Սրտին մոտ

16:15 30.05.2026 · Գրական · Հովիկ Աֆյան
Կիսվել:

Վստահ եմ, որ առաջինը գնալու է աղջիկը: Այնպես, ինչպես վստահ եմ, որ հագիս շապիկը թանաքագույն է, կամ որ հենց հիմա անձրև չի գալիս, և տղան, որ նստած է աղջկա դիմաց՝ «Հրեշտակ» կոչվող սրճարանում, հանելու է սիգարետի տուփը մուգ կապույտ, թեթև անձրևանոցի ծոցագրպանից, ապա անձրևանոցն է հանելու, որ ամեն դեպքում հագել է անձրևից ապահովագրվելով, կամ դրա հույսով, և թքած ունենալով, որ նույնիսկ բացօթյա սրճարաններում ծխել չի կարելի, նայելու է հեռացող աղջկա հետևից:

 

Սիրում եմ մենակ սրճարան գնալ. այդպես ոչ ոք չի հեռանում քո սեղանի մոտից, դու հեռացող չես: Մի աթոռ ունեմ՝ աշխատավայրումս, որ ընկերոջս հետ եմ բերել մեր հին գրասենյակից: Բերել ենք ոտքով, հրապարակով, երևի մի հինգ տարի առաջ: Այդ աթոռին նստած եմ՝ չեմ էլ հիշում՝ քանի տարի, բայց հիշում եմ, ովքեր են եկել, նստել կողքիս ու գնացել: Գնացողներ կան: Գրեթե բոլորը՝ անկախ սեռից, աչքերի գույնից, մնալու ցանկությունից:

 

Հաստատ երեսունն անց են: Աղջիկը՝ վստահ չեմ, բայց ապրած է, ամեն դեպքում սրճարանի սեղանին նրա մատների շարժումը հիշեցնում է Էրիկ Սատիեի համար 3-ը: Համոզված եմ, որ հենց դա է նվագում, այնպես, ինչպես վստահ եմ, որ հագիս շապիկը թանաքագույն է, երանի նարնջագույն լիներ: Ի դեպ, ինչո՞ւ չունեմ... Պետք է ուղղել սխալս, մանավանդ որ եկող մարդիկ հաճախ չեն հասնում աչքերիդ՝ մինչև կհեռանան. այդքան ժամանակ չունեն ու հավես, այդքան ժամանակ ու հավես առհասարակ չկա, իսկ նարնջագույնը կարող է լրացուցիչ ժամանակ տալ, ինչպես ֆուտբոլում է լինում, երբ խաղացողները վնասվածքներ են ստանում, նրանց փոխարինում են, ու հաճախ այդ լրացուցիչ ժամանակները ճակատագրական են լինում:

 

Ես չեմ ուզում տեսնել այն մարդկանց, որոնք նստել են կողքիս ու գնացել են: Ես ուզում եմ տեսնել այն վայրերը, որտեղ մենք նստել ենք: Այս սրճարանում ես նստել եմ ընկերոջս հետ: Հիմա նա ճոճաթոռ ունի՝ քաղաքի ամենաբարձրահարկ շենքերից մեկի տանիքում: Ճոճաթոռ և քաղցկեղ: Գիշեր-ցերեկ: Եւ գույնզգույն պանամկա:

 

Աղջիկն անցավ Սատիեի համար 4-ին: Շապիկս թանաքագույն է ու ձախ մասում գրպան ունի: Բայց ինչ-որ ամպեր են գալիս, մի՞թե անձրև: Գրպանը ես անվանում եմ՝ «սրտին մոտ»:

 

Երբ հայրս գնաց, ինձ զանգեցին ու ասացին՝ «Արի»: Նկատի չունեին՝ «Խիզախ», կամ գուցե ունեին: Մտածում եմ՝ ինչ հետաքրքիր է, երբ դուք հեռու եք, ու նա գնում է, դու էլ ես գնում: Նույնիսկ, երբ հենց կողքիդ է ու գնում է, դու էլ ես գնում՝ դուրս, որ ոչ ոք չտեսնի, թե ինչ ես  անում...

 

Հետո ավելի սովորական սկսեցի տանել նրանց գնալը: Չգրեցի հեռացողների անուններն ու չպահեցի այդ թղթի կտորները թանաքագույն շապիկիս գրպանում: Եթե ինձ համար Էրիկ Սատիե համար 1 նվագող հայրս կարող է գնալ, մյուսներն ինչո՞ւ նույնը չեն կարող անել: Ես էլ եմ անելու: Երբեք չեմ արել: Երբեք չեմ սիրել «երբեք» բառը ու մանավանդ դրանից հետո լսվող ոտնաձայները՝ եկող-գնացող:

 

Աղջիկը նայում է ամեն տեղ, բայց ոչ տղային: Տղան կախել է գլուխը: Ի՞նչ է փնտրում գետնին: Ինքն իրե՞ն: Հեռու են. մի ամբողջ երկու սեղան: Իրարի՛ց:

 

Մոտ բարեկամներս էլ գնացին: Շատերն անվերադարձ: Ոմանց դեռ զանգում եմ, գրում, սրտիկում, և իրենք են նույնն անում: Չգիտեմ՝ ինչո՞ւ ենք այդպես անում: Երևի որովհետև հիշում ենք, ամեն դեպքում ոչինչ չկա այսօր ու հազիվ թե ինչ-որ բան լինի վաղը: Բայց միայն անցյալը բավարա՞ր է օվկիանոս կտրող սիրո դրսևորումների համար, գուցե մարդիկ ոչ թե քեզ, այլ իրենք իրե՞նց են հիշում, երբ դեռ չէին գնացել: Հաստատ այդպես է, հակառակ դեպքում՝ ինչո՞ւ պետք է սրտիկեին: Բայց ինքնահիշողությունն էլ հրաշալի բան է, որպես կանոն՝ առաջ մղող: Չգիտեմ: Ես առհասարակ ոչինչ չգիտեմ, քանի որ կարծես անձրև է գալիս, իսկ դա առնվազն նշանակում է, որ տղան չի հանելու անձրևանոցը, երբ աղջիկը գնա, բայց աղջիկը... Չէ, սա Սատիե չէ, հաստատ Սատիե չէ, չգիտեմ ինչ է:

 

Մենակ մարդիկ չէ, որ գնում են: Տներն էլ են գնում: Հայրակա՛ն: Ապրում-ապրում ես, մեկ էլ գնում են: Լինում են ավելի դաժան դեպքեր, երբ գնում են ոչ թե օդանավով, որ մի պահ նայես ու կորչեն ամպերի մեջ, այլ մեքենայով, որ երկար նայես հետևներից: Սուտ է, որ դու ես հեռանում՝ իրենց թողնելով ճանապարհի այն կողմում. իրենք են գնում, ասում են. «Չկարողացար պահել ինձ» ու գնում են: Եթե տնիցդ հեռացողը դու լինեիր, երբեք չէիր հիշի նրան, իսկ ինքը վաղուց արդեն ջնջել է պատերից երեխաներիդ խզբզանքը, նոր վարագույրներ է կախել, անգամ հեռախոսահամարն ու իհարկե բանալին է փոխել, և այս ամենը՝ մեկ օրում: Ո՞վ ես դու տանդ համար, նրա առաջ: Մեկ օր: Մեկ հայր, մեկ ընկեր, մեկ աղջիկ, տղա: Ծանր բեռ: Ջնջված սրտիկով անցյալ: Հայտնված-կորած լուսանկար:

 

Երբ նստած եմ լինում սրճարանում, ավելի շատ նայում եմ գնացողներին, քան եկողներին: Երկուսին էլ հարց ունեմ՝ ինչո՞ւ, բայց գնացողներից նաև սովորելու բան ունեմ:

 

Տղան ոտքի է կանգնում: Չի կարող պատահել: Նա փակում է հաշիվն ու պատրաստվում է հեռանալ: Ես նայում եմ նրան: Աղջիկը նայում է ամեն տեղ, բայց ոչ տղային: Տղան հետ չի նայում: Նա ամենևին հետ չի նայում, բայց նա հանում է անձրևանոցը՝ հենց քայլելիս: Հետո նորից է հագնում, հետո նորից է հանում: Տղան չգիտի՝ ինչ է անում: Հետո կորչում է՝ նախ մարդկանց մեջ, ապա նրանցից: Չնայած՝ այս վերջինը չեմ պնդում: Ես էլ ոչինչ չեմ պնդում: Ի՞նչ գիտեմ. հետո գուցե անձրև գա, կամ չգա:

 

Աղջիկը գետնին է նայում: Բայց միայն մի պահ, հետո նորից շուրջբոլորը: Գալիս են, գնում են: Ես աղջկան եմ նայում, ես հարազատ եմ գտել, մնացո՛ղ, ես չգիտեմ, թե նա որքան օտար է ինձ: Աղջիկն սկսում է ժպտալ: Նա սուրճ է խմում: Կանչում է մատուցողին ու ինքն իր համար սուրճ է պատվիրում: Բաժակը կանաչ է, անթափանց: Հանկարծ մի միտք է ծագում: Իսկ եթե մոտենա՞մ, հենց այդպես, վերցնեմ բաժակս ու մոտենամ նրա սեղանին: Բայց՝ ինչ ասեմ, ո՞վ եմ, ի՞նչ եմ ուզում, կարո՞ղ եմ ուզել... Անկարևոր բաներ: Իմ սեղանն անձրևի տակ է, նրանը՝ ծածկի, մտածեցի՝ գամ, որ չթրջվեմ: Բայց մոտեցա ու լրիվ ուրիշ բան ասացի.

 

-Բավականին տհաճ բան է անձրևաջուր խմելը, մանավանդ սուրճի փոխարեն:

Նայեց: Ինչպես՝ գետնին, միայն մեկ պահ:

Ես նստեցի.

-Մենք ընդհանրություն ունենք,-ցինիկացա,-երկուսս էլ գնացող չենք:

Նույնիսկ չնայեց:

-Սիրում եմ այս սրճարանը,-ես էլ շուրջբոլորս նայեցի՝ գուցե կողմնակի օգնություն փնտրելով:

Նայեց: Էլի մի պահ: Հետո կում արեց սուրճից՝ բաժակն իրեն մոտեցնելով, ապա իրանն առաջ բերեց ու աչքերիս մեջ նայելով՝ ասաց.

-Բայց ես այնքան սիրուն սուրճ եմ խմում, մի՛ խանգարեք:

Ես ոտքի կանգնեցի, ինչպես Լատիեի համերգի վերջում են հավանաբար ոտքի կանգնել՝ բուռն ծափահարությունների համար: Բայց ես չծափահարեցի: Ուղղակի գնացի, ասացի՝ «Շնորհակալություն»՝ երևի միայն ես գիտեմ, թե ինչի համար ու գնացի:

 

Հիմա ես անցնում եմ մարդկանց միջով, նրանց կողքին, ու միայն մեկ բան գիտեմ, որ շապիկս թանաքագույն է ու «սրտին մոտ» գրպան ունի և այն դատարկ է:

 

 

Հովիկ Աֆյան 

Դիտումներ: 4

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։