Պոեզիա
Սեպտեմբերի 3-ը բացառիկ մտավորականի՝ բանաստեղծ, թարգմանիչ, նարեկացիագետ, գրականագետ Հրաչյա Թամրազյանի հիշատակի օրն է՝ նրա մահվան 10-րդ տարելիցը: Անգամ մեկ տասնամյակ անց նրա պոեզիայի սիրահարների, մտերիմների ու բարեկամների համար դժվար է ընդունել պոետի վախճանի իրողությունը: Բայց Հրաչյա Թամրազյանն այսօր ոչ միայն չխամրող հիշողություն է, այլև մշտական ներկայություն՝ անհանգիստ հայի, անբասիր մտավորականի իր կերպարով, նարեկացիագիտական իր ժառանգությամբ, Մատենադարանի նորակերտ շենքի շքեղ համապատկերով և իհարկե իր պոետիկ արվեստով, որը հոգիներ է ջերմացնում և ամոքիչ ուժ ունի:
«ArtCollage» -ի ընթերցողներին ենք ներկայացնում Հրաչյա Թամրազյանի բանաստեղծությունների շարքը՝ նրա տարբեր տարիների ժողովածուներից:
Փոխակերպություն
Ու քեզ թվում է՝ ոչինչ չես հիշում…
Որ անդունդներից նոր տողեր ծնվեն՝
Քեզ անհրաժեշտ է կյանքի մի փշուր,
Մի կտոր երկինք, հույսի մի ծվեն։
Ամեն ինչ այդպես պիտի կատարվի,
Ու որ չթախծես օրերում մռայլ,
Դու հոգենյութդ ծառին ես տալիս
Ու քո ավիշով ներծծվում նրան…
Զարթնում է կարոտն այդ սաղարթախիտ՝
Անսահման մի սեր–անսահման մի գութ,
Մի տարաշխարհիկ, լուսավոր թախիծ,
Եվ այդպես բառն է աշխարհը գրկում։
***
Օրը սկսել մի մաքուր շնչից,
Բառեր գրառել թղթին սպիտակ,
Հասկանալ, որ սա դեռ ավարտը չի,
Որ նոր ուղիներ մեզ խոսքը կտա:
Եվ դեռ չի գտել ոչ ոք վախճանն իր
Ճանապարհներում այս անհանգրվան –
Ու հարակայող խոսքն է հանճարեղ
Ներհյուսում կյանքը դրվագ առ դրվագ:
Ու մեզ մնում է չպղծել խոսքը
Ու մաքուր շնչով բառն արտաբերել,
Պեղել ավազը ու գտնել ոսկին,
Որ քեզ անապակ ջրերն են բերել:
Այս ունայն կյանքում դու ոչինչ չունես –
Սպառել իսկույն քո ինչքը չնչին,
Հետո արթնանալ ամայությունից
Ու խոսքը սկսել այդ մաքուր շնչից:
21. 07. 2014
Անկշռություն
Դստերս՝ Շուշանիկին
Մենք նման ենք մի հոգնած նավորդի,
Որ դեգերում է կյանքում հեղհեղուկ...
Ու մի օր հանկարծ անձուկ կարոտից
Հին երգերի պես մեր կյանքն ենք պեղում:
Բայց ո՞ւմ ենք գտնում, արդյոք մե՞նք ենք դա -
Հին շերտերի տակ զառամած կյանքի՝
Արձանիկներն այդ՝ երբևէ կերտած՝
Իբրև հարացույց ու ճակատագիր:
Թե՞ վերադարձի խորհուրդը այլ է՝
Երբ մենք կտրված կյանքից հողեղեն
Վերադառնում ենք այն հին վայրերը,
Ուր մենք ենք ապրել, ուր մենք ենք եղել:
Ասես անցնում ես ինքդ քո կողքից,
Ու քեզ տանջում է կարոտը անհուն.-
Ինչ է անրջում այդ պահին հոգին,
Ծանրանո՞ւմ է նա, թե՞ թեթևանում:
Ճակատագրի այս հողմերի մեջ
Մենք չգիտենք՝ մեզ բախտն ուր կքշի,
Մե՞նք ենք հողեղեն այս խորշը հիմնել,
Որտեղ թախծում է հոգին անկշիռ...
03. 01. 2008
Բուսական կյանք
Օրերը գալիս-գնում են անվերջ,
Ու նա հորդառատ արցունք է թափում:
Ու ճողփալով իր արցունքների մեջ
Աճում է դանդաղ – իբրև մարդաբույս:
Մինչ հույսի ծիլն է զարթնում իր հոգում՝
Վաղ առավոտյան ցողով թաթախվող,
Ու նրան կենաց ջուրն է ոռոգում,
Նա տարածվում է - իբրև մարդախոտ:
Ու չորանում են ակունքներն ամեն՝
Կրկին ամլության կյանքը մատնելով,
Բայց նա սովոր է քարից ջուր քամել,
Նա հողն է քանդում իր արմատներով:
Ու լույսն է միայն, որ անաղարտ է,
Նա ողջ էությամբ լույսն է ընկալում,
Ու բարձրանում է նրա սաղարթը,
Ու կյանքն է դանդաղ կեղևակալում:
20. 06. 2015
Համլետ
Խավարի մեջ է օրը խորանում –
Խելահեղ կրքի ու հույզի բեմեր,
Բայց առաջվա պես չեմ կարողանում
«Իմ զեղումները ես չափաբերել»:
Լուռ են շուրթերը, ու հուշարարի
Մատներն են շարժվում օրերի հանգույն,
Ո՞վ է հարվածում ստեղնաշարին,
Սրտիդ լարերին ո՞վ է նվագում:
Ո՞վ է դեռ այնտեղ տխուր հեծեծում
Այնքան հուզառատ ու հուզախռով,
Երբ կալանված են օրերը հեղձուկ,
Երբ տապալված է կեցվածքը խրոխտ:
Գալիքից եկող խոսքեր հեռահար,
Անցյալից եկող խելահեղ կանչեր,
Բայց մոտալուտ է օրը վերահաս,
Երբ մենք ինքներս մեզ կճանաչենք:
Դատարկ կյանք – անշունչ իրերի աշխարհ,
Որ պիտի իրենց անունով կոչել,
Կյանքի հղացքն է դա դերաբաշխված,
Սակայն դերերը դեռ սրտովդ չեն:
«Հայելի պահել բնության առաջ –
Ցույց տալու համար այս ժամանակին
Իր տեսքն ու տիպը»,- դրա հակառակն
Արդեն թատրոնն է, որ գիտենք անգիր,
Որ հավակնում է դուրս գալ ասպարեզ,
Հոխորտալ կյանքի հարթ մակերեսին,
Նոքա չեն, սակայն, խորքն իր արարել՝
Խեղկատակները արյան կրկեսի:
Սակայն տողերով ուղի հարթելիս
Շփվում ես կյանքին – եղծած բնագիր.
«Ես լոկ շվի չեմ կյանքի մատներին,
Որ ինչպես ուզի – այնպես նվագի»:
«Խելագարվում է իր մտքի թափից»,-
Երբ արվե՛ստը մեծ՝ կյա՛նքն է փլուզվել
Ուր պիտի ողբա ու արցունք թափի
Մի վերջի՜ն, վերջի՜ն խելակորույս սեր:
Ձոն
Ռոբերտ Աբաջյանին
– Մենք բարեկամ չունե՛նք, ո՞վ է մեր թշնամին,
Այս հարցումն է հնչում մահվան նման հզոր,
Կռվի ժամին ահեղ և փորձության ժամին,
Ո՞ւր է մեր թշնամին, երբ մահապարտ մի զորք
Արդեն բարեհուսո լեռնապարերն անցավ,
Հաղթանակն է տոնում հոգու համազարկով,
Ու լեռներն են կերտում առասպելդ, Արցա՛խ,
Ու հնչում է նորից հարցումն ահազանգող:
– Մենք բարեկամ չունենք, ո՞վ է մեր թշնամին,
Մենք զարկել ենք նրան տիրույթներում այս սուրբ,
Մեզ փորձության մի՛ տար մեր փորձության ժամին,
Տո՛ւր մեզ ոչ թե զրահ, այլ զորավոր ցասում:
07.04.2016
Հրաչյա Թամրազյան
Դիտումներ: 257
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։