Յասունարի Կավաբատա. Ափաչափ պատմվածքներ
Սպիտակ ձի
Կաղնու սաղարթում խճճվել էր արծաթաշող արևը։
Նոգոտին բարձրացրեց գլուխը՝ լույսը կուրացրեց նրան։ Թարթելով, նա նորից նայեց վերև։ Արևը չէր երևում, լույսի աղբյուրը միջսաղարթային ճեղքերն էին։
Կաղնու բունն անհավանական հաստ ու բարձր էր, անհամեմատ զորեղ իրեն շրջապատող եղբայրակիցներից։ Արևն արևմուտքում է։ Ճյուղերը ձգվում են վեր, նրանց հետևից մայր է մտնում ամառային արևը։
Սաղարթը խիտ է, նրա հետևից արևը չի երևում։ Այն տարածվում է տերևների վրայով։ Նոգուտին ընտել էր մտածել, որ հազար մետր բարձրության վրա ճապոնական կաղնու մուգ տերևները պսպղում են արևմտյան եղանակով։ Արևմտյան արևի տակ տերևները թափանցիկանում են։ Քամին օրորում է դրանք՝ հարուցելով լույսի երփներփումներ։ Բայց այսօր երեկոյան տերևներն անշարժ են, ճյուղերի մեջ լույսը դադրել է։
-Այս ի՞նչ է,- բարձր հարցրեց Նոգուտին։ Նրան ցնցեց մգացող երկինքը։ Դա այն գույնը չէր, երբ արևը դեռ թափառում է ճյուղերի մեջ։ Ոչ, այն գույնն էր, որ իր հետևից թողնում է հենց նոր մայր մտած արևը։
Արծաթաշողը փոխանցվում էր տերևներին անտառակի հետևի սպիտակ ամպիկից, որ շողում էր լեռան հետևն անցած արևի տակ։ Անտառակի հետևից ձախ՝ լեռնալիքները պատվել էին կապտասևով։ Արծաթաշողը սաղարթամասերում հանկարծ անհետեց։ Կանաչը փոխվեց սևության։ Կաղնու կատարից պոկվեց սպիտակ ձին ու սլացավ գորշ երկնքով։
Նոգուտին ճչաց։ Բայց իրականում նա վախեցած չէր։ Այդ տեսիլքն արդեն այցելել էր նրան։
-Նա նորից սլանում է, հագին նորից այդ սև զգեստն է։
Կինը սլանում էր սպիտակ ձիով, նրա սև զգեստի ծալերը ծածանվում էին։ Դրանք սավառնում էին ձիու պոչի վրա և շարունակությունն էին սև զգեստի, բայց միևնույն է իրենցից ինչ-որ անջատ բան էին ներկայացնում։ Նոգուտին չհասցրեց հարցնել իրեն՝ ինչու է այդպես, երբ տեսիլքը ցնդեց։ Բայց սպիտակ ձիու վազքի ռիթմը դրոշմվեց սրտի մեջ։ Շարժումները նրա անշտապ էին, բայց թռիչքն՝ ապշեցուցիչ արագ։ Ընդ որում շարժվում էին միայն ոտքերը։ Սմբակները սրված էին։
-Այս ի՞նչ երկար սև ծածկոց է։ Թե՞ սա բնավ ծածկոց չէ,- անհանգիստ հարցնում էր իրեն Նոգուտին։
Երբ Նոգուտին ավարտեց տարրական դպրոցը, Թաեկոյի հետ նրանք խաղում ու նկարում էին այգում, որի կենդանի ցանկապատը ձևավորվել էր ծաղկող ճփնիից։ Նրանք ձի էլ էին նկարում։ Թաեկոն երկնքով սլացող ձի էր նկարել։ Ուստի Նոգուտին էլ այդպիսին նկարեց։
Թաեկոն ասաց․
-Սա ձի է, որ սմբակով հարվածել է լեռանը, և դրանից սուրբ աղբյուր է ցայտել։
-Իսկ թևեր նրան պետք չե՞ն,- հարցրեց Նոգուտին։ Նրա նկարում ձին անթև էր։
-Չէ, պետք չեն։ Բայց սմբակները նրա սուր են։
-Իսկ ո՞վ է նրանով սլանում։
-Ես եմ։ Ձին սպիտակ է, իսկ հագիս զգեստը՝ վարդագույն։
-Մի՞թե դու կարող ես սլանալ ձիով, որը սմբակով հարվածել է լեռանը, և դրանից սուրբ աղբյուր է ցայտել։
-Կարող եմ։ Իսկ քո ձին թեև թևերով է, բայց առանց հեծյալի։
Նոգուտին փութով նկարեց տղայի։ Թաեկոն հետևում էր նրան։
Ահա և վերջ։ Նոգուտին ամենևին Թաեկոյի հետ չի ամուսնացել։ Թաեկոն երեխաներ ունի։ Տարիներ են անցել, նա մոռացել է Թաեկոյի մասին։
Բայց մի անքուն գիշեր նա հանկարծ հիշեց Թաեկոյի մասին։ Նոգուտիի տղան ձախողել էր համալսարանի ընդունելության քննությունները և հիմա մինչև ուշ գիշեր խորանում էր գրքերի մեջ։ Նոգուտին անհանգստանում էր նրա համար և նույնպես չէր կարողանում քնել։ Անքուն գիշերների ընթացքում Նոգուտին կարոտ էր զգում։ Հաջորդ տարին իր տղայի համար առջևում է, նա երազանքներ ունի, գիշերները չի քնում։ Նրա հայրը շուռ ու մուռ է գալիս անկողնում ու նույնպես չի քնում։ Եվ ոչ այն պատճառով, որ դա կօգնի տղային՝ պարզապես նա էլ իր սեփական կարոտն ունի․ այն վրա հասավ ու բաց չէր թողնում, արմատավորվել էր նրա մեջ։
Նագոտին տարբեր բաներ էր փորձում՝ անքնությունից ազատվելու համար։ Ի թիվս այլ բաների ջանում էր մտածել ինչ-որ հանդարտավետ բանի մասին կամ տրվել հիշողություններին։ Եվ ահա մի անգամ հիշեց Թաեկոյին իր սպիտակ ձիով։ Նա մանրամասն չէր հիշում նկարը, ուստիև նրան այդ մանկական նկարը չէր պատկերանում՝ իր փակ աչքերով նա տեսնում էր խավարասև երկնքով սլացող ձիուն։
-Սա Թաեկո՞ն է։ Եվ նրա հագին վարդագույն զգե՞ստ է։
Սպիտակ ձիուն երկնքում նա տեսնում էր պարզորոշ, բայց ահա հեծյալին տեսնել ոչ մի կերպ չէր կարողանում։
Ձիու վազքը դանդաղեց, և նա չքացավ ինչ-որ տեղ հեռվում։ Նոգուտին նույնպես սկսեց քուն մտնել։
Այդ ժամանակվանից սպիտակ ձիու հայտնվելը Նոգուտիի համար սկսեց նշանակել, որ նա շուտով կքնի։ Անքնությունը նրա հետ հաճախ էր պատահում։ Ինչ-որ տհաճ բանից կամ նյարդայնանալուց հետո։
Արդեն շատ տարիներ սպիտակ ձին փրկում էր Նոգուտիին անքուն գիշերները։ Ձին կուրացուցիչ սպիտակ էր, բայց հեծյալը՝ սևազգեստ։ Եվ վարդագույն զգեստով աղջկա հետ նա որևէ կապ չուներ։ Սևազգեստ կնոջ կերպարը տարիների հետ գնալով աղոտ ու խորհրդավոր էր դառնում։
Առաջին անգամ էր, որ Նոգուտին անկողնում չէր, երբ սպիտակ ձին հայտնվեց, նա պարզապես նստած էր աթոռին։ Առաջին անգամ սևազգեստ կնոջ հետևից սև երկայնափեշ էր ձգվում։ Եվ այդ երկայնափեշում ինչ-որ սև ծանրություն կար։
-Այս ի՞նչ է։
Նոգուտին նայում էր գորշ երկնքին՝ սպիտակ ձին արդեն չկար։
Նա չէր տեսել Թաեկոյին արդեն քառասուն տարի։ Եվ ոչ մի լուր նրանից չէր հասնում։
Հովանոց
Գարնանային մեղմ անձրև, ավելի շատ նման մշուշի․․․ Այն քեզ չի թրջի ամբողջությամբ, բայց մաշկը միևնույն է դրանից թացանում է։
Տեսնելով պատանուն, աղջիկը կրպակից վազեց փողոց։ Պատանին իր առաջ բացած հովանոց էր պահել։
-Ի՞նչ է, անձրևում է։
Պատանին հովանոցի տակ կանգնել էր ոչ այն պատճառով, որ վախենում էր թրջվել։ Պարզապես նա ամաչում էր, որ իրենց կտեսնեն կրպակից, որտեղ աշխատում էր աղջիկը։
Պատանին լուռ պահել էր հովանոցը աղջկա գլխավերևում։ Բայց միևնույն է աղջիկը մեկ ուսով քայլում էր անձրևի տակ։ Պատանին սկսում էր թրջվել, բայց ոչ մի կերպ չէր խիզախում ասել նրան՝ սեղմվիր ինձ։ Իսկ ինքն ուզում էր հովանոցի կոթից բռնել նրա հետ, բայց աղջիկը գնալով հեռանում էր նրանից։
Նրանք մտան լուսանկարչատուն։ Պատանու հորն աշխատանքի համար այլ քաղաք էին տեղափոխել։ Այնպես որ պատանին ու աղջիկը որոշեցին հրաժեշտի համար լուսանկարվել։
-Նստեք այստեղ,- ասաց լուսանկարիչը, մատնացույց անելով բազմոցը։ Բայց պատանին շատ էր ամաչում։ Ուստի կանգնեց աղջկա հետևում, բայց որպեսզի նրանց մարմինները գոնե փոքր- ինչ մերձենային, բազմոցի թիկնակից բռնած ձեռքի թեթևակի ցցված մատով նա դիպավ նրա զգեստին։ Հիմա նա առաջին անգամ հպվեց նրան։ Թույլ ջերմությունը, որ փոխանցվեց իր մատներին, ստիպեց մտածել նրա մերկ մարմնի տաքության մասին։ Նայելով լուսանկարին, նա մինչև մահը կհիշի այդ ջերմությունը։
-Ուզո՞ւմ եք, մի կադր էլ անեմ։ Խոշոր պլանո՞վ։ Միայն թե այդ դեպքում դուք պետք է ավելի մոտ կանգնեք։
Պատանին գլխով արեց։
-Էս ի՞նչ ա սանրվածքդ,- շշնջաց նա աղջկան։ Աղջիկը նայեց նրան ու կարմրեց։
Աչքերը նրա խնդությամբ փայլեցին։ Մանկական հնազանդությամբ նա վազեց հայելու մոտ։ Բանն այն է, որ կրպակի պատուհանից պատանուն տեսնելուն պես՝ նա իսկույն դուրս թռավ նրա մոտ, չհասցնելով սանրվել։ Ամբողջ ճանապարհին նա կշտամբում էր իրեն, քանզի այնպիսի տեսք ուներ, ասես հենց նոր էր հանել լողանալու գլխարկը։ Բայց աղջիկն այնքան ամաչկոտ էր, որ երբեք իրեն թույլ չէր տալիս տղամարդկանց ներկայությամբ անգամ ընկած խոպոպիկն ուղղել։ Իսկ տղան իրավասու չէր զգում ասելու նրան, որ իրեն կարգի բերի։
Երբ աղջիկը նետվեց դեպի հայելին, նա այնպիսի ուրախ տեսք ուներ, որ պատանին էլ պայծառացավ։ Հիմա նրանք հանգիստ նստեցին բազմոցին, այնպես ասես դա նրանց համար սովորական բան լիներ։
Լուսանկարչատնից դուրս գալով՝ պատանին սկսեց աչքերով փնտրել իր հովանոցը։ Եվ այդժամ նա տեսավ, որ աղջիկը կանգնած է իր հետ փողոցում։ Աղջիկը որսաց տղայի հայացքն ու հասկացավ, որ փողոց է ելել նրա հովանոցով։ Նա զարմացավ, որ, ինքն այդ չհասկանալով, այնպես է պահել իրեն, ինչպես եթե արդեն պատկաներ նրան։
Պատանին հովանոցը հետ չխնդրեց։ Իսկ աղջիկը չէր համարձակվում վերադարձնել այն։ Ինչ-որ բան պատահել էր այն պահից, երբ նրանք գնացել էին լուսանկարչի մոտ։ Նրանք արդեն մեծացել են, և հետդարձի ուղին ամուսինների ճանապարհ էր։
Իսկ դուք ասում եք՝ հովանոց, հովանոց․․․
Նրանց մազերը
Խուլ լեռնային գյուղում մի աղջիկ որոշեց գնալ վարսահարդարուհու մոտ։ Աղջիկը մտավ վարսահարդարուհու տուն։ Նրա զարմանքին չափ չկար՝ գյուղական օրիորդները բոլորն անխտիր արդեն հավաքվել էին այնտեղ։
Բանն այն էր, որ այն երեկո, երբ նրանք որոշել էին թարմացնել իրենց անբարետես հյուսերը, զինվորների վաշտը կանգ էր առել օթևանելու՝ զորվարժությունների հետ կապված յուրաքանչյուր տուն գիշերապաստան էր դարձել զինվորների համար։ Եվ ստացվեց, որ յուրաքանչյուր տանը հյուրեր էին։ Իսկ հյուրերի մասին այդ գյուղում ոչ ոք ականջի ծայրով իսկ առաջ չէր լսել։ Ահա և բոլոր աղջիկները գյուղում որոշել էին միաժամանակ իրենց կարգի բերել։
Սակայն զինվորների ու աղջիկների միջև ոչ մի հետաքրքիր բան չեղավ՝ չէ որ հաջորդ առավոտ վաշտը լեռնանցքի հետևն անցավ։ Իսկ ինչ վերաբերում է մահու չափ հոգնած վարսահարդարուհուն, ապա նա վճռեց, որ իրավունք ունի չորսօրյա արձակուրդի։ Այդպիսի աշխատանքից հետո գերազանց տրամադրությամբ, հենց նույն առավոտ, երբ վաշտը լքեց գյուղը, նա նստեց ցնցվող սայլը և ուղևորվեց ընկերոջ մոտ այն նույն լեռնային Ճանապարհով, որով հեռացան զինվորները։ Երբ նա հասավ իր գյուղից փոքր-ինչ մեծ հարևան գյուղի ծանոթ վարսահարդարուհու մոտ, առաջինը, որ լսեց, սա էր․
-Ա՜յ քեզ ուրախություն։ Ինչ ժամանակին եկար։ Կօգնե՞ս։
Եվ այստեղ էլ գյուղական գեղեցկուհիները բոլորն անխտիր պաշարել էին վարսավիրանոցը։ Մինչև ուշ երեկո վարսահարդարուհին քրտինք էր թափում անպաճույճ հյուսերի վրա, իսկ հետո ուղևորվեց ընկերոջ մոտ՝ մոտակայքում գտնվող արծաթի հանքը։ Զննելով այնտեղ աշխատող տղամարդկանց՝ ասաց․
-Իմ կամքով լիներ, ես կճամփորդեի զինվորների հետևից։ Այ թե կհարստանայի։
Նրա ընկերը պատասխանեց․
-Դու հո խելքդ չես գցե՞լ։ Էդպես կկպռճկվեի՞ր դրանց, դեղին համազգեստով էդ ծծկերների՞ն։ Դե դու ցնդել ես։ Եվ ամբողջ ուժով հասցրեց նրան։ Հոգնած կինը նայեց նրան։ Նրա հայացքում զայրույթ ու թաքնված քնքշանք կար։
Գյուղական մթնշաղում հնչեց մաքուր զինվորական ուժով լցված փողի ձայնը։ Վաշտն էր իջնում լեռնանքցից։
Նավահանգստային քաղաք
Տարօրինակ են այդ քաղաքում նրանց բարքերը։
Ամուսնացած տիկինը կամ էլ երիտասարդ աղջիկը գալիս է հյուրանոց։ Իրեն տղամարդ կգտնի, նրա հետ կապրի։ Արթնանում, ուտում, մեկնում են զբոսանքի։ Ամբողջ ժամանակ միասին են՝ ասես նորապսակներ են մեղրամսում։
Եթե այդպիսի կնոջն առաջարկեն լեռնային առողջարան գնալ, նա փոքր- ինչ կհակի գլուխն ու կմտածի։ Բայց եթե նրան առաջարկեն տուն վարձել այդ նավահանգստային քաղաքում, չամուսնացած կինը հաճույքով կհամաձայնի։
-Ուզո՞ւմ ես, որ ես կինդ դառնամ։ Դա կարելի է։ Միայն թե ոչ շատ երկար ժամանակով։ Կես կամ մի տարվա մասին չէ խոսքը։
Նա հեռանում էր առավոտյան նավով և շտապ հավաքում ճամպրուկները։ Նրան օգնող կինն ասաց․
-Գուցե հիմա նամակ գրե՞ս իմ անունից։
-Ի՞նչ ես ասում։ Ինչի՞ համար։
-Դե չէ, լսիր։ Ես արդեն կինդ չեմ, այդպե՞ս է։ Քանի այստեղ հանգստանում էիր, ես կողքիդ էի։ Ոչ մի վատ բան քեզ չեմ արել։ Իսկ այ հիմա արդեն կինդ չեմ։
-Դե լավ,- ասաց նա և նրա թելադրանքով ինչ-որ տղամարդու հասցեագրված նամակ գրեց։ Կարծես նա այդ հյուրանոցում մոտ կես ամիս անցկացրել է։
-Գիտես ինչ։ Մի օր էլ ինձ մի լուր ուղարկիր։ Այն առավոտյան, երբ ինչ-որ մեկը կպատրաստվի նավ բարձրանալ։ Երբ դու կդադարես կինս լինել։
Կինը կրակի մեջ
Լճի ջրերը թույլ պեծկլտում էին: Ասես հին արհեստական լճակի նեխած ջուրը` լուսնի արտացոլանքով: Այն ափին անլսելի այրվում էր անտառը: Աչքդ ուր կտրեր, ամենուր կրակ էր: Հրդեհ լեռնանտառում: Հրշեջ մեքենան գեղեցիկ արտացոլվում է ջրում: Այն նման էր խաղալիքի: Լեռան ստորոտը սև էր` դրանով բարձրանում ու բարձրանում էին մարդիկ: Օդը թափանցիկ է և կարծես թեթևակի չորացած: Քաղաքի լեռնատակի շերտը կրակի հոսք էր թվում… Նա առանձնացավ մարդկանց խմբից և սկսեց իջնել: Իջնում էր միայն նա: Ինչ որ անասելիորեն լուռ էր: Ես տեսա, թե նա ինչպես է գնում դեպի կրակի ծովը: Ես ինձ վատ զգացի: Եվ այդ պահին ես հանկարծ պարզ լսեցի, թե ինչպես եմ նրա հետ խոսում: Սակայն նա լռում էր:
-Ինչո՞ւ ես դու իջնում, ուզում ես այրվե՞լ:
-Ոչ, չեմ ուզում մահանալ: Բայց քաղաքի արևմտյան մասում քո տունն է: Այդ պատճառով ես դեպի արևելք եմ ուղևորվում:
Նրա մարմնի սև կետն ասես շամփրեց հրով լցված աչքերս: Ես բացեցի աչքերս: Արցունքներ եկան: Ես հասկացա, թե ինչու նա չէր ուզում գնալ այնտեղ, ուր իմ տունն էր: Թող նա մտածի՝ ինչ ուզում է: Իսկ ես հանկարծ գլխի ընկա: Ես, առանց որևէ կապի այս կնոջ հետ, ուզում էի մտածել՝ դե թող որ նրա զգացմունքներն իմ հանդեպ պաղել են, և նա կարծես թե այլևս ոչ մի սեր չի զգում, բայց ինչ-որ տեղ նրա հոգու խորքում մնացել է սիրո կաթիլը: Կարելի էր ծիծաղել իմ զգացմունքների վրա, բայց ես թաքուն ուզում էի, որ ամեն ինչ հենց այդպես լիներ: Այո, դա տեսիլք էր: Բայց մի՞թե ես իսկապես ենթադրում էի, որ նրա սրտում ոչ մի կաթիլ կարեկցանք չի մնացել: Տեսիլքը`իմ զգացմունքներն էին: Նրա զգացմունքներն էին, որ տրվել էին ինձ երազում, իր զգացմունքները, որ սնուցել էի ես: Եվ թող որ երազիս մեջ չկար կիրք ու սիրո հրճվանք… Ես միայնակ ու տրտում էի:
Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը
Դիտումներ: 217
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։