Սեր, դուխի, արցունքներ
-Աշակերտուհու վրայից պիտի աշակերտուհո՛ւ հոտ գա, - ճչաց դասղեկը՝ դասարան մտնելուց անմիջապես հետո առնելով օծանելիքի բույրը։
Պարզելու համար, թե ով է օգտագործել, սկսեց հերթով հոտոտել աղջիկներին։ Գտավ։ Դուրս արեց դասարանից։
Հայրն արհմիության ուղեգրով Լեհաստան էր գնացել եւ այդ տարիներին սովետական կանանց խելքահան անող իսկական «Быть может»[1] դուխի էր բերել աղջկան նվեր։
Դե, իններորդ դասարանցի սիրահարված աղջիկ, որոշել էր մի կաթիլ ցանի, որ երբ միջանցքում, իբր պատահաբար, անցնի զուգահեռ դասարանում սովորող Արամի կողքով, նա անտարբեր չմնա, իրեն ուշադրություն դարձնի։
Դասղեկի դասը վերջինն էր լինելու, հույս ուներ, որ մինչ այդ բույրը կթուլանա. բոլորը գիտեին, որ դասղեկը բարկանում է, երբ աշակերտներն օծանելիք են օգտագործում և միշտ նույն բանն է ասում. «Աշակերտուհու վրայից պիտի աշակերտուհո՛ւ հոտ գա…»։
Իսկ թե որն էր աշակերտուհու հոտը, ոչ նա, ոչ էլ ուրիշ մեկը չէր ասում, որ աղջիկներն էլ իմանային ու այդ հոտից ցանեին։
Իր սիրահարվածության մասին մենակ երկու մոտիկ ընկերուհիները գիտեին։
Ինքը նաև աքրոստիքոս էր գրել՝
Արաքս գետի հորձանքը տես
Րաֆֆու գրած վեպերի մեջ,
Արարատի պատկերը տես
Մուրացանի երկերի մեջ։
Իրենցից հետո նույն՝ քիմիայի կաբինետում Արամենց դասարանն էր դասի լինելու, և ինքը ոտանավորը դրել էր այն նստարանի դարակում, որի մոտ Արամը պիտի նստեր։
Երկար դասամիջոցին մի քանի անգամ անցավ զուգահեռ դասարանի տղաների մոտով, բայց ոչ մեկն ուշադրություն չդարձրեց։ Արամը երևի չէր կարդացել ու նույնպես անտարբեր էր։ Կամ էլ ձևացնում էր, թե չի կարդացել ու անտարբեր է։
«Բայց ո՞նց կարա անտարբեր լինի» - մտածում էր։
Ինքն առաջին դասարանից սկսած բոլորի ուշադրության կենտրոնում էր եղել։ Գեղեցկուհի չէր, բայց, ասում էին՝ գրավիչ է, եւ իրենց դասարանի տղաները տարիներ առաջ նույնիսկ կռիվ էին անում, թե ինքն ում սիրածը պիտի լինի։ Դե, տղաներ են, էլի. իրենք իրենց մեջ սիրահարվում են, իրենք իրենց մեջ աղջիկներին սիրածների բաժանում։
Իր սերն էդպես էլ անպատասխան մնաց։ Ու դա անընդհատ գրգռվածություն էր առաջացնում։ Կամ կարծում էր, թե գրգռվածությունն ու նյարդերի անընդհատ լարումը անպատասխան սիրուց է։
Իններորդ դասարանն ավարտելուց հետո, հունիսին էր, որ առաջին անգամ նյարդային ցնցումից տան առջևի փոքրիկ այգում ուշաթափվեց։ Շտապ օգնությամբ հիվանդանոց տարան։ Տեղի բժիշկները նորմալ ախտորոշում չարեցին։ Ասացին՝ ստամոքսն է ոնց որ, երևի թունավորվել է։ Բայց երբ մի քանի օր վիճակի բարելավում չեղավ, ինստիտուտն ավարտելուց հետո շրջան գործուղված ջահել բժիշկներից մեկն ասաց՝ կարող է Երևանյան հիվանդություն լինի, շտապ պետք է Երևան տանել, այնտեղ կախտորոշեն։
Հայրն ու մայրը, գործերը թողած, աղջկան Երևան տարան, հեղինակավոր բժիշկ չմնաց, որ չքննի, բայց նորմալ եզրակացության չեկան։ Իսկ վիճակը գնալով վատանում էր… Վերջին պրոֆեսորն անզորությունից ձեռքերը տարածեց՝ հասկացնելով, որ ինքն էլ ոչինչ անել չի կարող։
Հետ եկան։ Գիշերը գնացքում էլի նոպա ունեցավ։
Վերադարձից հետո ամբողջ ամառն անցավ անկողնում։ Ընկերներն էին այցելում, հույս տալիս, ուրախացնում, պատմություններ հիշեցնում։ Ընկերների գնալուց հետո մտքով միայն Արամի հետ էր լինում։ Ուզեց նամակ գրել, բայց հետո մտածեց, թե դրանով Արամին մեղավոր կդարձնի, ու նա ամբողջ կյանքում կտանջվի։ Չգրեց։
Մահվանը նախորդող գիշերը հորն ասաց.
-Պապ, էն քո բերած դուխուց մի քանի կաթիլ կցողես վրաս…
Սեպտեմբերի մեկին դպրոցում ուսումնական տարվա սկզբի միջոցառումներ չեղան։ Ամբողջ դպրոցը թաղման էր մասնակցում։
Իրենց և զուգահեռ դասարանների տղաները որոշել էին՝ տնից դպրոց և դպրոցից գերեզմանատուն դագաղը ուսներին դրած պիտի տանեն։ Եվ իրար փոխարինելով տանում էին։ Դագաղի հետևից գնացող թափորում գուցե չէր զգացվում, բայց դագաղը տանող տղաները զգում էին դուխու բույրը։ Երբ հերթը հասավ Արամին, ու դագաղը գլխի մասում ուսին դնելուց հետո այդ բույրը քթին առավ, հիշեց, որ դա զգացել էր տետրից պոկած թղթից, որ գտել էր քիմիայի կաբինետում՝ իր նստարանի դարակում։ Թղթի վրա իր անունով աքրոստիքոս էր։ Այն ժամանակ չէր հասկացել ումից էր, որ պատասխաներ։
Հիմա՛ հասկացավ և մինչև գերեզմանատուն էլ ոչ մեկին տեղը չզիջեց՝ ուսը դագաղի տակ պահեց, իսկ գլուխը՝ ցած, որ թաքցներ գլորվող արցունքները։
Մեսրոպ Հարությունյան
[1] «Быть может» (լեհերեն՝ Być Może) – Հանրահայտ լեհական օծանելիք, որ շատ հարգի էր ԽՍՀՄ-ում, բայց, ինչպես ամեն որակյալ ապրանք, խիստ դեֆիցիտ էր։
Դիտումներ: 408
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։