Ռասյոմոնի դարպասները
Դա պատահեց մի անգամ իրիկնամուտին։ Ինչ-որ ծառա Ռասյոմոնի դարպասների տակ սպասում էր անձրևի դադարելուն։
Լայն դարպասների տակ, նրանից բացի, ոչ մեկը չկար։ Միայն հաստ կլոր սյան վրա, որից տեղ-տեղ թափվել էր կարմիր լաքը, նստած էր մի ծղրիդ։ Քանի որ Ռասյոմոնի դարպասները կանգնած են Սուձակու մարդաշատ փողոցում, այստեղ կարող էին անձրևի կտրվելուն սպասել իտիմեգասաներով և մոբիոբասիներով մի քանի կին և երիտասարդ։ Այդուհանդերձ, ծառայից բացի, ոչ մեկը չկար։
Դա բացատրվում էր այն բանով, որ վերջին երկու-երեք տարվա ընթացքում Կիոտոյի վրա իրար ետևից դժբախտություններ էին թափվում՝ մեկ երկրաշարժ, մեկ փոթորիկ, մեկ հրդեհ, մեկ սով։ Ահա և մայրաքաղաքը դատարկվել էր։ Ինչպես պատմում են հինավուրց տարեգրությունները, հասել էր այն բանին, որ սկսել էին ջարդել Բուդդաների արձաններն ու սրբազան սպասքը և իրար գլխի ժողվելով լաքած, ոսկեջրած փայտը, ցախի տեղ ծախում էին այն։ Այդպիսին էր իրավիճակը մայրաքաղաքում, այդ պատճառով էլ Ռասյոմոնի դարպասների բարեկարգման մասին, անշուշտ, այլևս ոչ մեկը հոգ չէր տանում։ Եվ, օգտվելով դրանց բարձիթողությունից, այստեղ ապրում էին աղվեսներն ու փորսուղները։ Ապրում էին գողերը։ Նույնիսկ սովորություն դարձավ անխնամ դիակներն այստեղ բերելն ու նետելը։ Եվ երբ արևը թաքչում էր, այստեղ ինչ-որ սահմռկելի էր դառնում, և ոչ մեկը չէր համարձակվում դարպասներին մոտ գալ։
Փոխարենն ինչ-որ տեղից անթիվ անհամար ագռավներ էին հայտնվում։ Կեսօրին նրանք կռավոցով պտույտ էին տալիս կտուրի բարձրաթեք ծայրերի վրա։ Երեկոյան կողմ, երբ երկինքը դարպասների վրա շառագունում էր արշալույսից, թռչունները հստակ առանձնանում էին դրանց վրա: Ագռավներն, անշուշտ, թռչում էին դիակները կտցելու դարպասների վերին հարկաշարքում։ Սակայն, այս անգամ, թերևս ուշ ժամի պատճառով, ոչ մեկը չէր երևում։ Լոկ կիսաքանդ քարե աստիճանների վրա, որոնց ճաքերում աճել էր բարձրուղեշ խոտը, որոշ տեղերում ճերմակին էր տալիս չորացած ագռավածերտը։ Լվացված կապույտ հագուստով ծառան, նստելով ամենավերին, յոթներորդ աստիճանի վրա, ձեռքով դիպչում էր չիբաններին, որ դուրս էին պրծել աջ այտի վրա, և մտացիր նայում էր անձրևին։
Հեղինակը քիչ վեր գրել էր՝ «Ծառան սպասում էր անձրևի դադարելուն»։ Բայց եթե նույնիսկ անձրևը դադարեր էլ, ծառան, ըստ էության, գնալու տեղ չուներ։ եթե սովորական ժամանակը լիներ, նա, անշուշտ, պետք է որ վերադառնար տիրոջ մոտ։ Սակայն այդ տերը մի քանի օր առաջ հեռացրել էր նրան։ Ինչպես արդեն ասվեց, այն ժամանակ Կիոտոն արտասովոր դատարկվել էր։ Եվ այն, որ ծառային ազատել էր տերը, ում մոտ նա շատ տարիներ ծառայել էր, պարզապես համընդհանուր ամայացման մասնավոր դրսևորում էր։
Այդ պատճառով, գուցե թե, ավելի տեղին կլիներ ասել, ոչ թե «Ծառան սպասում էր անձրևի դադարելուն», այլ «ծառան, անձրևից քշված դարպասների կտուրի տակ, նստած էր մոլորյալի պես, չիմանալով, թե ուր գնալ»։ Բացի այդ եղանակն էլ քիչ չէր նպաստում այդ հեյանյան ծառայի ընկճվածությանը։ Եվ որևէ նշան իսկ չկար, թե անձրևը, որ տեղում էր կապիկի ժամի ավարտից, վերջապես կկտրվեր։ Եվ ահա ծառան, կրկին ու կրկին գլխում տարուբերելով կցկտուր մտքերն առ այն, թե ինչպես ինքը, ամեն ինչից ձեռք քաշելով, ապրի դե թեկուզ վաղվա օրը՝ այլ կերպ ասած, ինչ-որ կերպ գլուխ բերի այն, որ ոչ մի կերպ գլուխ չէր գալիս՝ չլսելով, լսում էր անձրևի աղմուկը, որ տեղում էր Սուձակի փողոցի վրա։
Անձրևը, պարուրելով դարպասները, ընթանում էր հեռվից երկարուձիգ շրշյունով։ Մթնշաղը երկինքն ավելի ու ավելի վար էր բերում, և եթե վեր նայես թվում էր, որ դարպասների ծածկը իր կղմինդրե ծայրով դիմհարում է ծանր մթին ամպերը։
Այն բանի համար, որպեսզի ինչ-որ կերպ գլուխ բերեր այն, ինչը ոչ մի կերպ գլուխ չէր գալիս, միջոցները զանազանելու հնար չկար։ Եթե քննես, ապա մնում էր, ըստ էության, մի բան՝ մեռնել սովից ցանկապատի տակ կամ փողոցում։ Իսկ հետո դիակը կբերեն այստեղ, դարպասների վերնահարկ, շան պես կնետեն։ Իսկ եթե չքննես․․․ ծառայի մտքերն արդեն բազմիցս, անցնելով այդ ուղիով, դեմ էին առնում միևնույն բանին։ Բայց այդ «եթե »-ն, ի վերջո, առաջվա պես այդպես «եթե» էլ մնում էր։ Հնարավոր համարելով միջոցները չքննելը, ծառան իրականում արիություն չուներ ընդունելու այն, ինչ բնականորեն սերում էր այդ «եթե»-ից՝ ուզես-չուզես, մնում է մի բան՝ գող դառնալ։
Ծառան բարձր փռշտաց և հոգնած ելավ։ Կիոտոյում իրիկնազովին այնքան ցուրտ էր, որ երազում ես վառարանի մասին։ Կարմիր լաքապատ սյան վրա նստած ծղրիդն արդեն թաքչել էր ինչ-որ տեղ։
Վիզը ներս քաշելով և ուսերը վեր բերելով կապույտ կիմոնոյի մեջ, որ հագել էր դեղին անթևք բաճկոնակի վրայից, ծառան շուրջբոլորը նայեց՝ նա մտածեց, որ եթե այստեղ մի տեղ գտնվեր, որտեղ կարելի կլիներ հանգիստ քուն առնել, ծածկվելով անձրևից և չվախենալով մարդկային աչքերից, ապա արժեր ողջ գիշեր այստեղ մնալ։ Այդժամ, բարեբախտաբար, նա նկատեց լայն սանդուղքը, նույնպես կարմիր լաքով պատված, որ տանում էր դարպասներից վեր գտնվող աշտարակը։ Վերևում, եթե մարդիկ կային էլ, ապա լոկ մեռյալները։ Պահելով կողքից կախ սուրը, որպեսզի այն պատյանից դուրս չսահեր, ծառան ծղոտե ձողիկով ոտքը դրեց ներքևի աստիճանի վրա։
Անցավ մի քանի րոպե։ Դեպի վեր, Ռասյոմոնի դարպասների աշտարակ տանող լայն սանդուղքի մեջտեղում, ինչ-որ մի մարդ, կատվի պես կծկվելով, և շունչը պահած, աչք էր ածում վերնահարկը։ Աշտարակից ընկնող լույսը թույլ լուսավորում էր նրա աջ այտը։ Հենց այն, որի վրա ընդմեջ կարճ ցցամազերի շառագունում էր թարախոտ պզուկը։ Ծառան սկզբում լիովին վստահ էր, որ վերևում միայն մեռյալներ են։ Սակայն, մի-երկու աստիճան ելնելով, նա հայտնաբերեց, որ վերևում վառած լույսով ինչ-որ մեկը կա, բացի այդ, լույսը մեկ մի, մեկ մյուս կողմ էր շարժվում։ Դա մեկեն աչք էր զարնում, քանի որ աղոտ դեղին լույսը, տարուբերվելով, սահում էր, անկյուններով, սարդոստայնով պատված, առաստաղով։ Եթե այսպիսի անձրևոտ օրը Ռասյոմոնի դարպասների աշտարակում լույս էր վառվում, ապա դա հենց այնպես չէր։
Անլսելի, մողեսի պես, ծառան համարյա սողալով հասավ վերևի աստիճանին։ Եվ այնուհետև, որքան որ հնարավոր է ողջ մարմնով սեղմվելով սանդուղքին, որքան հնարավոր է վիզը ձգելով, վախվորած աչք ածեց աշտարակի ներսը։
Աշտարակում, ինչպես այդ մասին լուրեր էին շրջում, անկարգ բազում դիակներ էին ընկած, բայց քանի որ լույսը թույլատրում էր ավելի քիչ տարածություն տեսնել, քան կարելի էր ենթադրել, ապա, որքան էին դրանք, ծառան գլուխ չհանեց։ Միակ բանը, ինչը թեպետ և աղոտ, բայց հաջողվում էր տեսնել, այն էր՝ որ դրանց մեջ կային մերկ դիակներ և հագնված դիակներ։ Հարկավ, խառնիխուռն տղամարդկանց և կանանց դիակներ։ Դրանք բոլորը թափված էին հատակին ինչպես պատահեր, բերանները բաց, թևերը տարածած, ասես կավե տիկնիկներ, անպես որ նույնիսկ կարելի էր տարակուսել, թե արդյոք դրանք երբևէ ողջ մարդիկ էին եղել։ Աղոտ լույսով լուսավորված, մարմնի ցցուն մասերի վրա ընկնող՝ ուսերի կամ կրծքի, ինչից էլ որ ստվերները գոգվածքներում ավելի սև էին թվում, նրանք լռում էին, համրերի նման, հավերժական լռությամբ։
Դիակնահոտից ծառան ակամա քիթը փակեց։ Բայց հաջորդ պահին նա մոռացավ այն մասին, որ հարկ է քիթը ծածկել՝ սաստիկ տպավորությունը համարյա լիովին նրան զրկել էր հոտառությունից։
Միայն այդ պահին նրա աչքերը նշմարեցին ծնկաչոք դիակների մեջ նստած կերպարանքը։ Դա ցածրամած, վտիտ, ճերմակահեր պառավ էր, կապիկի նման, հինոկո ծառի կեղևի գույնի կիմոնոյով։ Աջ ձեռքում վառած կեչու մարխը բռնած, նա սևեռուն նայում էր դիակներից մեկի դեմքին։ Դատելով երկար վարսերից, դա կնոջ դիակ էր։
Ծառան վախից և հետաքրքրությունից մոռացավ, թվում էր, նույնիսկ շնչել։ Ըստ տարեգրի հինավուրց արտահայտության, նա զգում էր, որ իր «գլխի վրայի մաշկը ուռչում է»։ Այնինչ պառավը, սոճու մարխը հատակի տախտակների արանքը խրելով, երկու ձեռքերը ձգել էր դեպի դիակի գլուխը, որին մինչև այժմ նա նայում էր, և, լրիվ, կապիկի պես, որ ձագերի վրա որդեր է փնտրում, սկսեց մազ առ մազ պոկել երկար վարսերը։ Դրանք, հավանաբար, հեշտ էին տրվում նրա ջանքերին։
Այն ընթացքում որ նա մեկը մյուսի ետքից փետտում էր մազերը, վախը ծառայի սրտում հետզհետե անցնում էր։ Եվ միաժամանակ նրա մեջ քիչ առ քիչ արթնանում էր ուժգին ատելությունն առ պառավը։ Ոչ, ասել «առ պառավը», թերևս, այնքան էլ ճիշտ չէր լինի։ Ավելի շուտ, նրանում րոպե առ րոպե ուժգնանում էր նողկանքն առ ամենայն չարիքը։ Եթե այդ ժամանակ որևէ մեկը ևս մի անգամ նրան հարց տար, ինչի մասին էր նա մտածում ներքևում դարպասների աստիճանների վրա՝ սովամահ լինել թե գող դառնալ՝ նա, հավանաբար, առանց որևէ երկմտանքի կընտրեր սովամահ լինելը։ Ատելությունն առ չարիքը բորբոքվեց նրանում նույնքան ուժգին, որքան հատակի մեջ խրված սոճու մարխը։
Ծառան, անշուշտ, չէր հասկանում, ինչու էր պառավը պոկում դիակի մազերը։ Հետևաբար, տրամաբանորեն դատելով, նա չէր կարող իմանալ, դա բարիք էր թե չարիք։ Բայց ծառայի համար անթույլատրելի չարիք էր արդեն լոկ այն, որ անձրևոտ օրը Ռասյոմոնի դարպասների աշտարակում դիակի մազեր են պոկում։ Անշուշտ, նա լիովին մոռացել էր այն մասին, որ դեռ քիչ առաջ ինքն էր մտմտում գող դառնալ։
Եվ ահա, ոտքերը զսպանակելով, ծառան մեկ ոստյունով սանդուղքից ներս նետվեց, և, սրի կոթը բռնելով, մեծ քայլերով մոտեցավ պառավին։ Որ պառավը վախեցել էր, ասելու բան էլ չի։
Հենց որ նրա հայացքն ընկավ ծառայի վրա պառավը վեր թռավ, ասես նրան պարսատիկով էին խփել։
-Կանգնիր։ Ո՞ւր, - գոչեց ծառան, նրա ճափման փակելով, երբ պառավը, գայթելով դիակների վրա, մոլորված պատրաստվում էր փախչել։ Այդուհանդերձ, նա փորձեց ետ հրել նրան։ Ծառան․ չթողնելով, նրան ետ հրեց։ Որոշ ժամանակ նրանք լիակատար լռության մեջ մարտնչում էին դիակների միջև, միմյանց ճանկելով։ Բայց, թե ով կհաղթի, ի սկզբանե պարզ էր։ Ի վերջո, ծառան ոլորեց պառավի ձեռքերը և նրան նետեց հատակին։ Նրա ձեռքերը կաշի ու ոսկոր էին, ճիշտ հավի չանչերի պես։
-Դու ի՞նչ էիր անում։ Ասա։ Եթե չասես, կփոշմանես։
Եվ, հրելով պառավին, ծառան ճանկեց սուրն ու շողշողացող սայրը մոտեցրեց նրա աչքերին։ Բայց պառավը լռում էր։ Դողացող ձեռքերով, շնչահատվելով, աչքերն այնպես բանալով, որ դրանք համարյա թե ակնախոռոչներից դուրս էին թռչում, նա համառորեն համրի պես, լռում էր։ Միայն այդժամ ծառան հստակորեն գիտակցեց, որ այդ պառավի կյանքն ամբողջովին իր իշխանության տակ է։ Այդ գիտակցումն ինչ-որ աննկատելիորեն պաղեցրեց նրա մեջ բորբոքվող չարությունը։ Մնացին լոկ ցանկացած գործի հաջող ավարտից հետո սովորական հանգստության և բավարարվածության զգացողությունները։ Վերից վար պառավին նայելով, նա արդեն ավելի մեղմ ասաց․
-Ես չեմ ծառայում քաղաքային պահակախմբում։ Ես անցորդ եմ և հենց նոր անցնում էի դարպասների տակով։ Այդ պատճառով, ես չեմ պատրաստվում քեզ կապել։ Միայն թե ասա, թե ի՞նչ էիր դու այստեղ անում, աշտարակում։
Պառավն ավելի լայն բացեց կարմրած կոպերով, առանց այն էլ լայնաբաց աչքերը և սևեռվեց ծառայի դեմքին։ Սևեռվեց գիշատիչ թռչնի սուր հայացքով։ Հետո, ասես ինչ-որ բան ծամելով, տարուբերեց խորշոմած շուրթերը, որ կնճիռների պատճառով համարյա միաձուլվել էին քթին։ Երևում էր, թե ինչպես նրա բարալիկ վզի վրա շարժվում է սրացից ադամախնձորը։ Եվ նրա կոկորդից մինչև ծառայի ականջները հասավ ընդհատ, խուլ ձայնը, որ նման էր ագռավի կռավոցի՝
-Մազեր էի պոկում․․․ մազեր էի պոկում․․․ դա կեղծամի համար է։
Ծառան հիասթափվեց այն բանից, որ պառավի պատասխանը, սպասմանը հակառակ, ամենասովորականը եղավ։ Եվ հիասթափության հետ նրա սրտում զարթնեց նախկին չարությունը, միախառնված թեթև քամահրանքին։ Պառավն, ըստ երևույթին, նկատեց այդ։ Դեռևս ձեռքում դիակի գլխից պոկած երկար վարսերը բռնած, նա կռկռաց․
-Դե ճիշտ է, մեռելների մազերը պոկոտելը, գուցե և գեշ բան է։ Բայց չէ որ էս մեռելները, որ էստեղ փռված են, բոլորն էլ արժանի են դրան։ Դե թեկուզ էն կնիկը, որի մազերն էի ես հիմա փիթթում՝ նա օձերին կտոր-կտոր էր անում մի չորս սուն և չորացնում էր, իսկ հետո ծախում էր արքայական պահակախմբին, չորացրած ձկան տեղ անցկացնելով․․․ Դրանով էլ ապրում էր։ Եթե ժանտախտից չմեռներ, հիմա էլ դրանով կապրեր։ Իսկ ասում էին, թե չորացրած ձուկը, որ նա ծախում էր, համեղ է, և պահակները միշտ առնում էին ակրատելու համար։ Միայն թե ես չեմ մտածում, թե նա գեշ բան էր անում։ Առանց դրա նա սովից կսատկեր, ուրեմն, ակամա էր անում։ Ահա թե ինչու ես չեմ մտածում, թե ես էլ վատ բան եմ անում, չէ։ Չէ որ ես էլ առանց դրա կմեռնեմ սովից, ուրեմն, ես էլ եմ ակամա անում։ Եվ այլևս կինը. չէ որ նա լավ գիտեր, թե ինչ է նշանակում ակամա անելը՝ նա, երևի թե, ինձ չէր դատապարտի։
Ահա թե ինչ պատմեց պառավը։
Ծառան սառնորեն լսում էր նրա պատմածը, սուրը պատյանը դրած և ձախ ձեռքով կոթը բռնած, իսկ աջ ձեռքով նա ընդ որում դիպչում էր այտի վրա շառագունող պզուկին։ Սակայն, քանի դեռ նա լսում էր, նրա հոգում առնականություն էր ծնվում։ Եվ ուղղված էր այն կողմը, որ լրիվ հակադիր էր այն ոգևորությանը, որով նա, քիչ առաջ, ելնելով աշտարակ, ճանկել էր պառավին։ Նա այլևս չէր տատանվում, սովամահ լինել թե գող դառնալ․ ավելին, այդ պահին, ըստ էության, նա այնքան հեռու էր սովամահության մասին մտքից, որ այն պարզապես չէր կարող նրա գլխում ծագել։
-Ահա, ուրեմն, ի՞նչ՝ քմծիծաղոտ ասաց նա, երբ պառավի պատմածն ավարտին հասավ։ Հետո առաջ քայլեց և հանկարծ, ձեռքը պզուկից պոկելով, բռնեց պառավի վզակոթից ու մռնչաց․
-Դե, ուրեմն չբողոքես, եթե ես քեզ թալանեմ։ Թե չէ ես էլ ստիպված կլինեմ սովից սատկել։
Ծառան պոկեց նրա վրայից կիմոնոն։ Հետո կոպտորեն ոտքով աքացի տվեց պառավին, որ իր հագուստի ծայրից էր կախվել, հենց դիակների վրա։ Մինչև սանդուղքը մի հինգ քայլ էր։ Թևեատակին դնելով հինոկի ծառի կեղևի գույնի պառավից պոկած կիմոնոն, ծառան ակնթարթաբար փախավ ուղղաբերձ սանդուղքով առ գիշերային խավարը։
Պառավը, սկզբում մեռելի պես անշարժ պառկած, ելավ դիակների վրայից, մերկ, նրա գնալուց քիչ հետո։ Ոչ այն է մրթմրթալով, ոչ այն է լալով, նա դեռևս վառվող մարխի ներքո սողաց մինչև ելքը։ Կռանալով այնպես, որ կարճ ճերմակ մազերը խճճված ծամերով ընկել էր նրա ճակատին, նա վար նայեց։ Դարպասների շուրջ՝ լոկ սև խորունկ գիշեր էր։
Ծառան այդ ժամանակից ի վեր անհետ կորավ։
Ռուսերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը
Դիտումներ: 195
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։