Պրոլետարը թմբկաթակարդի մոտ
Լվովից դեպի Շեպետովկա գնացող գնացքում (այն ժամանակ Լեմբերգ էին ասում) մի ավստրիացի կար, որը փոքր-ինչ անգլերեն էր խոսում։
-Բոլոր երկրներն ինձ միանման են թվում, - զգուշորեն ասացի ես։
-Կներե՞ք, - ասաց նա։
-Բոլոր երկրներն ինձ միանման են թվում, - ասացի ես։
Ես մատնացույց արեցի բնապատկերը։
-Այո, - ասաց նա։ - Ինձ դուր է գալիս Ռուսաստանը։
Վճռականորեն, բայց սիրալիր ես մի կես րոպե լռեցի։
-Որքա՞ն երկար եք դուք ծրագրում մնալ Ռուսաստանում, - հարցրեցի ես։
-Կներե՞ք, - ասաց նա։
-Քա՞նի օր, - ասացի ես։
-Կներե՞ք, - ասաց նա։
Այդ ժամանակ ես ծիծաղեցի և սկսեցի խոսել անգլերեն, իսկ նա ծիծաղեց ու պատասխանեց գերմաներեն։ Այդպես մենք բավական աշխույժ զրույց ունեցանք, որովհետև նա ընդհանուր միտքը հասկանում էր, և ես էլ էի հասկանում։ Իսկ հիմնական միտքը սա էր.
-Դուք ավստրիացի եք, գնում եք Ռուսաստան, ես ամերիկացի եմ, գնում եմ Ռուսաստան, մենք նույն գնացքում ենք, ու ինչ կա որ, մի քիչ կխոսենք, նույնիսկ եթե դուք չեք հասկանում ինչ եմ ասում ես, և ես չեմ հասկանում ինչ եք ասում դուք, ընկեր։
Նա ծխեց իմ լեհական ծխախոտներից մեկը, և հինգ րոպե անց ես ծխեցի նրա ավստրիական ծխախոտներից մեկը։ Հետո ես վերադարձա հարևան վագոնում գտնվող իմ տեղը։
Իմ տեղում նստած էր մի հաղթակազմ ուկրաինացի գեղջկուհի։ Նա սև հաց էր ուտում և խնչում էր։ Ես նստեցի դիմացի նստարանին և հիշեցի, թե որքան աղմուկ էր նա բարձրացրել Շեպետովկայի կայարանում, և ինչպես էր մեծ պարկ պահում իր կրծքերի արանքում՝ լի փողերով ու ուրիշ բաներով։ Երբ անհրաժեշտ էր լինում, նա հանում էր այդ պարկը, ցույց էր տալիս իր կուրծքը ազնիվ մարդկանց անմեղ անհոգությամբ, իսկ իր փողերը՝ հարուստի հպարտությամբ։ Նա գոռում էր, ծիծաղում տղամարդկանց հետ, բարձրացնում էր իր զամբյուղները և ելնում գնացք։ Ակնհայտորեն՝ մեծ տիկին էր, և ես պատիվ էի համարում նույն գնացքում լինել նրա հետ։ Սև հացի մեծ պատառով լի բերանից նա սկսեց մի բուռն ճառ՝ ձայնի արտահայտիչ փոփոխություններով և դրամատիկ ժեստերով։
-Ես ռուսերեն չեմ հասկանում,- ասացի ես։
Նա որոշակի զարմանքով նայեց ինձ։
Այդ ամենն ընդհանրապես նրան ֆանտաստիկ թվաց, որովհետև նա ձեռքերի մեջ առավ քիթն ու խնչելով, որ բոլոր լեզուներով նույն կերպ է հնչում, վերադարձավ իր սև հացին։
Ես գնացի վագոն-ռեստորան և անգլերեն ճաշ պատվիրեցի․
-Ապուր, - բացականչեցի ռուսական սրտի խորքից։
-Սալաթ: Փոքր- ինչ հաց։ Հուսով եմ, սուրճ։
-Այո, այո, ասաց աղջիկն ու հեռացավ։
Նա վերադարձավ ակնթարթ անց ջրի բաժակով և սև հացի երեք պատառով։ Հիանալի է։ Ես սկսեցի ուտել հացն ու ջուր խմել։
-Փոքր-ինչ անց կարա՞գ էլ, ընկեր, - ասացի ես։
-Դուք գիտեք, - ասացի ես փութկոտ, - և մտածեցի, գուցե այդպես են ռուսերեն խոսում։
Նա ռուսերեն պատասխանեց, որ հասկանում է ինձ, և ես մտքումս ասացի․«Էս ջահել պրոլետարները շատ խելամիտ են»։
Եվ նա վերադարձավ խավիարի մի փոքր ափսեով։
Մտքովս էդպիսի գաղափար չէր անցնում, բայց ինձ դուր եկավ։
Ես խավիարը քսեցի հացի վրա և ախորժակով կերա։ Աղջիկը ռուս աշխատավորին ապուր բերեց։ Ես մատնացույց արեցի ապուրը․․․ Նա ինձ ապուր բերեց։ Մյուս աշխատավորը ինչ-որ բիֆշթեքս բերեց։ Ես դա էլ մատնացույց արեցի, և նա ինձ այդ էլ բերեց։
Կարճ ասած, ես տեղը տեղին կերա։ Եվ հայտնաբերեցի մի ռուսական ըմպելիք, որը ցիտրո կամ ցիտրոն էր կոչվում:Դա նման էր սոդայաջրի, բայց ավելի մեղմ, քաղցր և բնական համ ուներ, ասես իրականում այն մրգահյութ լիներ։ Համենայնդեպս, խմելը շատ հաճելի էր։ Յուրաքանչյուր շիշը երկուսուկես բաժակ էր պարունակում։ Ես գաղափար չունեմ, թե դա ինչ արժի։ Ես գաղափար չունեմ, թե արտասահմանում ինչն ինչ արժի։ Ամենը, ինչ ես անում եմ, այն է, որ հանում եմ մի բուռ մետաղադրամ և սիրալիր խնդրում եմ վերցնել, որքան որ պետք է։ Ես վստահ եմ, որ ինձ չեն խաբում, և եթե նույնիսկ խաբում են, դե գրողի տարածն ի՞նչ նշանակություն ունի, եթե կա աղքատների ամբոխն աշխարհում։ Եվ եթե այդ խեղճերը փոքր-ինչ չգողանան արտասահմանցիներից, ապա, ի՞նչ կլինի աշխարհում, ասացեք ինձ։
Երբ ես վերադարձա խուցս, թիկնավետ ուկրաինուհին զննում էր իր մերկ ոտքերը, որոնք նա հենել էր դիմացի նստարանին։ Դրանք շատ բարևձիթողի ու շատ կեղտոտ ոտքեր էին, և թիկնավետ կինը մելամաղձոտ էր թվում։ Նա ոչ մի ուշադրություն չդարձրեց իմ հիասքանչ ներկայությանը, բայց, ի վերջո, ողբերգականորեն հոգոց հանեց, ասես թե հիշեց երկու երեխաներին, կորած հեղափոխության մեջ և որոնք, եթե նրանք ապրեին, կլինեին իր թանկագին Բորիսն ու Միխայիլը, և կլինեին համապատասխանաբար՝ մեկը երեսունչորս և մյուսը՝ երեսունհինգ տարեկան, և կարևոր պաշտոններ կզբաղեցնեին ԽՍՀՄ-ի խորհրդային սոցիալիստական հանարապետությունների Միությունում։
Համենայնդեպս, ինձ թվաց․ որ կինն ինչ-որ բան մտաբերում է։ Եվ, հնարավոր է, նա ոչինչ չէր հիշում, ինչը նույնպես վշտացնում էր ինձ։ Նա դարձյալ դիմեց ինձ, խոսելով ինձ հետ շատ փութկոտ և ավելի մեծ կրքոտությամբ, քան նախկինում։ Նա ինձ համակրելի թվաց, և ես մտածեցի, որ նա պարզապես ուզում է խոսել, որպեսզի զրուցի, այդ պատճառով ես ասացի․
-Ես ոչինչ չեմ հասկանում, բայց ես պատասխանատու եմ այն ամենի համար, որ դուք զգում եք։
Թվում է, նա հասկացավ ասածներիս իմաստն ու շարունակեց ինձ հետ խոսել և կողքից կողք շորորալ։
-Այո, - ասացի ես անգլերեն։ - Հա, հա, - ասացի ես ռուսերեն։
և խոսող կինը համարյա հեծկլտաց։
Ես շրջվեցի երիտասարդ ավստրիացի ճարտարագետի կողմը։
Մենք ծխախոտներով փոխանակվեցինք և առաջին կանգառում իջանք զբոսնելու կառամատույցում։
Մի ծերուկ հայտնվեց և սկսեց ռուսերեն մեզ հետ զրուցել։ Աշխատավորը գնացքից բարկացկոտ նրան ձայնեց, և մարդը հեռացավ, ավելի բարկացկոտ ձայներ արձակելով։
-Մեզ ծերուկն ի՞նչ էր ասում, - հարցրեցի ես երիտասարդ ավստրիացուն։
-Նա ասում էր, որ նա ծերուկ է, - պատասխանեց երիտասարդ ավստրիացին։
-Հա։ Իսկ ի՞նչ էր աշխատավորն ասում։
-Նա ասում էր, որ չխոսի ձեզ հետ, որովհետև դուք ամերիկացի եք և նրան չեք հասկանում։
-Ահա թե ինչ։ Իսկ ծերուկն աշխատավորին ի՞նչ էր ասում։
-Նա ասում էր, - ասաց երիտասարդ ավստրիացին։ «Ես փող չունեմ։ Ես հաց չունեմ։ Ես ծերուկ եմ։ Ո՞վ եմ ես քո կարծիքով, գրողը տանի»։
Մենք գնացք նստեցինք, և այն շարունակեց ընթանալ Ռուսատանով մեկ։ Երևում էր գեղեցիկ բնապատկերը՝ խոտերով, ծառերով, գետերով, կովերով, ձիերով ու գեղջուկներով։ Համարյա բոլոր գյուղացիները բոբիկ էին քայլում։ Շատ երեխաներ ողջունում էին գնացքը։ Շատ կովեր փախչում էին նրանից։ Ես սկսեցի խորապես խոհածել, ինչպես որ պիտի այդ անի իսկական արվեստագետը, և զարմանալի ճշմարտություն հայտնաբերեցի այն բանում, որ բնությունը ինտերնացիոնալ է, և որ ամենայն բնականը շատ սերտորեն կապված է՝ հատկապես մարդիկ։ և, հետևաբար, ինչո՞ւ պիտի պատերազմներ լինեն և այդպես շարունակ։
Շատ շոգ էր, և գնացքում աղմուկը շատ էր, որպեսզի ես կարողանայի ավելի խորը մտածել, այդ պատճառով ես չհասկացա, թե ինչու գոյություն ունեն պատերազմները, թեև, ընդհանրապես չխոհածելով, ես, թվում է, հասկանում էի, որ պատերազմները կան, որովհետև, եթե դուք փոքրիկ մարդուն համազգեստ տաք և ասեք նրան, որ դա իր պարտքն է, բութ ավանակը կհասկանա, որ նա ինչ-որ մեկն է, և եթե դուք ունեք միևնույն գաղափարով միլիոնավոր ավանակներ, և գաղափարը կապված է զենքի, սրերի, ձիերի և մեքենաների հետ, դե, ուրեմն ձեզ մոտ պատերազմ է, բայց սա այն դիտարկումը չի, որ ես կուզենայի առաջարկել որպես իմ սեփականը, և ես հիշատակում եմ այն այստեղ լոկ այն բանի համար, որպեսզի ցույց տամ, թե ինչ դժվար է նույնիսկ մեծ մտածողին ճամփորդության ժամանակ մտածելը։
Ինձ ասացին, որ գնացքը կժամանի Կիև, Ուկրաինայի մայրաքաղաք, ուղիղ տասից տասնհինգ պակաս, և այդպես էլ եղավ։ Ես սպասում էի, որ այդ ընթացքում աշխարհը կթաղվի սև խավարի մեջ, ինչպես և խորտկարանը, որտեղ ցիտրո կամ ցիտրոն էին խմում, երբ գնացքը ժամանեց Կիև։ Համազգեստով փոքրիկ մարդը, որը փոշիներն էր վերցնում և մերթ ընդ մերթ զննում էր զուգարանները, ներխուժեց խորտկարան և խիստ հանդիմանեց ինձ այն բանի համար, որ ես այդքան անուշադիր եմ վերաբերվում իմ անձնական գործերին, անտեսելով իմ ուղեբեռը, որն ամեն րոպե կարող են գողանալ, հատկապես գրամեքենան, որը նա խնդրեց, որ իրեն ցույց տամ և որով նա շատ հիանում էր, և կշտամբեց նաև այն բանի համար, որ ես պիտի ավելի սևեռուն ուշադրություն դարձնեմ այն բանին, որ գնացքը կանգ է առել և Կիևում էր, որտեղ էլ․ որ ես պիտի իջնեի։
Ես կարծում էի, թե այժմ կեսօրվա ժամը վեցն է, բայց ինն անց քառասունհինգ էր, իսկ ամառային օրերն Ուկրաինայում երկար և հաճելի են, իսկ գիշերները շատ կարճ են, բայց նույնպես շատ հաճելի։
Ես արագաքայլ հետևեցի փոքրամարմին մարդուն և գնացքից հանեցի պայուսակս։ Կառամատույցում ինձ մի տիկին դիմավորեց։ Նա անգլերեն էր խոսում։ Կիևը, ըստ նրա ասածի, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։ Նա օտարոտի արտասանությամբ էր խոսում։ Մի քանի րոպե անց ես իմացա, որ նա ծնվել էր Կիևում և երբեք այնտեղից երեսուն մղոնից ավելի չի հեռացել։ Այդուհանդերձ, Կիևը շատ հարուստ է, և Մայրավանքը արժանի է ցանկացած ճանապարհորդի ուշադիր հետազոտմանը։ Քաղաքում ճարտաարապետական տարատեսակ շինություններ կան, հիմնականում հին և հիմնականում եկեղեցական։ Մայրավանքում գետնախորշեր կան։ Ես մտածեցի, որ պիտի այդ մասին հիշատակեմ, թեև նույնիսկ ինձ այդ այնքան էլ տպավորիչ չի թվում, թեև հենց գետնախորշերը շատ տպավորում են՝ այդ եկեղեցական վայրերը օգտագործվում են որպես հնացած կենսակերպի թանգարաններ, տպագիր բացատրություններով դրա հետ կապված հիմարությունների և ուղեվարների հետ, որոնք բացատրում են, որ վանականներից մեկը կին է ունեցել։ Հետևաբար, ակնհայտ է, որ Աստված չկա։ Կան նշաններ, որոնք բացատրում են, որ վանականի պաճուճազարդ հանդերձանքը 218 փութ ցորեն արժեր։ Գյուղացիները միշտ զարմանում էին այդ հաշվետվությունից, թեև անձամբ ինձ թվում էր, որ այդպիսի հանդերձանքներից ոմանք պիտի մի երեք անգամ ավելի թանկ արժենային։
Ես ուղևորվեցի իմ հյուրանոց, որը Կարլ Մարքսի փողոցի վրա էր և ցնցուղով սենյակ ստացա: Այնուհետև ես զբոսնեցի տիկնոջ հետ, որն ինձ տարավ Մայիսի մեկի այգին։ Դա շատ լավ պուրակ կամ այգի է, և այնտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Դնեպր։ Այգին մինչև հեղափոխությունը այլ անուն ուներ, բայց հեղափոխությունից հետո ոչ ոք չէր ուզում այլ անուն լսել, քանի որ այն ինչ-որ կապ ուներ այնպիսի անհեթեթ ու վայրի մարդու հետ, ինչպիսին թագավորն էր։
Հավելեմ, որ Կիևի ճանապարհին դեպի պատուհան էին ձգվում շատ ցնցոտիավոր երեխաներ և ողորմություն էին խնդրում։ Ես մի քանի լեհական մետաղադրամ ունեի, և հատ-հատ տալիս էի յուրաքանչյուր երեխայի։ Բայց ես հայտնաբերեցի, որ այդ սենտիմենտալությունը նկատվել էր և սաստիկ չէր խրախուսվում, այդ պատճառով ես ստիպված եղա շատ զգույշ լինել, որպեսզի շարունակեմ այդ անել։
Այն ամենից զատ, որ ասում է կոնսերվատիվ մամուլը, Ռուսատանում շատ աղքատներ կան։ Ոչ թե որ մենք կարող ենք այդ շտկել, բայց երբ փոքրիկ տղեկը կամ փոքրիկ աղջիկը բարձրանում է աստիճանների վրա և կրքոտ ու սիրալիր խոսում է այն մասին, թե ինչ վատ ժամանակներ են, ես կարծում եմ, որ պատշաճ քրիստոնեական վերաբերմունք է, որպեսզի հավատաս նրան ու մետաղադրամ տաս, հիշելով սեփական պատմությունդ։
Իհարկե, երկիրն ուղղվածություն ունի, որոնք շատ երկրներ չունեն։ Այնտեղ նաև շատ է փքապերճությունը, բայց դա ամենուր է պատահում։ Եվ կա միեևնույն մարդկային զգացողությունը, ինչպես և որևէ տեղ, թեպետ այնտեղ նրանք փորձում են մարդուն ասել, որ այդ չկա, և դա իրոք բավարար վիճակ է։ Կա նախանձն ու ագահությունը, և մնացած ամենը։ Եվ ծիծաղ, և սեր։ Մայիսմեկյան այգում այն նույնպիսին է, ինչպես Նյու-Յորքի Կենտրոնական այգում։ Մարդիկ, գրողը տանի, մարդիկ են, և ինչպես ուզում եք նրանց կոչեք, նրանք ամենուր միատեսակ են։ Ջազային թմբկահարներից բացի։ Նրանք շատ են տարբերվում Ռուսատանում, և նրանք շատ խիստ են տարբերվում։
Ամերիկայում ջազային թմբկահարը, սև կամ սպիտակ՝ ինչ-որ մեկն է։ Ես նկատի ունեմ, որ նա տղա է, որը երաժշտությունը տարուբերում է այնպես, ինչպես որ այն պիտի ներգործի։ Ես նկատի ունեմ, որ այն տղան, որը ստիպում է երաժշտությանն այդպես տարուբերվել, ասես թե այդ ոչ մեկին չի վերաբերում, նույնիսկ, երբ նա ընդհանրապես որևէ մեղեդի կամ այլ ձայն չի արձակում, և այդ շատ կարևոր է։ Դա այն բաներից մեկն է, ինչը մենք հիշում ենք Ամերիկայից, երբ հեռանում ենք։ Մեր տաքարյուն թմբկահարները։
Բանն այն է, որ ես ելա վիթխարի «Լինքոլն»-ից և հասա իմ լոգասենյակը, ցնցուղ ընդունեցի և իջա ընթրիքի։ Ժամը տասնմեկն էր։ Ես մեղմ ջազային երաժշտություն էի լսում, և կարծում էի, թե կարոտաբաղձ եմ դառնում, տարօրինակ բան է, որովհետև ես ինձ զգում էի ինչպես տանը։ Ես ավելի լավ էի լսում և եկա այն եզրակացության, որ բանը կարոտաբաղձությունը չի, այլ մոտակա երաժշտությունը։ Ես մոտեցա դռանը, և ձայնն ուժգնացավ։ Ես խոսեցի գլխավոր մատուցողի հետ, և նա մատնացույց արեց այգին։ Ես հարցրեցի, արդյոք ես կարող եմ ընթրիքին այգի ելնել, և նա ռուսերեն ասաց, որ ես կարող եմ այգում նստել, կամ ներսում ընթրել, կամ իմ սենյակում, որովհետև այն իմ տրամադրության տակ էր։ Բարեգութ Աստված, այս վայրը աղբահոր չէր, այն ավելի լավ էր, քան վայրերը Փարիզում, Վիեննայում, Լոնդոնում, այդ պատճառով ես նստել էի այգում, յոթհոգանոց նվագախմբի առաջ, որի յուրաքանչյուր մասնակիցը աշխատավոր էր, պրոլետար, Կարլ Մարքսի աշակերտը և Լենինի ու Ստալինի ջերմեռանդ երկրպագուն։
Ինչևէ։ Նվագախումբը լավ ամերիկյան ջազային երաժշտություն էր կատարում, հագեցած պերճաշուք և սենտիմենտալ ամերիկյան (և միջազգային) անհեթեթությամբ, որը բոլորը գիտեն, և որը, այդուհանդերձ, դուր է գալիս։ Բայց նվագախումբը չէր կարողանում պատշաճ տպավորություն թողնել։
Եվ դա թմբկահարի պատճառով էր։
Դա մի տասնյոթ կամ տասնութ տարեկան ռուս տղա էր։ Երևի թե, նա տեսել էր ջազային երաժիշտներին կինոնկարներում և ուզում էր ընդօրինակել նրանց շարժումները, բայց նա շատ վատ, շատ տխուր, շատ խղճուկ շարժումներ էր անում։ Եվ ես զարմանում էի, թե ինչու պրոլետարները չեն հրաժարվում ջազից և ինչո՞ւ, գրողը տանի, նրանք հավատարիմ չեն մնում սև աչերին և Վոլգայի նավավարներին և չարդաշներին ու համանման բաներին։
Եվ ես կարող էի ասել այն բանից, թե ինչ տխուր էր այդ երիտասարդ պրոլետար թմբկահարը զբաղվում իր գործով, որ նրա սիրտը դրա ներսում չէր, և ես հաճելի թեթևացում զգացի, երբ թախծալի շչակները սկսեցին ոռնալ, և լույսն անջատվեց, և առավոտյան նրանք ինձ ասացին, որ դա ռազմական հաշտեցում էր։ Եթե դուք այդ ժամանակ փողոցում լինեիք, ասացին նրանք ինձ, դուք ստիպված կլինեիք գնալ մինչև մոտակա տունն ու սպասել։ Ափսոս, որ ես փողոցում չէի, որովհետև պրակտիկան կես ժամից ավելի կտևեր, և ես խորհրդային ռուսական կյանքն ուսումնասիրելու հնարավորություն կունենայի։ Բայց բանն այն է, իհարկե, որ ջազը չի զուգակցվում ծերուկ Կարլ Մարքսի մռայլամած տխուր տրամադրությանը, և որքան շուտ պրոլետարներն այդ հասկանան, այնքան նրանց համար ավելի լավ կլինի։
Ջազը կապիտալիստական երկրների զավեշտական և ողբերգական արտահայտությունն է, ազատության, աշխատանքից և մնացած ամեն ինչի անհանգստությունից ազատվելու պահը, և դա բերկրալի հուսահատության երաժշտությունն ու ռիթմն է, հիասքանչ անփութկոտության, էներգիայի մատերիայի քաոսում լիակատար կորստյան, թիթեղյա ամբողջություն, որը ծիծաղելով ճչում է քայքայման ու հուսահատության միջից, հոսում դեպի անհայտը՝ ինչպես մեծ գետը, ինչպես օվկիանոսը, և դա ընտրյալների արտադրանք է, որոնք կորսված են և չգիտեն, թե ուր են իրենք գնում, և նրանց համար միևնույն է, սա այն հիմնը չէ նրանց, որոնք գտել են, որոնք ուղղություն ունեն, և դրա ներսում չկա երկրի երեսին եղբայրության տրամադրությունը, պրոլետարիատի դիկտատուրան, անդասակարգայնությունը ապրողների մեջ, և չկա ավելի ծիծաղելի կամ ֆանտաստիկ բան, քան մեծ Ռուսաստանը, լի իր կույր վստահությամբ, խաղացող կյանքի հենց այն բնականության հետ, այն ամենավսեմ կենսակայունությամբ, որը թույլատրում է աղքատներին հավերժորեն աղքատ մնալ, և ինձ թվում է, որ նրանք պիտի ջազը թողնեն այն խեղճ բարի հոգիներին, որոնք այդ խելահեղ թարմացման կարիքն ունեն, և կառչեն իրենց զվարթ ինտերնացիոնալին։
Ռուսաստան, Կիև, 1935թ․
Թարգմանությունը անգլերենից՝
Վարդան Ֆերեշեթյանի
Դիտումներ: 113
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։