Սապոգի միջի մթությունը

08:51 15.05.2026 · Գրական · Բիժան Նաջդի
Կիսվել:

Նրանով հանդերձ, որ Թահերի հայրը որոշել էր այլևս սև հագուստը չփոխել, մի ամառ, միջօրեից հետո նրան տեսան` կապույտ շապիկ հագած դեպի գետը գնալիս։

Եթե կարողանար մինչև աշուն ողջ մնալ, ապա կլրանար այն բողչայի թաղման չորրորդ տարին, որի մեջ միայն մի քանի վայրկյան տեսել էր սևացած մսի կտորներ, պայթած աչքեր և ատամներով լեցուն մի դեմք, ու նրան ասել էին, որ դա Թահերն է։

Մի քանի երիտասարդ տղաներ լողում էին գետի մեջ։ Նախորդ օրն էլ, երբ Թահերի հայրը տուն էր վերադառնում գերեզմանատանը իր անվերջանալի քայլելուց ու գերեզմանաքարերի վրայի անուններն ու տարեթվերրը կարդալուց հետո, որոնք կարող էր մտաբերել առանց որևէ ջանքի, նույն երիտասարդներին էր տեսել, որ խաղում էին ջրի մեջ, և ջուրն իր հետ տանում էր նրանց ծիծաղի ձայնը։ Հնարավոր չէր կրակը կարողանար նրանցից նույնիսկ մեկին այնպես խանձել, ինչպես Թահերին էր խորովել։ Հայրը ձեռքը թափահարել ու ողջունել էր երիտասարդներին, ու նրանցից մեկը բղավել էր

-Բարև՜, մի րոպե սպասե՛ք։

Հետո սուզվել էր ջրի մեջ ու դուրս եկել մի խեցեղեն աման ձեռքին։

-Նայե՛ք, ուզո՞ւմ եք։

Թահերի հայրը նիհար էր։ Նույնիսկ եթե մազերը ներկեր ու փակ բերանով ծիծաղեր, որ մեկը չտեսներ իր արհեստական ատամները, մեկ է, աչքերն այդքան կկոցելն ու տեսնելու համար իրեն ճնշելը բացահայտում էր նրա ծերությունը։

Հարցրել էր - Դա ի՞նչ է։

-Խեցեղեն է։

Մյուս տղերքը խնձոր էին նետում ու աղմուկ-աղաղակով լողում այդ ուղղությամբ։

 -Ես այն գտա, ահա, այս ներքևո՛ւմ։ - Ու մատով ծակել էր ջուրը։

  Թահերի հայրն ասել էր

 -Շա՜տ բարի, շա՜տ բարի, զգույշ կաց՝ չխեղդվես։ Անունդ ի՞նչ է։

 -Թահեր։

         Նորից բացվել էր այն բողչան։ Նորից ճմրթված մաշկ, պայթած աչքեր և այն ատամները… Հոր կուրծքը քրտինքով էր պատվել, ու մի սառած ամառ նրա մարմնին փակցրել սև շապիկը։ Հետ նայեց, որ ինչ-որ բանի հենվի՝ պատ, ժայռաբեկոր. ոչի՛նչ չկար։ Ձեռքը երկարեց գետնի վրայի ավազներին։ Ծնկի եկավ, նստեց, իր կողմ հավաքեց ձեռքերից պոկված մատները և խոթեց տաբատի գրպանը։ (Հայդե՝ ծերուկ) Փոքր սրվակ հանեց։ Մինչ կկարողանար սրվակի կափարիչը բացել ու նիտրոգլիցերինի փոքրիկ կարմիր գնդիկաձև հաբը լեզվի տակ դնել, թաղեցին Թահերի դիակը, հողից հանեցին ու նորից թաղեցին։ Ամբողջ հողը վրան լցրին, հետո հողը փորեցին ու փոսի միջի խավարից դիակը հանելով նորից թաղեցին ու…

Նույն գիշեր գետը մինչև ծով հասնելու համար այնքան էր իր ջրերը շառաչով զարկել շուրջը՝ քարափներին, որ գյուղի մարդիկ քնից թռել էին։ Հայրը մինչև մյուս կեսօր շուռումուռ եկավ անկողնում։ Կեսօրին մի քիչ բան դրեց բերանը, որ կարողանա ծխել։ Չգնաց դեպի լուսամուտը, վարագույրը մի կողմ չքաշեց ու փորձեց չնայել որմնախորշի գոգին թարս դրված շրջանակված նկարին։ Ինչո՞ւ այն խեցեղեն ամանը չվերցրեց Թահերից։ Կարող էր վրայի մամուռը մաքրել ու ամանը դնել հայելու կողքին՝ որմնախորշի մեջ։ Նույնիսկ կարող էր Թահերին իր սենյակը կանչել, ու միասին զրույցի նստեին։ Մի՞թե մարդ կարող է գետի հատակում աչքերը բացել։ Այնտեղ մութ չէ՞։ Բույսեր չկա՞ն։ Ձուկ: Ինչպե՞ս թե։ Այդ խորքից հնարավո՞ր է երկինքը տեսնել, որն, անշուշտ, այլևս  կապույտ չի լինի։ Ջրի խորքում ինչպե՞ս կարելի է իմանալ՝ այսօր քանիշաբթի՞ է։ Չպետք է շատ ձայներ հնչեն։ Այնտեղ մարդու ականջները մրջյունով չեն լցվում, ու որդերն ու խլեզները չեն խլվլում մարդու բերանում։ Ջրից շինված գաջաքանդակներով տանիքի տակ, ջրից շինված պատերով սենյակներում ոչ ոք չի կարող նկատել, որ մեկ ուրիշը լաց է լինում։

Այն օրը հայրը իսկապես լաց լինելուց առաջ տնից դուրս գնաց, և գյուղի մարդիկ նրան տեսան, թե ինչպես է հնամաշ կապույտ շապիկ հագած դեպի գետը գնում։ Երիտասարդները ջրում լողում էին, ու Թահերը ջրի մակերեսին մեջքի վրա էր պառկել։

Թահերն ասաց․ - Բարև՜։

Հայրը․ - Բարև՛, քեֆդ լա՞վ է։

Թահերը․ - Դո՞ւք, Ձե՞ր քեֆը ինչպես է։

Հայրը․ - Է՛հ, այսօր շա՛տ շոգ է։

Թահերը․ - Բա ինչո՞ւ չեք հանվում, էս գետը բոլորինն է։

Հայրը․ - Ես արդեն ծերացել եմ, չեմ կարողանում ինձ ջրի վրա պահել։

Թահերը․ - Տաբատի փողքերը հո կարո՞ղ եք վեր ծալել։

Հայրը կոշիկն ու գուլպաները հանեց, տաբատի փողքերը մինչև ազդրերը վեր քշտեց, նստեց մի կուզիկ քարափի վրա ու ոտքերը մինչև կրունկից վեր ջրի մեջ մտցրեց։ Ջրի սառնությունը թափանցեց ոսկորների մեջ։

Հայրն ասաց․ - Էն խեցեղեն ամանն ի՞նչ արեցիր։

Երկու-երեք լուցկու չոփ այրեց, մինչև որ ծխախոտը վառվեց։

Թահերը- Դրեցի իր տեղում։

Հայրը․ - Իր տեղո՞ւմ։

Մյուսները դեպի խնձորն էին լողում։

Թահերն ասաց․ - Էս հատակում մի տուն կա։

Հայրը ծխելով ու ծիծաղելով հարցրեց․- Մի տո՞ւն, էն հատակո՞ւմ։

Խնձորին հասած երիտասարդը բղավեց․ - Ճի՛շտ է ասում։ Ուզո՞ւմ եք խեցեղեն ամանները դուրս հանենք։

Մինչև հայրը կպատասխաներ, բոլորը սուզվեցին ջրի մեջ։ Խնձորը գնաց։ Թչունների երամի տարածուն ստվերը մի պահ կամրջվեց գետի վրա։ Հայրը մտահոգությամբ դիտում էր ջրի պարապ մակերեսը։

Գետը լուռ էր անանուն շիրիմի նման։

Հայրը քարափից ելավ և մինչև ծնկատակը առաջացավ գետում։

Դեռ չէր ուզում հավատալ, որ սիրտն ուզում է գոռալ․ - Վե՛ր բարձրացեք, խելագարնե՜ր, և մեկիկ-մեկիկ տղաների գլուխներն ու ուսերը ջրից դուրս ելան։ Բերանները դեպի երկինքն էին ուղղել ու մինչև ոսկորները օդով լցնելու համար արագ-արագ շնչում էին, և յուրաքանչյուրի ձեռքում մի խեցեղեն աման կար։ Թահերը բոլորից ուշ երևաց։ Մազերը ճակատին էին կպել։ Վզից ներքև այնպես էր ջրով ծածկված, որ մերկ մարմինը չէր երևում։ Գետի հատակից փոքրիկ լուսամուտի դռնակ էր վեր բարձրացրել ու գլխից վեր պահած թափահարում էր։

-Սա տե՛ս։

-Էնտեղ ներքևում երեք ժամացույց էլ կա տախտակին կպած։

-Հնարավոր չէ անջատել։

-Շա՜տ բաներ կան։

Նորից սուզվեցին ջուրը։

Կոտրված հայելու կտորներ, որոնց սնդիկին գազի ճյուղեր էին կպել, ժանգոտած գդալներ, ճմրթված ու սևացած փոքրիկ սկուտեղներ:

Թահերն այն պահին ջրից դուրս եկավ, երբ արդեն բոլորը մտահոգվել էին։ Դեմքը կապտել էր, ու հոգնածությամբ էր լողում՝ իր հետ բերելով զինվորական սապոգի մեկ թայ։ Գետի մյուս կողմի արևածաղիկներից մեկը դեմքը խոնարհել էր հողին, և մի բարդի իր ճյուղերով հենվել էր գերեզմանատան պատին։

Սապոգը քուղեր չուներ։ Ոչ ոտքի հոտ էր բուրում, և ոչ էլ վազքի ձայն էր լսվում դրանից։ Սառն էր ու ցեխակալած։ Հայրը Թահերի ձեռքից առավ այն, ինչպես փոքր դիակ։ Երիտասարդները պառկեցին ավազի վրա։ Թահերը բարձրահասակ էր։ Կրծքի նորածիլ մազերը թաց էին։ Աչքերը նույնքան հանգիստ էին, որքան ջուրը, այնքան կապույտ, որքան ջուրը։

Ասաց - Տղե՛րք, հագնվե՛ք, կմրսեք։ Մեկը գնա՝ իմ շորերը բերի։

Հայրն ասաց․ - Ինձ ասա՛, այնտեղ հատակում ի՞նչ կա-չկա։

Թահերը շապիկը կոճկեց։

Հայրն ասաց․ - Ասում եմ, քե՛զ հետ եմ այնտեղ ի՞նչ կա։

Թահերը, որ զբաղված էր գուլպաները հագնելով, պատասխանեց․ -Ոչի՛նչ։

Հայրը-Մի՞թե այնտեղ մի տուն չկա։

Թահերն ասաց․ - Ո՛չ։

Բոլորը դիտում էին՝ խեցեղենը, հայելու փոքր կտորտանքը, դռնակն ու սապոգը։

Թահերն ասաց․ - Մնաս բարով, սրանք մենք էինք լցրել գետի մեջ։

Հայրն հարցրեց․ - Ինչո՞ւ։

Նրանք հեռացան։

Հայրը բղավեց․ - Ինչո՞ւ Թահե՜ր: Թահե՞ր, ինչո՞ւ։

Մինչև մայրամուտից մեկ ժամ անց նստեց քարափին ու դիտեց ջուրը, որը հետզհետե ցեխոտվում ու գորշանում էր։ Աչքերը փակելով՝ կարողանում էր լսել ծովը թափվող գետի ձայնը։ Սապոգն ընկած էր ավազներին, և մթությունն իր թաթը խոթել էր նրա մեջ։

Նույն գիշեր հայրը սապոգը տուն տարավ և դրեց որմնախորշի գոգին։ Սենյակի դուռը չփակեց, վարագույրը չծածկեց։ Անկողինը փռեց, պառկեց ու բաց աչքերով քնեց։ Քիչ անց, կամ՝ կեսգիշերից առաջ, գետը բաց դռներից սենյակ հորդեց և անցավ հոր ու սապոգի վրայով։

 

 

Թարգմանությունը պարսկերենից՝ Անի Հովսեփյանի

Դիտումներ: 66

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։