Ո՞ւմ բարևեմ

08:43 19.08.2026 · Գրական · Սիմին Դանեշվար
Կիսվել:

«Բայց իսկապես, ո՞վ է մնացել, որ բարևեմ։ Տիկին տնօրենը մահացել է, Հաջի Իսմայիլը կորել է, իմ միակ ու անփոխարինելի աղջիկը գայլերի բաժին է դարձել… Կատուն սատկեց, աքցանը ընկավ սարդի վրա, ու սարդն էլ մեռավ… Իսկ հիմա ի՜նչ ձյուն է տեղում։ Ամեն անգամ, երբ ձյուն է գալիս, սիրտս այնպես է սեղմվում, որ ուզում եմ գլուխս պատին խփել։ Ապահովագրության բժիշկն ասաց. «Ամեն անգամ, երբ սիրտդ ծանրանա, դուրս եկ ու գնա։ Երբ տխրես ու չունենաս մեկը, որի հետ ցավդ կիսես, բարձրաձայն ինքդ քեզ հետ խոսիր»։ Այսինքն՝ մարդ ինքն իր համար դառնա իր սեփական համբերության տիկնիկը։ Ասաց՝ «Գնա անապատ ու գոռա, ում սիրտդ ուզում է՝ հայհոյիր…»։ Ի՜նչ ձյուն է գալիս։ Սկզբում խոնավ, ծանր էր գալիս, փռվում ու տարածվում էր, իսկ հիմա մանր-մանր է թափվում։ Եվ այսպես տեղալուց երևում է, որ շուտով չի դադարելու։ Մեծ քառասնօրյակի սկզբից այսպես շարունակ տեղում է…»։

Իսկ նախորդ ձյուները գետնին սառույց էին դարձել։ Մարդիկ իրենց տանիքների ձյունը, բացի նեղլիկ փողոցներից ու անցումներից, ուրիշ ո՞ւր պիտի թափեին։ Տեղաշարժվելը գործ էր միայն ուժեղ տղամարդկանց, մարզիկ երիտասարդների ու անհոգ երեխաների համար, որոնց դպրոցները փակել էին։ Եթե ձյուն չգար, թանկությունը լուռ կշարունակվեր, սով էր սկսվելու, ու խոսելու էին ջրի և էլեկտրականության չափաբաժինների մասին։ Իսկ եթե ձյուն գար՝ կյանքն ու դպրոցները կանգ էին առնելու։

Անցած գիշեր Սեիլրանի փողոցի լույսերը հանգել էին, և Քոքաբ Սուլթանը նույն կերպ նստած էր քուրսու տակ ու նայում էր խավարին, մինչև որ հանկարծ միտքը խառնվեց, սիրտը սկսեց անհանգստությունից դողալ։ Այնպիսի անհանգստություն էր համակել նրան, ասես սրտի մեջ մեկը լվացք էր անում։ Մտածեց՝ եթե սենյակից ու խավարից դուրս չգա, կխելագարվի։ Վեր կացավ, շոշափելով իջավ ներքև և ցրտի ու մթության մեջ գնաց ու կանգնեց տան դռան մոտ։ Սառը քամի էր փչում, իսկ հարևանի երեխան լաց էր լինում։ Նախանցյալ գիշեր նրանց ջրի խողովակը պայթել էր, երեք օր էր արդեն, ինչ աղբատարը չէր տարել նրանց աղբը։ Քոքաբ Սուլթանը՝ կրթության նախարարության թոշակի անցած աշխատակիցը, այնքան էլ շատ աղբ չուներ, որ մեկը տաներ։ Ջրի խողովակի պայթելն էլ չէր վնասել նրա կահույքը։ Նրա սենյակը վերևի հարկում էր՝ հարևանությամբ պարոն Փանիրպուրի, որն իր տրամադրության տակ ուներ երկու մեծ սենյակ, խոհանոց ու զուգարան և ուներ ամուսնանալու տարիքի երեք աղջիկ ու մի հաղթանդամ կին։ Թաղում նրան պարոն Փանիրպուր էին կոչում, որովհետև Ժալե փողոցի սկզբում կաթնամթերքի խանութ ուներ և ոչ մեկին պարտքով չէր տալիս, նույնիսկ ձեզ։ Իսկ նրա իսկական անունը պարոն Շարիաթփուր Յազդանի էր։ Քոքաբ Սուլթանը ներքև էր իջնում լվացվելու և կարիքները հոգալու համար, իսկ ջուրն էլ վերցնում էր ներքևի խոհանոցի ծորակից։ Շատ չէր էլ պատրաստում՝ այս ատամներով, որոնք անընդհատ շարժվում էին և վերքեր էին առաջացրել նրա լնդերի ու լեզվի վրա։ Նրա սենյակն էլ մի ափաչափ տարածք էր։ Կահույք գրեթե չուներ։ Իր ամբողջ ունեցած-չունեցածը օժիտի էր վերածել և ուղարկել էր փեսայի տուն։

Քոքաբ Սուլթանը վեր կացավ քուրսու տակից և կանգնեց պատուհանի մոտ՝ ձյունը դիտելու։ Այդքան կարճ ժամանակում տանիքներն արդեն սպիտակել էին, և հարևան տան սոճիների վրա ձյուն էր նստել։ Դիմացի տան թեք տանիքից կախված սառցալեզուները երեկ էլ կային, նախանցյալ օրն էլ, կային դեռևս Ղովս[1] ամսվա սկզբից։ Ինչքա՜ն էր նրա սիրտը նեղված։ Անցած գիշերվանից մինչև հիմա Հաջի Իսմայիլի մասին մտածելուց չէր կարողանում դուրս գալ։ «Ինչպիսի՜ սեր էինք ապրել իրար հետ, ափսոս, որ շուտ անցավ։ Ամռան ամիսներին տիկին տնօրենը գնում էր Էվին[2], իսկ Հաջի Իսմայիլը տան բաղնիքն էր տաքացնում։ Ինձ տանում էր բաղնիք ու մաքրում-լվանում էր մինչև վերջ, լվացքի քսուքով շփում    էր մարմինս, ծիծաղեցնում էր, բարձր-բարձր ծիծաղում էինք, իրար գովում ու քաղցր խոսքեր էինք ասում, իրար համար սիրային երգեր ու քառյակներ էինք կարդում։ Իսկ հիմա՝ ասես ասեղ լինի, որ պետք է ոտքից հանի փուշը։ Տիկին տնօրենի մահճակալի վրա՝ բակի մեջտեղում, գորգիկ էինք փռում ու նստում։ Իրար կողքի ափիոն էինք ծխում, քիչ-միչ խմիչք էինք համտեսում, մինչև որ գլուխներս պտտվում էր։ Հետո մտնում էինք տիկին տնօրենի մոծկանոցի տակ, մերկ-մերկ իրար գրկած քնում էինք։ Նա ինձ կարդալ-գրել էր սովորեցրել։ Ես նրա համար «Ամիր Արսալան[3]» էի կարդում։ Հինգ անգամ կարդացինք «Ամիր Արսալանը», երեք անգամ՝ «Շամսե Ղահղահեն[4]», երկու անգամ՝ «Ազրայի համբույրը[5]»։ Տիկին տնօրենը ահագին գրքեր ուներ։ Վերցնում էինք ու հետո տեղը դնում։ Հաջի Իսմայիլը դպրոցի պահակն էր, իսկ ես տանը ծառայում էի տիկին տնօրենին։ Խեղճ կինը գործ էլ չուներ։ Նուռ էի հատիկ-հատիկ անում, ժամը տասին տանում էի դպրոց։ Երբ նուռ չէր լինում, օշարակ էի տանում։ Ճաշ էի պատրաստում։ Գիշերները ընթրիք չէր ուտում, մի բաժակ կաթ էր խմում ու քնում։ Աստված իմ, այս քաղաքում ինչ հնար կար՝ բոլորը փորձեցինք։ Քանի՜ թատրոն ու կինո գնացինք։ «Բաղդադի գողը», «Արաբական Հենսայը», «Նյու Յորքի գաղտնիքները», «Արշին Մալ Ալա»-ն չորս-հինգ անգամ նայեցինք։ Մեր փողը օրհնություն ուներ։ Տիկին տնօրենն ինձ ամսական գումար էր տալիս, իսկ Հաջի Իսմայիլը նախարարությունից աշխատավարձ էր ստանում»։

Ապահովագրության բժիշկն ինքն ասաց. «Ինքդ քեզ հետ խոսիր։ Ամեն ինչ, ինչ քեզ ուրախացնում է կամ վիշտ է պատճառում, դուրս թափիր։ Սրտիդ մեջ մի՛ պահիր…» Գնացինք Քարբալա, ապաշխարեցինք, Իմամ Հոսեյնից զավակ խնդրեցինք, և Աստված մեզ Ռոբաբա տվեց։ Հաջորդ տարին էր, որ Հաջի Իսմայիլը առավոտյան գնաց աշխատանքի, իսկ երեկոյան այլևս չվերադարձավ։ Մեծ մարդը կորավ՝ կորավ։ Տիկին տնօրենը, Տամինաթը, Նազմիեն, բոլորը փնտրում էին Հաջի Իսմայիլին։ Ես ինքս Ռոբաբային գրկած՝ այս գրասենյակից այն գրասենյակն էի գնում։ Կարծես թե Հաջի Իսմայիլ երբեք էլ չի եղել, անհետացել էր առանց հետքի։ Ռոբաբային քնեցնում էի, իսկ ինքս մենակ նստում էի ափիոն ծխելու։ Տիկին տնօրենի կատվին էլ էի ափիոնի սովորեցրել։ Հենց ափիոնի հոտը տարածվում էր, գալիս ու նստում էր կողքիս, աչքերը փակում ու քրթմնջում։ Երբ վրան փչում էի, ձգվում ու ոլորվում էր։ Կատուն բնական մահով սատկեց։ Հետո սարդին էի ծխացնում։ Սենյակի մի անկյունում սարդոստայն էր հյուսել։ Ափիոնի հոտը բարձրանալուն պես իջնում էր ներքև և բրազի կողքից չէր հեռանում։ Աքցանն ընկավ նրա վրա, և սարդն էլ մեռավ։

Տիկին տնօրենը դիմում գրեց և ինձ Հաջի Իսմայիլի փոխարեն իր դպրոցում որպես պահակ նշանակեց։ Մինչև իր մահը ինձ պահեց իր տանը։ Աստված նրան ողորմի։ Ասում էր. «Քո գործը կրկնապատկվել է, բայց ավելի լավ է այդպես։ Այս երկար կյանքը՝ առանց ընկերոջ, միայն շատ աշխատանքով կարող ես տանել»։ Նա դժգոհ էր իմ ափիոն ծխելուց։ Այնքան խոսեց ու խոսեց, մինչև ափիոնը աչքիցս ընկավ։ Բացի դրանից՝ այնքան գործ ունեի, որ այլևս ժամանակ չէի գտնում ափիոն ծխելու։ Տանը տիկին տնօրենի գործերն էի անում, իսկ դպրոցում մաքրություն էի անում, զուգարաններն էի լվանում, աղջիկների գնահատականների թերթիկները տանում էի նրանց տները և չնչին գումար էի ստանում։ Տոներին կավե ծաղկամանների մեջ նաստուրցիա էի տնկում, ցորեն էի ծլեցնում, ոսպ էի ցանում և տանում-դնում տիկին տնօրենի սենյակում, կամ ուսուցիչների տներն էի տանում… ։ Երկու թումանից մինչև տասը թուման այդպես վաստակում էի։ Այս բոլոր գործերն անում էի միայն նրա համար, որ Ռոբաբայի սրտին փոշի չնստի։ Նրան հագցնում էի ինչպես հարուստ ու ազնվական ընտանիքների աղջիկներին, մինչև դիպլոմ ստացավ։ Եթե տիկին տնօրենը չմեռներ, նրան ամուսնության չէի տա։ Տիկին տնօրենը մահացավ, և ես անտուն ու անօգնական մնացի։ Տասնութ տարվա ծառայությունից հետո թոշակի ուղարկեցին։ Ասացին՝ «տարիքդ հասել է»։ Տիկին տնօրենի տնից դուրս շպրտեցին ինձ։

Ստիպված եղա աղջկաս «այրել» իմ ձեռքով և տալ այս անխիղճ, անտեր մարդուն։ Նա պարոն Լաչինիի գրասենյակում է աշխատում և Աստծուն էլ բանի տեղ չի դնում։ Ի՞նչ անեի։ Աղջիկը գեղեցիկ տեսք ուներ և հարուստների ու ազնվականների աղջիկների նման էր հագնվում։ Ամեն շաբաթ էլ վարսավիրանոց էր գնում։ Թոշակով ու վարձով մի փոքրիկ սենյակում ապրելով՝ չէի կարող այսքան մեծ բաներ անել։ Համալսարան էլ չընդունվեց։

Ապահովագրության բժիշկն ասաց. «Ում սիրտդ ուզում է՝ բարձրաձայն հայհոյիր, որ սիրտդ հովանա»։ Ես էլ լեզվիս վրա հայհոյանքից բացի ուրիշ բան չունեմ։ Աստված ինքն էլ գիտի, ես սիրով ու հիացմունքով լի մարդ էի։ Ջրի առվակը, ծառ ու ծաղիկը, երկնքի լուսինը ինձ ուրախացնում էին։ Ոչ ոք ինձ աղոթք, ծոմ, աղերսանք ու փառաբանություն չէր սովորեցրել։ Երբ Քարբալայում էի, Հաջի Իսմայիլի հետևից էի աղոթում։ Նա բարձրաձայն էր կարդում, իսկ ես էլ իմ ներսում կրկնում էի։ Թեհրան եկանք՝ մոռացա։ Փոխարենը՝ հայհոյել գիտեմ։ Բոլոր անպատիվ ու ստոր մարդկանց եմ հայհոյում։ Բոլոր այն տղամարդկանց, որոնք հետո անարդար դարձան, և այն մարդկանց, որոնք հետո ստորացան, անիծում եմ։ Շատերը մնացին իրենց խոսքի տերը, կանգնեցին իրենց ասածի վրա ու մեռան։ Շատերն էլ կորան ու անհետացան։ Աստված բոլոր գնացածներին ողորմի։ Տիկին տնօրենն ասում էր. «Մեր դժբախտությունն էլ հենց դա է, որ տղամարդկանց անտղամարդ ենք դարձնում»։ Ասում էր «Մեր արյունը խողովակների միջով են ծծում ու մեզ անարյուն ու անտղամարդ դարձնում»։

Աղա Ռեզային բերեցին սրահ։ Ամբողջ սենյակը լի էր ազնվականներով, մեծավորներով ու երևելիներով։ Բոլորը կողք-կողքի նստած էին։ Անընդհատ ասում էին. -Աղա Ռեզա, բարևիր։ -Հարցնում էր. -Ո՞ւմ բարևեմ։

Վեր կենամ, գնամ՝ կաթ առնեմ, բրնձով կաթ պատրաստեմ։ Չէ՛, ավելի լավ է ֆերնի պատրաստեմ։ Բայց այս սառցակալած եղանակին ինչպե՞ս գնամ։ Ամերիկյան «Բելլա» պուտինս, որը նոր եմ գնել, ոտքիս մեծ է։ Ատամս ցավում է, պարանոցս ու աջ ականջս գոռում են ցավից, աջ ծնկիս գլխիկն է ցավում։ Անցած գիշերվանից մինչև հիմա Հաջի Իսմայիլի մասին մի պահ անգամ չեմ դադարել մտածել։ Գլուխս վզվզում է։ Բայց պետք է գնամ։ Եթե այս սենյակում մենակ նստեմ ու ինքս ինձ հետ խոսեմ, խելքս կգնա։ Նորից սրտիս մեջ սկսեցին ճանկռել։ Ոտքերիս շուրջը թերթի թուղթ կփաթաթեմ, այն բրդյա գուլպաները, որ ինքս եմ գործել, կքաշեմ թղթերի վրայից, և պուտինս կդառնա ոտքիս չափ։ Ինչքա՜ն օգտակար եղավ գործելը այս ժամանակներում։ Ինչ լավ է մարդուն կտրում մտքերից ու երևակայություններից։ Մինչև հիմա տասը հատ բրդյա մանկական վերնաշապիկ եմ գործել Մանսուրի ու Մասուդի համար։ Ինչ գեղեցիկ նախշեր էի գործել։ Բայց արգելել է, որ էլ իմ նվերները չընդունեն։ Ոչ ոք չունեմ, որ նրա համար գործեմ, ոչ էլ փողս շատացել է։ Ամեն ինչ թանկացել է, ամեն ինչ իր գինն անցել է, միայն մարդու կյանքն է էժան։ Հիմա անընդհատ գործում եմ ու քանդում։

Նույն առաջին օրը ասացի, որ այս ամբողջ աշխարհում ես միայն այս միակ զավակն ունեմ։ Աստծուն հաճելի չէ, որ ինձ իմ երեխայից հեռացնեն։ Բայց դրանից հենց սկզբից կռիվ էր ուզում, թե չէ՝ ինչո՞ւ գնաց Բաղ Սաբա, տուն վարձեց, որ ինձանից հեռու լինեն։ Հետո էլ դուրս եկանք, մի բառով ճշմարտությունն ասացի, ձեռքս բռնեց ու երեխայիս տնից դուրս շպրտեց ինձ։ Գիտեմ՝ ինչ անեմ։ Կգնամ տիկին Փանիրպուրից խայտառակության աղոթքը կսովորեմ։ Կանիծեմ նրան։ Տիկին Փանիրպուրը բոլոր տեսակի աղոթքները գիտի։ Մի՞թե հենց այդ օրը ինքը տանիքի վրա չէր ասում՝ խայտառակության աղոթք կարդա։ Հինգշաբթի գիշերները պարոն Ռաշեդի նամազից հետևած խեսքերն են լսում և ռադիոյի ձայնը բարձրացնում են, որ հարևաններն էլ լսեն։ Ես ուզում եմ Ղամար-օլ-Մոլուք Վազիրիի երգը լսել։ Ինչպես սոխակ՝ ձայնը ելևէջում էր։ Տիկին տնօրենը Ղամար-օլ-Մոլուքից մի քանի ձայնապնակ ուներ։ Չհասկացա՝ ում բաժին հասան։

Ամռան ամիսներին, Աստված նրան ողորմի, գնում էր Էվին։ Դպրոցն էլ փակ էր։ Բակը լավ ջրում էինք, մեր տնկած պետունիաների ծաղիկներն էինք ջրում։ Խաղողի որթի տակ էինք նստում, գրամոֆոնը լարում էինք և Ղամար-օլ-Մոլուքի ձայնապնակն էինք դնում, Զելլիի ձայնապնակը, Էղբալ-օլ-Սոլթանի ձայնապնակը։ Լիմոնով օշարակ էի պատրաստում, տալիս էի Հաջի Իսմայիլին, ասում էի՝ «Բարի ախորժակ, թող քիմքիդ հաճելի լինի»։ Ասում էր՝ «Նախ դու խմիր…»։

Եթե Ռոբաբան մի քայլով գար և Մանսուրին ու Մասուդին էլ բերեր, որքա՜ն կբացվեր իմ սիրտը։

Մասուդին ասացի. -Մկնիկը քեզ ուտի։ Ասաց. -Քեզ թող մուկը ուտի։ Աղաչեցի, որ մի համբույր տաս տատիկիդ։ Դեմքը մոտեցրեց շուրթերիս։

Խայտառակության աղոթքը պետք է զուգարանի տանիքին կարդան և պետք է արևահար լինեն։ Դրանից հետո էլ պետք է Յազիդին[6] ու Մուավիային[7] անիծեն։ Այս ամենը տիկին Փանիրպուրն էր ասել։

Մինչև ձմռան գալը նա բարձրացել էր տանիք, նստել էր ու կանաչի էր մաքրում։ Արևը հաճելի տաքացնում էր։ Ես էլ գնացել էի լվացք փռելու։ Սիրտս այնքան նեղված էր, որ գնացի ու բարևեցի նրան։ Այդ օրը երկար խոսեցինք, իրար հետ լավ ու վատ բաներ պատմեցինք։ Նրան ասացի, որ կյանքը լավ եմ անցկացրել և ամեն հնարք փորձել եմ։ Հետո պատմեցի փեսայիս մասին և այն արյան մասին, որով նա իմ սիրտն է արյունոտել։ Ասաց. -Խայտառակության աղոթք կարդա, որ Աստված նրան խայտառակի։

Այդ օրվանից հետո չհասկացա՝ ինչու էր ինձ հետ սառել։ Եթե իրար տեսնում էինք, այնպես էր վարվում, կարծես իր կյանքում ինձ երբեք չէր տեսել։ Ես էլ այլևս նրան չբարևեցի։ Չնայած դրան՝ կգնամ՝ նրանից խայտառակության աղոթքը կսովորեմ։ Երանի արև լիներ և զուգարանի տանիքին այսքան ձյուն նստած չլիներ։ Աստված իր պատռված վերմակն է թափ տվել։ Ամենուր նրա մեծ վերմակի բամբակն է թափվել և դեռ շարունակում է թափվել։ Աստված ների, գլուխս խառնվել է և մարդ չեմ դառնում։ Ա՛յ կին, այսքան անհավատ բաներ խոսեցիր, դրա համար ել փորձանք եկավ գլխիդ։ 

Մի խոսքով՝ դուրս եկա ու ասացի. -Քո նմանին տղամարդ են ասո՞ւմ։ Դու ու քո ցլագլուխ եղբայրները իմ երեխային սպանեցիք։ Հղի կին, ծննդաբերելու օրերին, մի ձեռքով երեխայի կաթսան է բռնում, մյուս ձեռքով այդ շան տղա Մասուդի ձեռքը։ Ձեր բոլորի հագուստն է լվանում, արդուկում է, ճաշ է պատրաստում, ընթրիք է պատրաստում։ Մայրդ ամբողջ օրը տերողորմյա է գցում ու հրամաններ տալիս, եղբայրներդ կարծես աղախին են գտել։ Դու էլ, երբ գրասենյակից գալիս ես, թղթերդ ես թափ տալիս ու նստում։ Իմ երեխան տաք ջուր է բերում, ոտքերդ լվանում է, կրունկներիդ կոշտուկների վրա ոտնաքար է քսում։ Ես ինքս իմ երկու կուրացած աչքերով եմ տեսել…

Երբ նրանց տուն էի գնում, զզված էի վերադառնում։ Այնքան խոժոռ դեմք էր ընդունում, փեսայիս մայրը այնքան էր ինձ ու աղջկաս երեսով տալիս, եղբայրներն էլ այնքան էին ծիծաղում ու ծաղրում, որ կյանքից հոգնում էի։ Շատ հազվադեպ էի այնտեղ գնում։ Մի օր երեկոյան գնացի Մասուդի մանկապարտեզի մոտ, որ երեխայիս տեսնեմ։ Տեսա՝ Ռոբաբան մի ձեռքով երեխայի կաթսան ու գնումների զամբյուղն է բռնել, մյուս ձեռքով՝ Մասուդի ձեռքը։ Հղի կին էր, ոտքերը սահում էին ձյան վրա, հազիվ-հազիվ գալիս էր, իսկ Մասուդն էլ նվնվում էր.          -Գրկիր ինձ, մամա՛, գրկիր ինձ։ Երեխային գրկեցի և աղջկաս հետ գնացի նրանց տուն։ Նա քուրսու տակ փռված էր ու արևածաղկի սերմ էր չրթում։ Նրա մայրն էլ սենյակի անկյունում նամազ էր անում։ Եղբայրները դեռ չէին եկել։ Ասացի. -Դու իրո՞ք տղամարդ ես։ Չե՞ս կարող, անիծյալ լինես, գնալ՝ երեխայիդ մանկապարտեզից բերել։ Բերանս բացեցի ու ինչ մտքովս անցավ՝ ասացի։ Զարմանքից քարացել էր։ Քուրսու տակից վեր կացավ, ձեռքս բռնեց, քարշ տալով սենյակից դուրս բերեց ու տան դռնից դուրս շպրտեց։ Ինձ ասում էր՝ անապատի հրեշ, անպատկառ կին, կախարդի գլխարկ։ Ինչ ասես չասաց։ Ու դեռ ձեռք էլ է բարձրացնում։ Աղջկաս ծեծում է։ Հարևաններից եմ լսել։ Լսել եմ, որ ասել է. -Մի՞թե մայրդ քեզ հացով ծառայելով ու դպրոցի հավաքարարությամբ չի մեծացրել։

Նույնիսկ լսել եմ, որ աղջիկս Մանսուրին առանց մանկաբարձի է ծնել։ Հիմա երևի քսան ամսական է դարձել, հաստատ արդեն խոսում էլ է։ Լսել եմ, որ նրա մայրն ասել է. -Երկրորդ երեխայի համար մանկաբարձն ի՞նչ է անելու։ Ու ինքն է երեխային ընդունել։ Հարևաններն էլ օգնել են։

Այս բաները լսելուց հետո չկարողացա դիմանալ։ Վեր կացա, մի կիլո մանդարին գնեցի ու գնացի աղջկաս տեսնելու։ Դեմքը դեղին էր՝ ինչպես քրքում։ Ինչ գույն էր, ի՜նչ վիճակ էր։ Ուժ չուներ նույնիսկ անկողնում նստելու։ Աղաչեց ինձ. -Մա՛մ ջան, այստեղ մի՛ մնա։ Վեր կաց՝ գնա։ Մանդարիններն էլ վերցրու ու տար։ Եթե իմանա, որ եկել ես, կգա ու ինձ կծեծի։ Իսկ հիմա դեռ ո՞վ գիտի՝ երբ կկարողանամ անկողնուց վեր կենալ։ Մի մեծ կույտ կեղտոտ լվացք էր հավաքվել։ Բարկացա ու ասացի. -Ռոբաբա՛, թող մայրդ զոհվի քեզ համար։ Սա կյանք չէ։ Սա մեռած ապրել է։ Ես ու հանգուցյալ հայրդ աշխարհի հաճույքը վայելեցինք, դու ինչո՞ւ պիտի այրվես ու լռես։ Մարդուն քանի՞ անգամ են կյանք տալիս։ Հայրդ քեզ բարուրում էր, օրոր էր ասում, լողացնում էր, զբոսանքի էր տանում։ Ասաց. -Մամա ջան, ես երկու երեխա ունեմ, չեմ կարող ամուսնալուծվել։ Բացի այդ՝ ինձ հետ վատ չի վարվում։ Ասացի. -Աղախին դառնալու համար պետք չէր այսքան սովորել․․․ -Է՜յ Ռոբաբա՛, երեխայի՞ ես խաբում։ Էլ ի՞նչ պիտի աներ, որ քեզ հետ պատահեր։ Մասուդի դպրոցում էլ արգելել է, որ ես գնամ։

Գնում եմ մսագործի խանութ, մթերային, կաթնամթերքի խանութ՝ նրանց տան մոտերը։ Գուցե իմ երեխայի հարևաններից մեկին տեսնեմ։ Նրանք երևի երեխայիս տեսնում են կամ լսում են այդ անպատկառ շան ձայնը։ Լսել եմ՝ Ռոբաբան ակնոց է դրել, այնքան է իմ երեխան սովորել։ Ա՜խ, անտեղյակ սիրտս։ Երևի գլխին է խփել, դրա համար է երեխաս ակնոց կրում։ Ինչեր ասես, որ չեմ լսում։ Լսում եմ՝ երեխայիս ծեծել է, գլուխը ջարդել է։ Լսում եմ՝ Մասուդին է ծեծել, երեխայի ականջից արյուն է եկել։ Լսում եմ… Այնպիսի անեծքներ եմ տալիս փեսայիս, որ եթե դրանցից մեկը բռնի, յոթ սերունդը բավական է։ Բայց ի՞նչ անեմ, միշտ էլ բռնավորը առողջ է մնում։

Է՜յ Ռոբաբա՛, ես ու հայրդ այս աշխարհում ինչ հաճույք կար՝ վայելեցինք։ Քեզնից էլ ոչինչ չխնայեցի։ Ասում էի՝ քանի դեռ իմ տանն ես, թող չարչարվելու կարիք չունենաս։ Երբ գնաս ամուսնուդ տուն, կչարչարվես։ Բայց չէի պատկերացնում, որ այսքան։ Նրա աներես քույրերը, երբ հիվանդանում են, գալիս են մոր տուն ու տեղավորվում այնտեղ։ -Մայրի՛կ ջան, ցավ ու տանջանքդ տանի։ Մայրի՛կ ջան, հիվանդությունս քեզ տամ։ Ո՞վ է ձեզ խնամելու։ Ռոբաբա՛, Ռոբաբա՛, վազիր՝ հյութ բեր։ Վազիր՝ հավի ապուր պատրաստիր։ Վազիր՝ կաթ գնիր, տաքացրու, բեր, որ թույնի պես խմենք։ Տիկին տնօրենը, Աստված նրան ողորմի, ասում էր. «Չես թողնում, որ այս երեխայի սրտում ջուր շարժվի։ Թողնում ես՝ իր դասերով զբաղվի։ Փորձում ես Ռոբաբային իր դասակարգից վեր բարձրացնել, բայց չգիտես, որ կինը, ըստ էության, աշխատավոր դասակարգից է»։ Լույս թափվի գերեզմանիդ վրա, կին։ Ինչքա՜ն իմաստուն էիր։ Վեր կենամ գնամ կաթ առնեմ, բրնձով կաթ պատրաստեմ։ Չէ՛, ֆերնի կպատրաստեմ։ Այս անիծյալ ատամս սաստիկ ցավում է։ Ապահովագրության բժիշկն ասաց. «Երբ մենակությունից խելքդ խառնվի, դուրս եկ ու գնա»։

Վեր կացավ ու նայեց հայելու մեջ։ Մազարմատները սպիտակել էին, հետո կարմրավուն երանգ էին ստացել, իսկ մազերի ծայրերը սև էին՝ ագռավի փետուրի պես։ Զուր չէր, որ փեսան նրան «կախարդի գլխարկ» էր անվանել։ Չգիտեր, որ մարդ հառաչում է, և սպիտակ մազերը սրտից են դուրս գալիս։ Երբ Ռոբաբան իններորդ ամսում հղի էր, նրա սրտի մոտ քոր էր գալիս։ Տիկին տնօրենն ասել էր. «Երեխան մազ է հանում»։ Ասում էր. «Երեխայի մազերը մոր սրտից են բողբոջում»։ Ասում էր. «Ինչ ձևով էլ հաշվի առնենք, այսօրվա պայմաններում կինը, ըստ էության, աշխատավոր դասակարգից է»։

Քուրսիի ծայրը մի կողմ քաշեց։ Զիլոյի տակից մի թուման վերցրեց։ Ափսո՜ս այն երկու քրդական գորգիկները, որ որպես օժիտ էր պատրաստել ու այդպիսի փեսայի տուն էր ուղարկել։ Չադրան գցեց գլխին և իր կարմրագույն հովանոցով դուրս եկավ բակի դռնից։ Զգուշությամբ էր քայլում։ Ձեռքով բռնվում էր պատից, երկաթե ջրահեռացման խողովակից, մարդկանց տների պատուհաններից։ Երանի ատամը հանած լիներ, բայց առանց ատամի ու այդքան կնճիռներով չէր ուզում մարդկանց երևալ։ Պետք է ամբողջ Ալայի փողոցը անցներ, հետո թեքվեր։ Շահաբադի փողոցում ամեն տեսակի խանութ կար։ Կարող էր ոստիկանական բաժանմունքի կողքով գնալ դեպի Ժալե փողոց և պարոն Փանիրպուրի կաթնամթերքի խանութից կաթ գնել։ Կաթը վերջացել էր։ «Քանդվի՛ր, Թեհրա՛ն։ Քանդվի՛ր անպիտանների, անարդարների ու ամորձատվածների գլխին։ Քո ծանր ու ցուրտ ձմեռներով և շոգ, չոր ամառներով։ Ոչ գետ ունես, ոչ ծառ ու այգի, ոչ էլ ջրի առու։ Ինչպես տիկին տնօրենն էր ասում՝ թանաքի մի կաթիլ թղթի վրա փռվածի պես տարածվել ես, ամեն տեղ ես վազել։ Խեցգետնի պես ձեռքերդ բոլոր կողմերն ես մեկնել։ Քանդվի՛ր, ո՛վ փչացած խեցգետնա-գորտ քաղաք»։ Գնաց մսավաճառի մոտ։ Պարոն Փանիրպուրի կինն էր միս գնում։ Ջաֆար աղան միսը կտոր-կտոր էր անում։ Թարմ, չսառեցված, գեղեցիկ գույն ունեցող իրանական գառան միս էր։ Ասաց. -Երկու կիլո յոթ հարյուր գրամ։ «Լավ էլ անում են, առանց պատճառի չէ, որ մարդիկ գիրանում են ու կրկնակզակ են գցում»։ Տիկին Փանիրպուրը բրդյա գլխաշոր էր կապել, ձեռնոցներ էր հագել, վերարկուի վրայից մուշտակ էր հագել։ Վերարկուի գրպանից հանեց հիսուն թումանանոց թղթադրամը և տվեց Ջաֆար աղային։ Ջաֆար աղայի ձեռքը կտրված էր, և վրայի կապած կտորը արյունոտ էր։

Սպասեց մինչև տիկին Փանիրպուրը գնաց։ Ձեռքը մեկնեց և իր մեկ թումանը տվեց Ջաֆար աղային։ Ջաֆար աղան վրայից վերցրեց մի քիչ ճարպ ու կաշի, մի փոքրիկ կտոր միս և մի սառած ոսկոր, դրեց կշեռքի վրա։ Քոքաբ Սուլթանն ասաց. -Ջաֆա՛ր աղա, ինձ չտաս այդ սառած միսը, չգիտեմ՝ որ գերեզմանոցից է։ Դա միայն պարարտանյութի համար է պետք՝ ծառի տակ թաղելու համար։ Ջաֆար աղան բարկացած ասաց. -Սա՛ է, ինչ կա։ Մի թումանով ինչ՞ պիտի տամ։ Աղբը փաթաթեց թերթի թղթի մեջ և տվեց Քոքաբ Սուլթանի ձեռքը։ Եթե Հաջի Իսմայիլը ողջ լիներ, նա այդպիսի համարձակություն կանե՞ր։

Ինչպիսի՜ վախ էր բռնել Քոքաբ Սուլթանին։ Այդ վախն ինքնին մի տեսակ հիվանդություն էր։ Վախենում էր, որ ամբողջ կյանքը հենց այսպես մենակ կմնա, որ փեսան երբեք չի հաշտվի իր հետ, և ինքը այլևս չի տեսնի իր աղջկա երեսը։ Մի անգամ սայթաքեց, քիչ էր մնում՝ ընկներ։ Մայթը սառույցի պատճառով ապակու պես հարթ ու սահուն էր դարձել, իսկ հիմա ձյունն արդեն սկսում էր ծածկել սառույցի վրայի շերտը։ Մյուս վախը ձյունն էր։ Վախենում էր, որ այնքան ձյուն կգա, որ չի կարողանա տնից դուրս գալ, չի կարողանա մտնել աղջկա թաղի կաթնամթերքի խանութները, մսածախի ու մթերայինի մոտերը, մի բան իմանալ նրա մասին և լուր առնել։ Վախենում էր, որ այնքան ձյուն կտեղա, որ տների դռները ձյունով կփակվեն, դռները չեն բացվի, և մարդիկ ստիպված կլինեն տանիքներով երթևեկել։ Իր հարևանները բոլորն էլ թեք տանիքներ ունեին, և ճանապարհն այնպես փակվեր, որ ինքը իր սենյակում բանտարկված մնար։ Հետո էլ բռներ այն հիվանդությունը, որի մասին ասում են՝ Ճապոնիայից է եկել։ Այնքան փսխեր, մինչև մարմնում ջուր չմնար, և մենակ, առանց խնամողի, իր սենյակում փտեր, մեռներ ու փտեր։ Բայց մահից չէր վախենում։ Մի՞թե սիրով ապրած մարդը մահից է վախենում։ Ձյունից, հիվանդությունից, մենակությունից, փակ դռներից և փեսայի հետ ունեցած նեղությունից էր վախենում։ Բայց մահից չէր վախենում։ Իհարկե, միայն մի պայմանով. որ ընդհանրապես ցավ չզգար, որ ինքը չիմանար՝ մեռնում է։ Որ քնի մեջ գնա։ Այլևս տիկին Փանիրպուրի նման չէր վախենում մահվան հրեշտակից, գերեզմանի առաջին գիշերից և հիսուն հազար տարվա օրվանից։ Դրանցից ոչ մեկին չէր հավատում։ Պետք էր իրեն մի գործով զբաղեցնել, որ այդքան չվախենար մենակությունից։ Էլ ինչքա՞ն գործեր, կգործեր, կքանդեր և նորից կգործեր։ Մտածեց՝ նստի մի քառասուն կտորանի ծածկոց գործի։ Իր կապոցների մեջ փնտրի, հավաքի բոլոր կտորները, որոնք մնացել էին մկրատի տակ, նստի ու մի քառասուն կտորանի վերմակ կարի։ Բայց ո՞ւմ համար։ Աղջիկը, որ վախենում է իրենից որևէ բան վերցնել։ Ուրեմն ո՞ւմ համար կարի։ Ընդհանրապես՝ ո՞ւմ համար և ինչի՞ համար է ապրում։ Ո՞ւմ բարևի։ Ո՞վ է մնացել, որ մարդ նրան բարևի։

Երեխաները չգիտես թե ո՛ր դժոխքի ծակուռից էին թափվել փողոց և ձյան հետ էին խաղում։ Սառույցների վրա սահում էին և անցորդների ճանապարհն էին ավելի սայթաքուն դարձնում։ Ձյան մի գունդ հարվածեց նրա հովանոցին ու ձայն տվեց։ Նա փակեց հովանոցը և շրջվեց, որ հայհոյի նրանց։ Երեխաների դեմքերը կարմրել էին, ուրախ ու զվարթ սահնակ էին խաղում։ Սիրտը չտվեց նրանց հայհոյել։ Մի՞թե ինքն էլ մի ժամանակ երեխա ու երիտասարդ չի եղել։ Մի՞թե աշխարհի հաճույքը չի վայելել։ Մի՞թե քիչ կրակներ չի վառել։ Ալայի փողոցի սկզբում երեխաները մի հսկայական ձնեմարդ էին պատրաստել։ Ձնեմարդը միաչքանի էր։ Նրա մյուս աչքի տեղ սև կլոր կտոր էին կապել՝ սև ժապավենով, իսկ գլխին էլ սև գդակ էին դրել։ [8]Կարծես իրենց ներսի բարկությունն էին թափում։ Որովհետև ձյան գնդերով հարձակվում էին հենց իրենց պատրաստած ձնեմարդի վրա։ Արյուն էր կաթում նրանց այտերից՝ այնքան էին չարչարվել ու վազվզել։ Աչքերը փայլում էին։

Նրանցից մեկը ձյան վրա սահեց ու դեպի Քոքաբ Սուլթանն էր գալիս։ Նա արդեն հասել էր իրենց տան մոտ՝ մի տան ջրատար խողովակի տակ։ Տղան եկավ ու եկավ, մեկ էլ հանկարծ սայթաքեց, բախվեց Քոքաբ Սուլթանին, և երկուսն էլ փռվեցին գետնին։ Բայց տղան վեր կացավ ու փախավ։ Քոքաբ Սուլթանը մի կողմ էր ընկել, հովանոցը՝ մյուս կողմը, իսկ միսը, որ գնել էր՝ միս էլ չէր, մսի թափոններն էին միայն, ձեռքից ընկել էր և սփռվել սառույցի ու ձյան վրա։ Քոքաբ Սուլթանը չէր հավատում, որ կարող է այսպես դուրս գալ ինքն իրենից։ Կարծես ամայի անապատում մենակ թողած լինեին իրեն՝ սառույցի ու ձյան վրա։

Ապահովագրության բժշկի խորհրդով սկսեց գոռալ։ Գոռաց. -Քաղքենի տղանե՛ր, անպիտաննե՛ր, անիծյալներ։ Դպրոցները փակել են, որ մարդկանց վրա հարձակվե՞ք։

Չգիտեմ՝ ո՛ր գերեզմանում են ձվարանները պայթեցրել, ու այս անօրենների սերմը ծլել է։ Մարդի՛կ, օգնեցե՛ք ինձ։ Այս անիծյալն ինձ սպանեց, գցեց գետին ու փախավ։ Երևի ձեռքս կամ ոտքս կոտրվել է։ Մեկդ եկեք, ձեռքս բռնեք, գետնից բարձրացրեք։ Մեռնելու լուրներդ, միայն ձևեր տալ գիտե՞ք։ Բաճկոնի գրպանից հիսուն թուման հանեք, երկու կիլո-երկու կիլո միս գնեք։ Մի անգամ եղա՞վ, որ մի աման մածուն, իբր թե, հարևանին առաջարկեք։ Թող մորդ սիրտը քեզ համար այրվի։ Թող քո մահվան լուրը ինձ բերեն։ Թող դու ոտքով լինես, իսկ քաղցր ջուրը՝ ուրիշի հեծած։ Նա, ով ինձ իմ երեխայից հեռացրեց։ Ռոբաբա՛, որտե՞ղ ես, որ տեսնես՝ մայրդ ինչպես է նվաստացել։ Հաջի Իսմայիլ, դու որտե՞ղ ես։ Մի ժամանակ մի շուրթ էի ու հազար ծիծաղ։ Հիմա նայե՛ք ինձ։ Թող ոչ մի սիրելի մարդ երբեք չնվաստանա։ Է՜յ մեռած-անպետք, անբախտ երեխաներ։ Եթե մարդ ասի՝ ձեր աչքի վերևում հոնք կա, հազար տեսակ բարեկամ-ազգական եք գտնում։ Բայց հիմա ձեր բարեկամներն ո՞ւր էին… ։

Մի քանի անցորդներ մոտեցան նրան։ Մի երիտասարդ, որ սև մորուք ու ակնոց ուներ, կռացավ, բռնեց Քոքաբ Սուլթանի ձեռքը և գետնից բարձրացրեց նրան։ Նրա չադրան վերցրեց գետնից, թափ տվեց ձյունը և նորից գցեց նրա գլխին։ Մի գեղեցիկ դեմքով, առանց գլխաշորի կին վերցրեց մսի թափոնները, փաթաթեց թերթի մեջ և տվեց նրա ձեռքը։ Քոքաբ Սուլթանի սիրտը ուժգին էր բաբախում, և բերանը դառնացել էր։ Այնուամենայնիվ, նա ժպտաց կնոջը։ Հանկարծ պատկերացրեց, որ այս երիտասարդը այն փեսան է, որին միշտ ցանկացել էր ունենալ, բայց չունեցավ, իսկ այս կինը՝ իր սեփական աղջիկն է։ Հետո մտածեց, որ քաղաքի բոլոր մարդիկ իր հարազատներն են, իր ընտանիքն ու իր կողքին կանգնած մարդիկ։ Այդ մտքից մի պահ սիրտը ուրախացավ։ Դիմեց բոլորին ու բարևեց։ Եվ հանկարծ սկսեց լաց լինել։ Այժմ այնպես էին արցունքները հոսում նրա աչքերից, կարծես Հաջի Իսմայիլը հենց երեկ էր անհետացել:

 

Թարգմանությունը պարսկերենից՝  Անի Հովսեփյանի



[1] Ղոս՝ իրանական օրացույցի իններորդ ամիսն է, որը մոտավորապես համապատասխանում է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։

[2] Օվին՝ Թեհրանի հյուսիսում գտնվող թաղամաս է, որը հայտնի է նաև այնտեղ գտնվող Օվինի բանտով։ Օվինի բանտը Իրանի ամենահայտնի բանտերից մեկն է։

[3] Իրանական ժողովրդական վեպի հայտնի հերոսն է, որի պատմությունը լայն տարածում է գտել հատկապես «Ամիր Արսլան Նամդար» վեպի միջոցով։

[4] Իրանական ժողովրդական վեպի հերոսներից մեկի մասին պատմող հին ժողովրդական պատմություն է, որը ժամանակին լայն տարածում է ունեցել բանավոր պատմությունների և գրավոր տարբերակների միջոցով։

[5] Իրանական ժողովրդական սիրավեպերից մեկի անունն է, որը պատմում է Ադզրա անունով կնոջ սիրո և ճակատագրի մասին։

[6] Օմայյան խալիֆ Յազիդ իբն Մուավիայի անունն է, որը 680–683 թվականներին ղեկավարել է խալիֆայությունը և հայտնի է հատկապես Քարբալայի դեպքերի ու Իմամ Հուսեյնի սպանության հետ կապված իր պատմական դերով։

[7] Մուավիա իբն Աբու Սուֆյանի անունն է՝ Օմայյան խալիֆայության հիմնադիրներից և առաջին խալիֆը, որը 661–680 թվականներին իշխել է որպես խալիֆ։ Նա Յազիդի հայրն էր։

[8] Իսրայելցի հայտնի զինվորական և քաղաքական գործիչ էր, Իսրայելի պաշտպանության նախարար՝ 1967–1974 թվականներին։ Նա հայտնի էր նաև իր խորհրդանշական սև ակնապակով։

Դիտումներ: 173

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։