Ծիծաղողը
Երբ ինձ հարցնում են իմ մասնագիտության մասին, ես ամաչում եմ, կարմրում եմ, կակազում. մինչդեռ ես հայտնի եմ որպես ինքնավստահ մարդ: Ես նախանձում եմ նրանց, որոնք կարող են ասել` ես որմնադիր եմ: Նախանձում եմ վարսավիրներին, հաշվապահներին եւ գրողներին` նրանց հայտնիության եւ հստակության համար. այդ բոլոր մասնագիտություններն ինքնին հասկանալի են եւ լրացուցիչ բացատրության կարիք չունեն: Բայց երբ ես ստիպված եմ լինում պատասխանել նման հարցերի, դառնում եմ ծիծաղելի: Նման խոստովանությունը պահանջում է շարունակություն, քանի որ հարցին`«Դուք սրանո՞վ եք ապրուստ վաստակում», ես պետք է արդարացիորեն պատասխանեմ` «Այո»: Իրականում ես ապրուստ վաստակում եմ ծիծաղով եւ լավ եմ ապրում, որովհետեւ ծիծաղը, առեւտրականի խոսքով, պահանջարկ ունի: Ես լավ ուսանած ծիծաղող եմ. ոչ ոք ինձ պես չի ծիծաղում, ոչ ոք ինձ պես չի տիրապետում իմ արվեստի նրբություններին: Տեւական ժամանակ տարատեսակ բացատրություններից խուսափելու համար ես ինձ անվանում էի դերասան. իմ նմանակման եւ խոսելու հմտություններն այնքան սահմանափակ էին, որ այդ նկարագրությունն ինձ ճշմարիտ չէր թվում: Ես սիրում եմ ճշմարտությունը, եւ ճշմարտությունն այն է, որ ես ծիծաղելի եմ: Ես ո՛չ ծաղրածու եմ, ո՛չ էլ կատակերգու, ես մարդկանց չեմ զվարճացնում, այլ մարմնավորում եմ ուրախությունը: Ես ծիծաղում եմ ինչպես հռոմեական կայսրը կամ ինչպես դպրոցի զգայուն շրջանավարտը: 17-րդ դարի ծիծաղն ինձ նույնքան ծանոթ է, որքան 19-րդ դարինը. անհրաժեշտության դեպքում ես կարող եմ ծիծաղել բոլոր դարերի, սոցիալական բոլոր խավերի, տարիքային բոլոր խմբերի վրա: Ես պարզապես սովորել եմ այն, ինչը պետք է սովորել` կոշիկները նորից պատռել: Ամերիկայի ծիծաղը հանգչում է կրծքիս մեջ, Աֆրիկայի ծիծաղը սպիտակ, կարմիր, դեղին ծիծաղ է. համարժեք վարձատրության դիմաց ես այն հնչեցնում եմ այնպես, ինչպես ռեժիսորն է պատվիրել:
Ես անփոխարինելի եմ դարձել. ես ծիծաղում եմ ձայնապնակների վրա, ծիծաղում եմ ժապավենների վրա, եւ ռադիոյի ներկայացումների ռեժիսորներն իմ նկատմամբ ուշադիր են:
Ես ծիծաղում եմ մելամաղձոտ, չափավոր, հիստերիկ, ծիծաղում եմ, ինչպես տրամվայի վարորդը կամ սննդի արդյունաբերության ոլորտի աշակերտը. կա առավոտյան ծիծաղ, երեկոյան ծիծաղ, գիշերային ծիծաղ եւ մթնաշաղի ծիծաղ: Մի խոսքով` որտեղ եւ ինչպիսի ծիծաղ էլ պահանջվի, ես կծիծաղեմ: Դուք կհավատաք ինձ, եթե ասեմ, որ դա դժվար մասնագիտություն է, հատկապես որ ես վարակիչ ծիծաղի մասնագետ եմ: Այդ կերպ ես անփոխարինելի եմ դարձել նույնիսկ երրորդ եւ չորրորդ կարգի կատակերգուների շրջանում, որոնք արդարացիորեն դողում են իրենց հենման կետի համար. ես գրեթե ամեն երեկո սառնասրտորեն դիտում եմ էստրադային շոուները` ծրագրի թույլ կողմերի վրա վարակիչ ծիծաղելու համար: Դա պետք է լինի ճշգրիտ աշխատանք. իմ սրտառուչ, վայրի ծիծաղը չպետք է հնչի ո՛չ շատ շուտ, ո՛չ էլ շատ ուշ, այն պետք է լինի ճիշտ պահին: Հետո ես պայթում եմ նախատեսվածի պես, հանդիսատեսները որոտընդոստ ծափահարում են, եւ հենման կետը պահպանվում է:
Ես ուժասպառ մտնում եմ հանդերձարան, հագնում վերարկուս եւ ուրախանում, որ վերջապես հանգստյան օր կունենամ: Տանը սովորաբար գտնում եմ ինձ հասցեագրված հեռագրեր. «Ձեր ծիծաղի շտապ կարիքն ունեմ: Սպասում եմ երեքշաբթի օրվա ընդունելությանը», իսկ մի քանի ժամ անց ես խցկվում եմ գերտաքացած ճեպընթաց գնացքը եւ ողբում իմ ճակատագիրը:
Յուրաքանչյուր ոք կհասկանա, որ աշխատանքից հետո կամ արձակուրդի ժամանակ ես հակված չեմ ծիծաղելու. կթվորուհին երջանիկ է, երբ կարողանում է մոռանալ կովի մասին, որմնադիրը երջանիկ է, երբ կարողանում է մոռանալ շաղախի մասին, իսկ ատաղձագործները տանը սովորաբար ունենում են դռներ, որոնք չեն գործում կամ դարակներ, որոնք դժվարությամբ են բացվում: Հրուշակագործները սիրում են թթու վարունգ, մսագործները` նշով կարկանդակ, իսկ հացթուխները` երշիկով հաց: Ցլամարտիկները սիրում են աղավնիների հետ շփվել, բռնցքամարտիկները գունատվում են, երբ իրենց երեխաների քթից արյուն է հոսում. ես հասկանում եմ այս ամենը, որովհետեւ ես երբեք չեմ ծիծաղում աշխատանքից հետո: Ես շատ լուրջ մարդ եմ, եւ մարդիկ ինձ գուցե իրավացիորեն են համարում հոռետես:
Մեր ամուսնության առաջին տարիներին կինս հաճախ էր ինձ ասում. « Ժպտա՛», բայց այդ ժամանակվանից էլ հասկացավ, որ ես չեմ կարող իրականացնել այդ ցանկությունը: Ես երջանիկ եմ, երբ իմ լարված միտքը հանգստացնում եմ խորը լրջությամբ: Այո՛, ուրիշների ծիծաղն ինձ նույնպես նյարդայնացնում է, քանի որ դա ինձ շատ է հիշեցնում իմ մասնագիտությունը: Այսպիսով, մենք հանգիստ, խաղաղ ամուսիններ էինք, քանի որ կինս նույնպես մոռացել էր ծիծաղել. ժամանակ առ ժամանակ ես որսում եմ նրա ծիծաղը, եւ այդ ժամանակ ես էլ եմ ծիծաղում: Մենք միմյանց հետ ցածր ենք խոսում, որովհետեւ ես ատում եմ էստրադային շոուների աղմուկը, ատում եմ ձայնագրման ստուդիաներում տիրող աղմուկը: Ինձ չճանաչողները կարծում են, թե ես զուսպ եմ: Գուցե ես եմ մեղավոր, որովհետեւ ծիծաղելու համար ստիպված եմ բերանս հաճախ բացել:
Ես ապրում եմ դեմքի անշարժ անտարբերությամբ` ժամանակ առ ժամանակ միայն մեղմ ժպտալով, եւ հաճախ մտածում եմ` արդյո՞ք երբեւէ ծիծաղել եմ: Կարծում եմ` ոչ: Իմ քույրերն ու եղբայրները պատմում են, որ ես միշտ լուրջ տղա եմ եղել:
Ես ծիծաղում եմ տարբեր կերպ, բայց իմ սեփական ծիծաղն ինձ անծանոթ է:
(1952)
Գերմաներենից թարգմանությունը` Թագուհի Հակոբյանի
Դիտումներ: 88
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։