում՝ քանի ժամ էր անցել գիշերից։ Դրսից ոչ մի ձայն չէր լսվում։ Վիշտը խելագարեցնում էր ինձ, ու որքան աղոթքներ ու արաբերեն այաներ գիտեի, խառնել էի իրար ու արդեն կարդացել էի։ Թուլացել էի, ու լեզուս անկարողությունից այլևս շարժվելու ուժ չուներ։ Վստահ էի, որ ես էլ այնտեղ հետզհետե կմեռնեմ։ Այնպիսի մի տրամադրություն, քեֆ ու բերկրանք ունեի, որ ասելու չէ։ Այդ ժամանակ մոտակայքից ինչ-որ մոնաջաթի ձայն լսվեց, և գիշերվա խորքում այս ոտանավորն ականջիս հասավ․

 

Գիշերն արթո՛ւն կաց,

Սիրահարները գիշերո՛վ են գաղտնիք բացում,

Յարի տան տանիքի ու մուտքի շուրջը թռչկոտում։

 

Այդ ոտանավորն այնպես փոթորկեց ինձ, որ ասես միանգամից մարմինս նոր կյանքով լցվեց։ Տեղից թռա ու բացականչեցի․ «Ախր, ա՜յ դժբախտ, ինչո՞ւ չես ելնում։ Դու և մեռնե՞լ»։ Ինքս ինձ ասացի՝ պետք է մեկ անգամ էլ դեմքը տեսնեմ։ Ու առանց մտածելու կամ համբերելու՝ ձեռքս երկարեց ու նամազի չադրան բացեց, ու աղջկա դեմքը երևաց՝ ժպտուն շուրթերով ու ցրված ծամերով։ Կռացա ու բերանս մոտեցրի իր բերանին, ու անէացած վիճակում՝ աչքերս փակվեցին, ու շուրթերս միացան թառամած կոկոմի նմանող շուրթերին, ու էլ չհասկացա, թե ինչ կատարվեց։ Միայն թե հանկարծ ուժգին քացի տվող հարված զգացի մեջքիս վրա և ուշքից գնացի։ Երբ ուշքի եկա, ինձ գտա մի մութ տեղում՝ ոտքերս ու վիզս շղթայված։ Պարզվեց, որ մզկիթի հետևի փողոցից գյազմեներ էին անցնելիս եղել, որոնք մզկիթի կացարանից ցոլացող լույսը նկատել ու մտածել էին՝ մեկը մտել է կարպետ կամ խսիր գողանալու։ Կամաց ներս էին մտել ու կատարվող եղելությունը տեսել։ Բավական ծեծելուց հետո ձեռքերս ու ոտքերս կապել էին, գլխիս փաթույթը վզիցս կախելով՝ ինձ այնտեղից դուրս էին հանել, մորուքս խուզել ու մահակով բավական ծեծելուց հետո բանտարկել էին ու ինչպես տեսնում եք, դեռ այստեղ եմ։ Բայց դրանով հանդերձ՝ օր չի լինում, որ աչքերիս առջև չկենդանանան այն ծաղկած ծառը, ցրված ծամերն ու ժպտուն շուրթերը և կյանքս կրակի չմատնեն… Բայց ձեր գլուխը շատ ցավեցրի։ Ներող կլինեք: Լրիվ յոթը տարի էր՝ ոչ մեկի հետ չէի զրուցել։

 

 

Թարգմանությունը պարսկերենից ՝ Անի Հովսեփյանի



 Տողատակեր

1Սեյեդ ալ-Շոհադա․ նահատակների պարոնը, նահապետը։ Մուհամեդ մարգարեի թոռը, որը    եղբոր ու իրենց ընտանիքների      անդամների հետ նահատակվեց Քյարբալայի անապատում Շեմրի միջոցով, ու ամեն տարի լուսնային տարեսկզբի ամբողջ Մոհարրամ ամսում շիա մուսուլմանները մեծ հանդիսավորությամբ սգում են նրանց նահատակությունը։

2 Սեդեհ – գյուղ Իրանի Սպահան նահանգում։

3 Իսլամական կրոնական գրքերից է։

4 Հազրաթ Հոջաթ- Իսլամի ամենանշանավոր սրբերից։

5 Ման – կշռի հին միավոր։

6 Շահի – Իրանում դրամի հին միավոր։

7 Հազրաթ Աբբաս – Իսլամի ամենանշանավոր սրբերից էր, որի ձեռքերը կտրել էին։

 8 Ռեզայի Մաշհադ – Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Խորասան նահանգի կենտրոն Մաշհադ (նահատակության վայր իմաստով) քաղաքում է գտնվում շիա մուսուլմանների գլխավոր սրբերից Իմամ Ռեզայի դամբարան-ուխտատեղին, որտեղ նահատակվել է նա։

 9 Ռոզե-խան – Ողբասաց (և գովերգող), որը մուսուլմանների սգահանդեսներում երգեցիկ ձայնով ողբասացություն է անում։

10 Մենբար – մզկիթի դահլիճիում պատին հենված աստիճանաշարի վերևում տեղադրված աթոռ՝ հոգևորականի նստելու և քարոզելու համար (ունի ամբիոնի գործառույթ)։

11 Գոռիզը և ֆաթեհեն իսլամական աղոթքներ և ծեսեր են։ Ֆաթեհեն համազոր է «Հոգոց հանգուցելոց» աղոթքին։

12 Մոհարրամ – արաբական Լուսնային տոմարի առաջին ամիսը, որն ի դեպ՝ շիա մուսուլմանների մեծ սուգի ամիսն է։

13 Սալավաթ – Ողջույն Իսլամ մարգարեին ու իր գերդաստանին։

15 Շահ Աբդ օլ-Ազիմ – Դամբարան-ուխտատեղի Թեհրանի հարավ արևմուտքում գտնվող Ռեյ քաղաքում, որը ներկայիս Թեհրանի 20-րդ քաղաքամասին է միացել։

16 Աբա Աբդալլահ ալ-Հոսեյն – Իմամ Հոսեյնի անուններից է։

17 Ղասեմ – Մոհարրամ ամսում Քյարբալայի անապատում նահատակներից, որը դասված է Իսլամ սրբերի շարքում, որը ամուսնացել էր նույն նահատակվելու օրը։

18 Ֆաթիմա-Զահրա – Մարգարեի դուստրը:

19 Իմամ Ալի – Իսլամ մարգարեի փեսան՝ շիաների գլխավոր սուրբը, հատկապես իրանցիների մոտ։

20 Շիա – Իսլամի երկու դավանանքներից մեկը։

21 Սուրբ կնոջ տիտղոս։

22 Զաիֆե – Արաբերեն նվաստացուցիչ մակդիր կանանց համար, որ բառացիորեն նշանակում է՝ թույլ կինարմատ։

24 Սուրահ – Այսպես են կոչվում Ղուրանի գլուխները։

25 Շեմր – Իմամ Հոսեյնին նահատակողի անունն է։

26 Մաշհադի – Մաշհադ քաղաքի սրբավայրն ուխտի գնացած անձանց տիտղոսը, որը կրճատ ձևով Մաշդի էլ են ասում։

27 Ախունդ – մուսուլման հոգևորական։

28 Վոզու – Աղոթքից առաջ մուսուլմանների մաքրության ծես։

29 Մոնաջաթ – օրհներգություն։

30 Գյազմե – մինչև 20-րդ դարասկիզբը՝ Իրանում ոստիկանները «գյազմե» էին կոչվում։

Դիտումներ: 220

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։