Ստաս Նամին` մեկ քայլ առաջ մյուսներից
Հիրավի արտակարգ կարողությունների տեր է Ստաս Նամինը․ նա հաջողության ու ճանաչման է հասել մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում՝ հանդես գալով որպես երաժիշտ, երգահան, պրոդյուսեր, նկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, դասախոս, գրող, ճանապարհորդ, բարեգործ, հասարակական գործիչ և գործարար (և սա դեռ ամբողջը չէ)։ Ընդ որում, երաժշտության մեջ նվաճել է աննախընթաց բարձունքներ՝ դառնալով խորհրդային ռոքի հիմնադիրներից ու առանցքային դեմքերից մեկը։ Հայրենական և արտասահմանյան մամուլը նրան անվանել է երիտասարդության կուռք, իսկ նրա խումբը՝ «խորհրդային Բիթլզ»․ չնայած արգելքներին ու հետապնդումներին՝ այն տարբեր տվյալներով վաճառել է շուրջ 40 միլիոն ձայնասկավառակ ու դարձել առաջին խորհրդային ռոք-խումբը, որ համաշխարհային հյուրախաղեր ունեցավ՝ հանդես գալով ԱՄՆ-ում, Բրիտանիայում, Ճապոնիայում, Ավստրալիայում և այլուր։ Ինքը՝ Նամինը կազմակերպեց երաժշտական փառատոներ, որոնցից երկուսն արտասահմանյան մամուլը համեմատեց նշանավոր «Վուդստոկի» հետ։ Լինելով մեղեդային ռոքի աստղ՝ Նամինը նախընտրում է ոչ թե սոսկ զվարճացնել իր ունկնդրին ու հանդիսատեսին, այլ իր ստեղծագործությամբ աշխարհին փոխանցել դավանած հումանիստական գաղափարները՝ սիրո, բարության ու ազատության վերաբերյալ։ Այնպես ստացվեց, որ Նամինի խումբը խորհրդային ռոքում միշտ մեկ քայլ առաջ էր մյուսներից․ առաջինը թողարկեց փոքր ու երկարանվագ ձայնասկավառակներ, առաջինը նկարահանեց երաժշտական տեսահոլովակ, առաջինը մեկնեց համաշխարհային շրջագայության և այլն։
Ստաս Նամինը (իսկական անունը՝ Անաստաս Միկոյան) ծնվել է 1951 թվականին՝ Մոսկվայում։ Նա խորհրդային քաղաքական և կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի թոռն է, ռազմական օդաչու Ալեքսեյ Միկոյանի և երաժշտագետ, գրող Նամի Միկոյանի (Գեուրկովա) որդին։ Միկոյանների տոհմը սերում է Արցախից, նրանց նախնյաց ազգանունը Սարգսյան էր։
Վաղ տարիքում Ստասը հրապուրվել է «The Beatles» խմբի երաժշտությամբ ու թերևս չցանկանալով ստվեր գցել հայտնի պապի վրա, շատ սիրելի մոր ազգանունից կազմել է ստեղծագործական կեղծանուն։ Հպարտությամբ է պատմում, որ երաժշտական առաջին դասերն առել է Առնո Բաբաջանյանից։ Չնայած պապի զբաղեցրած բարձր պաշտոններին՝ Ստասն իր կյանքում շատ դժվարությունների ու խոչընդոտների է հանդիպել։ Սուվորովի անվան ռազմական դպրոցում սովորելու տարիներին նա ստեղծել է «Չարոդեի» ռոք խումբը (1964), որն առաջիններից մեկն էր ԽՍՀՄ-ում։ Սակայն լայն ճանաչում Նամինը ստացավ 1969 թ․ նոյեմբերին իր կողմից ստեղծված «Ցվետի» (Ծաղիկներ) խմբի կազմում։ Նամինից (սոլո կիթառ) բացի՝ այնտեղ 1970-ականների սկզբին նվագում էին Ալեքսանդր Լոսևը (բաս, վոկալ), Յուրի Ֆոկինը (հարվածայիններ) և Իգոր Սաուլսկին (ստեղնայիններ), ինչպես նաև փողայինների խումբ (սաքսոֆոնահարն Ալեքսեյ Կոզլովն էր)։ «Ցվետին» դարձավ ուսանողական փառատոնի դափնեկիր, ինչի արդյունքում երկու այլ խմբերի հետ 1972 թ․ ձայնագրեց ԽՍՀՄ-ում առաջին ճկուն ռոք ձայնապնակը, որը վաճառվեց 7 միլիոն օրինակով։ Չնայած ընդհատակյա կարգավիճակին և տարբեր սահմանափակումներին, խումբը ձեռք բերեց համամիութենական ճանաչում․ չունենալով ոչ մի լիարժեք ալբոմ, երբևէ չհնչելով ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, այն օրական հանդես էր գալիս երեք մարզադաշտում, իսկ երկրպագուներն ամենուր հետապնդում էին երաժիշտներին։
1974 թվականին խումբը ներգրավվեց Մոսկվայի շրջանային ֆիլհարմոնիայի կազմում՝ այդպիսով ստանալով ակտիվորեն շրջագայելու հնարավորություն։ Պետությունը վիթխարի եկամուտներ էր ստանում նրանց համերգներից, այդուհանդերձ 1975 թվականին Մշակույթի նախարարության հրամանագրով խումբը լուծարվեց և նրա անունն իսկ արգելվեց, քանի որ խորհրդային իշխանություններն այն կապում էին հիպիների՝ «ծաղիկների երեխաների» գաղափարախոսության հետ։ Երկամյա հարկադիր ընդմիջումից հետո Նամինը վերակազմակերպեց խումբը՝ արդեն որպես «Ստաս Նամինի խումբ»։
1980 թ․ թողարկված նրանց առաջին երկարանվագ ձայնապնակը՝ «Հիմն արևին», այսօր էլ ամենևին չհնացած, հոյակապ մի աշխատանք է։ Այն իր հիպիական ոգով, ազատ երաժշտական մտածողությամբ շեշտակիորեն տարբերվում էր պաշտոնապես ընդունված էստրադայից, ուստի բազմիցս վերաթողարկվեց ու իր միլիոնից ավելի տպաքանակով մեկընդմիշտ գրանցվեց «ամենաշատ վաճառվող խորհրդային կատարողների ալբոմների հարյուրյակում»։ Անշուշտ, ալբոմն ուներ նաև նկատելի հայկական ոգեշնչում՝ արևին նվիրված հիմնից մինչև Պարույր Սևակի (Նամինը ծանոթ է եղել նրա հետ) խոսքերով գրված «Որտեղ է ապրում քամին» երգը։ Ալբոմում հնչում էր Իգոր Սարուխանովի կիթառն ու վոկալը, իսկ շապիկի՝ հիպիական ոճավորմամբ ձևավորումը նկարիչ Պավել Շեգերյանինն էր, որի հետ Նամինը շարունակեց համագործակցել։ Արդարև, Նամինին հաջողվեց լավագույնս ինքնադրսևորվել մի բացառիկ ենթաժանրում, որ պայմանականորեն կարելի է անվանել երգ-մաղթանք կամ երգ-աղոթք․ ընդ որում՝ այդ ենթաժանրի «Հիմն արևին», «Սիրո և խաղաղության մասին», «Մենք երջանկություն ենք ձեզ մաղթում», «Լույս և բերկրանք», «Հրեշտակի խոստովանությունը» և այլ երգեր Նամինը գրել է տարբեր տարիների։
Խմբի հնչողության ու գործիքավորումների վրա որոշիչ ազդեցություն ունեցան «The Beatles»-ին հատուկ բազմաձայնությունը, մեղեդայնությունը և սիրո ու ազատության մթնոլորտը։ Նրանց անմոռաց, ցանկացած իրադրությունում լսվող երգերից են քնարական և ռոմանտիկ ազդու երանգներ պարունակող «Վաղ է հրաժեշտ տալ», «Ամառային երեկո», «Կարոտախտ ներկայի հանդեպ», «Բախն է արարում», ինչպես նաև այլ հեղինակների «Իմ պայծառ աստղիկ», «Օրորոցային», «Անձրևից հետո» և ուրիշ երգեր․․․ Քաջ հայտնի էին նաև նրանց կենսուրախ երգերը՝ «Հին դաշնամուրը», «Ես միայն ռոք-ն-ռոլ եմ սիրում», «Ճիշտն ասած», «Ասա ինձ «այո»», «Յուրմալա» և այլն։
Խումբը ձայնագրեց ևս երկու փորձարարական ալբոմ, որոնցից վերջինը՝ ֆրանսալեզու սիմֆո ջազային «Անակնկալը մսյո Լեգրանի համար» յուրատեսակ ձայնային նամակ էր՝ ուղղված կոմպոզիտոր Միշել Լեգրանին։
Հետագայում «Իտոգի» հանդեսը գրել է, որ այս խմբից սկսվեց «ամբողջ հայրենական ֆորմատից դուրս երաժշտությունը»։ Նրանց երգերում շոշափվում են տարբեր թեմաներ, որոնք առնչվում են սիրուն, քաղաքականությանը, փիլիսոփայությանն ու կյանքին։ Համերգների ժամանակ կատարելով երկրորդական դեր (չնայած լավ կիթառ է նվագում)՝ Նամինը նախընտրում է իր շուրջը հավաքել լավագույն երաժիշտներին ու ապահովել բարձրակարգ կատարում և հնչողություն։ Խմբի կազմում են իրենց երաժշտական կարիերան սկսել ռոք և փոփ երաժշտության այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են երգիչներ Կոնստանտին Նիկոլսկին, Իգոր Սարուխանովը, Ալեքսանդր Մալինինը, Ալեքսանդր Մարշալը, կիթառահար Ալիկ Միկոյանը, հարվածող Սերգեյ Գրիգորյանը և ուրիշներ։ Խմբի հետ համագործակցել են երգիչներ Նիկոլայ Արությունովը, Լարիսա Դոլինան, ալտահար Յուրի Բաշմետը, բասիստ Վլադիմիր Մատեցկին։ Նամինի հետ սիտար-դուդուկ դուետով հանդես է եկել Ջիվան Գասպարյանը։
Նամինը նախաձեռնեց «Երևան-81» հիշարժան փոփ-ռոք երաժշտության փառատոնը, որին նա մասնակցեց իր խմբի հետ (այդ ժամանակ նրանք հանդես էին գալիս Հայհամերգի կազմում)։ Փառատոնը ձգվեց կեսօրից մինչև գիշերվա ժամը 2-ը և ունեցավ մեծ հաջողություն, իսկ «Թայմս» ամսագիրն այն անվանեց «Երևանի Վուդստոկ»: Արդյունքում Նամինը ենթարկվեց տեղական ՊԱԿ-ի հետապնդումներին, իր խմբի հետ վտարվեց Հայաստանից, իսկ նրա անձնագիրն առգրավվեց:
Դրանից հետո ԽՍՀՄ կինոկոմիտեի սցենարառեժիսորական դասընթացների մասնակից Նամինը նկարահանեց առաջին խորհրդային տեսահոլովակը՝ «Հին Նոր տարին», որն անմիջապես արգելվեց։ Խումբն ավելի ու ավելի էր հրապուրվում կոշտ հնչողությամբ սոցիալական ռոքով, ուստի պաշտոնական ատյաններն արգելում էին նոր երգերի կատարումն ու հեռարձակումը։ Ստաս Նամինի խմբի համար շրջադարձային պահը մասնակցությունն էր Մոսկվայի Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնին, որտեղ նրանք առաջին անգամ կատարեցին նախկինում արգելված «Մենք երջանկություն ենք ձեզ մաղթում» երգը։ Այդպես վերնագրվեց խմբի 1986 թ․ կրկնակի ալբոմը, որի ձայնագրությանը մասնակցեցին Միշել Լեգրանը, Դին Ռիդը և ուրիշներ։ Նույն թվականին խումբը վերջապես թույլտվություն ստացավ շրջագայել արտասահմանում։
Աստիճանաբար անցնելով պրոդյուսերական գործունեության՝ 1987 թ․ հունվարին Նամինը հիմնադրեց ԽՍՀՄ-ում առաջին անկախ պրոդյուսերական ընկերությունը՝ Ստաս Նամինի կենտրոնը (SNC), որին կից բացվեցին երկրում առաջին անկախ ռադիո և հեռուստակայանները, ձայնագրման ստուդիան, համերգային գործակալությունը և այլն։ Կենտրոնի կազմում էին աշխատում «Բրիգադա Էս», «Ռոնդո», «Կորոզիա մետալա», «Ցենտր», «Կալինով մոստ» խմբերը, Սերգեյ Մանուկյանը և շուրջ ութ տասնյակ այլ խմբեր ու կատարողներ։ Նամինի ստեղծած Gorky Park անգլալեզու խումբը լուրջ հաջողության հասավ Արևմուտքում։
1989 թ․ մոսկովյան Լուժնիկի ստադիոնում կայացավ երկրի խոշորագույն ռոք փառատոնը՝ համաշխարհային աստղերի (Bon Jovi, Scorpions, Օզզի Օսբորն և այլք) մասնակցությամբ։ Նրանց կողքին ելույթ էին ունենում ռուսական խմբերը, այդ թվում՝ Gorky Park-ը։ 59 երկրների միլիոնավոր հեռուստադիտողներ կարողացան հետևել համերգին։ Երկու օր շարունակ սերն ու խաղաղությանը գովերգող փառատոնը հետագայում հայտնի դարձավ որպես «ռուսական Վուդստոկ»։ Փառատոնից տպավորված Scorpions խումբը ստեղծեց վերակառուցման ժամանակների խորհրդանիշը հանդիսացող «Փոփոխությունների քամին» երգը, որը ռուսերեն թարգմանեց Նամինը։
Նամինը ծանոթ է համաշխարհային և ռուսական ռոքի մեծագույն աստղերին, նրանցից շատերը (The Rolling Stones, Բրայան Մեյ և այլն) հյուրընկալվել են Նամինին ու նրա ընկերներին պատկանող մոսկովյան հայտնի ակումբ-ռեստորանում։ 2019 թ․ խմբի 50-ամյակին նվիրված համերգին Նամինի երգերը նրանց հետ կատարեցին Ալլա Պուգաչովան, Ժաննա Ագուզարովան, Մարկո Մենդոսան, Գարիկ Սուկաչովը և ուրիշներ։
Սպիտակի երկրաշարժից հետո Նամինը և նրա մայրը՝ Նամի Միկոյանը, հիմնադրեցին «Հայաստանի երեխաներ» հիմնադրամը։ Նամինի կենտրոնը կազմակերպեց բարեգործական համերգ և Ռուսաստանում թողարկեց «Ռոքն օգնում է Հայաստանին» ալբոմը։ 1992 թ․՝ կրկին մոր հետ Կրեմլյան դահլիճում կազմակերպեց «Խաղաղություն Ղարաբաղին» բարեգործական համերգը։
1990 թվականին Ստաս Նամինի կենտրոնը հիմնադրեց «Մեկ աշխարհ» հասարակական շարժումը, որի նպատակն է «հաղթահարել մոլորակի մարդկանց ազգային, սոցիալական և կրոնական մեկուսացվածությունը և գտնել իրական համաշխարհային միասնությանը և մարդկանց եղբայրությանը հասնելու ուղիներ»։
Միաժամանակ՝ Նամինը 1991-1992 թվականներին հետաքրքրվեց օդագնացությամբ, ստեղծեց բիթլների «Դեղին սուզանավի» տեսքով իր սեփական օդապարիկը և Կարմիր հրապարակում կազմակերպեց առաջին օդապարիկների փառատոնը Ռուսաստանում: Դրանից հետո Նամինը Թուր Հեյերդալի ու Յուրի Սենկևիչի հետ կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն։
Երեք բուհերում ուսանած Նամինը նաև լրջորեն հետաքրքրվում է աստղաֆիզիկայով (ծանոթ է եղել Սթիվ Հոքինգի հետ) և կոսմիզմով։ Ստեղծել է վավերագրական ֆիլմեր՝ «Զրույց Էռնստ Նեիզվեստնիի հետ», «Օհան Դուրյան. Խորը զգացմունքների մասնագիտություն», «Հայաստանի հինավուրց տաճարները», «Free to Rock» և այլն:
Ունեցել է մի շարք լուսանկարչական և գեղանկարչական ցուցահանդեսներ, կազմակերպել է մշակույթի փառատոներ, հիմնադրել է Ռուսաստանում առաջին ոչ կառավարական սիմֆոնիկ նվագախումբը, որի դիրիժորներից է եղել Օհան Դուրյանը։ Ծանոթանալով Դուրյանի՝ սիմֆոնիաներ գրելու համակարգին՝ Նամինը ստեղծեց «Centuria S-Quark» սիմֆոնիան, որը ձայնագրեց Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը։

1999-ին «Ցվետին» վերսկսեց ակտիվ ստեղծագործական գործունեությունը, թողարկեց մի քանի նոր ալբոմներ, որոնցից երկուսը ձայնագրեց Լոնդոնի լեգենդար «Abbey Road» ստուդիայում։ 2021 թ․ լույս տեսած «Թռչե՛լ» ալբոմը բաղկացած էր միմիայն Նամինի գրած երգերից։
Նամինն իր հիմնած Մոսկվայի երաժշտության ու դրամայի թատրոնում (Նամինի թատրոն) բեմադրել է մի շարք ներկայացումներ, այդ թվում՝ «Մազեր» մյուզիքլը, «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք օպերան, «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությունը՝ ըստ Սարոյանի։ Վերջինը 2016 թ․՝ Նամինի 65-ամյակի միջոցառումների շրջանակներում, մեծ հաջողությամբ ներկայացվեց Երևանում․ նկատելի էր, որ Նամինը բեմադրել է իրեն հոգեհարազատ հեղինակի, առանձնակի անմիջականություն հաղորդել պատումին ու առավել հայացրել այն։
«Ես հոգով հայ եմ դաստիարակվել»,- հարցազրույցներից մեկում ասել է Նամինը։ Իր նկարներում, ֆիլմերում ու ներկայացումներում նա անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը։ 2016 թ․ որդու՝ երիտասարդ կինոռեժիսոր Արտեմի հետ շրջագայեց հայրենիքում, ինչի արդյունքում ստեղվեց «Հայաստանի հինավուրց տաճարները» ֆիլմը․ «Այս ֆիլմը նկարահանել եմ որդուս՝ Արտեմի հետ 2016 թվականին՝ Հայաստան կատարած ուղևորության ժամանակ։ Մենք մեքենայով անցանք ավելի քան երկու հազար կիլոմետր՝ նկարահանելով հին հայկական եկեղեցիները, մարդկանց և բնությունը։ Իսկ հետո Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը պատասխանեց Հայաստանի պատմության, մշակույթի և ոգեղենության մասին իմ մի քանի հարցերին»։ Ֆիլմում ներկայացված են եզակի պատմական փաստաթղթեր ու ցուցանմուշներ, իսկ տեքստը կարդում է Չուլպան Խամատովան։ Ֆիլմը ներկայացվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնին։
44-օրյա պատերազմի օրերին Նամինը սոցցանցային գրառումներում ու հարցազրույցներում մի քանի անգամ անդրադարձավ արցախյան գոյապայքարին՝ հայ զինվորներին համեմատելով սպարտացիների հետ։
Վերջին տարիներին մարդկությանը ու մասնավորապես հայերիս պատուհասած պատերազմներից ու ողբերգություններից, որդու՝ Արտեմի չարանենգ սպանությունից ու մոր մահվանից հետո էլ անկոտրում Ստաս Նամինը շարունակում է ստեղծագործել, հանդես գալ նախագծերով, համերգներով ու ցուցահանդեսներով՝ չկորցնելով հավատը գեղեցիկի, բարության ու սիրո հաղթանակի հանդեպ։

Իր կյանքի որոշ մասը Հայաստանում անցկացնող ու ՀՀ քաղաքացիություն ստացած Ստաս Նամինի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ այս տարվա մայիսին Երևանում անցկացվեց հոբելյանական շաբաթ, որի շրջանակներում կայացան համերգներ, ներկայացումներ և գեղանկարի անհատական ցուցահանդես։ Վերջինս բաղկացած էր երեք հիմնական բաժիններից՝ «Իմ Հայաստանը», «Ռոք-ն-ռոլի արմատները» և «Ազատության դեմքեր», ինչպես նաև լուսանկարչական աշխատանքների շարքից։ Հատկանշական է, որ գեղանկարներն արված են ուշագրավ մաներայով ու տեխնիկայով, գրեթե լուսանկարչական ճշգրտությամբ, սակայն հաճախ՝ անսովոր գունավորմամբ ու մատուցմամբ։ Ինչպես և երաժշտության մեջ, այստեղ էլ Նամինը խուսափում է փոխզիջումներից, նախընտրում է նկարել այն, ինչ սիրում է, ինչը հոգեհարազատ է իրեն ու ազդել է իր անհատականության կազմավորման վրա, ոգեշնչել է՝ լինի դա հայրենի հողը, համաշխարհային ռոքի ու կինոյի լեգենդները, թե կանացի մարմնի գեղեցկությունը։ Հայկական նկարաշարում պատկերված են հինավուրց վանքերը, լեռները, տարազակիր կանայք, մոր և մանկան կերպարներ։ Ի թիվս այլ գործերի՝ Նամինի հայկական նկարաշարը ներկայացվել է Ռուսական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ), ապա՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայում (Մոսկվա) 2016-2017 թթ․ կայացած Բոբ Դիլանի հետ համատեղ ցուցահանդեսին։

Ավելի քան քառասուն տարվա ընդմիջումից հետո Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում ելույթ ունեցավ Նամինի խումբը։ Տարբեր տարիքի հանդեսատեսը ցնծում էր՝ ունկնդրելով խմբի հին ու նոր երգերը, ինչպես նաև «The Beatles»-ի ստեղծագործությունների վերակատարումները. դահլիճը հաճախ միանում ու ձայնակցում էր երաժիշտներին։ 57 տարեկան «Ցվետի»-ի համերգներն այժմ էլ գրավիչ են ու անակնկալներով լի, խումբն ունի վառ մենակատարներ, որոնք և՛ երգում են, և՛ պարտադիր որևէ գործիք նվագում։
Ինչ խոսք, ժամանակները փոխվում են, սակայն քանի դեռ այս խելահեղ աշխարհում մարդիկ շարունակում են հոգևոր ամոքման համար ապաստաններ որոնել՝ Ստաս Նամինի ստեղծագործական աշխարհը մխիթարության ու ջերմության անսպառ աղբյուր է հանդիսանալու նորանոր սերունդների համար․․․

Աշոտ Գրիգորյան
Լուսանկարները՝ հեղինակի
Պատկերներ․
1․ «Ֆրենկ Սինատրա», կտավ, յուղաներկ
2․ «Գմբեթավոր վանք» («Հաղպատի վանքի կամարները»), 2015, կտավ, յուղաներկ, 100x150 սմ
3․ «Սանահինի վանքը», 2015, կտավ, յուղաներկ, 76x150 սմ
4․ «Հայ աղջիկ», 2016, կտավ, յուղաներկ, 200x150 սմ
Դիտումներ: 138
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։