Վերջին հիսուն գրամը
Առավոտյան տղային ասաց՝ «գերեզմանատուն պիտի գնանք», չնայած եթե ասած էլ չլիներ, տղան գիտեր, որ ամսվա վերջին շաբաթ օրը պիտի գնան։
Էդ սկսվել էր քսան տարի առաջ՝ երբ Յաչոն մահացավ, ու իրենք՝ երեք ընկերով որոշեցին, որ ամեն ամսվա վերջին շաբաթ օրը պիտի գնան նրա գերեզմանին։ Ավելի ճիշտ՝ ոչ թե որոշեցին, այլ, ինչպես մանկական խաղերի ժամանակ էր, ենթարկվեցին Ուբիի սահմանած կանոնին։
Գնում էին՝ մի-մի բաժակ օղի խմում, մի բաժակ էլ լցնում էին Յաչոյի համար, բայց չէին դատարկում հողին, այլ դնում էին տապանաքարի կողքը՝ համոզված, որ ինքը կխմի։ Հաջորդ գալուց բաժակը տեղում էր լինում։ Դատարկ։ Ուրեմն խմել է։
Յաչոյից երեք տարի հետո Շոտոկը ավտովթարից հաշմանդամ դարձավ, իսկ դրանից մի տարի հետո՝ մահացավ։ Եվ ութ տարի շարունակ ամեն ամսվա վերջին շաբաթ օրը գերեզմաններ էին գնում արդեն երկուսով՝ ինքը և Ուբին։ Նախ՝ Յաչոյի, հետո՝ Շոտոկի։ Երկու տեղում էլ մի-մի բաժակ խմում էին, ապա լիքը բաժակները դնում տապանաքարերի մոտ։ Հաջորդ գալուց հա՛մ Յաչոյի բաժակն էր դատարկ լինում, հա՛մ Շոտոկի։ Երկուսն էլ, ուրեմն, խմել էին։
Շոտոկից ութ տարի հետո Ուբին գնաց-միացավ ընկերներին, և ինքը ահա՛ արդեն հինգ տարի ամեն ամսվա վերջին շաբաթ օրը գնում էր գերեզմաններ։ Նախ՝ Յաչոյի, հետո՝ Շոտոկի, հետո՝ Ուբիի։ Երեք տեղում էլ մի բաժակ խմում էր, ապա մի-մի լիքը բաժակ դնում տապանաքարերի կողքին։ Հաջորդ գալուց երեք բաժակներն էլ դատարկ էին լինում։ Խմել էին, ուրեմն։
Էդ կարգը Ուբին էր սահմանել։ Մանկուց եկած սովորություն էր. բոլոր խաղերի կանոնները Ուբին էր սահմանում։ Ու ամեն գալուց, էլի Ուբիի կանոնն էր, ամեն մեկի գերեզմանի մոտ նրա մասին մանկության մի դրվագ պիտի հիշեին։
Եվ երբ էդ առավոտյան տղային ասաց, թե գերեզմաններ պիտի գնան, տղան չընդդիմացավ, բայց հետն ընդամենը կես շիշ օղի վերցրեց, որ միայն տղերքի բաժակները լցնի, իսկ Յաչոյի գերեզմանի մոտ ասաց.
- Պա՛պ, արդեն երեք բաժակ առանց զակուսկի չես կարողանում խմել, ես օղին բերել եմ մենակ տղերքի համար։ Կլցնենք կդնենք տապանների կողքին։
Ինքը ձայն չհանեց։ Բայց երբ Ուբիի գերեզմանի մոտ բաժակը լցրեցին, շշի տակ մի հիսուն գրամի չափ օղի մնաց...
***
Յաչոյի գերեզմանի մոտ տղային պատմեց.
- Յաչոն մեջներիցս ամենաուժեղն էր, իր ասածի ու նեղանում էր, եթե տղերքն իր հետ չէին համաձայնում։ Նաև՝ ահավոր ջղայնանում ու կռիվ էր սարքում, երբ խաղում պարտվում էր։ Խզատակը փոս էր, մի խոսքով։ Նա առաջինն էր, որ օղի խմեց։ Դեռ հինգերորդ դասարան էինք, ծնողները տանը չէին, կանաչ սոխով ձվածեղ սարքեցինք, ինքը մի լիքը բաժակ օղի լցրեց ու քաշեց գլխին։ Ուբին, Շոտոկը ու ես իր փոխարեն դեմքներս ծամածռեցինք։ Իրա տանձին չէր։ Ֆուտբոլ պիտի գնայինք, առաջին անգամ Արտաշատից պրոֆեսիոնալ թիմ էր եկել՝ Հայաստանի առաջնության Բ խմբի թիմ, ու մերոնք նրանց դեմ պիտի խաղային։ Կանգնել էինք արտաշատցիների դարպասի հետևում, և գլուխը տաքացրած Յաչոն ժամանակ առ ժամանակ փոքր քարեր էր նետում դեպի դարպասապահը։ Մեկ էլ՝ էս արտաշատցին չդիմացավ, շրջվեց, թե՝ «Արա, լա՛վ, հերիք էլավ, էլի՜»։ Յաչոյին տարանք մի կողմ, հետո գնացինք կոլխոզի քյաշվան[1]՝ սերկևիլ գողանալու։ Խաղը անհույս էր, արտաշատցիք արդեն առաջին կեսում հինգ գոլ էին խփել։ Դպրոցն ավարտելուց հետո Յաչոն գնաց Ռոստով, որ ընդունվի զինվորական ուսումնարան։ Բայց դեռ քննությունները չավարտած՝ հետ եկավ։ Դիմորդները ուսումնարանի հանրակացարանում էին մնում և առաջին իսկ օրվանից ենթարկվում էին խիստ կարգուկանոնի՝ ժամը վեցին վերկաց, մարզանք, նախաճաշ, պարապմունքներ, ճաշ, պարապմունքներ… Յաչոն դիսցիպլինայի դիմացող չէր, մանավանդ հասկացավ, որ ընդունվելու դեպքում ամեն ինչ դրանից էլ խիստ է լինելու։ Վերջին կաթիլը եղավ առաջին շաբաթ օրվա երեկոյան։ Ժամանց էին կազմակերպել, ու ինքն էլ որոշեց իր շնորհքը ցույց տալ։ Մոտեցավ դաշնամուրին, կափարիչը բարձրացրեց, մատները տարավ ստեղների վրայով, մեկ էլ հերթապահ սպան, թե՝ «Արջը՝ դաշնամուրի մոտ»։ Բոլորը ծիծաղեցին։ Չնվագեց։ Լուռ գնաց սենյակ։ Իրերը հավաքեց ու հենց էդ երեկոյան վերադարձավ։ Ճիշտն ասած՝ սպասում էինք։ Մի լավ քեֆ սարքեցինք։ Սովետի փլվելուց հետո Յաչոն ընտանիքով գնաց Մոսկվա։ Կարծես վատ գործի չէր։ Բայց կարոտից էր, ինչ էր, սիրտը չդիմացավ, իսկ վերջին շնչում խնդրեց, որ իրեն ծննդավայրում թաղեն։ Երեք ընկերներով կազմակերպեցինք էդ գործը, ապա ամսվա վերջին գերեզման գնալու սովորության հիմքը դրինք՝ Ուբիի առաջարկով։
***
- Շոտոկը։ Աղքատ համարվող ընտանիքից էր։ Մահլում իրեն լավ տղու տեղ դրած, մեզնից մեծ Սերոժ անունով մեկը մի անգամ Շոտոկին կանգնեցրեց դեմքով դեպի Խաչի վարպետաց պատը ու դառավ մեզ, թե՝ «դավա՛յ, քացով քամակին»։ Տղերքով ոչ միայն ընդդիմացանք ու պաշտպանեցինք մեր ընկերոջը, այլև Սերոժի քամակին մի-մի քացի տալով փախանք։ Շոտոկն էլ մեզ հետ։ Ութերորդ դասարանից հետո թողեց դպրոցը, սկսեց աշխատել մինչև բանակ գնալը։ Առաջին աշխատավարձով ՎԷՖ ռադիոընդունիչ առավ ու գործից տուն գալուց հետո ՎԷՖ-ը դնում էր ականջին, ֆռֆռում թաղով։ Մեկ-մեկ էլ Ամերիկայի ձայն էր բռնում։ Ու մենք խշխշոցների միջից հազիվ լսում էինք Սովետի մասին ստերը (Շոտոկն էր էդպես ասում)։ Բանակից հետո Շոտոկը գործի անցավ սահմանապահ զորամասում։ Վարորդ էր։ Ու տենց մինչև կյանքի վերջը։ Սովետի փլվելուց հետո էլ դեռ երկար՝ մինչև թոշակի անցնելը, աշխատեց արդեն ռուսական համարվող էդ զորամասում։ Թոշակի անցնելուց մի քանի ամիս առաջ էր, որ վթարը եղավ։ Գլուխն էր պտտվել, իր ասելով, ու դրա համար չէր կարողացել շրջադարձ մտնել. մեքենայով հայտնվել էր գետափին։ Հաշմանդամ դարձավ, իսկ բարձր թոշակը մի տարի էլ չվայելեց։
***
- Ուբին։ Մանկական բոլոր խաղերի սիրտն ու հոգին էր։ Բոլոր խաղերի պարտադիր հաղթողը։ Բոլոր խաղերի կանոններ սահմանողը նաև։ Իրենից կանոններ էր հորինում։ Ու իր հորինած կանոններով էլ հաղթում։ «Չնգլի» լիներ, «Կոզլապի», մի «վառոտի» վրա ֆուտբոլ, թե ինչ, հաղթում էր։ Ու հումո՜րը… Հումո՜րը։ Հարևանի տղաներից մեկը կար՝ մեզնից մի երկու տարի մեծ, հսկա ու դանդաղաշարժ, ազգանունը Բունիաթյան։ Ուբին նրան ասում էր Բունադ, ու նրա մասին ոտանավոր էր սարքել.
«Մինչև մի քայլ է անում,
դարեր է տևում,
Բունադը, սանադը»։
Էդ տղայի գլխին մի անգամ խաղ խաղաց։ Ասաց՝ «Վաչին պարապել ենք՝ հինգից հինգ պենալները բռնում ա»։ Էդ Բունադին տնից հանելը համարյա անհնար բան էր։ Բայց Ուբին լեզու թափեց, իր հումորն ու հունարը բանացրեց, մի կերպ համոզեց։ Բունադը փնչացնելով, ծանր-ծանր եկավ մահլա։ Գնդակը դրած էր, Վաչն էլ կանգնած էր դարպասում (դարպաս կոչվածը Հովհանեսաց ցանկապատից մինչև Խոնդաց պատը ընկած հատվածն էր)։ Բունադը ինչքան կարող էր թափով մոտեցավ գնդակին, հարվածեց ու հսկա մարմնով մեկ փռվեց։ Ծակ գնդակ էր՝ քարերով լցրած։ Բոլորս փախանք իհարկե՝ փրկվելով պատառ-պատառ լինելուց… Ու մեկ էլ, երևի ութերորդ դասարանում էր, նիհարության պատճառով «Ոսկոր» մականունը ստացած Ուբին սկսեց չաղանալ։ Եվ ինչքան չաղանում էր, էնքան հումորը կորցնում էր։ Ինչքան չաղանում էր, էնքան կտրվում էր մահլից էլ, մահլի խաղերից էլ։ Մեկուսացավ իր կյանքով։ Կապը մենակ երեք ընկերների հետ էր պահում։
***
Երբ տղան վերջին գերեզմանի մոտ Ուբիի բաժակը լցրեց ու դրեց տապանի կողքին, տեսավ, որ շշի տակ մի քիչ օղի է մնացել։
- Էս վերջին հիսուն գրամն էլ քեզ լցնեմ, պա՛պ,- տոպրակից մի բաժակ հանելով՝ ասաց տղան։
Ինքը մի շնչով քաշեց գլխին ու գնաց դեպի մեքենան։
Տուն հասան թե չէ, ասաց՝ «հոգնած եմ, պառկեմ մի քիչ հանգստանամ»։
Երկու ժամ հետո կինը մտավ ննջասենյակ ու կանչեց հաց ուտելու։
Մարդը չարձագանքեց...
Դիտումներ: 245
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։