Terra Incognita
Ջրվեժի աղմուկն ավելի ու ավելի էր խլանում, վերջապես այն սսկվեց, և ահա մենք առաջ անցանք դեպի վայրի, անտառոտ, դեռ ոչ մեկի չուսումնասիրած շրջանը, քայլում, քայլում էինք վաղուց՝ առջևից Գրեգսոնն ու ես, մեր ետևից, իծաշարուկ, ութ բնիկ բեռնակիր, իսկ բոլորի ետևից՝ նվնվացող, ճամփի յուրաքանչյուր թզաչափի դեմ առարկող Կուկը։ Ես գիտեի, որ Գրեգսոնը հավաքագրել էր նրան ծանոթ որսորդի խորհրդով՝ Կուկը հավատացնում էր, որ պատրաստ է ամեն ինչի, միայն թե հալումաշ չլինի Զոնրակիում, որտեղ կես տարի «վոնգո» են եփում, իսկ մնացած կես տարին «վոնգոն»՝ խմում, բայց անհայտ մնաց, կամ էլ ես շատ բաներ սկսեցի մոռանալ, քանի դեռ մենք քայլում, քայլում էինք, - ով է նա։ Կուկը (միգուցե, փախստական նավաստի)։
Գրեգսոնը քայլում էր կողքովս, մկանուտ, բարձրասրուն, ոսկրոտ մերկ ծնկներով։ Նա երկար փայտիկի վրա դրոշի պես պահել էր կողովը: Բեռնակիրները, նույնպես Զոնրակիում հավաքագրած, դարչնագույն ողորկ մաշկով հաղթակազմ բադոնցիները, թավաբաշ, աչքերի արանքում կոբալտե զարդանկարով, ընթանում էին թեթև ու համաչափ քայլքով։ Բոլորի հետևում, կարմրահեր ու փքուն, կախ ընկած շուրթով, քարշ էր գալիս Կուկը, ձեռքերը գրպաններում, ոչնչով չբեռնավորված։ Ես աղոտ հիշում էի, որ արշավի սկզբում նա շատ էր բլբլում ու մթին կատակում, իր վարքով, լկտիության ու ստորաքարշության խառնուրդով նմանվելով շեքսպիրյան ծաղրածուի, բայց շուտով նա փսքեց, խոժոռվեց, դադարեց իր պարտավորությունները կատարել, որի մեջ էր մտնում իմիջիայլոց թարգմանչությունը, քանզի Գրեգսոնը դեռ վատ էր հասկանում բադոնյան բարբառը։
Հոգեմաշ տապը, թավշե տապը։ Հեղձուցիչ բուրում էին սադափե, օճառապղպջակների նմանվող, Valeria mirifica-ի ծաղկաբույլերը, նետված չորացած նեղլիկ հունի վրայով, որի վրայով մենք շրշյունով քայլում էինք։ Ծիրանակիր ծառի ճյուղերը, արջնատերև լիմիայի ճյուղերը հյուսվում էին մեր գլխավերևում, գոյավորելով թունել, աստ ու անդ հատված ծխացող շողով, բուսական թավուտում, ինչ-որ վառ կախ ընկած խոպոպների և արտասովոր մթին պալարների մեջ, շրխկացնում ու խռխռում էին մկնաբազեի պես ճերմակ կապիկները, և առկայծում էր բենգալյան կրակի պես թռչուն-գիսաստղը, զիլ ձայնիկով ճչացող։ Ես ասում էի ինքս ինձ, որ գլուխն իմ այսքան ծանր է երկար քայլելուց, տապից, խայտաբղետությունից ու անտառային աղմուկից, բայց ծածուկ գիտեի, որ հիվանդացել եմ, գլխի էի ընկնում, որ դա տեղական տենդ է, սակայն որոշեցի թաքցնել վիճակս Գրեգսոնից և առույգ, նույնիսկ զվարթ տեսք ընդունեցի, երբ պատահեց դժբախտությունը։
-Մեղքն իմն է,- ասաց Գրեգսոնը, - զուր ես նրա հետ կապվեցի։
Հիմա մենք մենակ էինք։ Կուկն ու ութ բնիկները՝ վրանով, ծալովի նավակով, մթերքներով, հավաքածուներով, լքել էին մեզ, անաղմուկ ծածկվելով, քանի դեռ մենք տնտղում էինք թավուտներում, որտեղ հավաքում էինք ամենահինալի միջատներին։ Ոնց որ թե, մենք փորձեցինք վրա հասնել փախստականներին, ես վատ եմ հիշում, համենայնդեպս մեզ դա չհաջողվեց։ Հարկ էր որոշել, արդյոք վերադառնանք Զոնրակի, թե շարունակենք մեր նախանշած ուղին դեռևս անհայտ տեղանքով դեպի Գուրանոյի բլուրները։ Անհայտը գերակշռեց։ Մենք առաջ անցանք, ես արդեն ամբողջովին դողացող, խինինից խլացած, բայց, այդուհանդերձ, անանուն բույսեր հավաքող, և Գրեգսոնը, լիովին հասկանալով մեր վիճակի վտանգավորությունն ու, այդուհանդերձ, նախկին ագահությամբ թիթեռ ու ճանճ որսացող։
Եվ ահա, չէինք հասցրել կես մղոն իսկ անցնել, երբ հանկարծ մեզ վրա հասավ Կուկը՝ նրա շապիկը պատառոտված էր, և թվում է`հենց ինքն էլ դիտավորյալ պատառոտել էր, նա խզզում էր, շնչահատվում։ Գրեգսոնը լուռ հանեց ատրճանակը և պատրաստվեց գնդակահարել սրիկային, բայց նա, փռվելով նրա ոտքերի մոտ և երկու ձեռքերով պաշտպանելով գլխագագաթը, սկսեց երդվել, որ բնիկները նրան բռնի տարան և ուզում էին իրեն ուտել. սուտ, բադոնցիները մարդակեր չեն։ Կարծում եմ, որ նա առանց դժվարության համոզեց նրանց, հիմար և վախլուկ, ընդհատել կասկածելի ճամփորդությունը, բայց հաշվի չէր առել, որ նա չէր հասնի նրանց հուժկու քայլքին և, անհուսալի ետ մնալով, վերադարձավ։ Նրա պատճառով անգին հավաքածուներ կորան։ Նրան հարկ էր սպանել։ Բայց Գրեգսոնը թաքցրեց ատրճանակը, և մենք առաջ անցանք, իսկ մեր հետևից՝ ծանր շնչող, գայթող Կուկը։
Անտառը քիչ առ քիչ նոսրանում էր։ Ինձ անրջվում էին տարօրինակ զգայախաբությունները։ Ես նայում էի արտասովոր փայտե բներին, որոնցից որոշները պատված էին հաստ, մարմնագույն օձերով, և հանկարծ, ասես մատների արանքից, աչքիս երևին տվեց բների միջև կիսաբաց հայելային պահարանը մշուշոտ արտացոլանքներով, բայց ես ինձ թափ տվեցի, ես նայեցի ուշադիր հայացքով, և պարզվեց, որ դա խաբուսիկ շողշողում է ակրեանի թուփը՝ գզուզ բույս մեծ պտուղներով, յուղոտ սալորաչրի պես։ Որոշ ժամանակ անց ծառերը լրիվ նահանջեցին, և երկինքը հառնեց մեր առջև հոծ կապույտ պատով։ Մենք հայտնվեցինք ուղղաբերձ զառիթափի գագաթին։ Ներքևում միգամածում ու ծխում էր վիթխարի ճահիճը, և հեռու նրա հետևում երևում էր աղոտամանուշակագույն բլուրների դողացող շարքը։
-Երդվում եմ Աստծով, մենք պետք է վերադառնանք, - հեծկլտացող ձայնով արտաբերեց Կուկը։ - Երդվում եմ Աստծով, մենք կկորչենք այս ճահճուտներում, ես տանը յոթ աղջիկ ու շուն ունեմ։ Վերադառնանք, մենք գիտենք ետդարձի ճամփան․․․։
Նա կոտրատում էր ձեռքերը, նրա հաստլիկ, կարմրահեր հոնքերի եռանկյունիներով, դեմքի վրայով կաթում էր քրտինքը։ «Ետ, ետ, - կրկնում էր նա։ - Դուք բավականաչափ ճանճ որսացիք։ Վերադառնանք»։
Ես ու Գրեգսոնը սկսեցինք իջնել քարքարոտ զառիթափով։ Կուկն այն է մնաց վերևում կանգնած՝ փոքրիկ սպիտակ կերպարանքը անտառի սարսափելի կանաչ ֆոնի վրա, բայց հանկարծ ձեռքերը թափահարեց, ճչաց, սկսեց կողքանց իջնել մեր հետևից։
Զառիթափն ասես թե սրվեց, գոյավորելով քարե կատար, որը երկար լեզվակարկառով հեռանում էր ճահճուտի շողշողացող գոլորշու միջով։ Միջօրյա երկինքը, ազատագրված հիմա տերևաքողերից, ծանրանում էր մեր գլխավերևում շլացուցիչ խավարով, այո, շլացուցիչ խավարով, այլ կերպ չես ասի։ Ես ջանում էի աչքերս չբարձրացնել, բայց այդ երկնքում, հենց իմ տեսադաշտի սահմանին, լողում էին, ինձանից ետ չմնալով, ճերմակավուն ծեփածո ուրվականները, ծեփակերտ աղեղներն ու վարդակները, որոնցով Եվրոպայում զարդարում են առաստաղները, սակայն, բավ էր որ ես նրանց նայեի ուղիղ, և դրանք անհետում էին, ակնթարթաբար ինչ-որ տեղ ընկնելով, և դարձյալ համաչափ ու հոծ կապույտով թնդում էր արևադարձային երկինքը։
Մենք դեռ քայլում էինք քարե հրվանդանով, բայց այն հար նեղանում էր, դավաճանում էր մեզ։ Շուրջբոլորն աճում էր ոսկեգույն ճահճային եղեգը, միլիոնավոր մերկացած, արևի տակ այրվող սրերի պես։ Աստ ու անդ բռնկվում էին երկարավուն լճակները, դրանց վրա մթին ամպիկներով կախված էին մժղուկները։ Ահա փարթամ շրջված պռունկով, ասես ձվադեղնուցով աղտոտված, դեպ ինձ ձգվեց խոշոր խոլորձին ազգակից ճահճածաղիկը։ Գրեգսոնը թափահարում էր թիթեռնացանցը, ընկնում էր մինչև ծնկները դիպակե ջրիկախյուսի մեջ, և վիթխարի թիթեռը, բացխփելով ատլասե թևով, հեռանում էր նրանից եղեգների միջով, այնտեղ, որտեղ դժգույն գոլորշիների առկայծումներում մշուշոտ ծալքերով վարընկեց էր լինում ասես պատուհանի վարագույրը։ Պետք չէ, պետք չէ, ես կողմ էի տանում աչքերս, ես գնում էի առաջ Գրեգսոնի ետքից, մեկ քարի վրայով, մեկ ֆշշացող ու չպչպացող բնահողի։ Ես սարսռում էի, չնայած ջերմոցային տապին։ Ես կանխատեսում էի, որ հիմա լրիվ կթուլանամ, որ զառանցանքային գծանկարներն ու ուռուցիկությունները երկնքի և ոսկեգույն եղեգների միջից լուսարկվող, հիմա լիովին կգրավեն իմ գիտակցությունը։ Ինձ երբեմն թվում էր, որ Գրեգսոնն ու Կուկը թափանցիկանում են, և որ նրանց միջից տեսանելի են թղթե պաստառները եղեգնակերպ, անընդհատ կրկնվող նախշերում։ Ես հաղթահարում ինձ, աչքերս չռում ու առաջ էի անցնում։ Իսկ Կուկը սողում էր չորեքթաթ, ճչում ու Գրեգսոնի ոտքերից էր բռնվում, բայց նա դեն էր հրում նրան և շարունակում էր ճամփան։ ես նայում էի Գրեգսոնին, նրա համառ կիսադեմին, և սարսափով զգում էի, որ մոռանում եմ, թե ով է Գրեգսոնը, և ինչու եմ ես նրա հետ։
Այնինչ մենք տապալվում էինք ավելի ու ավելի հաճախ, ճահճուտները կլլում էին մեզ, չէին կարողանում հագենալ, մենք գալարվում ու դուրս էինք պրծնում։ Կուկն ընկնում ու սողում էր, կծմծված, ուռած, ամբողջովին թաց, և Աստված իմ, ինչպես էր նա ճվճվում, երբ սկսում էին մեզ հասնել, լարվելով ու առաձիգ թռչելով մի սաժեն և հետո էլի, մանրիկ, վառ կանաչ ջրային լորտուների նողկալի երամիկները, գրավված մեր քրտնքից։ Իսկ ինձ ավելի շատ այլ բան էր վախեցնում՝ ինձանից ձախ, չգիտես ինչու միշտ ձախից, ժամանակ առ ժամանակ ելնում էր ճահճից, ծռվելով կրկնվող եղեգների մեջ, ասես մեծ բազկաթոռի պես, իսկ իրականում՝ տարօրինակ, ծանրաշարժ, մոխրագույն երկկենցաղ, որի անունը Գրեգսոնը հրաժարվում էր ինձ հաղորդել։
«Դադարքատեղ, - ասաց նա հանկարծ, - դադարքատեղ»։ Մենք հրաշքով դուրս եկանք տափակ քարե կղզյակի վրա՝ ամեն կողմից ճահճային բույսերով շրջապատված։ Գրեգսոնը հանեց ուսապարկը, և տասնյակ ակրեանային պտուղներ։ Ինչպես էի ես ուզում խմել, ինչ քիչ էր ինձ համար ակրեանի աղքատիկ մածուցիկ հյութը․․․
«Նայիր, դա տարօրինակ է, - դիմեց ինձ Գրեգսոնը, բայց ոչ անգլերեն, այլ ինչ-որ այլ լեզվով, որպեսզի Կուկը չհասկանար։ - Մենք պետք է մագլցենք դեպի բլուրները, բայց տարօրինակ է, մի թե բլուրները օդսատեսիլ էին, - տես, դրանք հիմա չեն երևում»։
Ես փոքր-ինչ ելա բարձից, հենվեցի քարի փափուկ մակերեսին, այո, իսկապես, բլուրներն այլևս չկային, դողում էր գոլորշին ճահճի վրա․․․ Եվ ահա նորից սկսեց ամեն ինչ շուրջը երկիմաստ թափանց փչել, ես ետ հենվեցի ու կամացուկ Գրեգսոնին ասացի․ «Դու, հավանաբար, չես տեսնում, ինչ-որ բան հար ուզում է վրա գալ․․․»։ «Դու ի՞նչ ես ասում», - հարցրեց Գրեգսոնը։ Ես ուշքի եկա, որ հիմարություն եմ ասում, և լռեցի։ Գլուխս պտտվում էր, ականջներիս մեջ բզզոց էր։ Գրեգսոնը, իջնելով մի ծնկի վրա, տնտղում էր պարկը, բայց դեղեր այնտեղ չկային, իսկ իմ պաշարը ամբողջովին պրծել էր։ Կուկը նստել էր, մռայլ քարը քչփորելով։ Վերնաշապկի պատառոտված, կախ ընկած թևքը ցուցադրեց նրա նախաբազուկը և մաշկի վրա տարօրինակ դաջվածքը՝ շողշողուն գդալով նստակերտ բաժակ։
«Վալյերը հիվանդ է, դու պետք է որ դեղահատեր ունենաս», - դիմեց նրան Գրեգսոնը։ ես, ճիշտ է, բառերը չէի լսում, բայց կռահում էի ընդհանուր իմաստը խոսակցությունների, որոնք անհեթեթ էին ու ինչ-որ գնդաձև էին դառնում, երբ ես ունկ էի դնում դրանց։
Կուկը դանդաղ շրջվեց, և ապակենման դաջվածքը կողմ սահեց նրա մաշկից, կախվեց օդում ու լողաց, և ես վախեցած հայացքով հասնում էի դրան, բայց այն խառնվեց ճահճային գոլորշուն և լոկ թեթևակի փայլեց, հենց ես թեքվեցի։
-Տեղն է, - քրթմնջաց Կուկը։ - Թող․․․ Մենք նույնպես, թող․․․
Նա վերջին րոպեներին, այսինքն, հավանաբար, այդ ժամանակից ի վեր, որ մենք տեղակայվեցինք քարե կղզյակում, ինչ-որ ավելի մեծացավ, նրա մեջ ինչ-որ ծաղրական ու վտանգավոր բան հայտնվեց։ Գրեգսոնը հանեց սաղավարտը, կեղտոտ թաշկինակով սրբեց ճակատը, նարնջագույն հոնքերի վրա, իսկ ավելի վեր սպիտակ, սաղավարտը նորից հագավ, կռացավ դեպի ինձ ու ասաց․
-Զգաստացիր, ես քեզ խնդրում եմ (կամ նմանատիպ բառեր)։ Մենք կփորձենք առաջ անցնել։ Գոլորշիները ծածկում են դրանց, բայց նրանք այնտեղ են․․․Ես վստահ եմ, որ ճահճի կեսն արդեն անցել ենք (այդ ամենը շատ մոտավոր)։
Դաջվածքը նորից նախաբազկի վրա հայտնվեց, սակայն, ոչ ամբողջ բաժակը, այլ մի կողը, մյուս մասը չտեղավորվեց և, առկայծելով, դողում էր դատարկության մեջ։ - Մարդասպան, - բավականությամբ կրկնեց Կուկն ու բարձրացրեց բորբոքված աչքերը։ - Ես ասում էի, որ մենք այստեղ կլռվենք։ Սև շունը լեշով է գերհագենում։ Մի-ռե-ֆա-սոլ»։
- Նա ծաղրածու է, - կամացուկ հաղորդեցի ես Գրեգսոնին, - շեքսպիրյան ծաղրածու։
- Շու-շու-շու, - պատասխանեց ինձ Գրեգսոնը, - շու-շու, շո-շո-շո․․․։ Դու լսում ես, - շարունակում էր նա, գոռալով ականջիս մեջ, - պետք է ելնել։ Պետք է առաջ գնալ․․․
Քարը սպիտակ էր ու փափուկ, ինչպես տեղաշորը։ Ես փոքր - ինչ ելա, բայց տեղնուտեղը նորից ընկա բարձի վրա։
- Ստիպված կլինենք նրան տանել, - ասաց Գրեգսոնը հեռավոր ձայնով։ - Օգնիր․․․
- Դե գիտեք, սուտ բան է, - պատասխանեց Կուկը (կամ ինձ այդպես թվաց), - սուտ բան։ Առաջարկում եմ օգտվել նրա մսից, քանի դեռ նա չի չորացել։ Ֆա-սոլ․ ռե-մի։
- Նա հիվանդացել է, նա նույնպես հիվանդացել է, - գոչեցի ես։ - Դու այստեղ երկու խելագարի հետ ես։
- Գնա մենակ։ Դու կհասնես, - գնա․․․
- Այդպես էլ մենք նրան կթողնենք, - ասաց Կուկը։
Այնինչ զառանցանքային տեսիլքները, օգտվելով համընդհանուր խառնաշփոթությունից, կամացուկ ու հաստատուն գրավում էին իրենց տեղերը։ Երկնքում ձգվում ու խաչաձևվվում էին մշուշոտ առաստաղի գծերը։ Ճահճից բարձրանում էր ասես վարից խչմարված մեծ բազկաթոռը։ Ինչ-որ շողշողուն թռչուններ թռչում էին ճահճային մշուշում և, թառելով, փոխակերպվում էին ակնթարթաբար՝ մեկը՝ մահճակալի փայտե ելուստի, մյուսը՝ ծաղկամանի։ Ժողովելով ողջ իմ կամքը, ես սևեռուն հայացքով քշեցի այդ վտանգավոր անհեթեթությունը։ Եղեգների վրայով թռչում էին երկար հրե պոչերով իսկական թռչունները։ Գրեգսոնը դեն էր քշում խայտաբղետ ճանճին և միաժամանակ ջանում էր պարզել, թե որ տեսակին է այն պատկանում։ Վերջապես նա չդիմացավ ու թիթեռնացանցով բռնեց դրան։ Դրա շարժումները տարօրինակորեն փոխվում էին, ասես ինչ-որ մեկը դրանց վերադարսում էր, ես նրան մեկից տեսա զանազան դիրքերում, նա հանում էր իրեն իր վրայից, ասես բաղկացած էր բազում ապակյա Գրեգսոններից, ուրվագծերով չհամապատասխանող, - բայց ահա նա նորից հոծացավ, պինդ ելավ․ Նա թափահարում էր Կուկի ուսը։
- Դու կօգնես ինձ նրան տանել, - հստակորեն ասում էր Գրեգսոնը։ - Եթե դու դավաճան չլինեիր, մենք այսպիսի վիճակում չէինք հայտնվի։
Կուկը լռում էր, դանդաղորեն շառագունելով։
- Նայիր, Կուկ, վատ կլինի, - ասաց Գրեգսոնը։ - Ես քեզ վերջին անգամ եմ ասում․․․
Եվ այդժամ պատահեց այն, ինչ վաղուց էր հասունանում։ Կուկը, ցլի պես, գլխով վրա եկավ Գրեգսոնի փորի վրա, երկուսն էլ ընկան, Գրեգսոնը հասցրեց հանել ատրճանակը, բայց Կուկին հաջողվեց ատրճանակը նրա ձեռքից գցել, և այդժամ նրանք գրկախառնվեցին ու սկսեցին գրկված տարուբերվել, խլացուցիչ շնչելով։ Ես անուժ նայում էի նրանց։ Կուկի լայն մեջքը լարվում էր, ողնաշարները շապկի տակից թափանցում էին, բայց հանկարծ, մեջքի փոխարեն, տեսանելի էր հենց նրա ոտքը, կապույտ ջիղով կարմրավուն սրունքի երկայնքով, և վերևից փռվում էր Գրեգսոնը, սաղավարտը նրա թռավ ու գլորվեց, օրորվելով ստվարաթղթե ձվի պես։ Ինչ-որ տեղից, մարմնական լաբիրինթոսներից, դուրս էին պրծնում Կուկի մատները, դրանցում սեղմված էր ժանգոտ, բայց սուր դանակը, դանակը մտավ Գրեգսոնի մեջքի մեջ, ինչպես կավի, բայց Գրեգսոնը միայն կռնչաց, և երկուսն էլ մի քանի անգամ շրջվեցին, և երբ նորից երևաց ընկերոջս մեջքը, այնտեղ ցցված էին և կոթը և սայրի վերնամասը, և նա ինքը կառչել էր Կուկի հաստ վզից և ճռռոցով սեղմում էր, և Կուկը ոլորում էր ոտքերը․․․ Վերջին անգամ նրանք գլորվելով ընկան լրիվ շրջադարձով, և արդեն երևում էր լոկ սայրի քառորդը, ոչ, հինգերորդ մասը, ոչ, նույնիսկ դա չէր երևում՝ այն մինչև վերջ մտել էր։ Գրեգսոնը քարացել էր, փռվելով Կուկի վրա, որը նույնպես սսկվեց։
Ես նայում ու չգիտես ինչու մտածում էի (զգացողությունների հիվանդագին մշուշը․․․), որ այդ ամենը անվնաս խաղ է, որ հիմա նրանք ոտքի կելնեն և, շունչ քաշելով, խաղաղ կտանեն ինձ ճահճուտների միջով դեպի կապույտ զով բլուրները, ստվերոտ տեղ, որտեղ կխոխոջա ջուրը։ Բայց հանկարծ, իմ հիվանդության այդ վերջին տեղից տեղ քշվելուն, քանզի ես գիտեի, որ մի քանի րոպեից կմահանամ, ահա ուրեմն, այդ վերջին րոպեներին ինձ վրա լիակատար պարզություն իջանեց, ես հասկացա, որ շուրջս կատարվող ամեն ինչը բորբոքված երակայության խաղ չէ, բնավ էլ զառանցանքի քող չէ, որի միջից անցանկալի լուսաճառաքումներով դուրս է պրծնում իմ իբր իսկական կյանքը հեռավոր եվրոպական մայրաքաղաքում, պաստառները, բազկաթոռը, լիմոնադով բաժակը, ես հասկացա, որ տաղտկալի սենյակը, նենգափոխում է, քանզի ամենը, ինչ մահվան հետևում է, լավագույն դեպքում նենգափոխում է, շուտափույթ սոսնձած կյանքի համանմանություն, անգոյության կահավորված սենյակներ։ Ես հասկացա, որ ճշմարիտ է, ահա այն՝ ահա այս հրաշագեղ ու սարսափելի արևադարձային երկինքը, եղեգների այդ շողշողուն սրերը, այդ գոլորշին դրանց վրա, և հաստաշուրթ ծաղիկները, փարվող տափակ կղզյակին, որտեղ իմ կողքին ընկած են երկու իրար կառչած դիակ։ Եվ հասկանալով այդ, ես իմ մեջ ուժ գտա սողալ նրանց մոտ, հանել դանակը Գրեգսոնի մեջքից, իմ առաջնորդի, իմ ընկերոջ։ Նա մեռած էր, նա լրիվ մեռած էր, եվ բոլոր բանկաները նրա գրպաններում ջարդված էին, տրորված։ Մեռած էր և Կուկը, նրա բերանից դուրս էր պրծնում թանաքակապույտ լեզուն։ Ես բացեցի Գրեգսոնի մատները, ես, քրտինքով պատվելով, շրջեցի նրա մարմինը․ շրթունքները կիսաբաց էին և արյան մեջ, դեմքը, արդեն տեսքից պինդ, վատ սափրված էր թվում, կապույտ սպիտակուցները թափանցում էին կոպերի միջև։ Վերջին անգամ էի ես տեսնում այդ ամենը պարզ, ակնառու, իսկության դրոշմով ամենի վրա, տեսնում էի նրանց քրքրված ծնկները, գունավոր ճանճերին, տարուբերվող նրանց վրա, այդ ճանճերի էգերին, արդեն ձվադրության պատրաստվող։ Անհմուտ օգտագործելով թուլացած ձեռքերս, ես հանեցի շապկիս ծոցագրպանից հաստ նոթատետրը, բայց այդժամ ինձ համակեց թուլությունը, ես նստեցի, ես հակվեցի գլխով․․․ այդուհանդերձ հաղթահարեցի այդ մահվան անհամբեր մշուշն ու շուրջբոլորս աչք ածեցի։ Կապույտ, տապ, մենություն և որքան էի ափսոսում Գրեգսոնին, որը երբեք տուն չի դառնա, ես նույնիսկ հիշեցի նրա կնոջը և պառվուկ-խոհարարուհուն, և թութակներին, և էլի շատ բաներ․․․ իսկ այնուհետև ես հիշեցի մեր հայտնագործությունների մասին, թանկարժեք գտածոների, հազվագյուտ, դեռ չնկարագրված բույսերի եւ կենդանիների մասին, որոնց մենք արդեն անուն չենք տա։ Ես մենակ էի։ Մշուշոտ շողում էին եղեգները, ավելի դժգույն հուրհրատում էր երկինքը։ Ես աչքերով հետևեցի հիասքանչ բզեզին, որը սողում էր քարի վրայով, բայց ես արդեն նրան բռնելու ուժ չունեի։ Ամենը խունանում էր շուրջբոլորը, մերկացնելով մահվան բեմանկարները, ճշմարտանման կահույքն ու չորս պատերը։ Իմ վերջին շարժումն էր բացել քրտնքից խոնավ գրքույկը, հարկ էր ինչ-որ բաներ անհապաղ գրի առնել, ավաղ, այն դուրս սպրդեց ձեռքերիցս, ես տնտղեցի վերմակը, բայց այն արդեն չկար։
Թարգմանությունը ռուսերենից՝ Վարդան Ֆերեշեթյանի
Դիտումներ: 150
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։