Ուղղակի տողեր
Բարև,
Ես վերջապես համարձակվեցի խոստովանել,
Որ Աստծո ստեղծած աշխարհը
Դարձել է գրողի տարած աշխարհ,
Ու որ գրող են ուզում դառնալ շատերը,
Իսկ խելագարվել՝ եզակիները,
Ես վերջապես համարձակվում եմ խոստովանել,
Որ Քամյուն ճիշտ էր,
Ու կյանքի իմաստն
Ապրել կարողանալու մեջ է,
Ու ցավոք շատերը մեռան՝
Ժամանակներն են այդպիսին`
Հերոսներ են պետք։
Ես խոստովանում եմ՝
Միջին վիճակագրական շունը՝ Երևան֊Գյումրի մայրուղում,
Ավելի շատ բան է հասկանում կյանքից
Քան ես՝
Նա գոնե հաստատ գիտե
Փողոցը կարմիրի տակ անցնելը
Մահացու է մեր օրերում։
Մահացու են մեր օրերը.
Հաստատ։
Ես վերջապես համարձակվեցի, խոստովանում եմ՝
Մեղքերին իմ թողություն տուր
Տեր,
Կամ Տիեզերք, Լուսին, Սուրբ կով, Խիղճ,
Սէրս...
Էլ չի լինում սիրել։
Ես խոստովանում եմ՝
Գլուխս բոլոր պատերին տալուց հետո՝
Ոչինչ չփոխեցի աշխարհում
Ու վատագույնը, որ պատահեց՝
Չփոխվեցի և ես։
Ես խոստովանում եմ
Մի երեսուն տարի ապրելուց հետո
Կարողացա ատել
Ու... ուզեցի սպանել,
Ու համարձակվում եմ խոստովանել՝
Մոծակներին իմ արյունակից
Գերադասում եմ մարդկանցից
Այս օրերի։
Ու եթե ամեն ժամանակ իր դժոխքն ունի
Սա հենց իմ բաժին դժոխքն է,
Տեր իմ։
Սեր իմ՝
Ես սիրել էլ չեմ կարողանում,
Ու դու մեղք չունես։
ԱնՀայրենիք, անՍեր, անՔեզ ու անինձ
Պարտադրված է ապրել.
Ուժեղ մնանք։
Ես համարձակվում եմ խոստովանել՝
Հայ մնալը չափից դուրս բարդ է
Մեր օրերում
Բայց... անհրաժեշտ է։
Հիմա։
***
Քեզ թողնում եմ
Գրասեղանիս՝
Կոկիկ շարված
Գրքերիցս մեկի
Չկարդացված էջերի
Ծոցի մեջ՝
Եղիր էջանշան
Կամ
Ցուցամատ,
Ցուցատախտակ,
Կամ թե կուզես
Կարմիր լույս
Լուսացույցիս՝
Ցույց տուր
Չիկարելին
Չէրկարելին
Չէրկարելիս։
Իմ Անհնարին։
Ահնար է և այս։
Ախր…
Չունեմ գրասեղան,
Մի կիսավեր
Հացի սեղան,
Չունեմ կոկիկ
Դարսած գրքեր՝
Իրար բերան մտած,
Իրար աչք հանող,
Մի քանի գիրք,
Մեկ երկու տպված էջեր
Ճմրթած, կիսապատռած.
Առիթներին
Նվեր տված
(Ուրիշ բան ինձ նվիրել
Չի էլ անցնի մարդու մտքով)
Ինչ անհնար է
Քեզ թողնել
Անհնարինս։
***
Դատարկեցի շշերը
Դատարկեցիր ներսերս
Դատարկվեցի:
Ծխել չսովորեցի
Որ հետո թողնեի ծխելը
Ծխացի
Հնարեցի աղոթքս
Փորձում էի աղոթել,
Մեղանչեցի
Քեզ առա ներսս
Խառնեցի արյանս
Վարակվեցի քեզնով
Ու չմեռա
Դատարկեցի շշերը
Դատարկեցիր ներսերս...
***
Մինչ ուրիշները
Ամսագրերի էջեր էին կտրում պահում,
Ես քեզ էի սոսնձում իմ էջերին:
Մինչ ուրիշները
Երգի բառերն էին անգիր անում
Ես քո նոտաներն էի արտագրում
Տողատակում իմ լարերի
Մինչ ուրիշները
Շշեր էին դատարկում, հարբում
Ես քեզ էի թորում իմ խորքերում
Մինչ ուրիշները
Ես արդեն...
***
Իմ պատերազմն ավարտվեց
Ու տանուլ տվածս ու քարուքանդ եղած իմ աշխարհի դիմաց
Արի ու տես որ ինձ մնաց
Ճանաչելը դեմքերով նրանց
Ովքեր ճանապարհ կգան ու չեն թողնի մենակ
Ու ճանաչել դեմքերով նաև նրանց
Ովքեր կթողնեն ու կգնան
Հենց նեղ եղավ կամ հարմար չեղավ իրենց:
***
Հայաստանը երկիր է որտեղ մարդիկ կարողանում են
ընտրել լավ ձմերուկ
և վատ ղեկավարներ։
Հայաստանը երկիր է որտեղ մարդիկ կարողանում են
Սիրել գոռալով և լուռ ամեն բան ատել։
Հայաստանը երկիր է որտեղ մարդիկ կարողանում են
մեռնել հանուն մի կտոր հայրենիքի ու
Մի վայրկյանում լքել այդ նույն հայրենիքը։
Երկիր է որտեղ ամեն գարուն մարդիկ կարողանում են
նոր հորթ առնել
Ու էդ նույն հորթին մորթել նոր տարում։
Հայաստանս երկիր է որտեղ
Զուգահեռները վաղուց են խաչվել,
Բայց պապիկները նորից
Ծառի հովին նարդի են շարել։
Շուշանիկ Գյոլչանյան
Դիտումներ: 151
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։