Եվգենի Լանսերեի կովկասյան շրջագայությունները
Հայտնի է, որ Կովկասը և, մասնավորապես, Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության գրողների և արվեստագետների համար հոգևոր ու ստեղծագործական ներշնչման յուրահատուկ աղբյուր է հանդիսացել։ Դա հատկապես նկատելի էր 1920-30-ական թթ․ հեղձուցիչ մթնոլորտում, երբ Կովկասում հայտնվեցին Իգնատի Նիվինսկին, Պյոտր Կոնչալովսկին, Պավել Կուզնեցովը, Ալեքսանդր Դրևինշը, Նադեժդա Ուդալցովան և ուրիշներ։ Ոմանք էլ ավելի վաղ էին կապվել կովկասյան բնապատկերի, մարդկանց ու միջավայրի հետ։ Նրանցից էր Եվգենի Լանսերեն։ Այդպիսի մարդկանց մասին է անգլիական դարձվածքը՝ «ծնվել է արծաթե գդալը բերանում»։ Նա արմատներով ֆրանսիացի՝ նյութապես ապահովված արվեստագետների զավակ էր ու կյանքը սկսել էր ավելի նպաստավոր պայմաններում, քան իր գործընկերներից շատերը։
Աշխարհ էր եկել 1875 թ․՝ Պետերբուրգի մերձակա Պավլովսկում։ Նրանց ընտանիքը մի քանի անվանի արվեստագետներ է տվել․ հայրը՝ նույնպես Եվգենի, քանդակագործ էր, մայրը՝ նկարչուհի, քեռին նկարիչ, «Միր իսկուստվա» խմբավորման հիմնադիր Ալեքսանդր Բենուան էր, քույրը՝ նկարչուհի Զինաիդա Սերեբրյակովան։ Հետաքրքրությունը Կովկասով ևս ընտանեկան ավանդույթ էր․ նկարչի հայրը համալսարանն ավարտելուց հետո այցելել էր Կովկաս ու այն աստիճան հրապուրվել տեղի բնությամբ ու մարդկանցով, որ բարձրաշխարհիկ հավաքներին ներկայանում էր կովկասյան հագուստով ու ձի հեծած։
Լանսերեն ի սկզբանե գիտեր, թե ինչ զբաղմունք պետք է ընտրի․ «Ամենից առաջ՝ լինել գերազանց նկարիչ»։ Նրա՝ որպես նկարչի ձևավորման վրա կարևոր ազդեցություն է ունեցել Ալեքսանդր Բենուան։ Բացի այդ՝ նա ուսանել է Կոլարոսիի (1895–1896) և Ժյուլիանի (1896–1897) փարիզյան մասնավոր ակադեմիաներում։ Աշխատել է որպես գրքերի նկարազարդող, եղել է «Միր իսկուստվա» խմբավորման անդամ։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո նա զարմանալի հարմարվողականություն դրսևորեց, փոխեց դավանած գեղարվեստական ուղղությունը ու դարձավ խորհրդային մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրներից մեկը։ 1943 թ․ արժանացավ Ստալինյան մրցանակի, իսկ 1945-ին՝ մահվանից մեկ տարի առաջ՝ Ռուսաստանի ժողովրդական նկարչի կոչման։
Բենուայի խորհրդով պատանի Եվգենին կարդացել էր Կովկաս այցելած Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեի և Ալեքսանդր Դյումայի գրքերը: Միաժամանակ, նա նշում էր, որ «հետաքրքրությունը կերպարների ազգագրական բնութագրման հանդեպ և, վերջապես, կիրքը Կովկասի նկատմամբ» ժառանգել է հորից։ Լանսերեն Կովկասում տեսնում էր ռոմանտիզմ ու հաճախ հերոսականություն, ինչը դժվարանում էր գտնել իր առօրյա շրջապատում։ Ինչպես և ծնողները, նա 1904 թ․ ամուսնական ճանապարհորդություն ձեռնարկեց դեպի Կովկաս և Ղրիմ։ Հարսանիքից երեք օր անց նորապսակներն արդեն Վլադիկավկազում էին, հետո Ռազմավիրական ճանապարհով ուղևորվեցին Թիֆլիս, որտեղ տեղավորվեցին նշանավոր «Լոնդոն» հյուրանոցում։ Դրանից հետո նրանք Սուխումով ու Գագրայով ուղևորվեցին Ղրիմ։
Այդ անգամ Հայաստանում նա չեղավ, սակայն տարբեր առիթներով համագործակցում էր հայերի հետ։ Այսպես, նրա պատանեկության ընկերներից էր Հմայակ անունով մի նկարիչ․ «տաղանդավոր է, որոնում է, նման է, առաջ սրբապատկերներ էր նկարում, սովորական հայ է, դուրեկան, բայց կարծում եմ՝ խորամանկ է»։ 1907 թ․ Լանսերեն ձևավորեց Սանկտ Պետերբուրգում ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի (նրա կինը Բենուաների շառավիղներից էր) նախագծած «Կաֆե դը Ֆրանս»-ը, ապա՝ Սպիրիդոնովկա փողոցում գտնվող Տարասովների (Թորոսյաններ) առանձնատունը։
Նկարիչն իր հաջորդ ուղևորությունը դեպի Կովկաս կատարեց 1912 թվականին՝ ձիով անցնելով մոտ վեց հարյուր կիլոմետր․ այցելության դրդապատճառը Լև Տոլստոյի «Հաջի Մուրադ» վիպակի նկարազարդման պատվերն էր: Այս աշխատանքը լայն ճանաչում բերեց նկարչին, նրան շնորհվեց Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսի կոչում։
Հայաստանում նա առաջին անգամ եղավ 1914-1915 թվականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որպես ռազմական նկարիչ-թղթակից գտնվում էր Կովկասյան ճակատում։ Այդ ընթացքում նա նկարեց ջոկատայիններին, տեսարաններ Սարիղամիշից, Կարսից՝ բերդը, կամուրջը և այլն։ Որքան էլ օտարոտի է Լանսերեի վերաբերմունքը՝ նրա օրագրային գրառումներում (դրանք երեք հատորով հրատարակվեցին 2008 թ․) զգացվում է այն ամբողջ սարսուռն ու խուճապը, որ պատել էր հայ ազգաբնակչությանը։ Լանսերեի խոսքերով՝ «[Մեր] բանակի դրությունը դժվարին էր. թուրքերն անցում կատարեցին Բարդուսի լեռնանցքով, որն այդ ժամանակ համարվում էր անանցանելի, և հայտնվեցին Սարիղամիշի վերևում այն ժամանակ, երբ բանակը շատ ավելի առաջ էր՝ Քյոփրյուքյոյում, հետևաբար սպառնում էին կտրել նրա հիմնական հաղորդակցման ուղին։ Ալեքսանդրապոլի կայարանում արդեն զգացվում է տագնապալի տրամադրությունը. դժվար էր սեղանին մոտենալ։ Կայարանը զբաղեցրել էին տեղաբնիկ փախստականները։

Կեսգիշերին Կարսում եմ։ Խցկվելով սպաների, զինվորական սպասավորների և «ազատ» (չզորակոչված- Ա․Գ․) մարդկանց բազմության միջով, անցնելով կապոցների, սնդուկների և ամեն տեսակի իրերի կույտերի կողքով, որոնց վրա նստած էին կանայք և վախեցած, սսկված երեխաներ՝ բոլորը հայ փախստականներ, ես դուրս եկա կայարանի սանդղամուտքը, և անմիջապես կայարանի դռներից այս կողմ կրկին դատարկություն էր, լռություն, մթություն, ինչպես այն հարթավայրերում, որոնցով մենք հենց նոր էինք անցել։
Նոր քաղաքի ուղիղ, լայն, դատարկ փողոցները կարծես արդեն ռմբակոծված լինեին՝ մութ, անքիվ պատեր՝ դրանց հետևում անտեսանելի հարթ տանիքներով, անավարտ ցանկապատեր, դատարկ տարածքներ՝ ամեն ինչ վհատեցնող էր և ուներ անմարդաբնակ, ավերված, թալանված քաղաքի տեսք։ Գլխավոր խաչմերուկի մոտ կանգնած էին մի քանի երկհարկանի շենքեր, ինչպիսիք կարելի է գտնել բացարձակապես յուրաքանչյուր քաղաքում՝ հյուրանոց և որևէ պետական շենք»։ Աստիճանաբար Լանսերեի հոգեվիճակն ավելի տագնապալի է դառնում․ «Կայարանում շշուկով հաղորդում էին, որ, հնարավոր է, հիմա կմեկնի Ադրիանապոլիս (Ալեքսանդրապո՞լ․- Ա․Գ․) տանող վերջին գնացքը, և որ թուրքերն արդեն 18 մղոն հեռավորության վրա են․ սարսափի կենդանական բնազդը սկսում է տիրանալ ինձ. Աստիճանաբար շվարում եմ՝ Կարսում ոչ մեկին չճանաչելով։ Այստեղ, առաջին անգամ, սկսեցի հասկանալ պատերազմի ժամանակ համազգեստ չունեցող «ազատ» մարդկանց սարսափելի վիճակը. այդ մարդիկ գրեթե օրենքից դուրս էին»։ Հետագայում իր օրագրերում նա բազմիցս հիշատակում է Կարսը, հայ գաղթականներին («նկարում էի աղքատ տաճկահայի», 1922), քսան տարի անց վերստին գրում է, որ երազում տեսել է Կարսը և Լենինականը։
1917-ին՝ փախչելով հեղափոխական խառնաշփոթից, Լանսերեն բնակություն հաստատեց Դաղստանում, 1919 թ․ տեղափոխվեց Ռոստով, աշխատեց Մարիետա և Մագդալինա Շահինյանների հիմնած Վրուբելի գեղարվեստի դպրոցում, բնակվեց Մարտիրոս Սարյանի տանը, շփվեց Երվանդ Շահազիզի, Մարկ Գրիգորյանի և այլոց հետ։ Կատարեց էսքիզներ Մարիետա Շահինյանի գրքի շապիկի համար։
1920-ին նա հաստատվեց Վրաստանում, որտեղ ապրեց 14 տարի, նշանակվեց Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետի դեկան։ Պատմաբան Յուրի Անչաբաձեի խոսքերով՝ «Թիֆլիսը հարուստ հայկական ժառանգություն ուներ, որն, իհարկե, չվրիպեց Լանսերեի գեղարվեստական ուշադրությունից։ Նա շատ է նկարում Թիֆլիսի հայկական աշխարհը՝ նրա տաճարներն ու եկեղեցիները (Վանքի Սուրբ Աստվածածին տաճարը, Նոր Էջմիածին եկեղեցին), Սոլոլակի և Հավլաբարի փողոցներն ու բակերը, հայկական տիպերը՝ իր բազմաթիվ հարևաններին ու ընկերներին (նրա աշխատանքներից են հայ մշակութային ականավոր գործիչների, օրինակ՝ Ա. Շիրվանզադեի, դիմանկարները), իսկ երբեմն նույնիսկ բոլորովին անծանոթների, որոնք առաջացնում էին մեծ գեղարվեստական հետաքրքրություն»։ 1926-ին Հովհ․ Թումանյանի բնակարանում Լանսերեն նկարում է Ավետիք Իսահակյանին, 1927-ին՝ Կարա-Դարվիշին։

Նա աշխուժորեն մասնակցում էր հնագիտական ու ազգագրական արշավների, որոնք նրան բազմիցս (1924-1934 թթ․) բերեցին Խորհրդային Հայաստան։
1924 թ․ սեպտեմբերին Ա․ Թամանյանի ու Գ․ Միանսարյանի առաջարկով Լանսերեն եղավ Երևանում, հանդիպեց Թամանյանների, նկարիչներ Մ․ Սարյանի, Ս․ Աղաջանյանի, լուսանկարիչ Ի․ Մելիք-Աղամալյանի և այլոց հետ։ Ստեղծեց դիմանկարներ, բնապատկերներ (Կապույտ մզկիթ, Կոնդ), ձի հեծած հասավ Գառնի, եղավ Էջմիածնի վանքերում և Զվարթնոցում։
Ճանապարհորդությունից հետո նա գրեց քրոջը․ «Ես տեսա լեռներ և հեռուներ, որոնք արդեն պատկանում էին պարսիկներին ու թուրքերին. այնտեղի հորիզոնները վիթխարի են, իսկ սահմանները՝ մոտ։ Հայաստանը գեղեցկագույն երկիր է, ամբողջությամբ հրաբխային, երկու հսկա Արարատներով, որոնք իշխում են ամբողջ բնապատկերի վրա»։

Լանսերեի ամենաերկարատև այցելությունը Հայաստան 1926-ի ամռանն էր՝ ուղիղ հարյուր տարի առաջ: ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահ Ա․ Կարինյանի հրավերով նկարիչը հունիսի 15-ին գնացքով ուղևորվեց Երևան ու Հայաստանում անցկացրեց երկու ամիս։ Եղավ Երևանի կենտրոնում, Նորքում, նոր կառուցված թաղամասերում, արշավ կատարեց դեպի Սյունիք-Զանգեզուր։ Լանսերեն, Կարինյանը և վերջինիս օգնական միլիցիոները Երևանից դեպի հարավ շարժվեցին հուլիսի մեկի վաղ առավոտյան․ «Զանգեզուրի տեսարանը հիասքանչ է, բայց ոչ վայրի կամ զառիթափ. բոլորն արոտավայրեր են։ Գագաթներին ձյան կտորներ կան»։ Գիշերեցին Նախիջևանում։ Սիսիանում Լանսերեն նկարեց Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ առանց խաչի, ինչը զարմացրեց տեղի բնակիչներին․ դրանից հետո նկարիչը միշտ աշխատում էր նկարել խաչերը։ Լողացան Որոտանում․ գետի մոտակայքում Կարինյանի կողքով երկար գնում էր «ծերուկ գյուղացին՝ խաղողի այգու տեր, խնդրում, որ իր հողը չտան Ադրբեջանին. ներքևում թաթարական գյուղ է, որն արդեն Ադրբեջանի իրավասության ներքո է։ Ընդհանուր առմամբ, այս հանրապետությունների սահմանազատման հարցում, կարծես, սարսափելի շերտընդմիջություն և բարդություն կա»։ Գորիսում Լանսերեն նկարեց մարդկանց, քարանձավային տները, ժայռերը։ Այնտեղ նկարչին ուղեկցած մանկահասակ Սերո Խանզադյանը հետագայում վերհիշել է․
«Լանսերեն հաճույքով էր թան խմում: Ես նրա համար նաև սև թութ էի հավաքում, գետափից հյութալի քեղ բերում: Քեղ նա երբեք չէր տեսել ու շատ սիրեց:
-Ձեր այս քաղաքի ու այս գյուղի մարդիկ անկրկնելի են, սինո՛կ: Բնությունը անվերջ կրկնություն է, մարդը՝ երբեք: Այս մարդիկ հին նշխարներ են, կգնան և նրանց նմաններն այլևս աշխարհ չեն գա, չեն լինի: Լավ հիշիր սրանց. չմոռանաս»:
Անցնելով Սատանի կամուրջը՝ ճանապարհորդները զմայլվում են Տաթևի վանքով․ Լանսերեն նկարում է դրա մեծարժեք դետալները։ Նա հատուկ ուշադրություն էր դարձնում հայկական եկեղեցիների ճարտարապետությանը․ «Հիանում եմ հայ որմնադիրներով, նրանով, թե ինչպես են կառուցված այս բոլոր եկեղեցիներն ու մատուռները»։
Այցելում են մի քանի գյուղեր, Կատարի մետաղաձուլական գործարան, Ղափանից Ագարակ տանող ճանապարհին Լանսերեն նկարում է Խուստուփը։ Հուլիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Կենտգործկոմի նախագահ Ա․ Ղարագյոզյանի ավտոմեքենայով Լանսերեն Ա․ Կարինյանի հետ Լաչինով և ջարդերից հետո ամայացած Շուշիով հասնում է Ստեփանակերտ, ապա այցելում Քարին տակի մետաքսի գործարան, ինչից հետո Աղդամով վերադառնում է Թիֆլիս։ Երկու օր անց նա կրկին Հայաստանում էր՝ Ղարաքիլիսայում, ապա՝ Դիլիջանում, հետո Սևանով հասնում է Երևան, որտեղ, ի թիվս այլ գործերի, նկարում է հայ գրողների՝ Խ․ Աբովյանի, Ռ․ Պատկանյանի, Հովհ․ Հովհաննիսյանի, Ե․ Չարենցի դիմանկարները։ Այցելելով նաև Ծաղկաձոր ու Սևանավանք՝ նա կրկին վերադառնում է Թիֆլիս։
Զանգեզուրյան արշավի արդյունքներով բացվեց Լանսերեի անհատական ցուցահանդեսը։ Տպագրված կատալոգում ներառված էր 55 աշխատանք, որոնք ներկայացնում էին Գորիսի, Խնձորեսկի, Սիսիանի, Տաթևի, Կապանի բնությունը, հուշարձանները և մարդկանց։ Բացի այդ՝ ցուցահանդեսին ներկայացված էր 20 աշխատանք Երևանից, Արարատից, Սևանա լճից, Դիլիջանից, Նախիջևանից ու Շուշիից։ Ըստ Յու․ Անչաբաձեի՝ նույնիսկ իմանալով Կովկասի տարբեր շրջանների առանձնահատկությունները, Լանսերեն ապշեց ու հմայվեց Հայաստանի գեղարվեստական, պատմա-ազգագրական ու մարդկային հարստությամբ։

Օրագրերում Լանսերեն առանձնահատուկ գորովանքով է գրում երկու հայուհիների՝ Հրարփի Աղբալյանի («ինչ զարմանալի կին է») և Արուս Ոսկանյանի մասին։ 1926 թ․ դեկտեմբերին դիտում է «Շեյլոկի» առաջնախաղը․ «[Միքայել] Մանվելյանը հիասքանչ է ու շատ գեղեցիկ է Պորցիայի՝ Արուսյակ Ոսկանյանի կազմվածքը»։

1929 թ․ հունվարին Թամանյանի արվեստանոցում Լանսերեն ծանոթանում է Երևանի օպերային թատրոնի նախագծին․ «Թատրոնը հանճարեղ է մտածված։ Հզոր է իր պարզության մեջ»։
Նույն թվականի նոյեմբերին Նախիջևանում նա ուսումնասիրում է Հին Ջուղայի հայկական հուշարձանները․ «Ավերված հայկական գյուղ։ Մի քանի թաթարական ընտանիքներ։ ...Դատարկ ու ավերված փողոցներ, շներ չկան (մի երկու անգամ ինչ-որ դռան հետևից հաչեցին), և եթե միայնակ կերպարանք է հայտնվում, անմիջապես թաքնվում է»։
1930-ականներին Լանսերեն ևս մի քանի անգամ լինում է Հայաստանում, սակայն փոփոխական բնավորության տեր նկարչի հիացմունքն ու ոգևորությունը զգալիորեն նվազել էին։

Հայաստանում Լանսերեն ստեղծեց մի շարք ուշագրավ աշխատանքներ, այդ թվում՝ ջրաներկ («Գառնի․ Հայաստան», 1924), յուղաներկ («Զանգեզուր․ Գորիսի ժայռերը», 1926), խառը տեխնիկա («Հայուհի․ Զանգեզուր», 1926), ինքնավիմագրություն («Խնձորեսկ գյուղը», 1926), գրքային նկարազարդումներ («Զանգեզուրի տարազով կինը», 1926), էսքիզներ «Անուշ» ֆիլմի համար։ Դրանք արված են անսովոր մաներայով, երբեմն ստատիկ են, սակայն առաջին հերթին ազգագրական կարևոր նշանակություն ունեն, քանի որ հիմնականում պատկերում են անցյալի գիրկն անցած իրողություններ ու մարդկային տիպեր։ Զանգեզուրի պղնձաձուլական գործարանում արված նկարներից մեկը զետեղվեց «Կրասնայա նիվա» ամսագրի շապիկին (№13, 1927)։ Բացի այդ՝ Լանսերեն ստեղծեց Ալեքսանդր Թամանյանի, Արուս Ոսկանյանի, Միքայել Մանվելյանի, Գևորգ Միանսարյանի, Արտաշես Կարինյանի, գորիսեցի Ղազար Պարոնյանի, ֆայտոնչի Գրիշի, վարպետ Թումանյանի և այլոց դիմանկարները։

Պետք է նշել, որ Լանսերեի օրագրերում հաճախ հանդիպում ենք հակասական տպավորությունների․ նույն երևույթները կամ մարդիկ մե՛կ հիացնում են հեղինակին, մե՛կ հոգնեցնում։ Այդ գրառումները սուբյեկտիվ են, եսակենտրոն ու այլամերժական, դատողությունները՝ ոչ միշտ կշռադատված ու էմպաթիկ։
Օրագրերում նկարչի շատ մտքեր ու տպավորություններ հպանցիկ են, առանց անհրաժեշտ բացատրությունների։ Այսպես, 1915 թ․ Լանսերեն Բորժոմի մոտակայքում հյուրընկալվում է մի հայի մոտ․ «Կարծում էի, թե նա թաթար է և մտածում էի՝ «նրանք այնուամենայնիվ հայերից ու վրացիներից ավելի համակրելի են», բայց պարզվեց, որ նա երևանցի հայ է։ Նա շատ հպարտ է հայ ջոկատայիններով, ուստի մենք չուզեցինք հիասթափեցնել նրան»։ Օրագրերի տարբեր հատվածներում զգացվում է հայերի հանդեպ նկարչի բացասական նախատրամադրվածությունը (նա առանձնապես չի համակրում նաև վրացիներին, դաղստանցիներին, որոշ պահից սկսած՝ թուրքերին)․ չնայած դրան՝ Հայաստանում բոլորը՝ անհատները, կուսակցական-պետական մարմինները, չգիտես ինչու, աջակցություն են ցուցաբերում նրան։
Լանսերեն երբեմն հակահայ արտահայտություններ է լսում ոչ միայն օտարներից, այլև հենց հայկական ազգանուններ կրողներից, ու որքան էլ նրա բարեկամներից Թամանյանը և Միանսարյանը ընդդիմանում են նման խոսակցություններին, նկարիչը անկեղծորեն գրում է․ «Հայերի մասին իմ ընդհանուր տպավորությունն աննպաստ է։ Եկավ տ. Աղբալյանը՝ նրան ազատել են ուսուցչական աշխատանքից, ըստ երևույթին, իր արտագաղթյալ ամուսնու պատճառով» (ամուսինը Նիկոլ Աղբալյանն էր)։ Առիթի դեպքում օրագրերում նա քննադատում կամ ուղղակի վատաբանում է իր հայ ծանոթներին՝ Գ․ Յակուլովին, Մ․ Սարյանին, Գ․ Շարբաբչյանին և այլոց, սակայն ոչ նրանց, ումից կախում ուներ։ Ենթադրում ենք, որ նման վերաբերմունքի պատճառներից մեկը եղել է Սարյանի նկատմամբ ստեղծագործական խանդը․ ի դեպ, Լանսերեի կովկասյան որոշ բնապատկերներում նկատվում է Սարյանի ոճական ազդեցությունը։ Այդուհանդերձ, ինչպես նրա նկարներն ու էտյուդներն այսօր ունեն ազգագրական արժեք, այնպես էլ օրագրային գրառումներն օգնում են պարզել այն տարիներին կովկասյան հանրապետություններում տիրող մտայնությունները:
Արվեստաբան Պ․ Պավլինովի (նկարչի ծոռան) խոսքերով՝ «Կովկասն ազդեց Լանսերեի վրա՝ փոխելով նրա կյանքն ու աշխատանքը, բայց փոխվեց նաև Կովկասի ընկալումը նկարչի կողմից»։ Կովկասում իր ստեղծած աշխատանքներով ու օրագրային գրառումներով Եվգենի Լանսերեն վավերագրեց տեսածն ու զգացածը, և այն, ինչ նա թողեց հաջորդ սերունդներին՝ թո՛ղ որ խիստ սուբյեկտիվ է և հակասական, բայց նաև մնայուն է, բացառիկ՝ իր ընդգրկմամբ ու դրանով իսկ՝ արժեքավոր։

Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ «Գեղարդ․ Հայաստան», 1920-ականների կես, թուղթ, մատիտ, ջրաներկ, մոսկովյան «Սովկոմ» պատկերասրահ
2․ «Սարիղամիշ․ Ջոկատի անցումը դեպի Բարդուսի բարձունքներ», 1915, թուղթ, գուաշ, Պետերբուրգի Ռուսական թանգարան
4․ «Քարայրի բնակիչներ. Զանգեզուր», 1926, թուղթ, տեմպերա, ՀԱՊ «Հայուհի․ Զանգեզուր», 1926, թուղթ, ջրաներկ, տեմպերա, մասնավոր հավաքածու
5․ «Խնձորեսկ գյուղը», 1926, ինքնավիմագրություն
6․ «Տիկին Աղբալյանը ալեքսանդրապոլուհու հագուստով», 1924, վերժե, ջրաներկ, տեմպերա, մասնավոր հավաքածու
7․ «Հայուհի․ Զանգեզուր», 1926, թուղթ, ջրաներկ, տեմպերա, մասնավոր հավաքածու
8․ «Դերասանուհի Արուս Ոսկանյանը», 1926, թուղթ, ածուխ, սանգինա, ՀԱՊ
9․ «Քյոռօղլի», 1928, թուղթ, խառը տեխնիկա, Երևանի Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ․ Ա. Աբրահամյանի հավաքածու)
Դիտումներ: 147
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։