Սերգեյ Եսենինը մեր հայրենակիցների աչքերով

Կիսվել:

Հավանաբար ճշմարտության դեմ չենք մեղանչի, եթե ընդամենը 30 տարի ապրած այս բանաստեղծին անվանենք «ամենառուսականը»։ Ընդ որում, ժողովրդական ոգին նրանում արտահայտվում էր ոչ միայն փիլիսոփայության ու ավանդական ոճի, այլև որոշ դեպքերում՝ ինքնացուցադրման և գավառականության պարզունակ դրսևորումներով։ Բայց նշվածով չի սահմանափակվել Եսենին-բանաստեղծը․ նա շատ ավելի բազմազան, հարուստ ու հակասական է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այսպես, նույնիսկ դրախտի փոխարեն հայրենի Ռուսիան նախընտրող բանաստեղծի կյանքի և ստեղծագործության մեջ անսպասելիորեն մեծ է եղել հայերի ու հայկականի դերը։

Դառը մանկություն է ունեցել Սերգեյ Եսենինը։ Հայրը բնակվել է ընտանիքից հեռու՝ Մոսկվայում։ Հարաբերությունները մոր հետ, որին այդքան հաճախ է հիշում բանաստեղծն իր ստեղծագործություններում, հարթ չեն եղել։ 17-ամյա հասակում մորը բռնի ամուսնացրել են․ նա ունեցել է յոթ զավակ, որոնցից երեքը մահացել են մանուկ հասակում։ Մայրը ստիպված էր աշխատել, թողել է Սերգեյին իր ծնողների հոգածությանը։ Այդ պատճառով Սերգեյն իրեն երբեմն որբ է համարել։ Բացի այդ, անսթափ մայրը հաճախ քոթակել է տղային, իսկ մի անգամ, երբ նա ծանր հիվանդացել է, նրա աչքի առջև պատանքի սավան է կարել։ 1912 թ․ որդին գրել է․ «Բարոյապես մայրս վաղուց է ինձ համար մեռել»։ Երբ 17-ը դեռ չբոլորած նա հայրենի Կոնստանտինովո գյուղից (Ռյազանի մարզ) տեղափոխվել է Մոսկվա, սկսնակ բանաստեղծի առջև նոր հեռանկարներ են բացվել։ Այդուհանդերձ, իր կյանքի ընթացքում նա քիչ մտերիմ ընկերներ է ունեցել (ասենք, իսկական ընկերները միշտ էլ փոքրաթիվ են լինում) ու առավել ևս զարմանալի է, որ այդ քչերից երկուսը հայեր են եղել՝ Ալեքսանդր Կուսիկովը (Կուսիկյան) և Գեորգի Յակուլովը։

 

Արմավիրցի բանաստեղծ Ալեքսանդր Կուսիկովը՝ Սանդրոն, Եսենինի հետ ծանոթացել է 1917-1918 թթ․։ Տարօրինակ բարքի տեր երիտասարդը հերքել է իր հայկական ծագումը և իրեն կոչել մահմեդական չերքեզ։ Նա եղել է իմաժինիստների գրական միավորման կարևոր անդամներից, Եսենինի հետ զբաղվել է հրատարակչական գործով։ 1921-ին նրանք համատեղ տպագրել են «Աստղային ցուլը» ժողովածուն։ Եսենինը նրան է ձոնել «Կաբակների Մոսկվա» ժողովածուի առաջին հրատարակությունը, «Հոգիս կարոտում է երկինքը․․․» բանաստեղծությունը, իսկ «Դե՛, երգի՛ր, երգի՛ր․․․» բանաստեղծությունում հիշատակում է Կուսիկովի կիթառը և անվանում նրան «իմ վերջին, միակ իմ ընկեր»։ Կուսիկովի վկայությամբ՝ «գիշերային երկար զրույցներից հետո, իմ կիթառի ուղեկցությամբ, նա գրում էր «Կաբակների Մոսկվան»»։ Եսենինը կապված է եղել նաև Կուսիկովի եղբոր՝ Ռուբենի հետ, որը ռուս բանաստեղծի նյարդային ու անհանգիստ հարցերին պատասխանել է՝ երգելով ռոստովյան երգեր։ Մշակելով՝ Եսենինը դրանք զետեղել է «Պուգաչով» դրամատիկ պոեմում ու նշել, որ «մեկընդմիշտ սիրել է» Ռուբենին։ 

 

Kusikovy ev Yeseniny

 

1920 թ․ Եսենինն իր գիրքն այսպես է մակագրել Կուսիկովին. «Ինչ էլ կատարվի մեր միջև, սերը կմնա։ Ինչպես էլ դու ինձ չհանդիմանես, կամ ես՝ քեզ, մենք բոլոր դեպքերում նույն այգուց ենք, խնձորենիների, խոյերի, ձիերի և գայլերի այգուց․․․»։

1921 թ․ խորհրդային իշխանությունները ձերբակալել են Եսենինին ու Կուսիկովներին՝ հակահեղափոխական դավադրությանը մասնակցելու մեղադրանքով, սակայն որոշ ժամանակ անց բաց են թողել։

Հետհեղափոխական տարիներին Եսենինի մարդկային ու ստեղծագործական դիմագիծը շեշտակիորեն փոխվել է։ Նրա գրելաոճն ավելի ու ավելի նորարարական է դարձել, հարստացել են ու բարդացել թեմաները։ Վահագն Դավթյանի բառերով՝ «եսենինյան պոեզիան շատ ավելի բարդ ու խոր երևույթ է, քան գյուղի և քաղաքի պարզ հակադրություն»․ բարձրանալով դրա հիմքի վրա՝ նրա «պոեզիան շատ ու շատ է գերաճել դրանից, ստացել փիլիսոփայական, համամարդկային իմաստ, դարձել մարդկային ներդաշնակության որոնման մի մեծ ու ցավալի արարողություն, մարդկային բնական, անաղարտ էության պահպանման օրհներգություն»։ Եսենինն առերես ողջունեց Հոկտեմբերյան հեղաշրջումը, սակայն նրա հոգում խորանում էր որբացած, չընդունված լինելու զգացողությունը։ 1923 թ․ արտասահմանում նա գրում էր Կուսիկովին․ «Ես՝ Ռուսաստանի օրինական որդին, զզվել եմ սեփական պետությունում խորթ զավակ լինելուց։ Ձանձրացել եմ իշխանության գլուխ կանգնածների այս անիծյալ մեծամիտ վերաբերմունքից, և ավելի զզվել նրանց հանդեպ սեփական եղբայրներիս քծնանքը հանդուրժելուց։ ․․․Ես արդեն չեմ հասկանում, թե որ հեղափոխությանն եմ պատկանում։ Միայն տեսնում եմ, որ ո՛չ փետրվարյան, ո՛չ էլ հոկտեմբերյան հեղափոխությանը»։ Արտասահմանում՝ Ռուսաստանից դուրս, նա չէր կարողանում երկար մնալ, բայց հայրենիքում ապրելն էլ անտանելի էր։ Ընկճված վիճակը հանգեցրեց ոգելից խմիչքի հանդեպ անզուսպ հակվածության, անձի քայքայման ախտանիշների, ինչն արտահայտվեց և նրա վերջին ստեղծագործություններում։ Խզվեցին և կապերը Կուսիկովի հետ․ Եսենինի վերջին պոեմների մասին նա գրել է, որ դրանք հիասքանչ են, սակայն «գրեթե յուրաքանչյուրում զգացվում է նրա մեկուսացումը, նոր կյանքին հարմարվելու անկարողությունը»։ Ընկերոջ ողբերգական մահվան  մասին Կուսիկովն այսպես է արտահայտվել․ «Ես երբեք չեմ հանդիպել որևէ այլ մարդու, որն այդքան շատ սիրեր կյանքը, սիրեր այն գազանի պես, ինչպես Եսենինը»։

 

Yesenin

 

Ծագումով թիֆլիսահայ նկարիչ և քանդակագործ Գեորգի Յակուլովն արդեն ճանաչված արվեստագետ էր, երբ ծանոթացավ Եսենինի հետ։ 1918 թվականն էր․ նրանք դարձան մտերիմ ու հոգեհարազատ ընկերներ։ Յակուլովը իմաժինիզմի դեկլարացիայի համահեղինակներից էր, միաբանության Գերագույն խորհրդի անդամ։ Թատերական նկարիչ Վ․ Կոմարդենկովի բառերով՝ «Եսենինը գալիս էր նրա արվեստանոց, երբեմն գիշերում էր այնտեղ։ Դա հասկանալի է․ ի դեմս Գեորգի Բոգդանովիչի՝ նա գտել էր հավատարիմ, բարի, չափազանց տաղանդավոր, արվեստը և գրականությունը լավ գիտեցող ընկեր»։ Յակուլովը երկու անգամ նկարել է Եսենինին՝ նրա մեջ տեսնելով ոչ թե ավանդական գյուղական բանաստեղծին, այլ նորարար, ըմբոստ անհատականությանը։ Իրեն պատկերող ջրանկարը բանաստեղծը վավերացրել է իր մակագրությամբ՝ «Եսենինի [սրբա]պատկերը»։ Նկարում գյուղացու հանդերձանքով Սերգեյի գլխավերևում լուսապսակ կա, իսկ թիկունքին՝ հրեշտակի թևեր։ «Եսենինը և նկարիչները» գրքի հեղինակ Գալինա Ավերինայի խոսքերով՝ նկարի սյուժեն կարելի է մեկնաբանել այսպես․ Եսենինը իմաժինիզմի առաքյալն ու պարագլուխն է, իսկ ձեռքին հասարակության մեջ նրա դերակատարումը բնորոշող խորհրդանիշներ են՝ գիրքը (պոեզիա) և շունը (սերը կենդանիների հանդեպ)։ Նկարը նվիրելով Եսենինի կնոջը՝ Յակուլովն ընծայագրել է․ «Իր ընկերոջ կնոջը նվիրաբերում է Գեորգին»։ Յակուլովը Վ․ Մեյերխոլդի առաջարկով դարձել է եսենինյան «Պուգաչովի» բեմանկարիչը, սակայն բեմադրությունը չի կայացել։  1921 թ․ հոկտեմբերին Յակուլովի արվեստանոցում հայ նկարչի ու նրա կնոջ ջանքերով Եսենինը ծանոթացել է պարուհի Այսեդորա Դունկանի հետ, որը հետագայում պիտի նրա կինը դառնար։ Այս իրադարձություններն իր «Առաջին ձեռքսեղմում» ռուսերեն վավերագրական վեպում նկարագրել է ավագ սերնդի գրողներից Ռոբերտ Բաբլոյանը։ Արվեստանոցի շենքը պահպանվել է․ այն գտնվում է Բուլգակովի նշանավոր «վատ բնակարանի» հարևանությամբ։ Ուշագրավ է, որ Յակուլովի արվեստանոցն էլ ոչ այնքան լավ համարում ուներ՝ մասնավորապես նրա կնոջ արտառոց պահվածքի պատճառով։ Հարևան Վլադիմիր Լևշինի խոսքերով՝ մանեկենուհի Նատալյա Յակուլովա-Շիֆը «Տգեղ գեղեցկուհի էր... Մարդիկ նրա մասին տարբեր կերպ էին խոսում։ Ոմանք հիանում էին նրա նրբագեղությամբ և սրտաբացությամբ։ Մյուսները ցնցված էին նրա տանը տիրող ազատ բարքերից. Յակուլովի արվեստանոցը սկանդալային հռչակ ուներ»։ Ծանոթանալով Բաքվի 26 կոմիսարներին նվիրված յակուլովյան հուշարձանի նախագծին՝ նույն թեմայով իր բալլադը Եսենինը ձոնել է «Հիանալի նկարիչ Գ․ Յակուլովին՝ սիրով»․ բնականաբար, պոեմում անդրադարձ կա հեղափոխական Ստեփան Շահումյանի կերպարին։ Վերջին վայրը, ուր այցելել է Եսենինը Մոսկվայում, եղել է հայ նկարչի արվեստանոցը։ Բանաստեղծի մահվանից հետո Յակուլովը դարձավ իր ընկերոջ հիշատակի հավերժացման կոմիտեի անդամ։ Հետագայում «Սքանչելի Ժորժը» գրել է․ «Ես սիրում էի նրան, և մենք անչափ շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեինք։ Նա ինձ համար իսկական ընկեր էր»։

 

Yesenin

 

Նոր Նախիջևանցի նկարիչ Կոնստանտին Ալաջալովը ևս ծանոթ է եղել Եսենինին ու 1920-ին բնորդից արել նրա դիմանկարը։ Քննադատ Վ․ Կուզնեցովան գրել է, որ դիմանկարն այնքան էլ չի հիշեցնում Եսենինին, գծերը կոպիտ են, հայացքը՝ խոժոռ, «ինքն իր մեջ կենտրոնացած»։

 

Dimankar-Yesenin

 

Եսենինը համագործակցել է Մոսկովյան թատերական ռեժիսոր Վալերիան Բեհբութովի հետ, նրանք Վ․ Մեյերխոլդի մասնակցությամբ մտահղացել են գրել և բեմադրել «Գրիգորի և Դմիտրի» դրաման, ինչը,սակայն, չի իրականացել։

Արտասահմանում բանաստեղծը ևս հանդիպել է հայերի՝ Նիկիտա Բալիևին, արտագաղթած Կուսիկովին և ուրիշների։

 

Չնայած Հայաստան այցելելու ծրագրերին՝ Եսենինն այդպես էլ այստեղ չի եղել, սակայն Վրաստանում առնչվել է բազմաթիվ հայերի հետ։ Այսպես, «Սիմպատիա» դուքանում տեսնելով Կարապետ Գրիգորյանցի որմնանկարները՝ նա ցանկություն է հայտնել ծանոթանալ դրանց հեղինակի հետ և հանդիպել է նրան։ Ըստ մի վարկածի՝ նույն դուքանում են տեսնվել Չարենցը և Եսենինը։

Եսենինը հանդիպել է նաև ժողովրդական բանաստեղծ ու աշուղ Եթիմ Գուրջու (Դաբղիշվիլի/Աղաջանով)  հետ, որի փոխանցած առասպելական պատմությունը Դավիթ թագավորի ու գորտի մասին հետագայում արտացոլվել է «Պարսկական մոտիվներ» շարքի բանաստեղծություններից մեկում․․․

Եսենինի թիֆլիսահայ ծանոթներից են եղել գրականագետ Գարեգին Բեհբութովը և էջկապ Խատիսովը, որին նա «պապաշա» (հայրիկ) էր անվանում։

 

Եսենինին ճանաչել, նրա կերպարին բազմիցս անդրադարձել է նկարիչ Ջոտտոն (Գևորգ Գրիգորյան)․ «Երիտասարդ ժամանակ, երբ ընկերներիս հետ հավաքվում էինք որևէ մեկի տանը, ես միշտ Եսենին էի կարդում։ Հատկապես սիրում էի նրա «Նամակ կնոջը»։ Մոսկվայում այցելում էի Տվերսկոյ բուլվարի գրողների ակումբ, այնտեղ հաճախ հանդիպում էի Եսենինին ու այնտեղ էլ նրա ելույթների ժամանակ ուրվանկարներ էի անում»։ Եսենինի հետ իր հանդիպումներից մեկի մասին նա Ռ․ Անղալադյանին պատմել է, որ «տեղեկանալով, թե ես թբիլիսցի հայ եմ, նա սկսեց գովաբանել իր մտերիմ ընկերոջը և թատերարվեստի մեծ բարեփոխիչին՝ նկարիչ Գեորգի Յակուլովին»։ 1970 թ․ տպագրվել է Ջոտտոյի «Իմ Եսենինը» ռուսերեն ակնարկը․ «Ես նրան բազմիցս եմ հանդիպել։ Դա քսանական թվականներին էր, երբ ես երիտասարդ էի, ինչպես և նա, ու անրջում էի նրա բանաստեղծություններով։ Մոսկվայում ես նրան տեսնում էի գրողների և նկարիչների երեկոյան աղմկոտ հավաքույթներին։ Լինելով պոռթկուն, փոփոխական, նրբագեղությունը նույնիսկ կոպտության ցավալի սաստկացումներում չկորցնող՝ նա ինձ համար դարձավ իր իսկ պոեզիայի մարմնացումը։ Եվ հենց այդ ժամանակ՝ Մոսկվայում, բոլորից աննկատ, ես մատիտով արեցի նրա դիմանկարը՝ փորձելով կռահել նրա հայացքի գաղտնիքը»։ Թեպետև նկարիչը մտերիմ չի եղել Եսենինի հետ,այդուհանդերձ նշել է․ «Սիրում էի նրան ամբողջ հոգով և, հիանալով նրանով, տեսնում էի, թե ինչպես է նա տանջվում ու հասկանում էի, թե ապրելը նրա համար որքան դժվար է։ ․․․Տարիների ընթացքում ես սկսեցի նրան մի փոքր այլ կերպ ընկալել, իմ կարծիքով՝ ավելի խորը։ Բայց ինչպես էլ լինի, իմ Եսենինը փոխվում էր ինձ հետ միասին՝ պահպանելով, սակայն, իր երիտասարդության հմայքը, որը ժամանակի ընթացքում, և դա, թերևս, բնական է, իմ աչքերում հատուկ փայլ ստացավ, ներկայացավ որպես նրա տաղանդի ուղեկիցը»։

Եսենինի  չորրորդ՝ ամենահայտնի դիմանկարը (1970) Ջոտտոն անվանել է բանաստեղծի մասին իր «երկարատև խորհրդածությունների հանրագումարը»․ «ես ուզում էի հաղորդել, թե ինչպես եմ նրան հասկանում հիմա և ինչով են ինձ համար թանկ նա, նրա մասին հիշողությունը և երիտասարդությունը՝ նրա ու իմ»։ Ռ․ Անղալադյանի բնորոշմամբ՝ այդ դիմանկարում «նկարիչը ինքնատիպորեն վերաիմաստավորել է մեծ ռուս բանաստեղծի կերպարը՝ դիտողին ձգվող նուրբ ճյուղը ձեռքին․ հանկարծ գիտակցում ես, որ այդ ճյուղը նրա ալեկոծվող քնարն է, թախիծը, երգը, խիղճը․․․»։Պատանեկան տարիներին Եսենինին հանդիպած քննադատ Ալեքսանդր Դիմշիցը այդ դիմանկարի մասին գրել է․ «Նկարչի ստեղծած կերպարը կենդանի ձևով հիշեցրեց ինձ բանաստեղծին՝ և՛ նրա հիանալի, նուրբ դիմագծերը, և՛ վայելուչ կազմվածքը, և՛ ճակատին փնջված վուշի գույնի մազերը։ Միայն թե, որքան հիշում եմ, աչքերն այդքան սև չէին»։

 

Yesenin

 

Եսենինի ստեղծագործության երկրպագու, լուգանսկաբնակ հավաքորդ Անատոլի Մալցևը պատմել է․ «Ես նկարիչ Գևորգ Գրիգորյանից խնդրեցի ինձ նվիրել 1970 թվականին նկարված Եսենինի դիմանկարներից մեկը։ Նա պատասխանեց հայերեն. «Դրանից բաժանվել չեմ ուզում, իսկ կրկնօրինակել՝ չեմ կարող»։ Այդժամ դիմեցի նրա կնոջը՝ Դիանա Ուկլեբային։ Նա ինձ համար նկարեց բանաստեղծի դիմանկարը և տարավ Մոսկվա՝ ցուցահանդեսի։ Այնտեղ դիմանկարն ուզում էին առնել լավ գնով, բայց նա բոլորին մերժեց, քանի որ ինձ էր խոստացել։ ․․․Եվ երբ հարցրի, թե որքան պետք է վճարեմ իր աշխատանքի համար, նա պատասխանեց. «Ի՜նչ եք ասում, Անատոլի Պետրովիչ, սա իմ նվերն է Ձեզ»։ Այդքան հիասքանչ և առատաձեռն անձնավորություն էր Դիանա Ուկլեբան»։ 2020 թվականից նկարը պահվում է Լուգանսկի գեղարվեստի թանգարանում։

 

Yesenin

 

Բանաստեղծի կյանքի վերջում գրված «Պարսկական մոտիվներ» շարքի համար առանցքային կերպար հանդիսացավ չքնաղագեղ ուսուցչուհի Շահանե Տալյանը։ Նրանց մտերմության մասին շատ է գրվել, այդ թվում՝ հենց Տալյանի կողմից։ Նրանց հանդիպումները Բաթումում ռուս բանաստեղծի համար ոգեշնչման աղբյուր էին, իր հայուհի մուսային նա անդրադարձել է առանձնահատուկ գուրգուրանքով ու քնքշությամբ։ Բացի այդ՝ նա հիշատակել է «Վանա ջրի շիթերը», քանի որ լավ ծանոթ էր և հաճախ էր կարդում Բրյուսովի կազմած հայ պոեզիայի անթոլոգիան։ Տալյանի հուշերի համաձայն՝ ռուս բանաստեղծն անհամբեր սպասել է Բաթումում Եղիշե Չարենցի հետ հանդիպմանը, ինչը, սակայն, իրագործել չի հաջողվել։

 

Shahane Talyan

 

Եսենինի մուտքը հայ գրական իրականություն վաղ է տեղի ունեցել։ Դեռ 1915 թ․ սեպտեմբերին, հայկական պոեզիայի անթոլոգիայի հարցով հանդիպելով Մաքսիմ Գորկուն, Վահան Տերյանը նրա հետ խոսել է նաև քսանամյա Եսենինի մասին։ Ըստ Դմ․ Սեմյոնովսկու հուշերի՝ «Տերյանը պատմում էր , որ Պետրոգրադի գրական սալոններում հայտնվել է մի տաղանդավոր գյուղացիական բանաստեղծ․ դեռ բոլորովին պատանի, նա վառ, պատկերավոր բանաստեղծություններով իր վրա է գրավել ընդհանուրի ուշադրությունը»։ 

Զարմանալի համընկնումներ են լինում ոչ միայն կյանքում, այլև գրականության մեջ։ Տերյանի ու Եսենինի կենսագրական և ստեղծագործական նմանությունները բազում են, սակայն ռուս բանաստեղծը երբևէ չի գրել, թե ինքը Ռուսաստանի վերջին պոետն է։ Փոխարենը՝ երազում տեսնելով Եսենինին՝ Նինա Բերբերովան ստեղծել է տերյանական հայտնի քերթվածը հիշեցնող «Ռուսաստանի վերջին պոետը» բանաստեղծությունը։

Առաջին անգամ Եսենինի բանաստեղծությունը հայերեն փոխադրել է Չարենցը՝ 1923 թ․։ Եսենին-Չարենց քիչ հայտնի կամ տակավին չուսումնասիրված առնչություններն այնքան շատ են, որ դրանց հարկ է անդրադառնալ առանձին հոդվածով։ Նշենք միայն, որ մարդկային ըմբոստ, հախուռն խառնվածքով ու բանաստեղծական ինտոնացիայով Չարենցը շատ մոտ է Եսենինին, ընդհանուր առմամբ թերևս ավելի, քան նույնիսկ Մայակովսկուն։

Եսենինի՝ հարյուր տարի առաջ պատահած ողբերգական մահը յուրօրինակ ջրբաժան դարձավ խորհրդային նորարարական, ազատ գրական հոսանքների շիջման ու ստալինյան տարիների հեղձուցիչ գրական մթնոլորտի ձևավորման միջև։ Եսենինի «ինքնասպանությունը» ցնցեց Չարենցին, որը մի պահ դա սոսկ չար կատակ համարեց․ նրա համար ևս սկսվեց ողբերգական մի փուլ․․․

 

Ռուս բանաստեղծի գործերը 1920-ականներին հայերեն է թարգմանել նաև Կոնստանտին Կրասիլնիկյանը։ Հետագայում փայլուն թարգմանություններ են կատարել Վահագն Դավթյանը և Պարույր Սևակը։ Վերջինս թարգմանել է նաև Եսենինի արտասովոր, առեղծվածային պոեմներից «Ինոնիան», որում ըմբոստ բանաստեղծը նկարագրում է Աստծու հետ մարդու նոր փոխհարաբերությունները․

 

Ես, որպես մի հավ, որ պիտի ածի,

Այսօր ածել եմ բառի ոսկե ձու։

Իմ առաձգական ձեռքերով այսօր

Պատրաստ եմ շուռ տալ աշխարհն այս թեթև․․․

 

Վահագն Դավթյանը պատմում է, որ իր սենյակում տեսնելով Եսենինի դիմանկարը՝ Վիլյամ Սարոյանը հետաքրքրվել է նրանով ու լսելով «Շան մասին երգի» սյուժեն՝ եզրակացրել է․

-Վա՜խ. վա՜խ... Ի՜նչ մեղք... Ուրեմն Եսենին ալ մեծ բանաստեղծ է, որովհետև մեծ գութ ունի...

 

Ծանր փորձությունների տարիներին Եսենինի պոեզիան, չնայած արգելքներին, հոգևոր նեցուկ էր մարդկանց համար։ Վառլամ Շալամովն իր «Կոլիմյան պատմվածքներում» նշում է, որ հանցավոր աշխարհում Եսենինն ընդունված ու սրբացված միակ բանաստեղծն էր։ Իսկ Վահագն Դավթյանի կյանքը ռազմաճակատում փրկել է Եսենին արտասանող սպա Միշուլինը («Մայրի՛կ, աղոթիր կրտսեր լեյտենանտ Անատոլի Միշուլինի հոգու համար»)։ Եսենինն աշխարհում ամենաշատ թարգմանված ռուս բանաստեղծն է (150 լեզվից ավելի)։ Այլ հարց է, որ այսօր նա առավելապես հայտնի է իր քնարական բանաստեղծությունների շարքերով ու ըստ էության ծանոթ չէ ընթերցողին իր ստեղծագործական հետաքրքրությունների ամբողջ ընգրկմամբ և թեմատիկ ու ոճական բազմազանությամբ։ Ինչ խոսք՝ հիմա բոլորովին այլ ժամանակներ են, բայց Իոսիֆ Բրոդսկու իմաստուն բանաձևմամբ՝ «պոետները միշտ վերադառնում են՝ մարմին առած կամ թղթի վրա»․․․

 

 

Աշոտ Գրիգորյան

 

Պատկերներ․

1․ Գ․ Յակուլովը, Ա․ Մարիենգոֆը և Ս․ Եսենինը Մոսկվայում՝ 1919 թ․

2․ Եսենինը և Ալեքսանդր Կուսիկովը, 1919 թ․

3․ Գ․ Յակուլով, «Եսենինի պատկերը» 

4․ Գ․ Յակուլով, «Եսենինի դիմանկարը», 1921-1922 

5․ Կ․ Ալաջալով, «Եսենինի դիմանկարը», 1920

6․ Գևորգ Գրիգորյան (Ջոտտո), «Սերգեյ Եսենին», 1970

7․ Դ․ Ուկլեբա, «Եսենինի դիմանկարը», 1988 

 8. Եսենինի մակագրությունը Շահանե Տալյանին

Դիտումներ: 114

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։