«Քարերի հիշողությունը»․ Ինչպես է արվեստը վերականգնում քաղաքը
Գյումրիում մեկնարկել և այս օրերին ընթանում է ժամանակակից արվեստի Gyumri Art Week 2026-ը, որն այս տարի կրում է «Քաղաքը և ժամանակը» խորագիրը՝ ուսումնասիրելով քաղաքը որպես տարածք, որտեղ անցյալը, ներկան և ապագան հատվում և շարունակաբար վերաձևավորում են միմյանց։ Միջազգային փառատոնի այս տարվա թեման առանձնահատուկ հնչեղություն է ստանում հատկապես Գյումրիի համատեքստում։ Այս դեպքում Գյումրին ոչ միայն փառատոնի անցկացման վայրն է, այլև կենդանի հետազոտական դաշտ, որի միջոցով հնարավոր է ուսումնասիրել ժամանակի և քաղաքի փոխհարաբերության բազմազան դրսևորումները։ Ցուցահանդեսների, ինստալյացիաների, ներկայացումների և հանրային ծրագրերի միջոցով փառատոնը փորձում է վերաիմաստավորել քաղաքային հիշողությունը, փոխակերպումները և ապագայի նոր պատկերացումները։

«Քարերի հիշողությունը»՝ այսպես է կոչվում արվեստագետ Նվարդ Դալյանի հեղինակած ցուցադրությունը, որը ներկայացվեց Gyumri Art Week-ի շրջանակում՝ նորաբաց ԱՍՏ արվեստի սրահում։ Գյումրու պատմական բակերից մեկում՝ Տերյան 25 հասեցում է բացվել ԱՍՏ արվեստի սրահը, որտեղ ժամանակին նկարահանվել են «Մեր մանկության տանգոն» ֆիլմից որոշ դրվագներ։ ԱՍՏ․ այն է՝ արվեստի սրահ Տերյան, կարճ հապավումով ցուցասրահի հասցեն է բացում Նվարդ Դալյանը, ով 1979 թվականից ապրում է արտերկրում, բայց հիմա նպատակ ունի ամուսնու՝ նկարիչ Կարեն Պետրոսյանի հետ վերադառնալ Հայաստան և ապրել հենց Գյումրիում։
Նվարդ Դալյանն ասում է՝ առաջին օրվանից սիրել է քաղաքը, նրա կոլորիտը․ «Այս Տերյան փողոցով շատ եմ քայլել, նայել շենքերին ու ինձ վրա շատ էր ազդում, թե ինչո՞ւ են այդ շենքերը այսքան ժամանակ քանդված վիճակում և առաջին միտքը, որ առաջացավ իմ մեջ այն էր, որ պետք է երկրորդ կյանք տալ այդ շենքերին, թեկուզև՝ երևակայական։ Դրանից հետո սկսեցի նկարել այդ շենքերը»։
«Քարերի հիշողությունը» նախագիծը ներկայացնում է Գյումրու 19-րդ դարի այն շենքերը, որոնք մասամբ ավերվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքով։ Յուրաքանչյուր ստեղծագործություն միավորում է նույն շենքի երկու ժամանակային շերտերը․ վերևում՝ նրա գունավոր, վերականգնված կերպարը, ներքևում՝ գլխիվայր շրջված, սև-սպիտակ ներկայիս վիճակը։
«Gyumri Art Week-ի այս տարվա՝ «Քաղաքը և ժամանակը» թեմային որոշեցի մոտենալ որպես ճարտարապետ, քանի որ ինքս էլ ճարտարապետ եմ, իսկ քաղաքն իր դեմքը ստանում է ճարտարապետությամբ։ Այդ իմաստով Գյումրին ունի իր հստակ դիմագիծը, ոգին, պահպանված մի շերտ, որը Երևանում չկա։ Ընդհանրապես Հայաստանում քիչ քաղաքներ կան, որ իրենց դեմքը, կոլորիտը պահպանել են»,-ասում է Նվարդ Դալյանը, որ հատկապես վերջին տարիներին, հավասար չափով գործում է երկու բնագավառներում էլ. նա և՛ գործող ճարտարապետ է, և՛ լուսանկարիչ։
Նվարդ Դալյանն իր ստեղծագործություններում համադրում է ճարտարապետական մտածողությունն ու վիզուալ արվեստը։ «Քարերի հիշողությունը» սև ու սպիտակ Գյումրիին հակադրում է նոր բարձրացող Գյումրին․ «Ինչո՞ւ որոշեցի այդ պատկերները շրջել՝ թողնելով սև ու սպիտակ, որովհետև նախ հնության շերտն է ցուցադրում, միևնույն ժամանակ ընդգծում է այդ տարբերությունը հնի և նորի միջև։ Իսկ նորը AI-ով եմ ստեղծել՝ աշխատելով մանրակրկիտ, որ իմ ուզածը ստանամ։ Նպատակս՝ այս նախագծի միջոցով Գյումրին ուրիշ աչքով տեսնելն էր, փորձել եմ դա անել, ու բոլոր այդ շենքերի պատկերները հավաքեցի մի տեղում և կարծես մի փոքր քաղաք եմ ստեղծել այս սենյակի մեջ»։
Երևակայական քաղաքի կողքին Նվարդ Դալյանը նախագծել և ներկայացրել էր նաև Գյումրիում Ժամանակակից արվեստի թանգարանի շենքը՝ այդպիսով թանգարան ունենալու երազանքը մոտեցնելով դիտողին ու դարձնելով տեսանելի իրականություն մոտ ապագայում։ «Այս որոշ շենքերում, թեկուզ կիսաքանդ վիճակում, բայց մարդիկ են ապրում, ուրեմն դեռ կյանք կա։ Օրինակ, այս նկարի շենքի տան բակում մարդիկ ապրում են, բայց վերևի հարկում մարդ չկա, քանդված է ամեն ինչ, ու ինձ մոտ եկավ այդ գաղափարը, որ այս շենքերը պետք է ապրեն։ Քարերն իրենց մեջ հիշողություն, պատմություն, մշակույթ են պահպանում, որն ուզում ես ջրի երես հանել, երկրորդ կյանք տալ նրանց»,-նշում է արվեստագետը։
«Լուսանկարչությունն այստեղ ոչ թե փաստագրական, այլ նախագծային աշխատանքի մեջ է։ Նվարդ Դալյանը դրա միջոցով իրականացնում է անցյալը վերականգնելու յուրօրինակ ճարտարապետական մի նախագիծ, իսկ ճարտարապետության միջոցով՝ ներկան փաստագրելու լուսանկարչական աշխատանք։ Նախագծի նպատակն անշուշտ պատմական վերակառուցումը չէ, այլ ավելի շուտ քաղաքի հավաքական, կենդանի հիշողության տեսողական մեկնաբանությունը, որտեղ քարերը շարունակում են կրել ժամանակի, մարդկանց և մշակույթի հետքերը»,-իր համադրողական տեքստում գրել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը։
Որպես ցուցահանդեսի համադրող Նազարեթ Կարոյանն իր խոսքում ընդգծում է՝ Նվարդ Դալյանին և Կարեն Պետրոսյանին անձնապես է հորդորել այս տարածքում արվեստի սրահ ստեղծել, և այդ քայլով իրենց լուման ներդնել Գյումրիի ենթակառուցվածքային վերազարթոնքին․ «Այսօր հենց դա է տեղի ունենում։ Մենք ներկա ենք ոչ միայն հուշագրի ստորագման արարողությանը, այլ նաև ԱՍՏ, որ բոլոր լեզուներով նույնն է, սրահի բացմանը և բոլոր այն երևակայական շենքերի վերականգնումներին, որ ցուցահանդեսի շրջանակում Նվարդն իրականացրել է»։
ԱՍՏ ցուցասրահը ստորագրված հուշագրի միջոցով նույնպես միացավ այն 12 հաստատությունների կողմից ձևավորած խորհրդին, որը, ըստ Նազարեթ Կարոյանի, ոչ միայն հանձն է առել տեր կանգնել ամեն տարի Gyumri Art Week-ի բովանդակության ստեղծմանը, այլև խորհուրդը դարձնել քննարկումների հարթակ՝ ուղղված Գյումրիի մշակութային ենթակառուցվածքների զարգացմանը։
Նյութն ու լուսանկարները՝ Սոնա Ադամյանի
Դիտումներ: 167
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։