Նրա աչքերը
«ArtCollage»-ի ընթերցողների գնահատմանն ենք ներկայացնում իրանական գրականության հետաքրքիր հեղինակներից մեկի՝ Բոզորգ Ալավիի «Նրա աչքերը» վեպից մի հատված ՝ Անի Հովսեփյանի թարգմանությամբ։
***
Նա փակեց աչքերը, իսկ ես հայացքս գնահատող զննությամբ անցկացրի նրա մարմնի վրայով։ Երկարավուն քիթը, սև, գանգուր մազերը, նուրբ ու փափուկ շուրթերը, փոքր-ինչ բարակ կազմվածքը, համաչափ մարմինը, թեկուզև մի քիչ կարճահասակ․ այս ամենը գեղեցիկ էր ու հրապուրիչ։ Բայց իրավացի էր, առաջին անգամն էր, որ ես գեղեցիկ կնոջ էի դիտում։ Անմիջապես աչքերիս առաջ հայտնվեց տասնինը-քսանամյա մի երիտասարդ աղջիկ, որ մենակ շրջում էր Փարիզի փողոցներով։
Որպեսզի թույլ չտայի՝ նրա այս մելամաղձոտ վիճակն ինձ վրա ազդեր, դիմադրեցի։ Ասացի. «Պատկերացրեք, թե ես այստեղ չեմ։ Պատկերացրեք, թե միայն ինքներդ ձեզ համար եք պատմում։ Նույնիսկ մի՛ ասեք, թե ես այսինչն արեցի կամ այնինչը։ Ասեք՝ այն քսանամյա աղջիկը... Անունը Ֆարանգիս դրեք։ Ձեր անունը չէ՞, որ Ֆարանգիս է։ Ասացին՝ այն քսանամյա աղջիկը մենակ գնաց Ակադեմիա»։
«Ո՛չ, ես չեմ ուզում պատմել իմ կյանքի պատմությունը։ Իմ կյանքում ոչ մի նոր բան չկա։ Ես չեմ ապրել։ Իմ կյանքը երջանկությունը չի ճաշակել և դրա իրականությունը չի ըմբռնել։ Ամեն ինչ անցյալում է։ Ի՞նչը կարող է հետաքրքրել ձեզ իմ մեջ։ Բացի այդ, իմ պատմությունը դեռ ավարտված չէ։ Ես մի գլուխ եմ մի գրքից։ Իմ կյանքը հետաքրքիր է միայն այնքանով, որքանով կապված է նրա կյանքի հետ։ Եթե նա չլիներ, ես ոչինչ չէի լինի։ Ա՜խ, նա էր, որ ինձ ցույց տվեց մարդու իրական կյանքի մի ուրվականը, իսկ ես, իմ թուլության պատճառով, կուրացա և չկարողացա վայելել նրա գեղեցկությունը։ Ես ուզում եմ պատմել ձեզ նրա հետ ունեցած իմ հարաբերությունների մասին։ Թողեք մի փոքր մտածեմ։
Այո, 1930 թվականին էր, կարծում եմ՝ երեսուն թվականի կեսերին, ես եվրոպաներում էի։ Բոլորովին ուրիշ ճանապարհով՝ Ռուսաստանի, Գերմանիայի և Փարիզի միջով, հասա այնտեղ։ Կայարանում գնդապետ Արամը եկել էր ինձ դիմավորելու։ Փարիզում գրանցվեցի արվեստի դպրոցում և կարծում էի, թե ուսում եմ ստանում ու նկարչություն եմ սովորում։ Արվեստի դպրոց ընդունվելու համար պետք էր ընդունելության քննություն հանձնել, բայց Ֆրանսիայում օտարերկրացիների համար ամեն ինչ հեշտ էր։ Օտարերկրացիները կարող էին ամեն ինչ սովորել, իսկ եթե որևէ բան էլ չէին հասկանում, միևնույն է՝ դիպլոմը ստանում էին։ Մեկ-երկու տարի տևեց, մինչև լեզուն սովորեցի, բայց շատ ավելի երկար տևեց, մինչև հասկացա, թե ինչ ճահիճ եմ ընկել։ Սակայն հոգուս խորքում միշտ ինձ դժբախտ էի համարում և չէի հասկանում, թե ինչպես կարող եմ ազատվել այս նվաստացուցիչ վիճակից։
«Տեսեք, կյանքում մարդու գլխին շատ բաներ են գալիս, և դրանց բոլորի պատճառը հենց ինքն է: Պարզապես չի գիտակցում, կամ՝ դրանց արմատներին հասնում է այն ժամանակ, երբ արդեն ուշ է լինում։ Ինձ հետ էլ այդպես եղավ։ Երբ ամենալավ հաճույքները կրկնվում են, դառնում են տանջանք ու դժբախտություն։ Իմ զվարճություններն ու թափառումները հարկադրված էին։ Ես չեմ ուզում ինձ արդարացնել։ Սկսած այն գնդապետ Արամից, որն ինձնից մեծ էր ու իմ խնամակալն էր, մինչև այն անհամ ֆրանսիացի երիտասարդը, որի արտաքինից զզվում էի, բոլորն էլ այս կամ այն կերպ ուզում էին լինել իմ ժամանակավոր կամ մշտական ամուսինը։ Ես ոչ մի մեղք չեմ գործել, որ անհրաժեշտ լինի յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր խղճամիտ մարդու առաջ ինձ արդարացնել։ Ո՛չ, ես չեմ ուզում ինձ արդարացնել։ Ուզում եմ միայն, որ այս նախաբանով դուք հասկանաք, թե երբ վերադարձա Իրան, ինչ զգացումներով և ինչ մտածելակերպով հանդիպեցի նրան՝ ձեր այս պրոֆեսոր Մականին, իմ ընկերոջը, իմ մտերիմին, այն տղամարդուն, որին ե՛ս էի ցանկանում։
«Ամեն հաճույք, երբ երկար է տևում, դառնում է տանջանք ու դժբախտություն։ Երբ լավ եմ մտածում, հասկանում եմ, որ իմ դժբախտության արմատն այն բարեկեցության ու անհոգ կյանքի մեջ է, որի մեջ մանկուց մեծացել եմ։ Իմ գեղեցկությունն իմ կյանքի անեծքն էր։ Գեղեցկություն՝ գումարած անհոգ կյանք։ Այս երկուսը միավորվեցին և ինձ հասցրին այս սև օրվան:
«Հանրահայտություն, փառք, հարգանք․ այս ամենը լավ է, օգտակար է և հաջողություն է։ Բայց յուրաքանչյուր հանրահայտ մարդ երբեմն ուզում է կորչել ամբոխի մեջ։ Ուզում է խառնվել մարդկանց, ճաշակել նրանց հաճույքները, կրել նրանց հոգսերն ու տագնապները։ Այդ ժամանակ բարեկեցությունն ու հանգիստ կյանքը նրան ավելի հաճելի են դառնում։ Բայց երբ բոլորը ճանաչում են նրան, և մարդիկ նրան մատով են ցույց տալիս, նա այլևս ազատ չէ։ Այդ ժամանակ հանրահայտությունը մարդու գլխին փորձանք է դառնում։ Իմ գեղեցկությո՛ւնն էլ այդպես էր։ Արվեստի դպրոցում նույնիսկ այն ծեր պրոֆեսորը, երբ ինձ հետ խոսում էր, ավելի շատ իմ աչքերին էր նայում, քան իմ խղճուկ աշխատանքին։ Ասես բոլորովին մոռանում էր, որ ինձ պետք է դասեր տար։ Առանց պատճառի և առանց հասկանալու՝ գովում էր իմ աշխատանքը։ Ուսանողներն իմ պատճառով իրար արյան թշնամի էին դարձել։ Նրանցից յուրաքանչյուրը մյուսի երեսովն էր տալիս իմ որևէ պատահական բարեհաճությունը։ Որքա՜ն էի ուզում դպրոցում, աշխատանքի ժամանակ, այնտեղ, որտեղ սիրտս հուզմունքից թրթռում էր, հանգիստ լինել։ Այդ ժամանակ նկարչական արվեստն ինձ համար փոխարինում էր ամեն տեսակի սիրուն ու հաճույքին։ Սերը, ամուսինը, փառքը, հարգանքը՝ այս բոլորը արվեստի հանդեպ բոցավառված կրքի դիմաց խեղդող, կուրացնող թանձր ծուխ էին։ Մի օր դպրոցի արվեստանոցում հանկարծ նկատեցի, որ ուսանողների մեծ մասը իմ դեմքի ուրվագիծն է նկարում։ Վերջերս, երբ գնդապետ Արամի հետ գնում էինք դեսպանատների և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության երեկույթներին, լրագրողներն արդեն իմ դեմքից էին փող աշխատում։ Մի ֆրանսիացի ջութակահար էլ իմ մասին վեպ գրեց։ Ամբողջ պատմությունը կառուցված էր այն սիրային կրքի շուրջ, որ նա տածում էր մի հնդիկ աղջկա հանդեպ։
Թատրոնում, կինոյում, համերգներում, հասարակական զբոսավայրերում, ամառանոցներում, դասախոսությունների ժամանակ՝ ուր էլ գնում էինք, բոլոր հայացքներն ինձ էին ուղղվում։ Իսկ ես տանջվում էի այդ վիճակից։ Բոլորը շողոքորթում էին ինձ։ Ամենավատը, սակայն, իմ հայրենակիցների վերաբերմունքն էր։ Նրանք, որոնց ես մերժել էի, ամեն տեղ, իմ հետևից, ամենաանպատշաճ բաներն էին ասում ։ Նրանցից մեկն անգամ նամակ գրեց հորս և իմ մասին այնպիսի պատմություններ հորինեց, որ պարզապես անհավատալի է։
Հայրս ինձ շատ էր սիրում, և հենց այդ պատճառով էլ լիովին վստահում էր ինձ։ Բնականաբար, այդ նամակները չէին կարող ազդել իմ հանդեպ նրա վերաբերմունքի վրա։ Ամեն անգամ, երբ որևէ մեկի հետ մտերմանում էի՝ որևէ այնպիսի հատկության կամ զբաղմունքի պատճառով, որն ինձ դուր էր գալիս, նրանք սկսում էին ուղղակի պաշտել ինձ և պատրաստ էին ինձ համար անգամ դանակահարել միմյանց։ Բայց նրանց ընկերությունը տանջում էր ինձ։ Նրանց մեջ ինչքա՜ն լավ երիտասարդներ կային։ Ընկերանում էի նրանց հետ, եղբոր պես սիրում էի, պատրաստ էի նրանց համար ամեն տեսակ զոհողության։ Հետո նրանք ինձ գրքեր էին տալիս։ Փորձում էին ինձ դեպի օգտակար կյանքի մի ուղի ներգրավել, իսկ երբեմն էլ քաղաքական նպատակներով օգտագործում էին ինձ․ իրենց փոստային ծանրոցները տալիս էին ինձ, և ես դրանք ուղարկում էի Իրան։
Երբ միասին էին լինում, ամբողջ ժամանակ խոսում էին կազմակերպություններից, կոնֆերանսներից, միտինգներից ու ցույցերից։ Խոսում էին քաղաքականությունից, բռնապետությունից, Իրանի ոստիկանական վարչակարգից, ժողովրդի աղքատությունից ու նվաստացումից, և ինձ հաճույք էր պատճառում, որ նրանց հետ մտերմանում էի։ Բայց բոլորն էլ, մեկը մյուսի հետևից, սիրահարվում էին ինձ, և դրանից նրանց արժեքն իմ աչքում նվազում էր։
Տեսնո՞ւմ եք, թե ինչ դժբախտության դեմ էի պայքարում։ Միայն մեկն էր բացառություն։ Բարեբախտաբար, այդ մեկը նշանված էր և իր նշանածի հետ էր ապրում։ Ես էլ կարողացել էի շահել այդ սիրունիկ աղջկա վստահությունը և հասկացնել նրան, որ իր նշանածի հանդեպ որևէ հետաքրքրություն չունեմ։ Նա միակ աղջիկն էր, որ սիրում էր ինձ, և, Աստված գիտի, գուցե հիմա՛ էլ է սիրում։ Այս երիտասարդն էլ, որը նկարչություն էր սովորում և միշտ տկար ու հիվանդ էր, հենց նա՛ էր պատճառը, որ Ակադեմիայում չորրորդ կուրսից հետո մշտապես սկսեցի մտածել Պրոֆեսորի մասին, և երբ վերադարձա Իրան, այլևս ելք չունեի, քան նրան տեսնելը և ամբողջ ուժով նրա ծառայությանը նվիրվելը։
«Այս երիտասարդից բացի՝ մյուսները կամ ինձ հետ պայքարում պարտվածներն էին, կամ էլ նրանք, ովքեր ինձ հաղթելու մասին երազելով՝ իրենց գլխում ամբողջ պալատներ էին կառուցում։ Գիտե՞ք՝ դրա արդյունքն ինչ եղավ։ Ես կասեմ, ձեզ բացեիբաց կասեմ, որպեսզի հետո կարողանամ ավելի հեշտ պաշտպանել ինձ։ Որպեսզի հետո կարողանամ ձեզ համոզել, թե նա՝ Պրոֆեսորը, ինչպիսի սխալ է գործել, և որ այդ աչքերը, որ նա ստեղծել է, իրականում իմը չեն։ Գիտե՞ք՝ դրա արդյունքն ինչ եղավ։ Արդյունքն այն էր, որ ես մի քիչ էլ վրեժխնդրություն էի կուտակել այս հիմար սիրահարների հանդեպ և հաճույք էի ստանում նրանց տանջանքներից։ Ի՜նչ հաճույքով էի նրանց չարչարում։ Որքան նրանք ավելի էին խենթանում, այնքան ես ավելի էի խստացնում իմ վերաբերմունքը։ Եվ սա արդեն դարձել էր իմ ամբողջ կյանքը։ Նկարչությունը, ուսումը, Ակադեմիան, Ֆրանսիայի արվեստի դպրոցը՝ այս ամենն արդեն միայն միջոցներ էին ինձ զբաղեցնելու համար։
Թարգմանությունը պարսկերենից՝ Անի Հովսեփյանի
Դիտումներ: 392
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։