«Նամուսի» ցուցադրման 100-ամյակի առթիվ

Կիսվել:

Ըստ Վիքիպեդիայի հայկական առաջին խաղարկային ֆիլմը՝ Համո Բեկնազարյանի «Նամուսը», առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայում՝ 1926-ի հոկտեմբերի 3-ին։ Իրականում այն ցուցադրվել է ավելի շուտ. ըստ նույն թվականի «Իզվեստիա» օրաթերթի՝ «Նամուսի» առաջնախաղը տեղի է ունեցել 1926-ի մայիսի 12-ին, Մոսկվայի «Մալայա Դիմիտրովկա» կինոթատրոնում։ Այս տարեթիվն էլ հաշվի առնելով՝ կատարում ենք սույն անդրադարձն առաջին հայկական կինոնկարի ցուցադրման մեկդարյա հոբելյանի առթիվ։

…1925 թվականին Համո Բեկնազարյանը հայ մշակույթի պատմությանը պարգևեց արվեստի մի նոր տեսակ՝ խաղարկային կինոնկար։ Թեև մինչև այդ տարբեր երկրներում եղել են հայկական խաղարկային ֆիլմեր ստեղծելու փորձեր, սակայն դրանք ինչ-ինչ պատճառներով չեն իրականացել կամ պահպանվել, ուստիեւ առաջին հայկական կինոնկարը փաստորեն «Նամուսն» է։ Հարյուր տարի առաջ ֆիլմը սկսեց ցուցադրվել Խորհրդային Միությունում, ապա՝ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում եւ ԱՄՆ-ում, ունեցավ հաջողություն հանդիսատեսի եւ քննադատների շրջանում, նաեւ տնտեսական առումով եղավ շահութաբեր՝ ներդրված 42 հազար ռուբլու դիմաց առաջին երկու տարում եկամուտ բերելով մոտ 480 հազար ռուբլի։ Եվ հայկական առաջին ֆիլմի շնորհիվ այդ թուրքերեն բառը՝ «Նամուս», մտավ խորհրդային ու հայ կինոյի մասին ստեղծված բազմալեզու գրականության մեջ։

 

«Նամուսի» առաջնախաղը վերոհիշյալ «Մալայա Դիմիտրովկա» կինոթատրոնում կայացել է 1500 հանդիսականների ներկայությամբ։ Ներկա են եղել մամուլի, գրականության, գեղարվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հաջողությունը եղել է շատ մեծ, մասնավորաբար հետաքրքրություն է առաջացրել հարսանիքի տեսարանը։ «Նամուսը» քննադատները համարել են «լավագույն արևելյան կինոնկարը»։ Ըստ հայ կինոյի առաջին պատմաբան Դանիել Դզնունու՝ ֆիլմն այդ կինոթատրոնում ցուցադրվել է երեք ամիս, այնտեղ «ֆոյեն ձևավորված էր կովկասյան ոճով, ընդմիջումներին կազմակերպվել են կովկասյան եւ հայկական պարեր։ Այդ օրերին ամբողջ քաղաքը ողողված էր ռեկլամով՝ վիմատիպ գունավոր աֆիշներ, փողոցը հատող բազմագույն կտավ-ցուցանակներ, անվերջ ֆոտոկադրեր ցուցանակներում։ Ռադիոն, փոստը, հեռագրատունը անընդհատ հաղորդումներ էին տալիս ցուցադրվող ֆիլմի մասին։ Անգամ Մոսկվայի «Յավա» ծխախոտի գործարանն արձագանքեց ֆիլմին՝ բաց թողնելով գեղեցիկ տուփերով հատուկ գլանակներ՝ «Նամուս» անունով» (Դ. Մ. Դզնունի, Ուրվագիծ Հայաստանն կինեմատոգրաֆիայի պատմության, Երևան, 1961, էջ 38)։

 

Namus

 

Հայ կինոյի պատմաբանների ուշադրությունից վրիպել է, որ այդ թվականին Մոսկվայում է եղել և անդրանիկ հայկական ֆիլմը դիտել ու նրա մասին գրել է մեր մեծագույն արձակագրուհին՝ Զապել Եսայանը։ Նրա «Պրոմէթէոս ազատագրուած» ուղեգրության մեջ կարդում ենք.

«Երեկոյին Տիկին Իւզբաշեանի հետ կ'երթանք Նամուսի ներկայացման էքրանի վրայ։ Խուռն բազմութիւն լեցուեր է սինէմայի առաջին սպասման սրահը, հակառակ որ բազմաթիւ «կինո»ներ երկու երեք շաբաթէ ի վեր Մոսկուայի մէջ անդադար կը ներկայացնեն Շիրվանզատէի թատերախաղէն առնուած այդ կինոնկարը, որը պատրաստեր է Հայկինոն (Հայաստանի սինեմաթոկրաֆիկական սթիւտիօն) հայ դերասաններով և հայկական սթիւտիօի միջոցներով։

Շամախիի հին և արեւելեան բարքերը մեծապէս կը հետաքրքրեն Մոսկուայի աշխատաւորութիւնը։ Հետաքրքրական է նաև այն մասնաւոր գոյնը, որ Անդրկովկասի կեանքին մէկ երեսը, հայ կեանքը, կը ներկայացնէ, որը իր ընդհանուր գիծերուն մէջ շատ տարբեր չէ եղած նոյն ժամանակի Ազրբեջանեան և Վրացական կեանքէն։

Կը սպասենք մեր հերթին ներկայացման սրահը մտնալու համար։ Բազմութիւնը հետզհետէ կը ստուարանայ։ Պատերուն վրայ ամէն կողմ, կը տեսնենք Նամուսի զանազան տեսարաններէ մեծադիր պատկերներ և լուսանկարներ. հայ շինականի տիպը իր սպառնական տարազով, կուրծքը ցցուն փամփշտակալներով, արծաթեայ կոթով դանակը գօտիին մէջ, դէմքը դաժան, անհամբոյր. հայ հին մատղաշ կինը, պատանուհի և հարս, հեզիկ և տխուր, համակերպած իր ճակատագրին, որուն գեղեցկութիւնը պիտի կազմէ իր դժբախտութեան աղբիւրը. հայ մայրերը, անզօր և թախծոտ, որոնց դէմքին ամէն մէկ խորշոմը կը ցուցադրէ տղամարդու բիրտ տիրապետութեան տակ կքած կնոջ անմռունչ կրած տառապանքներու ակօսները։

Վերջապէս ներկայացման սրահէն դուրս կուգայ մարդկային ալիքը, ելքի դռներէն։ Կը մտնենք մեր կարգին և տեղ կը գրաւենք։ Էկրանի վրայ պատկերները կը յաջորդեն իրարու։ Անհետացած, բայց դեռ մեզ այնքան մօտիկ կեանքի մը բարացուցական դրուագները կը հետևին իրարու ճարտար դասաւորումով։ Կարգ մը տեսարաններ տաժանելի են անշուշտ, բայց այդ այդպէս է եղեր և դեռ հեռաւոր և մութ անկիւններու մէջ կը շարունակէ այդպէս ըլլալ. լաւագոյն է տեսնել կոպիտ իրականութիւնը ճշտութեամբ պատկերացած։

Երբ դուրս կուգանք ներկայացումէն, նորէն սպասման սրահը լիքն է անհամբեր բազմութեամբ։ Հեռուէն կը լսենք սազանտարի լարային նուագը և մեզ ծանօթ պարի ռիթմը։ Կ'ուղղուինք այն կողմը։ Արևելեան գորգերով սարքաւորուած սրահի մը մէջ կը պարեն Շամախիի պարեր։ Հանդիսականներու բազմութիւնը այնքան խիտ է, որ չենք յաջողիր ո և է բան տեսնել և կը հեռանանք» (Զապէլ Եսայեան, Պրոմէթէոս ազատագրուած, Մարսէլ, 1928, էջ 83-84)։

 

Փարիզի «Երևան» խորհրդամետ թերթը 1926-ի հունիսի 9-ի համարում, խորհրդահայ մամուլից արտատպելով, բերել է մի շարք կարծիքներ «Նամուսի» վերաբերյալ։ Նշվել է, որ մայիսի 16-ին կինոնկարը ցուցադրվել է «Հեղափոխական կինեմատոգրաֆիայի ասոցիացիայի» կինոթատրոնում, որից հետո տեղի է ունեցել մամլո ասուլիս։ Իր ելույթում Համո Բեկնազարյանը կենտրոնացել է ֆիլմի նշանակության և հայկական կենցաղի վրա։ «Պրավդայի» կինոքննադատ Խերսոնսկին իր ելույթում ընդգծել է ֆիլմի արտասովոր ռիթմը և նկատել, որ հարսանիքի տեսարանը ներկայացված է կենցաղային այնպիսի ճշգրիտ մանրամասներով, որ կարող էր տալ միմիայն Չեխովը։ «Երևան» թերթը վկայել  է նաեւ, որ «Նաշա գազետա» պարբերականը գրել է. «Կինոնկարում հաջող կերպով ցուցադրվում են կենցաղային մանրամասնություններ, շատ լավ են ընտրված տիպերը։ Դերասանները հայեր են։ Ֆիլմում նկատելի է բեմադրիչի ամուր և տաղանդավոր ձեռքը», իսկ «Կինո» լրագրի քննադատն առանձնացրել է Աբելյանի, Ներսիսյանի և Խաչանյանի խաղարկությունը։

 

«Նամուս»-ը  ԱՄՆ-ՈՒՄ

 

Հաջորդ տարի «Նամուսն» արդեն կտրել է օվկիանոսը և ցուցադրվել է ԱՄՆ-ում։ 1927-ին այն դիտել է ամերիկյան թատրոնում իր առաջին հաջող քայլերը կատարող Ռուբեն Մամուլյանը։ Նա ֆիլմը համարել է «Շատ հետաքրքրական, որովհետև մերն է, հայկական... Երբ պարոն Պետրոսյանից հրավեր ստացա ներկա լինելու հայկական շարժապատկերի ցուցադրումին՝ ապշած մնացի: Ի՞նչպես: Հայկական շարժապատկե՞ր: Ի՞նչ հրաշք էր արդյոք պատահել: Միթե՞ Հայաստանը կարողացած էր այնչափ շուտ վերակենդանանալ, որ սկսած էր նույն իսկ շարժանկար արտադրել... Անկարելի է չհիանալ մեր ժողովրդի կենսունակության վրա: Անկարելի է չծափահարել նրա բեմական այս նախափորձը, հոգ չէ թե՝ տեխնիկական թերություններով լեցուն»: Մամուլյանը թեև տակավին չէր աշխատում կինոյում, սակայն պրոֆեսիոնալի նրա սրատես աչքը նկատել է կինոնկարի տեխնիկական կողմի որակը: Իր խոսքում մի քանի անգամ շեշտել է «Նամուսի» տեխնիկայի «ամեն քայլափոխում կաղալը», օպերատորական չափազանց ցածր աշխատանքը, լույսի երբեմն առավել, երբեմն պակաս գործածումը: Սակայն միաժամանակ նա գիտակցել է, որ տեխնիկական պակասությունները ժամանակավոր բնույթ ունեն և «հանցանք է իրենցից կատարելություն պահանջելը» («Շինարար» ամսագիր, 1931, թիվ 1): Լինելով իրականության բանաստեղծական վերարտադրության կողմնակից, Մամուլյանը չէր կարող բավարարվել ֆիլմի իրապաշտական մեկնաբանությամբ, որի ձգտումն, ըստ նրա, հանգեցրել է անհասկանալի ծայրահեղության: Օրինակ, ըստ բեմադրիչի, կարիք չկար ֆիլմում հավաքել չափազանց շատ տգեղ դեմքեր և ֆիլմի հերոսներին առաջին իսկ տեսարանից ներգրավել հարբեցողության և ծեծկռտուքի մեջ («Չեմ հավատում թե մեր ժողովրդի միակ զբաղումն այդ է – արբեցություն և ծեծ»):

Ի դեպ, Ռուբեն Մամուլյանը ֆիլմում տեսել է նաեւ մորը՝ սիրող դերասանուհի Վերժինե Մամուլյանին (բամբասող հարևանուհիներից մեկի դրվագային դերում), որից նա կտրված է եղել մի քանի տարի...

 

 

Ֆիլմի հետագա կյանքը

 

«Նամուսը»՝ որպես հայկական խաղարկային առաջին ֆիլմ, նաեւ իր գեղարվեստական անվիճելի արժանիքների եւ տարաշխարհիկության շնորհիվ, մշտապես մնացել է կինոգործիչների եւ կինոսիրողների ուշադրության կենտրոնում՝ Հայաստանում թե արտերկրում։ 1969-ին «Հայֆիլմ» կինոստուդիան վերականգնել է ֆիլմը (վերականգնող բեմադրիչ՝ Լևոն Իսահակյան)՝ օժտելով երկխոսություններով եւ երաժշտությամբ (կոմպոզիտորներ՝ Գրիգոր Հախինյան, Էդվարդ Բաղդասարյան)։ Հայտնի է, որ 1973-ին Բեռլինի «Կամերա թեաթեր» արխիվային ֆիլմերի կինոթատրոնը ներկայացրել է «Նամուսը» «Խորհրդային անհայտ ֆիլմեր» շարքում։ Այդ առթիվ գերմանական կենտրոնական «Շփիգել» հանդեսը գրել է ընդհանուր ճանաչողական հոդված Բեկնազարյանի և «Նամուսի» մասին, նշելով, որ «Այսօր Բեկնազարյանը համարվում է Անդրկովկասի կինեմատոգրաֆի հիմնադիրը, մի կինեմատոգրաֆ, որի հետաքրքրական, խոր մարդկային ռեալիզմին ծանոթացանք «Եռանկյունին» (ռեժ. Հ. Մալյան) ֆիլմի միջոցով» (տե՛ս «Էկրան», 1973, թ. 5, էջ 11)։

 

 

namus

 

Եվ վերջապես 2005 թվականին ֆրանս-գերմանական Arte հեռուստացանցը թվայնորեն վերականգնել և գունավորել է «Նամուսը»՝ նոր երաժշտությամբ (կոմպոզիտոր՝ Անահիտ Սիմոնյան)։ Այն առաջին անգամ ցուցադրվել է Փարիզի «Բալզակ» կինոթատրոնում, 2005 թ. նոյեմբերին, ապա՝ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, 2010 թ. ապրիլին... Նոր կյանք առած հայկական առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմն այսօր էլ հիացնում է մի շարք կողմերով՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ արվեստի իսկական գործերը չունեն վաղեմության ժամկետ...

 

 

Արծվի Բախչինյան

 

Դիտումներ: 44

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։