Սամվել Կոսյան․ ազատությունը՝ իբրև վախի անորոշ սինդրոմ
Որքան ուսումնասիրում ենք հայ ժամանակակից դրամատուրգիան, այնքան ի հայտ են գալիս հեղինակներ ու ստեղծագործություններ, որոնք, կարծում ենք, ամենաուղիղ իմաստով բարձիթողի վիճակի են մատնված, գնահատված չեն, դուրս են թատերական աշխարհի, մասնավորապես՝ բեմադրիչների ուշադրությունից։ Ներկայացնում ենք հայ ժամանակակից դրամատուրգիայի կարևոր ներկայացուցիչներից մեկի՝ Սամվել Կոսյանի երկու պիեսների վերլուծությունները՝ փորձելով բացահայտել նրա պիեսներում առկա խորքային գաղափարական շերտերը, կերպարների հոգեբանական շարժառիթները և ժամանակակից մարդու գոյաբանական խնդիրները։ Դիտարկվող երկու պիեսները՝ «Կյանքը վանդակի կողքով» և «Ուշացողները», ներկայացվում են ոչ միայն զուտ գրական տեքստեր, այլև որպես՝ մտքի ընդլայնման տարածք, որտեղ խտացած են ազատության, հիշողության, պատասխանատվության և ընտրության բարդ փոխհարաբերությունները։
Այս ուսումնասիրության մեջ փորձ է արվել մոտենալ Կոսյանի դրամատուրգիային ոչ թե միայն սյուժետային վերարտադրության, այլ առավելապես գաղափարական և փիլիսոփայական վերլուծության մակարդակով՝ բացահայտելով այն ներքին լարվածությունը, որը ձևավորվում է մարդու և իրականության միջև։ Պիեսների կերպարները դիտարկվում են որպես խորհրդանիշեր՝ ներկայացնելով տարբեր կենսափիլիսոփայական դիրքեր, որոնք հաճախ հակադրվում են միմյանց, սակայն միաժամանակ գոյակցում են նույն իրականության մեջ։ Այս համատեքստում վերլուծությունները նպատակ ունեն ցույց տալ, թե ինչպես է ժամանակակից դրամատուրգիան արձագանքում հասարակական, բարոյական և հոգևոր ճգնաժամերին՝ առաջարկելով ոչ թե պատրաստի պատասխաններ, այլ հարցադրումներ, որոնք բաց և շարունակական են մնում։
Սամվել Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» պիեսը հզոր այլաբանություն է, որը քննում է ազատության, կախվածության, անորոշության և փոփոխության թեմաները՝ երկու թռչունների՝ Չիկի և Պոչեկի ճակատագրերի միջոցով: Պիեսը սկսվում է վանդակում տիրող անհանգստությամբ, երբ Տերը ուշացնում է կերը, ինչը խախտում է նրանց կյանքի «բնական ընթացքը»։ Պոչեկը, որը մարմնավորում է կախյալ, պրագմատիկ մտածելակերպը, անհանգիստ է, իսկ Չիկն ավելի ճկուն է։ Տիրոջ անսպասելի որոշումը՝ ազատ արձակել նրանց, որը նա հիմնավորում է «ժամանակների փոփոխությամբ», թռչունների համար դառնում է ոչ թե ցանկալի նվեր, այլ կործանում և անորոշություն, քանի որ նրանք չգիտեն՝ «ինչ է վանդակից դուրսը», և գերադասում են ծանոթ գերությունը։ Վանդակի ոչնչացումը խորհրդանշում է վերադարձի անհնարինությունը։ Վանդակը հետագայում դառնալու է խանութ։ Ազատության մեջ՝ «աղքատիկ բուսականությամբ» տեսարանում, Պոչեկի համար անսահմանությունը դառնում է «բեռ»։ Տիրոջ կրկնակի հայտնվելը՝ արդեն որպես «թռչնի կեր» վաճառող մուրացկան, ցույց է տալիս, որ նախկին իդեալների կորուստը համատարած է, և նրա նոր փիլիսոփայությունն այն է, որ «Օգնելը թույլերի սովորությունն է», իսկ իրենց ազատ արձակելը «նոր իշխանությունների» հրամանն էր։ Փետրուհու հայտնվելը, որը մարմնավորում է իսկական ազատությունը, Չիկին մատնացույց է անում նրանց թերի գոյությունը. «Կյանքն անցել է վանդակի կողքով... չես ապրել, որովհետև նա չի մտել վանդակ»։ Չիկը որոշում է թռչել։
Պատկեր Չորրորդը բացահայտում է Չիկի փորձի արդյունքը։ Նա վերադառնում է ոգևորված, «եթերային հայացքով», քանի որ զգացել է իսկական թռիչքի «անհամեմատելի զգացողությունը»։ Չիկի համար թռիչքը դարձել է էկզիստենցիալ հայտնություն, որը բացահայտել է իր էությունը. «Թևերս իրենք իրենց էին ճեղքում օդը», իսկ «ամպի սառնությունից փշաքաղվելը» և «կամավոր անկումը» նորից թռչելու համար վկայում են այն մասին, որ նա ճանաչել է ազատության գեղեցկությունն ու իմաստը։ Պոչեկը մնում է գետնին, լի կասկածներով ու վախով, թռիչքն ու Փետրուհուն անվանելով «ծուղակ»: Նրա փիլիսոփայությունը պարզ է. «Լավ է այն, ինչի մասին գիտես. Մնացածը ծուղակ է», քանի որ անսահմանության մեջ «թաքնվելու տեղ չկա» և մարդը դառնում է «ամենասովորական թիրախ»։ Նա գերադասում է վանդակի «ապահով, տաք» հիշողությունը։
Պատկեր Հինգերորդում Պոչեկը տեսնում է սովի երազ, որտեղ լուսավոր կորեկաձավարը հեղուկի պես հոսում է մատներից, ինչը խորհրդանշում է կորցրած ապահովության անհասանելիությունը։ Այս պատկերում Տերը հայտնվում է որպես մուրացկան՝ ցնցոտիներով և Չիկի հետ գաղափարական զրույց է ունենում հույսի ու նյութի մասին, ինչպես նաև հաստատում է, որ իրենց ազատ արձակելը նոր իշխանությունների հրամանն էր, և ինքն էլ էր ապրել «ավելի մեծ վանդակում»։
Պատկերներ Վեցերորդ, Յոթերորդ և Ութերորդում տեղի է ունենում հանգուցալուծումը։ Երբ Փետրուհին վերադառնում է՝ պատմելով դրսի աշխարհի քաոսի և կրակոցների մասին, Պոչեկի վախը հասնում է գագաթնակետին։ Նրա համար ամենակարևոր լուրն այն է, որ «մարդիկ են հայտնվել, որ նորից ուզում են թռչուն պահել»։ Պոչեկն առանց երկմտելու որոշում է վերադառնալ․«Կյանքը հրաշալի է, ես վերադառնում եմ», հայտարարելով. «Թող կրակեն ինչքան ուզում են՝ ինձ ինչ...»։ Նա հրաժարվում է ազատության բեռից և ընտրում ծանոթ ստրկությունը։ Չիկը տարակուսում է, քանի որ զգացել է թռիչքի համը, և չի կարողանում որոշել վերադառնալ, թե ոչ։ Պոչեկը վերջնականապես վերադառնում է վանդակ, որտեղ կերակրվում է և ապահով է, սակայն այլևս չի երգում, դառնալով հոգեպես մեռած, «վանդակի բարձիկի» մաս։ Չիկը նախընտրում է մնալ դրսում և «փորձել ճանաչել աշխարհը»։ Նրա խոսքերը՝ «Իսկ թե կմեռնեմ՝ դա արդեն ուրիշ կյանք է», ցույց են տալիս, որ նա ընտրում է գոյատևումն ազատության մեջ՝ անգամ մահվան գնով, քան գերության մեջ հանգիստ մեռնելը։ Այնուհանդերձ, պիեսի եզրափակիչ պատկերում մենք ականատես ենք դառնում Չիկի հոգեկան տառապանքներին։ Նա չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ինքը և Պոչեկը այլևս չեն հանդիպելու։ Նրա մոտ առաջանում է մեղքի զգացում, որն ամեն օրվա հետ ավելի ու ավելի է սաստկանում, ինչն էլ հանգեցնում է նրա վերջնական զինաթափմանը։ Չիկը ևս վերադառնում է վանդակ, սակայն ազատության համը ճաշակած թռչունն այլևս չի կարողանում դիմանալ վանդակի սահմանափակումներին, որն էլ արժենում է սեփական կյանքը։
Կոսյանի պիեսը դասական կոնֆլիկտ է կյանքի իմաստի և ազատ լինելու ընտրության մասին։ Պիեսը բացահայտում է այն ողբերգությունը, երբ երկարատև գերությունը ոչնչացնում է ազատության բնածին ցանկությունը և դարձնում այն տառապանքի աղբյուր։ Պիեսն ուղերձ է այն մասին, որ ազատությունն անմիջապես երջանկություն չէ, այլ՝ պայքար և պատասխանատվություն, բայց միայն այդ պայքարում է հնարավոր գտնել կյանքի բուն իմաստը։ Պոչեկը վերադարձավ «հին տուն», բայց կորցրեց ինքն իրեն, իսկ Չիկը, թեև մահվան գնով, բայց դուրս եկավ «վանդակի կողքով» անցնող կյանքն ապրելու համար։
Սամվել Կոսյանի մյուս՝ «Ուշացողները» պիեսը հայ դրամատուրգիայի ևս մեկ ուշագրավ գործերից է, որն իրենից ներկայացնում է վեց պատկերով «ինչ-որ բան»՝ ժանրային անորոշությամբ արդեն իսկ մատնանշելով ժամանակակից գոյության անորոշությունն ու մակերեսային բնույթը։ Ըստ հեղինակի նախաբանի, պիեսն ունի մեկ գլխավոր նպատակ՝ ցույց տալ, թե ինչպես են մակերեսի անիմաստությունն ու անվստահությունը փոխկապակցված, և ինչպես է հիշողության բացակայությունը հանգեցնում բարոյական ու հոգևոր արժեքների կորստին։ Այս առանցքային թեմաները պիեսի հերոսների զրույցների ու գործողությունների միջոցով վերածվում են գրական մի տարածքի, որը, թեև պայմանական, ավելի մոտ է իրականության մասին մեր պատկերացումներին, քան հենց իրականությունը։
Պիեսի վերնագրի մեջ ամփոփված է ժամանակի և գոյության հետ հարաբերվելու կենտրոնական թեման։ «Ուշացողները» այն մարդիկ/կերպարներն են, որոնք մշտապես բաց են թողնում գնացքը, այսինքն կորցնում են կյանքի կարևորագույն հնարավորությունները, անցյալի հետ կապը, ճշմարտությունը կամ ազատությունը։ Նրանք անընդհատ հետ են մնում ինքնաճանաչման, իմաստի որոնման ճանապարհին։ Անին ֆիզիկապես է «ուշանում» գնացքից, որը գնում է դեպի մի «Չգիտեմ» վայր, որտեղ նա փնտրում է «ազատություն, որը չի խեղդի»։ Նրա ուշացումը խորհրդանշում է ճշմարիտ ազատություն գտնելու մշտական անհնարինությունը՝ մնալով «սպասասրահում», որը, պարզվում է, «իր մեջ է»։ Սեթը ուշացել է հիշողությունից, նա մշտապես փնտրում է «արդար երկիրը» և իր ով լինելը, մինչդեռ Գոռը Սեթին մեղադրում է նրանում, որ «միայն խոտն է ճշմարտությունը չարության հետ շփոթում»։ Սեթը գոյության մակերեսին է, որտեղ ամեն ինչ անորոշ է, և որտեղ «զրոն ինչով բազմապատկես՝ զրո է»։ Մյուս կողմից՝ Գոռը, որը ցանկանում է դառնալ քաղաքական գործիչ, շտապում է փայլել՝ օգտագործելով «ստի ամանը»։ Գոռը ուշացած է բարոյականությունից և հոգևոր արժեքներից, իսկ նրա շտապողականությունը պայմանավորված է իր ընտրած ճանապարհի ճշմարտացիության հանդեպ անվստահությամբ:
Հիշողության կորուստը հերոսներին դարձնում է նորաստեղծ, առանց անցյալի կերպարներ։ Սեթը մոր դեմքը չի հիշում, ինչը ամենաբնական, ամենակարևոր հիշողության կորուստն է։ Նա «զրո» է, անորոշություն, որը վախեցնում է նույնիսկ իր ստեղծողին։ 1-ինն ու 2-րդն ամբողջովին մակերեսային գոյության կրողներ են, որոնք «պարում» են իրենց աթոռները գրկած և բղավում «խոստում, խոստում…»։ Նրանց գոյությունը կախված է քաղաքական գործչի խոստումներից, որը նրանց համար դարձել է կերակուր, բայց որը չի կշտացնում՝ լինելով «ժամկետնանց»։ Նրանք անտարբեր են ցավի ու իմաստի նկատմամբ՝ մարմնավորելով հիշողություն չունեցող, ղեկավարվող զանգվածը։
Պիեսն ինքնին դառնում է հեղինակ-հերոս հարաբերության մասին մի խորհրդածություն, որտեղ Հեղինակը կորցրել է իր գործի նկատմամբ վերահսկողությունը, ինչը լրացուցիչ անվստահություն է ներարկում ընթերցողի/դիտողի մոտ։ Նա խոստովանում է, որ «բառերն էլ այլևս չեն ենթարկվում», և որ «ինքն ակամայից խաղից դուրս մնաց»։ Սա հեղինակի՝ իր ստեղծագործական ուժի նկատմամբ կորցրած վստահության արտահայտությունն է։ Հեղինակի աղջիկը, հանդես գալով որպես հոր կամքի կատարող, Սեթին մեղադրում է բռնաբարության փորձի համար, ինչն, ի վերջո, հանգեցնում է Սեթի բանտարկվելուն։ Սա վերահաստատում է Սեթի՝ Տոլստոյին հասցեագրված մեղադրանքը․ «Թղթի վրայի սպանությունը նույն սպանությունն է», վկայելով, որ հերոսների ճակատագիրը, անկախ նրանց անորոշ գոյությունից, վերջնականապես կախված է Հեղինակի կամքից։
Վերջապես, Գիժը, որը հանդես է գալիս որպես «Հեռախոս, որի լսափողը չեն վերցնում», մարմնավորում է Ճակատագրի հետ կորած կապը կամ այն ճշմարտությունը, որը «շպարված չէ»։ Նրա մշտական զնգոցը ցույց է տալիս, որ կարևոր ուղերձ կա, բայց ոչ ոք չի լսում, քանի որ նույնիսկ ինքը չգիտի, թե ինչ է ուզում։
«Ուշացողները» պիեսը ժամանակակից գոյության մասին դառը, հաճախ սյուրռեալիստական վերլուծություն է, որտեղ անձնական հիշողության և բարոյական հիմքի կորուստը հանգեցնում են մակերեսային գոյության, որը լցված է «անիմաստությամբ» և «անվստահությամբ»։ Ուշացողները նրանք են, որոնք չկարողացան ժամանակին գտնել ճշմարտությունը, կամքն ու ազատությունը, և որոնց ճակատագիրը մնաց անավարտ ու կիսատ՝ ինչպես մի գրական գործ, որը Հեղինակը չկարողացավ կամ չցանկացավ ավարտել։
Ամփոփելով, կարող ենք փաստել, որ ներկայացված վերլուծությունները բացահայտում են Սամվել Կոսյանի դրամատուրգիայի առանցքային հատկանիշներից մեկը՝ մարդու ներաշխարհի և արտաքին իրականության միջև անդադար բախումը, որն արտահայտվում է թե՛ ազատության որոնման, թե՛ վախի միջոցով։ Երկու պիեսներում էլ հերոսները կանգնած են ընտրության առջև, սակայն այդ ընտրությունը երբեք պարզ չէ․ այն միշտ ուղեկցվում է կորստի, անորոշության և երբեմն՝ ինքնաոչնչացման վտանգով։
Այսպիսով, Սամվել Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» և «Ուշացողները» պիեսները հայ ժամանակակից դրամատուրգիաի այն գործերից են, որոնք հնարավորություն են տալիս մարդուն վերաիմաստավորելու իր տեղն ու դերը աշխարհում, դուրս գալով ավանդական մտածողության սահմաններից, ընթերցողին կամ դիտողին կանգնեցնելով սեփական գոյությունն արժևորելու գիտակցման առջև։ Այս պիեսները ընդգծում են այն ընդհանուր մտահոգությունը, որը բնորոշ է ժամանակակից մարդուն՝ ապրելու, հասկանալու և ընտրելու դժվարությունը մի աշխարհում, որտեղ նույնիսկ ազատությունն ինքնին կարող է դառնալ ամենաբարդ փորձությունը։
Հասմիկ Ավետիսյան
Դիտումներ: 97
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։