Պատմվածքներ

13:16 04.06.2026 · Գրական · Իվան Բունին
Կիսվել:

Պինգվիններ

 

Սկսվեց նրանից, որ ես նորից երեսուն տարեկան դարձա: Ես տեսա ու զգացի ինձ հենց այդ երջանիկ շրջանում,  ես նորից այդժմյան Ռուսաստանում էի և այն ամենում, որ բնորոշ էր այդ ժամանակին, և նստած էի վագոնում, գնում էի չգիտես ինչու Գուրզուֆ․․․ Հետո ես զգացի, որ ինձ ինչ-որ բան անհանգստացնում է։ Ամեն ինչ, ասես թե, լավ էր․ գնում եմ հարավ, նստած եմ հանգիստ ու ազատ, առաջին կարգի փոքր խցիկում, ճեպընթացում․․․ Բայց չէ որ Պուշկինը վաղուց մահացել է, և Գուրզուֆում հիմա մեռած, դատարկ է, հանկարծ ասացի ես ինձ՝ ու տեսա, հասկացա, որ ոչ միայն Գուրզուֆում, բայց և ամենուր ահավոր մեռած ու դատարկ է։ Ինչ-որ առանձնակի տրտում աշուն է, այստեղ, հարավում, դեռ աշուն էր և ինչ-որ զարմանալիորեն հանգիստ, լուռ օր։ Գնացքն ընթանում է արագ և լեփ-լեցուն է, բայց՝ ասես մեռյալներով։ Եվ այն արտասովոր հարթ տափաստաններում, ուր գնում է, նույնպես այնպես անկենդան, տաղտկալի է, ասես դրանց գոյութունն ամենաչնչին իսկ իմաստը կորցրել էր։ Դա և արթմնի պատահում է՝ ահավոր անկենդան, չնչին է թվում երբեմն ամեն ինչ աշխարհում․․․ 

 

-Ոչ,- մտածեցի ես, - ինչ-որ բան բարեհաջող չէ։ Պետք է թողնել գնացքը․․․ 

 

Ես հանկարծ հիշեցի, որ շատ սիրում եմ Բախչիսարայը․ չէ որ Պուշկինը  այդտեղ էլ է ապրել մի ժամանակ, 15-րդ դարում այդտեղ նույնիսկ խան է եղել և որոշել է իջնել Բախչիսարայում, ճանապարհը ձիերով շարունակել, լեռների միջով  և անհապաղ այդպես էլ արել է։ Սակայն Բախչիսարայը ես ինչ-որ չնկատեցի, իսկ լեռներում սահմռկելի էր։ Ամայություն, անապատ, և արդեն երեկոյանում է։ Ամբողջը ինչ-որ քարքարոտ կիրճեր ու խորխորատներ, և ամբողջը՝ անտառ, անտառ, ոլոր-մոլոր, ցածլիկ և արդեն գրեթե լրիվ լերկ, պատված մանր դեղին տերևներով․ ամբողջը կարակաչի է, մտածեցի ես՝ այդ բառի մեջ ինչ-որ խորհրդավոր ու չարագուշակ իմաստ ներդնելով։ Եվ ձիերը վազում են ինչ-որ չափից դուրս համաչափ, և փոստակառապանը նստիքին այնպես անշարժ ու անանձնական է, որ ես նրան անգամ վատ եմ տեսնում, միայն զգում ու զգուշանում եմ, քանի որ միայն Աստված գիտի՝ ինչ է նրա մտքին․․․ Միակ հույսս ընթրիքն է Յալթայում, մտածեցի ես։ Ինձ խաշած կեֆալ ու սպիտակ Աբրաու կխնդրեմ․․․ 

 

Եվ իսկույն ես տեսա Յալթան, նոճիների մեջ գերեզմանային սպիտակին տվող ամառանոցները, նավամատացույցն ու կանաչավուն ծովը ծոցում։ Բայց այդժամ արդեն լրիվ սարսափելի դարձավ։ Ի՞նչ պատահեց Յալթային։ Խավարում, մթնում է, բայց չգիտես ինչու ոչ մի տեղ ոչ մի լույս, նավամատույցում ոչ մի անցորդ, ամենուր նորից անդորր, լռություն․․․ Ես նստեցի ռեստորանի դատարկ ու գրեթե մութ դահլիճում ու սկսեցի սպասել սպասավորին։ Բայց ոչ ոք չէր մոտենում՝ ամեն ինչ դատարկ ու զարմանալիորեն լուռ էր։ Դահլիճի խորքում լրիվ սևացավ, իսկ մեծ պատուհանի ապակուց այն կողմ, որի մոտ ես նստած էի, ելնում էր քամին, մխում էին ցածր ամպերը ու մերթընդմերթ թնդանոթային կրակոցներով նավամատույցին էին զարկում ու բարձր օդ խոյանում երկար փրփրադեզ փետուրներով ալիքները․․․ Այդ ամենն այնքան տարօրինակ ու սարսափելի էր, որ ես կամքի ճիգ արի ու վեր թռա անկողնուց, պարզվեց, որ ես քնել եմ, չհանվելով, չմարելով մոմը, որ գրեթե այրվել էր՝ մուգ թրթռացող լույսով լուսավորելով համարս, և որ արդեն գիշերվա երկուսն է։ Եվ ես վեր թռա, սարսափած՝ իսկ հիմա ես ի՞նչ պետք է անեմ։ Խորը քնեցի, իսկ գիշերվա վերջը չի էլ երևում, և պատուհանից այն կողմ աղմկում է հորդ անձրևը, և ես լրիվ մենակ եմ ամբողջ աշխարհում, որտեղ չի քնում հիմա լոկ Դավիդկան։ Ես փութով սլացա Դավիդկայի մոտ՝ Վինոգրադնայի նրա մառանիկը։ Գիշերն այնքան ականակույր էր, ու անձրևը տեղում էր սևության մեջ այնքան սաստիկ, որ մառանիկը միակ ողջ վայրն էր թվում ոչ միայն ամբողջ Փոտիում, այժմ ես Փոտիում էի, այլև ամբողջ կովկասյան ափին, անգամ, ավելին՝ ամբողջ աշխարհում։ Բայց մինչև ես վազելով հասա նրան ինչ-որ նեղ, կեղտոտ ու խուլ նրբանցքներով՝ Դավիդկան արդեն ելել էր իր խղճուկ պատուհանի փեղկերը ծածկելու, պատրատսվում էր լույսը մարել ու դռները փակել։

 

-Բայց լսիր, ասացի ես նրան՝ արդեն մահացու վախ զգալով, - եթե դու փակես ու մարես, իսկ ի՞նչ ես այդժամ անեմ։ Ո՞ւր գնամ։ Չէ որ այստեղ ձմռանն անգամ շոգենավեր չեն մտնում։ 

 

Սակայն Դավիդկան միայն լեզուն ճտճտացրեց ու անդրդվելիորեն, նույն հանդարտ ապուշությամբ, որին ունակ է լոկ կովկասցին, տմբտմբացրեց իր սև խուզած գլուխը։ 

 

-Ծովապատնեշի վրա կզբոսնես,- ասաց նա։ - Այնտեղ ամբողջ գիշեր գլխավոր փարոսը կվառվի․․․

 

Եվ ահա ես ինչ-որ սարսափելի զառիթափի վրա եմ, սապատավոր ու ժայռոտ, որտեղ կարելի է բռնվել, միայն սեղմվելով չտեսնված բարձր ու կլոր սպիտակ աշտարակին ու ոտքերը կռթնելով ժայռերին։ Վերևում, անձրևից միգամած և դանդաղորեն պտտվող լույսի ներքո, մոլեգին վնգվնգոցով և ճղճղոցով պտույտ են գալիս ու որորների պես կռվում անհամար սգավոր պինգվիններ։ Ներքևում՝ մթություն, խեժ, վիհ, որտեղ գվվում, մռնչում, ծանր ընթանում է անեզր, ելունդավոր, քուլա-քուլա բարձրացող՝ ինչպես ինչ-որ անդրջրհեղեղյան ծովահրեշ, ոստրեային թարմությամբ սուր բուրող ու երբեմն ամբողջ ջրվեժներով շիթեր ու փրփուրներ վեր ցայտող ինչ-որ բան․․․ Իսկ վերևում՝ պինգվիններ, պինգվիններ։

 

 

Երաժշտություն

         

Ես բռնեցի դռան կոթից, ձգեցի այն դեպի ինձ՝ և իսկույն սկսեց նվագել նվագախումբը։ Բացված պատուհանից անդին հետ էին գնում լուսնկա դաշտերը՝ տունը դարձավ վազող գնացք։ Ես մեկ ավելի ուժեղ էի ձգում, մեկ՝ ավելի թույլ և, չտեսնված հեշտորեն ներդաշնակվելով ցանկությանս հետ, մեկ ավելի կամաց, մեկ ավել բարձր, մեկ հանդիսավոր թափ առնելով, մեկ սքանչելիորեն մարելով, հնչում էր երաժշտությունը, որի առաջ ոչինչ էր բոլոր Բեթհովենների երաժշտությունն աշխարհում։ Ես արդեն հասկացել էի, որ դա երազ է, արդեն վախենում էի դրա չտեսնված իրական լինելուց, և հուսահատ ճիգ էի անում արթնանանալու, և, արթնանալով, կախեցի ոտքերս անկողնուց ու վառեցի լույսը, բայց իսկույնևեթ ճանաչեցի, որ այս ամենը նորից երազի սատանայական խաղն է, որ ես պառկած եմ, որ մթության մեջ եմ և որ ինչ էլ լինի պետք է ազատվեմ այս տեսիլքից, որում, անկասկած, ինչ-որ անդրաշխարհային, օտար, բայց միաժամանակ և իմ ուժն էր զգացվում, ուժը զորեղ անմարդկայնորեն, քանի որ ընտել, ցերեկային կյանքի երևակայությունը, թող որ բոլոր Տոլստոյների և Շեքսպիրների երևակայությունն իրար հետ վերցրած, կարող է այդուհանդերձ լոկ երևակայել, անրջել, այսինքն այդուհանդերձ մտածել, այլ ոչ անել։ Իսկ ես անում էի, հենց անում, ինչ-որ միանգամայն անիմանալի մի բան՝ ես երաժշտություն էի անում, վազող գնացքը, սենյակը, որում ես ասես արթնացել էի ու ասես վառել լույսը, ես արարեցի դրանք այնքան հեշտորեն, այնքան հրաշալիորեն և այնքան իրեղենությամբ, ինչպես կարող է լոկ Աստված, և տեսնում էի արարածս ոչ պակաս պարզ ու զգալի, քան տեսնում եմ ես հիմա, արթմնի, ցերեկվա լույսի ներքո, ահա այս սեղանը, որի վրա գրում եմ, ահա այս թանաքամանը, որի մեջ ես հենց նոր թաթախեցի փետրագրիչը․․․

 

Իսկ սա ի՞նչ է։ Ո՞վ էր արարում։ Ե՞ս՝ հենց հիմա այս տողերը գրո՞ղը, մտածողն ու ինձ գիտակցո՞ղը։ Թե՞ ինչ-որ մեկը՝ ինձանից բացի մեջս գոյո՞ղ, թաքուն նույնիսկ հենց ինձ համար ու անասելիորեն ավելի զորեղ իմ համեմատ, իրեն այս ընտել կյանքում գիտակցո՞ղ։ Եվ ի՞նչն է  իրեղեն և ի՞նչը՝ անիրեղեն։

 

 

Մոդեստ

         

Հարավային սեպտեմբեր, արևի տակ շոգ է, չոր, ամենուր ամեն ինչ փայլում է։ Քաղաքի ծայրամասում ձիու տոնավաճառ է։ Նա հարուստ ձիավաճառ է, կարմրաշիկահեր, թուլակազմ, չեսուչայի պիջակով, սև վարտիքով ու բարձր ճտքակոշիկներով, ցուցամատին ոսկե մատանիով։ Նա ամբողջ օրը տոնավաճառում է։ Իսկ քաղաքում, թափանցիկ փեղկերով ծածկված հյուրանոցի համարում, հեղձուցիչ կիսալույսի մեջ, պառկած է թախտին, մի վարդագոււյն շապիկով, նրա սիրուհին՝ մարմնեղ, լիքոտ, փչում է քրտնած վերին շրթունքից ճանճերին և սպիտակ ձեռքերով պնակի ջրից ընտրում է խոշոր, թրջված չամիչն ու ուտում։ Աղջկա դեմքը լայնայտոսկր, կճատաքիթ, նուրբ է, մարմինը՝ հրաշագեղ կենդանու, ձեռքերն ու ոտնաթաթերը՝ սքանչելի, երկարավուն մատներով, բարակ փայլուն մաշկով։ 

 

Նա ձիավաճառի համար տարօրինակ անուն ունի՝ Մոդեստ։ Խռպոտ, սիրալիր ձայն ու չտեսնված նրբանկատություն։

Երեկոյան յոթին դռան զգուշավոր թակոց։

-Մոդեստ, դո՞ւ ես։

-Ես եմ, Մանիչկա։ Կարե՞լի է։

 

Եվ մտնում է քրտնած, նիհարած, թաշկինակով սրբելով պեպենոտ դեմքն ու զվարթ ասելով․

-Դա, Աստված վկա, սարսափ է։ Այնտեղ այնպիսի շոգ, փոշի է ու այնպիսի բզեզներ են։ Համատարած լպիրշություն։ Դե, բարի երեկո, աղավնյակս, արագ վեր կաց ու հագնվիր։ Առաջարկում եմ մի փոքր խրախճանալ «Տիվուլիում»։ Դրան ի՞նչ կասես, անգինս։ Հուսով եմ՝ գո՞հ ես։

 

Եվ խորամանկ մանրածիծաղով թփթփացնում է շապիկին՝ զիստի հատվածում։

 

 

Ձնեցուլը

         

Գիշերաժամին՝ ձմեռային, գյուղական, մինչև առանձնասենյակը հասնում է հեռավոր սենյակներից աղիողորմ մանկական լացը։ Տունը, դաստակերտը, գյուղը՝ ամենը վաղուց քնած է։ Չի քնում լոկ Խրուշչևը։ Նա նստած կարդում է, երբեմն հոգնած աչքերը հառում մոմերի կրակներին։

 

-Ամենն ինչ հիասքանչ է։ Անգամ այս կապույտ  բնաճարպը։

 

Կրակները, դրանց թափանցիկ վառ կապույտ հիմքերով ոսկեգույն-պսպղուն սայրերը, թեթևակի թրթռում են և կուրացնում մեծ ֆրանսիական գրքի սնդուսած թուղթը։ Խրուշչևը ձեռքը մոտեցնում է մոմին՝ թափանցիկանում են մատները, վարդագունում են ափեզրերը։ Նա, ինչպես մանուկ հասակում, հափշտակված նայում է նուրբ, ալ կարմիր հեղուկին, որով շողում ու նշմարվում է կրակի դիմաց իր սեփական կյանքը։ 

Լացը հնչում է ավելի բարձր՝ աղիողորմ, աղերսագին։ 

 

Խրուշչևը վեր է կենում ու գնում մանկասենյակ։ Նա անցնում է մութ հյուրասենյակը՝ այնտեղ փոքր-ինչ առկայծում են ջահի կախազարդերը, հայելին, անցնում է մութ բազմոցասենյակը, մութ ճաշասենյակը, պատուհաններից անդին տեսնում է լուսնյակ գիշերը, նախապարտեզի եղևնիները ու դալկասպիտակ շերտերը՝ ծանրորեն ընկած դրանց սևականաչ, երկար ու թավատերև ճյուղերին։ Մանկասենյակի դուռը բաց է, լուսնալույսը փռված է այնտեղ նրբագույն ծխով։ Անվարագույր լայն պատուհանից ուղղակի, խաղաղ նայում է ձնաշող բակը։ Կապտավուն ճերմակին են տալիս մանկական անկողինները։ Մեկում քնած է Արսիկը։ Գետնին քնած են փայտաձիերը, մեջքի վրա քնած է, իր ապակե կլոր աչքերը չռած, սպիտակահեր տիկնիկը, քնած են տուփերը, որոնք այդքան խնամքով հավաքում է Կոլյան։ Նա նույնպես քնած է, բայց քնի մեջ ելել է իր անկնողնում, նստել ու արտասվում է դառնորեն, անպաշտպան՝ փոքր, նիհարիկ, մեծագլուխ․․․

 

-Ի՞նչ է եղել, թանկագինս, - շշնջում է Խրուշչևը, նստելով անկողնու ծայրին, թաշկինակով սրբելով երեխայի երեսիկը ու նիհարիկ մարմնիկը, որ այդպես սրտառուչ զգացվում է շապիկի միջից իր ոսկորներով, կրծքիկով ու բաբախող սրտիկով։

 

Նա նրան ծնկներին առնում, օրորում, զգուշորեն համբուրում է։ Երեխան սեղմվում է նրան, հեկեկոցներից ցնցվում ու քիչ-քիչ հանգստանում․․․ Ի՞նչն է արդեն երրորդ գիշերը նրան արթնացնում։

Լուսինը թեթև ծփանքի տակ է անցնում, լուսնալույսը, դալկանալով, մարմրում, խամրում է և ակնթարթ անց նորից աճում, տարածվում։ Նորից վառվում են պատուհանագոգերը, թեք ոսկե քառակուսիները հատակին։ Խրուշչևը հայացքը դարձնում է գետնից, պատուհանի գոգից շրջանակին, տեսնում է լուսավոր բակը՝ ու հիշում՝ այ թե ինչ, նորից մոռացել են ջարդել այն սպիտակ հրեշը, որ երեխաները սարքել են ձնից, դրել բակի մեջտեղում, իրենց սենյակի պատուհանի դիմաց։ Ցերեկը Կոլյան երկչոտաբար հրճվում է նրանով․ ցուլի եղջերագլխով ու կարճ չռված ձեռքերով մարդանման կոճղակտոր է գիշերը, քնի միջից զգալով նրա սարսափելի ներկայությունը, հանկարծ, անգամ չարթնանալով, ողողվում է դառն արցունքներով։

Դե, ձնեցուլն իրոք որ սարսափելի է գիշերը, հատկապես եթե նայել նրան հեռվից, ապակիների միջից՝ եղջյուրները փայլփլում են, գլխից, չռած ձեռքերից ընկնում է պայծառ ձյան վրա սև ստվերը։ Բայց փորձիր ջարդել նրան։ Երեխաները կոռնան մինչև երեկո, թեև նա միևնույն է արդեն հալչում է քիչ-քիչ՝ շուտով գարուն է, թրջվում ու մխում են կեսօրին ծղոտե տանիքները․․․

 

Խրուշչևը զգուշորեն դնում է երեխային բարձին, խաչակնքում նրան և ոտքի մատների վրա դուրս գալիս։ Նախասենյակում նա հագնում է այծի գլխարկը, այծի բաճկոնը, կոճկվում է, բարձրացնելով սև նեղ մորուքը։ Հետո բացում է նախասենյակ տանող դուռը, ճռճռացող արահետով գնում տան անկյան հետևը։ Նոսր այգու վրա ոչ բարձր կեցած լուսինը, որ ցոլում է ճերմակ ձնաթմբերի վրա, պարզ է, բայց մարտին բնորոշ դալուկ։ Թեթև ամպե ծփանքի խեցիները ձգվում են ինչ-որ տեղ երկնակամարով։ Լուռ առկայծում են խոր թափանցիկ կապույտում  նրանց միջև հատուկենտ երկնագույն աստղերը։ Մատղաշ ձյունիկը փոքր-ինչ ծածկել է պինդ, հին ձյունը։ Ապակեփայլ տանիքով այգու բաղնիքից վազում է Զալիվկա որսաշունը։

 

-Ողջույն,- ասում է նրան Խրուշչևը։ -Միայն մենք քեզ հետ չենք քնում։ Ափսոս է քնելը, կարճ է կյանքը, ուշ ես սկսում հասկանալ, ինչ լավն է այն․․․ 

 

Նա մոտենում է ձնեցուլին ու հապաղում մի րոպե։ Հետո վճռականորեն, հաճույքով հարվածում է նրան ոտքով։ Թռչում են եղջյուրները, սպիտակ գնդերով ցաքուցրվում է ցլի գլուխը․․․ Եվս մեկ հարված և մնում է միայն ձնակույտը։ Լուսավորված լուսնով՝ Խրուշչևը կեցած է նրա գլխավերևում և, ձեռքերը բաճկոնի գրպանները խոթելով, նայում է փայլփլող տանիքին։ Նա հակում է ուսին իր սևամորուս դալուկ դեմքը, իր այծի գլխարկը, ջանալով որսալ ու հիշել փայլի երանգը։ Հետո շրջվում ու դանդաղ գնում է արահետով տնից առ անասնանոց։ Շարժվում է նրա ոտքերի մոտ, ձյան վրայով, թեք ստվերը։ Հասնելով ձնաթմբերին, նա նրանց միջով անցնում է առ դարպասը։ Դարպասը կիսաբաց է։ Նա նայում է ճեղքից, որտեղից սուր հյուսիսային քամի է փչում։ Նա գորովանքով  մտածում է Կոլյայի մասին, այն մասին, որ կյանքում ամեն ինչ սրտառուչ, ամեն ինչ իմաստալի, ամեն ինչ նշանակալից է։ Եվ նայում է այգուն։ Ցուրտ, բայց հարմարավետ է այնտեղ։ Ծածկերի տակ աղջամուղջ է։ Սայլի ձնապատ առաջքները գորշանում են։ Բակի վրա՝ կապույտ, հատուկենտ խոշոր աստղերով երկինք է։ Բակի կեսը ստվերում է, կեսը՝ լուսավորված։ Եվ ծեր, բրդոտ սպիտակ ձիերը, այդ լույսի տակ նիրհող, կանաչ են թվում։

 

         

Ուրացման գիշեր

         

Խավարամած, մրրկածուփ գիշեր անձրևոտ ամիսների վերջին, մութ, փոթորիկ ու տարափներ։

 

Սրբազան Առյուծի կղզու ափ, սև անտառներ՝ մոտեցած հենց օվկիանոսին՝ ասես պատրատստ ջրի տակ առնելու դրանք։ 

 

Ալիքների մեծ թնդյուն՝ փրփրալից, ներսից շողացող լեռներով շարունակ առ կղզի ընթացող և ողողող ոչ միայն ափամերձ ծանծաղուտները, որոնց վրա դոնդողանման շրջաններով փռված են խորհրդավոր փայլ արձակող ծովաստղեր, և շրշում են հազարավոր սողացրվող ծովախեցգետիններ, ոչ միայն առափնյա ժայռերը, այլև այն արմավենիների ստորոտները, որ խոնարհվել, իրենց բարակ բներով օձաձև կորացել էին առափնյա զառիվայրերից։

 

Տամուկ և տաք փոթորիկը սուրում է ժամանակ առ ժամանակ առանձնակի շեշտակիությամբ, անասելի  թափով, այնքան վեհապանծ ու ուժգին, որ առ ծովը  մոլեգնորեն սահում է անտառներից գվվոցը՝ ոչ պակաս սարսափելի ու ծանր, քան  հենց օվկանոսինը, այդժամ արմավենիները՝ անհանգիստ նիրհով տառապող կենդանի էակների պես մի կողմից մյուսը ճոճվող, հանկարծ ցածր խոնարհվում են առ ափը սլացող հողմի ճնշման տակ, բոլորը մեկեն ընկնում են ձորը, և դրանց կատարներից աղմուկով թափվում են բյուր մեռած տերևներ, իսկ օդում բարկահամ անուշաբուրություններ են փչում, որ հասնում են կղզու խորքից, նվիրական անտառային ընդերքներից։ 

 

Ամպերը, մռայլ և ծանրաշարժ, ինչպես Ջրհեղեղի գիշերը, հար ավելի են ցած իջնում օվկիանոսի վրա։ Բայց նրանց ու ջրախորքերի միջև անծայրածիր  տարածության մեջ լույսի պես ինչ-որ բան կա՝ օվկիանոսը մինչև ծածուկ խորքերը լի է անհամար կյանքերի գաղտնի հուրհրատությամբ։ 

 

Օվկիանոսի ալիքները՝ հրափրփուր բաշերով, թնդյունով ու գվվոցով առ ափ շառաչող, շողշողում են, նախքան փլվելը, այնքան պայծառ, որ կանաչ ցոլքով լուսավորում են անտառում՝ ափի վերևը կեցած մարդուն։

 

Այդ մարդը բոկոտն է, կտրած մազերով, մերկ աջ ուսով, մենակյացի ցնցոտիով։ Նա փոքր է, հանց երեխա, իրեն շրջապատող վեհության մեջ, և արդյո՞ք սարսափը չառկայծեց նրա տանջահար դեմքին խորտակվող ալիքի փայլի ու շառաչի ներքո։

 

Անսասան ու հնչեղ, հաղթահարելով և այդ շառաչը, և անտառների ու փոթորկի միաձույլ գվվոցը, բացականչում է նա․

 

-Փառք Վսեմին, Սուրբին, Ամենայն Լուսավորողին, Ցանկությանը  հաղթողին։ Հողմապտույտով սլանում են փոթորկի հետ, սև անտառային մթության մեջ,  բյուր ասես հրե աչեր։ Եվ  խանդավառ հնչում է ափին կեցած մարդու ձայնը։

 

-Զուր է, Մարա։ Զուր ես, Հազարաչքանի, գայթակղում դու, սուրալով երկրի վրայով կենարար փոթորիկներով ու տարափներով, փտածությունից ու մոխրից նոր կյանք ծնող գերեզմանների հյութեղ և արդեն նորից բուրումնավետ նեխմամբ։ Ընկրկիր, Մարա։ Ինչպես անձրևակաթիլը լոտոսի պիրկ տերևից՝  գլորվում է վրայիցս Ցանկությունը։

 

Բայց հաղթականորեն, թափվող տերևների հեղեղի մեջ, սլանում է հրե աչքերի հողմպատույտը, ասես սև անտառածածկի տակ լուսավորելով վիթխարի արձանը՝ իր գլխագագաթով մինչև արմավենիների կատարները հառնող գետնին նստածի։ Ոտքերը նրա խաչված են։

 

Վզից մինչև գոտկատեղը պատված է՝ իր վարդագույն վիզը փքած, իր հարթ գլուխը նրա գլխագագաթին տարածած օձի գորշ մատանիներով։

 

Չնայած օձի մատանիների անչափ ծանրությանը, նստածը ազատ է ու վայելչակազմ, վսեմապանծ ու ուղիղ։

 

Աստվածային պալար, սուր ուռուցք նրա գլխագագաթին։ Սևակապույտ,  գանգուր, բայց կարճ մազեր՝ սիրամարգի պոչի կապույտի պես։ Կարմիր դեմքը վեհապանծորեն հանգիստ է։ Հայացքը պսպղուն է՝ ակնեղենի պես։

 

Եվ սարսափելի ձայնը նրա, ձայնը, հնչող առանց լարվածության, ուժով նման ամպրոպի, վսեմորեն սահում է անտառախորքերից առ ափին կեցած մարդը։

 

-Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աշակերտ՝ նորիցնոր կուրանաս դու ինձ հանուն Մարայի, հանուն մահկանացու կյանքի քաղցր ստի, ձմեռային գարնան այս գիշերը:

 

 

Թարգմանությունը ռուսերենից՝ Գրիգոր Ֆերեշեթյանի

Դիտումներ: 202

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։