Ունդինի հզոր հայրը
Ես պատրաստ եմ հավատալ Հռենոսի ամեն ինչին. միայն նրա ամառային ուրախությանը երբեք չեմ կարողացել հավատալ: Ես փնտրել եմ այդ ուրախությունը, բայց երբեք չեմ գտել. գուցե իմ աչքերի կամ մտքի թերությունն է խանգարել ինձ` հայտնաբերել այդ ուրախությունը:
Իմ Հռենոսը մութ եւ մելամաղձոտ է, առեւտրականի պես չափազանց խորամանկ գետ է, որպեսզի ես կարողանամ հավատալ նրա ամառային, պատանեկան դեմքին: Աշնանը, գարնանը եւ ամռանը ես ճանապարհորդում էի սպիտակ նավերով, քայլում Հռենոսի բարձունքներով, հեծանիվով հասնում Մայնցից մինչեւ Քյոլն, Ռյուդեսհայմից մինչեւ Դոյց, Քյոլնից մինչեւ Քսանթեն, ձմռանը մնում էի գետի մոտ գտնվող փոքրիկ հյուրանոցներում, եւ իմ Հռենոսը երբեք ամառային Հռենոսը չէր:
Իմ Հռենոսն այն գետն է, որը ես ճանաչում եմ վաղ մանկությունից. դա մի մութ, մելամաղձոտ գետ է, որից ես միշտ վախեցել եմ, եւ որը սիրել եմ: Ես ծնվել եմ նրանից ընդամենը երեք րոպե հեռավորության վրա. դեռ չէի կարողանում խոսել, հազիվ էի քայլում, երբ արդեն խաղում էի նրա ափին: Մենք մինչեւ ծնկները բաց քայլում էինք պողոտայի ծառերի տերեւների մեջ` փնտրելով մեր թղթե անիվները, որոնք վստահել էինք արեւելյան քամուն, եւ որը դրանք մեր` երեխաների ոտքերի համար շատ արագ քշում էր դեպի արեւմուտք, դեպի հին ամրոցի խրամատները:
Աշուն էր, փոթորիկ էր մոլեգնում, անձրեւոտ ամպերը եւ նավերի ծխնելույզներից բարձրացող դառը ծուխը կախված էին օդում: Երեկոյան քամի չկար, Հռենոսի հովտում մռայլ մառախուղ էր տարածվել, կայմերի վրա կարմիր եւ կանաչ ազդանշանային լույսերը լողում էին ուրվական նավերի պես, մենք խոնարհվել էինք կամրջի ճաղերի վրա եւ լսում էինք Հռենոսով իջնող լաստանավերի պայծառ, նյարդային ազդանշանները:
Ձմեռը եկավ. ֆուտբոլի դաշտերի չափ սառցե տարածքները ծածկված էին ձյան հաստ շերտով: Հռենոսը խաղաղ էր այս պարզ օրերին. միակ ուղեւորներն ագռավներն էին, որոնք թույլ էին տալիս, որ մեծ, ֆանտաստիկ էլեգանտ տաքսիներով Հոլանդիա մեկնելիս սառցե լողացող շերտերն ուղեկցեն իրենց:
Շաբաթներ շարունակ Հռենոսն անշարժ էր. միայն մեծ, սպիտակ, լողացող սառցաբեկորների միջեւ տեսանելի էին մոխրագույն ջրանցքները: Կամրջի կամարների ներքո սավառնում էին ճայերը, սառցե լողացող կտորները բախվում էին սյուներին եւ կոտրվում, իսկ փետրվար կամ մարտ ամիսներին մենք շունչներս կտրած սպասում էինք Վերին Հռենոսից եկող մեծ հոսանքին. այնտեղից գալիս էին արկտիկական սառցե զանգվածներ, եւ անհնար էր հավատալը, որ սա մի գետ է, որից գինի է սերվում, լավ գինի: Մեծ զգուշությամբ ճաքճքած, կոտրվող սառույցը շարժվեց գյուղերի եւ քաղաքների մոտով`կոտրելով ծառեր, ջարդելով տներ, եւ ավելի քիչ վտանգ ներկայացնելով, հաջողությամբ հասավ Քյոլն: Անկասկած, կա երկու Հռենոս. Վերին Հռենոսը գինի խմողների Հռենոսն է, Ստորին Հռենոսը`շնապս խմողների Հռենոսը, որն ավելի քիչ է հայտնի, եւ որի համակիրն եմ ես: Հռենոս, որը երբեք իրականում չի հաշտվել իր արեւելյան ափի հետ նույնիսկ մինչև օրս, որտեղ ժամանակին գերմանական ցեղերի զոհաբերման խարույկներն էին ծխում, հիմա ծխնելույզներն են ծխում`Քյոլնից մինչեւ հեռավոր հյուսիսային Դույսբուրգ. կարմիր, դեղին, կանաչ բոցեր, խոշոր արդյունաբերության ուրավականների ստվերներն են երեւում, մինչդեռ արեւմտյան ձախ ափը դեռեւս հիշեցնում է հովվի ափ: Կովեր, ուռենիներ, եղեգներ եւ հռոմեական ձմեռային ճամբարների հետքեր: Այստեղ կանգնած էին նրանք`հռոմեացի զինվորները, որոնք անողորմ նայում էին արեւելյան ափին, զոհաբերություններ էին անում Վեներային, Դիոնիսոսին, նշում Ագրիպինայի ծնունդը. հռոմեացի մի աղջիկ Գերմանիկուսի դուստրն էր, Կալիգուլայի թոռնուհին, Ներոնի մայրը, Կլավդիուսի կինը եւ նրան սպանողը, որին հետագայում սպանել էր իր որդին` Ներոնը: Հռենոսյան արյուն` Ներոնի երակներում:
Նա ծնվել է զորանոցներում. դրանք հեծելազորային զորանոցներ են, նավաստիների զորանոցներ, հետեւակային զորանոցներ, իսկ Արեւմուտքում նույնիսկ այդ ժամանակ կային առեւտրականների, ադմինիստրատորների, սպաների, լոգարանների հաճախորդների առանձնատներ, լողավազաններ: Նոր ժամանակները դեռեւս չեն հասել այդ շքեղությանը, որը թաղված է մեր մանկական խաղահրապարակներից տասը մետր ներքեւ` դարերի փլատակների մեջ:
Այս գետը` հին, կանաչ Հռենոսը, չափազանց շատ բանակներ է տեսել` հռոմեացիների, գերմանացիների, հոների, կազակների, ավազակ ասպետների, հաղթողների եւ պարտվածների, եւ, որպես պատմության վերջին սուրհանդակների` նրանց, որոնք հեռավոր ուղի էին ընտրել: Նրանք Վիսկոնսինից, Քլիվլենդից կամ Մանիլայից եկած տղաներն էին, որոնք շարունակեցին հռոմեացի վարձկանների սկսած առեւտուրը տարվա զրոյական կետից: Այս լայն, կանաչավուն-մոխրագույն Հռենոսը չափազանց շատ առեւտուր է տեսել, չափազանց շատ պատմություն է տեսել, որպեսզի ես կարողանայի հավատալ նրա ամառային, պատանեկան տեսքին: Ավելի հավաստի են նրա մելամաղձությունը, նրա մթությունը. նույնիսկ նրա լեռներում գտնվող ավազակ բարոնների ամրոցների մռայլ ավերակները զվարճալի չեն: Զրոյական տարում այստեղ հռոմեական փայլուն զարդերը փոխանակվեցին գերմանացի կանանց պատվի, իսկ 1947թ. ոսպնյակները փոխանակվեցին սուրճի եւ սիգարետի, անցյալի փոքրիկ սպիտակ խունկի ձողիկների հետ: Նույնիսկ նիբելունգները, որոնք ապրում էին այնտեղ, որտեղ գինի կար, շատ ուրախ ռասսա չէին. նրանց մետաղադրամն արյունով էր ծածկված, որի մի կողմում դաջված էր հավատարմության նշանը, մյուսում` դավաճանության:
Հռենոսը, որը հայտնի է իր գինի խմողներով, ավարտվում է մոտավորապես Բոննում, ապա անցնում է կարանտինի միջով եւ հասնում մինչեւ Քյոլն: Այստեղ է սկսվում Հռենոսը, որը հայտնի է իր շնապս խմողներով. շատերի համար դա կարող է նշանակել, որ Հռենոսն այստեղ է ավարտվում: Իմ Հռենոսն սկսվում է այստեղ. այն տարուբերվում է հանգստության եւ մելամաղձության միջեւ` առանց մոռանալու վերեւում սովորածն ու տեսածը, դառնալով ավելի ու ավելի լուրջ`մոտենում է գետաբերանին, մինչեւ որ մահանում է Հյուսիսային ծովում, եւ նրա ջրերը խառնվում են մեծ օվկիանոսի ջրերի հետ. գեղեցիկ Միջին Հռենոսը Մադոննաների Հռենոսի հետ հոսում է դեպի Ռեմբրանդտը եւ անհետանում ցամաքային ծովի մշուշների մեջ:
Իմ Հռենոսը ձմեռային Հռենոսն է, ագռավների Հռենոսը, որոնք սառցե լողացող ալիքների վրա գաղթում են դեպի հյուսիս-արեւմուտք, դեպի Նիդեռլանդներ, Բրոյգելյան Հռենոսը, որի գույները կանաչավուն-մոխրագույն են, սեւ ու սպիտակ, շատ մոխրագույն, իսկ տների շագանակագույն ճակատները միայն ամռանն են նորից ծածկվում: Հանդարտ Հռենոսը, որը դեռ բավականին տարերային է` Հերմեսի երկրպագուների եռուզեռը գոնե մի քանի շաբաթով զսպելու համար եւ կառավարում է իրեն` հին հունը թողնելով միայն թռչուններին, ձկներին եւ սառցե լողացող ալիքներին: Եվ ես դեռ վախենում եմ Հռենոսից, որը կարող է չարանալ գարնանը, երբ գետի վրայով լողում են աղբ, հարբած անասուններ, արմատախիլ արված ծառեր, երբ գետի ափամերձ ծառերին փակցնում են կարմիր գրությամբ պաստառ`« Զգուշացում», երբ բարձրանում են ցեխոտ ջրհեղեղները, երբ շղթաները, որոնց ամրացված են լողացող հզոր նավախցիկները, սպառնում են կտրվել: Վախը Հռենոսից, որը գաղտնի եւ այդքան նուրբ մրմնջում է երեխաների երազների միջոցով, մի մութ աստված է, որը ցանկանում է ապացուցել, որ նա դեռ զոհեր է պահանջում. հեթանոսություն, բնություն, ոչ մի գեղեցկություն, նա ընդարձակվում է ծովի պես, թափանցում բնակարաններ, բարձրանում կանաչապատ նկուղներ, ժայթքում ջրանցքներից, մռնչում կամուրջների կամարների տակ. Ունդինի հզոր հայրը:
(1956)
1. Ունդինն աառասպելաբանության մեջ իգական, հաճախ` կուսական, ջրային ոգի է, որը ծագում է լատիներեն unda բառից եւ նշանակում է «ալիք»: Այս տարերային ոգիները հայտնի են դարձել գերմանացի ռոմանտիկ գրող Ֆրիդրիխ դե լա Մոտ Ֆուկեի 1811 թվականի հեքիաթից:
Գերմաներենից թարգմանությունը` Թագուհի Հակոբյանի
Դիտումներ: 163
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։