Երեք դրվագ Չարենցից
Չարենցը և թուրքական թուրը
1920 թվականի դեկտեմբերին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր: Նույն ամսվա վերջին Եղիշե Չարենցը նշանակվեց Լուսժողկոմատի արվեստի բաժնի վարիչ: Իսկ 1920 թվականի դեկտեմբերի 17-ին հրատարակվել էր Հեղկոմի դեկրետը՝ հոգևոր հաստատություններին պատկանող կուլտուր-կրթական հիմնարկությունների և նրանց ամբողջ գույքի պետականացման մասին (ՀԱԱ, ֆ.1.,գ.8, էջ 5): Դեկրետում մասնավորապես դրվում էր մշակութային արժեք ներկայացնող իրերի և գործիքների բռնագրավման պահանջ: Եվ այդ որոշման կատարման պատասխանատվությունը կրելու էր Չարենցի ղեկավարած կառույցը:
Նշված ժամանակահատվածից մեզ են հասել բազմաթիվ արխիվային վավերագրեր, որոնք առայսօր հրապարակված չեն: Ներկայացնենք դրանցից մեկը, որի հեղինակը Եղիշե Չարենցն է: Դա պաշտոնական գրություն է՝ գրված ռուսերենով: Փաստաթղթում ասվում է.
«Վկայական
Տրվում է քաղ-ցի Մելիք-Աղամալով Յուսիֆին առ այն, որ Լուսժողկոմատի Արվեստի բաժինը նրանից ընդունել է հնաոճ զենքերի հավաքածու, այդ թվում՝ մեկ հատ թուրքական կոր թուր՝ դամասկոսյան շեղբով, որը պատմական և գեղարվեստական արժեք ունի և, որպես այդպիսին, ենթակա է Արվեստի բաժնի խնամքին և պաշտպանությանը։
Նշված ամբողջ հավաքածուն առայժմ կմնա դրա սեփականատիրոջ՝ քաղ-ցի Մելիք-Աղամալովի պահպանության ներքո, ինչը հաստատված է նրա ստորագրությամբ և կնիքով։
Արվեստի բաժնի վարիչ
Քարտուղար
1920 թվականի դեկտեմբեր»:
Այս վկայականը կազմելուց հաշված օրեր անց դեպքերը զարգանում են միանգամայն այլ ընթացքով: Դրանց մասին որոշակի պատկերացում են տալիս ևս մի քանի վավերագրեր: Համաձայն այդ աղբյուրների, 1920 թվականի դեկտեմբերի 29-ին Չարենցը մի նամակ է հղում Երևանի կայազորի պետին` տեղեկացնելով, որ քաղաքացի Մելիք-Աղամալյանից կայազորին է հանձնվել զենքերի իր եզակի հավաքածուից թուրքական ոսկենախշ մի թուր, իսկ մնացած իրերը տրվել է արվեստի բաժնին` ստանալով համապատասխան վկայական: Բայց երբ վկայականով ներկայացել է կայազոր, այնտեղ հրաժարվել են թուրը տալ: Չարենցը պահանջում է որոնել ու գտնել թուրը:
Ինչպես այս դեպքում դժվար չէ կռահել, Չարենցին այդպես էլ չհաջողվեց գտնել թուրքական թուրը:
Չարենցը և օդանավը
1920-ականների սկզբին խորհրդային երկրում ծայր առավ օդային նավատորմի ստեղծման և հզորացման կամպանիան: Այն իր դրսևորման բազմաթիվ ձևեր ձեռք բերեց՝ սկսած ավիոակումբների գործունեությունից մինչև համաժողովրդական հանգանակություններ: Հենց այդպիսի մի հանգանակության նախաձեռնողն էլ դարձավ Թիֆլիսում լույս տեսնող «Մարտակոչ» հայերեն օրաթերթը:
1923 թվականի ամռանը թերթը հայտարարեց «Խորհրդային Հայաստանի օդային ֆլոտը խտացնելու» ցանկության մասին, և այդ նպատակով մեկնարկ տրվեց համընդհանուր հանգանակության: Ըստ ծրագրի՝ հավաքված գումարով պիտի ձեռք բերվեր «Մարտակոչ» անունով աէորոպլան և այն պիտի նվիրաբերվեր Հայաստանին: Նախաձեռնությունը լայն արձագանք գտավ: Մարդիկ ոչ միայն դրամական փոխանցումներ էին կատարում, այլև հրավիրում էին ծանոթներին ու ընկերներին՝ հետևելու իրենց օրինակին:
1923 թվականի օգոստոսի 5-ին նույն թերթում Խ. Եսայանը տեղեկացրեց այն մասին, որ հօգուտ «Մարտակոչ» սավառնակի նվիրում է 1 չերվոնեց և այլոց թվում մասնակցության է հրավիրում բանաստեղծ Եղիշե Չարենցին: Երեք օր անց Չարենցը հրապարակեց իր արձագանքը: Այնտեղ ասվում էր.
«Սիրով ընդունելով ընկ. Խ. Եսայանի առաջարկը՝ նվիրում եմ 15 օրինակ իմ «Կապկազ»-ից, որ անում է 10 ռ. 75 կոպեկ չերվոնեցով և հրավիրում եմ ընկ. Գալուստ Սիմոնյանին (З.К.К.К.П.), Գերասիմ Կոստանյանին (նույն տեղը) և Երեմ Մելիք-Կոլչյանին (Երևան):
Չարենց»: (Նկատենք, որ թերթում վրիպակ կա, խոսքը Երեմ Մելիք-Յոլչյանի մասին է (1893-1940):
Պատահական չէր, որ Չարենցը որոշել էր իր մասնակցությունը բերել ոչ թե դրամով, այլ գրքերով: Բանն այն է, որ «Կապկազ-թամաշա» թատերգությունը լույս էր տեսել հաշված օրեր առաջ և հուլիսի 29-ին առաջին օրինակները վաճառքի էին դրվել Թիֆլիսի հանրահայտ «Գուտենբերգ» գրախանութում: Բանաստեղծի ծանր նյութական վիճակը նրան հարկադրել էր նվիրատվությունը կատարել իր նոր գրքով, իսկ «Մարտակոչն» էլ իր հերթին օգնեց Չարենցին: Մի քանի օր անց թերթը գրում էր, որ «Կապկազ-թամաշա» գիրքը ընթերցողները կարող էին ձեռք բերել նաև խմբագրատնից:
Չարենցը և «Վիլհելմ Տելլը»
Եղիշե Չարենցի կատարած թարգմանությունների ցանկը բավականին ընդարձակ է: Սակայն դրանց թվում չի հիշատակվում գերմանացի գրող Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի անունը: Եվ այս տեսանկյունից բացահայտում պիտի դիտարկել փաստերը, որոնք կշարադրենք ստորև:
1924 թվականի գարնան սկզբին Թիֆլիս քաղաքի ազդագրերի տախտակներին, ինչպես նաև մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Ռուսթավելու անվան թատրոնում մարտի 5-ին կներկայացվի Շիլլերի «Վիլհելմ Տելլ» 5 գործողությամբ դրաման: Բեմադրող ռեժիսորն էր Ստեփան Քափանակյանը: Նա թիֆլիսցիների համար անծանոթ անուն չէր: Թատերասերները նաև լավ գիտեին, որ ժամանակին Քափանակյանը ինքն էր թարգմանել «Վիլհելմ Տելլը»: Սակայն այս անգամ ազդագրերը մի նոր անակնկալ էին մատուցել: Այնտեղ նշվում էր, որ պիեսի թարգմանիչն էր Ե.Չ.-ն:
Արդյո՞ք խոսքը Եղիշե Չարենցի մասին էր: Ի վերջո, նույն սկզբնատառերի ներքո կարող էր լինել մեկ այլ անձնավորություն: Եվ ինչո՞ւ պիտի ռեժիսորը նոր թարգմանության անհրաժեշտություն տեսներ, եթե ինքն արդեն դա թարգմանել էր:
Մարտի 5-ին նշանակված ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ: Թատերախումբը պիեսը բեմ հանեց նաև մարտի 13-ին: Մամուլում տպագրվեցին գովեստի և խրախուսանքի խոսքեր: Պարզվեց նաև, որ ներկայացումները բարեգործական էին, և հավաքված գումարը՝ 250 ռուբլին, հատկացվել էր գյուղերից մեկին: Բայց թարգմանչի ինքնությունը դեռ անորոշ էր մնում այնքան ժամանակ, քանի դեռ «Մարտակոչ» թերթում մարտի 25-ին չէր տպագրվել Ը. Սեմենյանի «Թատրոնական խնդիրների շուրջ» հոդվածը: Այս ընդարձակ հոդվածում հեղինակը, խոսելով թիֆլիսյան թատերական աշխարհի անցուդարձի մասին, անդրադարձել էր նաև Շիլլերի «Վիլհելմ Տելլ» պիեսին և գրել էր, որ դրա թարգմանությունը կատարել է «կոմունիստ բանաստեղծ» Չարենցը:
Այժմ արդեն կասկածից վեր է, որ Չարենցը թարգմանել է Շիլլերին: Բայց այդ դեպքում որտե՞ղ է նրա թարգմանությունը:
Պետք է կարծել, որ պիեսի թարգմանության հետքերն առաջին հերթին պետք է որոնել Վրաստանում: Հավանաբար ժամանակին հեղինակն այն հանձնել է թատրոնին՝ ի տնօրինություն: Չի բացառվում, որ ձեռագրերը պահպանված լինեն Ռուսթավելու անվան ակադեմիական թատրոնի գզրոցներում և կամ ռեժիսոր Ստեփան Քափանակյանի անձնական արխիվում:
Իբրև լրացում նշենք, որ 1934 թվականին Պետհրատը լույս ընծայեց Շիլլերի «Վիլհելմ Տելլ» պիեսը: Թարգմանիչը Գևորգ Բարխուդարյանն էր: Վերջինս այս գործը թարգմանել էր դեռևս 1873 թվականին: Իսկ 1934-ին Չարենցը Պետհրատի գեղարվեստական բաժնի վարիչն էր, ասել է, թե՝ գիրքը լույս էր ընծայվել նրա գիտությամբ:
Հովիկ Չարխչյան
Դիտումներ: 228
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։