«Զոնտիկ» կամ երևանյան կողոպուտ, որ ցնցեց Խորհրդային Միությունը

Կիսվել:

Ռեժիսոր Գոշ Հակոբյանի «Զոնտիկ» ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա. այն  ներկայացնում է ԽՍՀՄ-ի տարիների ամենաաղմակահարույց հանցագործություններից մեկի պատմությունը, որի առանցքում 1977 թվականին տեղի ունեցած ՀԽՍՀ պետբանկի կողոպուտն է: Ամբողջ Խորհրդային պետությունը ցնցած այս կողոպուտը դարձել էր խորհրդային կարգերի, ասել է թե՝ խորհրդային համակարգի դեմ դժգոհության և ըմբոստության թաքնված ազդակ: Կալաչյան եղբայրների՝ Նիկոլայի և Ֆելիքսի պատմությունն իրապես հավակնել է հոլիվուդյան մասշտաբի էկրանավորման՝ ներառելով վտանգավոր և գեղեցիկ ավանտյուրայի, դետեկտիվի և թրիլլերի տարրերը: Թվում է, թե պատրաստի գեղարվեստական կինոսցենար հանդիսացող այս կողոպուտի պատմությունն արդեն իսկ պետք է ունենար իր բազում էկրանավորումները, սակայն վավերագրական ֆիլմերից և տարատեսակ հեռուստահաղորդումներից, որոնցից ամենահայտնին՝ «Հետաքննությունը վարում են...» հեռուստահաղորդաշարն է, այն իր միակ գեղարվեստական մարմնացումն է գտել 2015 թվականին նկարահանված «Սարդ» ռուսական հեռուստասերիալում, որտեղ, սակայն, գործողությունները տեղափոխվել են Ռուսաստան, իսկ հայ կողոպտիչները ներկայացված են որպես վրացի: Եվ ահա, տարիներ հետո, կողոպուտի պատմությունն առաջին անգամ լիամետրաժ ֆիլմի ձևաչափով ներկայացվում է հայկական կինոյում: Ապրիլյան պրեմիերայից օրեր անց ֆիլմը շարունակում  է մնալ հանդիսատեսի ուշադրության կենտրոնում և նույնիսկ ռեկորդ է սահմանել՝ դառնալով վերջին 15 տարվա ընթացքում տոմսերի ամենաշատ վաճառքն ունեցած ֆիլմը հայկական կինոշուկայում [1]: Փորձենք հասկանալ, թե որն է «Զոնտիկ»-ի հաջողության գրավականը, և արդյո՞ք հանդիսատեսի բարձր գնահատականը բխում է ֆիլմի գեղարվեստական արժանիքներից, բովանդակային ու գաղափարական առանձնահատկություններից, այլ ոչ թե ժամանցային հետաքրքրությունից, որին առավել հակված է հայ հանդիսականների գերակշիռ մասն իր նախասիրություններից ելնելով:

 

zontik

 

Խոսելով «Զոնտիկ»-ի սցենարական լուծումների մասին՝ պետք է նշել, որ սցենարիստների (Մարիամ Մանո, Արփի Ստեփանյան) աշխատանքում ակնհայտ է դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունը, ինչը վստահաբար կարելի է վերագրել ֆիլմի արժանիքներին: Դիալոգները կառուցված են հետաքրքիր, տեղ-տեղ՝ սրամիտ և Խորհրդային Հայաստանի լեզվամտածողությանը բնորոշ դրվագներով: Ֆիլմի գործողությունները բաժանված են երեք գլխի: Առաջին գլխում տեսնում ենք, թե նախքան իրենց խոշոր կողոպուտի ձեռնարկումն ինչպես են գլխավոր հերոսները՝ Ֆելիքսն ու Նիկոլայը, թալանում աուդիոտեխնիկայի խանութը՝ գողանալով մագնիտոֆոններ: Վաճառելով թալանը՝ եղբայրները խուսափում են քրեական պատասխանատվությունից, քանզի խանութի տերը, Նիկոլայի խոսքերով, չէր դիմել ոստիկանություն: Ստացված գումարի իր բաժինը Ֆելիքսը տալիս է կնոջը՝ ընտանիքի կարիքների համար, իսկ գումարի մնացած մասը ծախսվում է Սոչիում՝ Նիկոլայի կազմակերպած կերուխումների վրա: Երկրորդ գլխում տեսնում ենք, թե ինչպես է Նիկոլայի «գործատուն»՝ Զավեն Բաղդասարյանը, կողոպուտի ծրագիր առաջարկում: Խոսքը հենց ՀԽՍՀ պետբանկի կողոպուտի մասին է: Զավենից ստանալով «գենպլանի» բոլոր մանրամասները՝ եղբայրները նախապատրաստվում են իրենց խոշոր ձեռնարկին, սակայն ավտովթարի հետևանքով Նիկոլայը վնասվածք է ստանում, ինչի պատճառով Ֆելիքսը միայնակ է իրականացնում գողությունը: Դեպքը մեծ աղմուկ է բարձրացնում: Իրականացվում է լայնածավալ հետաքննություն: Հանցագործների հայտնաբերման գործով զբաղվում է պետական անվտանգության ղեկավար Սուրենյանցը: Կողոպուտի՝ ամբողջ ԽՍՀՄ-ում տարածված լուրը հասնում է մինչև Լեոնիդ Բրեժնևի կաբինետ, որտեղ վերջինս հրամայում է կիրառել բոլոր միջոցները և ցանկացած գնով գտնել հանցագործներին՝ «ողջ կամ մեռած»: Հանրության շրջանում կողոպտիչներն ունենում են իրենց համակիրները, ինչը, Սուրենյանցի խոսքերով, ավելի է դժվարացնում հանցագործների հայտնաբերումը: Երրորդ գլխում Նիկոլայի կնոջ՝ Լյուդմիլայի եղբորը, որը դարձել էր Կալաչյանների հանցակիցը, ձերբակալում են գողացված թղթադրամները փոխանակելու ժամանակ: Նա մատնում է Նիկոլային, Նիկոլայն էլ առանց տատանվելու մատնում է Ֆելիքսին: Եղբայրները դատապարտվում են գնդակահարության, և չնայած Բրեժնևին ներկայացված ներման խնդրագրին, վճիռն իրականացվում է: Ժամանակ անց Ֆելիքսի որդին գտնում է տան մանրահատակի տակ թաքցված գումարը:

 

 

zontik

 

Թեպետ Ֆելիքսն ու Նիկոլայը, որոնց մարմնավորել են Սոս Ջանիբեկյանն ու Մոսո Կարապետյանը, որպես ամբողջական կերպարներ ունեն իրենց ներքին դրաման, անցյալից եկող բարդ, հակասական ապրումներն ու պայքարի ձգտումը, սակայն, այնուամենայնիվ, նրանց դրդապատճառները որոշ հարցեր են առաջացնում: Ի՞նչն էր հերոսներին խանգարում գնալ աշխատելու, ինչո՞ւ էին նրանք նախընտրել ազնիվ ճանապարհով գումար վաստակելու փոխարեն խախտել օրենքը: Եթե Ֆելիքսն այդ քայլին դիմել էր հանուն իր ընտանիքի, հանուն իր որդու ապագայի, ապա ևս մեկ հարց է առաջանում՝ ինչո՞վ էր դրսևորվում Ֆելիքսի ընտանիքի անապահով լինելը, կամ ինչո՞վ էր վտանգված նրա որդու ապագան: Ֆիլմից տպավորություն է ստեղծվում, թե որդին չէր կարող լիարժեք կյանքով ապրել (Սուրենյանցի հետ զրույցի ժամանակ Ֆելիքսն ինքն է ասում, որ դիմել է այդ քայլին, որպեսզի ընտանիքն ապրի), աշխատել և ապագայում կայանալ առանց այն գումարների, որոնք թողել էր նրան հայրը: Որքան էլ հակասական և ոչ միանշանակ լինի այս պնդումը, բայց, համաձայն տարածված կարծիքի, ապրելու և կայանալու հնարավորությունները ԽՍՀՄ-ի տարիներին շատ ավելի մեծ էին, քան մեր օրերում: Իսկ եթե սցենարիստները ցանկացել են ընդգծել, որ խորհրդային իրականության մեջ սոցիալական հավասարությունն ընդամենը միֆ էր, և իրականում գոյություն ունեին ցածր խավեր, որոնց ներկայացուցիչները հանուն լավ ապրուստի կարող էին դիմել այնպիսի մի արկածախնդրության, որին դիմել են Ֆելիքսն ու Նիկոլայը, ապա այդ թեման նույնպես պետք է զարգացվեր: Այլ կերպ ասած՝ անցյալում և ներկայում ծայրաստիճան աղքատ չլինելու, բայց շռայլության մեջ էլ չապրելու հանգամանքը դրամատուրգիական տեսանկյունից չէր կարող հերոսներին հանցագործության մղող բացառիկ պատճառ հանդիսանալ: Եթե խոսում ենք ոչ թե իրական Ֆելիքսի ու Նիկոլայի, այլ ֆիլմում նրանց կերպարների մասին, ապա վերոնշյալ հարցերին պետք է պատասխան տրվեր:

 

 zontik

 

Այս ամենի հետ մեկտեղ՝ ֆիլմում բաց է թողնված Ֆելիքսի կտրուկ մտափոխվելու և հանցավոր ծրագրին մասնակցելու վերջնական որոշման կայացումը: Մենք տեսնում ենք, թե Ֆելիքսն ինչպես է կողոպուտի առաջարկը լսելով սկզբում հրաժարվում, բայց կարճ ժամանակ անց մասնակցում դրա իրականացման նախապատրաստություններին: Հերոսի համար ի՞նչն է խթան հանդիսանում՝ ստիպելով նրան փոխել որոշումը: Ո՞րն է հերոսի «անդարձելիության կետը»: Քանի որ այս հարցը շրջանցված է ֆիլմում, մենք պարզապես տեսնում ենք մի հերոսի, որը տեսարաններից մեկում ասում է մի բան, իսկ հաջորդ տեսարանում անում լրիվ այլ բան: Նիկոլայի պարագայում ամեն ինչ հասկանալի է ու հիմնավորված. նա, ի տարբերություն Ֆելիքսի, զուրկ է կասկածներից և ավելի հետևողական է իր շահադիտական նկրտումներում: Նա սկզբից ի վեր հավատարիմ է մնում իր որոշմանը և չի մտափոխվում նույնիսկ այն ժամանակ, երբ Ֆելիքսը հիշեցնում է բռնվելու վտանգի մասին: Չնայած վերը թվարկված բոլոր հարցերին, որոնք ծագում են որոշ սցենարական բացերի արդյունքում, հերոսներն առանձնանում են կերպարային ընդգծված առանձնահատկություններով: Հետաքրքիր է հետևել նրանց ֆլեշբեքերին, որոնք լրացնում են վերջիններիս կերպարային բնութագրերը: Այդ ֆլեշբեքերի միջոցով մենք տեսնում ենք կոնտրաստը Նիկոլայի և Ֆելիքսի ապրած մանկության միջև. Նիկոլայը դեռ փոքր հասակից զբաղվել է գողությամբ, իսկ Ֆելիքսը մարզիկ է եղել, պապից պարբերաբար բարոյախրատական դասեր է  ստացել: Պապը, որին մարմնավորում է Դավիթ Հակոբյանը, ֆլեշբեքերից մեկում ասում է թոռանը, որ ճիշտը չստելն է, այլ ոչ թե չսխալվելը: Մինչև վերջին պահը Ֆելիքսը հետևում է այդ խոսքերին: Նույնիսկ ֆիլմի այն տեսարանում, որտեղ Ֆելիքսը, գալիքը կանխազգալով, ասես վերջին անգամ տանն ընթրում է ընտանիքի հետ, նա այդ ժամանակ իր տուն եկած Սուրենյանցին չի ստում, Նիկոլայի պես չի արդարանում, միայն լուռ ընդունում է իր ճակատագիրը, որի հետ վաղուց էր հաշտվել: Այս տեսարանում բացահայտվում է նաև Սուրենյանցի թաքուն ապրումակցումը հանցագործի նկատմամբ: Շանթ Հովհաննիսյանի մարմնավորած հերոսը, լինելով խորհրդային համակարգի կամակատար, օժտված է մասնագիտական սառնասրտությամբ, բայց դրա հետ մեկտեղ՝ զուրկ չէ մարդկային հատկանիշներից և ունակ է ցավ ապրելու իրենց կյանքը խորտակած եղբայրների համար, որոնց վերաբերյալ վճիռը, թվում է, կայացված էր մինչև դատական նիստը...

 

Վերադառնալով ֆլեշբեքերին՝ հարկ է հիշատակել կողոպուտի տեսարանը, որը փոխլրացվում է մանուկ Ֆելիքսի՝ մարմնամարզության մրցաշարում հաղթելու ֆլեշբեքով: Ասես յուրատեսակ զուգահեռ է անցկացվում կողոպուտի և մրցաշարի միջև, որոնցից երկուսում էլ նա «հաղթում է»: Հարկ է նշել, սակայն, որ ֆլեշբեքերի առատությունը ֆիլմում ոչ միշտ է արդարացված: Առնվազն մեկ դեպքում նկատում ենք նույն ֆլեշբեքի անտեղի կրկնություն. դա մանուկ Ֆելիքսի մկրտության ֆլեշբեքն է, որից առանց լրացուցիչ հիշեցման էլ պարզ է դառնում, որ հավատքի գործոնը կարևոր նշանակություն ունի հերոսի կյանքում և արդեն հասուն տարիքում նրա համար դառնալու է ներքին կոնֆլիկտի, կասկածների, բարոյական ընտրության և արժեքների բախման կարևոր կիզակետ:

 

zontik

 

Անդրադառնալով պատմական անճշտություններին, թերևս, կարելի է միայն մեկ ակներև սխալ առանձնացնել՝ դիմելաձևի հետ կապված: Ֆիլմում տեսնում ենք, թե ինչպես են Շանթ Հովհաննիսյանի հերոսին՝ Սուրենյանցին, դիմում «պարոն»-ով, սակայն, ինչպես հայտնի է, խորհրդային տարիներին ընդունված էր «ընկեր» դիմելաձևը: «Պարոն» դիմելաձևը ԽՍՀՄ-ում չէր կարող լինել հենց լոկ այն պատճառով, որ նույնացվում էր իշխանավոր, մեծավոր արտահայտությունների հետ, որոնց դեմ էր խորհրդային գաղափարախոսությունը:

 

Մնացյալը, եթե անդրադառնանք ֆիլմի բեմադրող նկարչի (Ներսես Սեդրակյան) և հագուստի նկարչի (Նազելի Մալխասյան) աշխատանքներին, ապա ժամանակաշրջանի վերարտադրությունը կատարված է ճշգրիտ, ինչի մասին վկայում է հերոսների հագուկապը, ինտերիերի ձևավորումը, պատերին փակցված քարոզչական պաստառները, նաև աչքից չվրիպող «Комсомольская правда» թերթը:

 

Այսպիսով, ամփոփելով ասվածը, կարող ենք եզրակացնել, որ անկախ բոլոր բացթողումներից, որոնք նկատելի են միայն նեղ մասնագիտական տեսանկյունից, ֆիլմն իր դիտարժանությամբ և, ինչը ժամանակակից հայ կինոյում հազվադեպ է պատահում, ժանրային և թեմատիկ ինքնատիպությամբ միանշանակ արդարացնում է լայն հանդիսատեսի բարձր գնահատականը: Ուրախալի է այն փաստը, որ հայկական կինովարձույթում բարձր ցուցանիշներ գրանցող և մեր իրականության հետ որևէ առնչություն չունեցող ցածրակարգ կատակերգություններից զատ՝ հանդիսատեսին հետաքրքրել է բազում քննարկումների առիթ տվող և մեր խորհրդային անցյալի մի դրվագը ներկայացնող այս ֆիլմը: Մնում է հուսալ, որ ապագայում նմանօրինակ կինոնախագծերը չեն լինի հատուկենտ, և յուրաքանչյուր նոր ֆիլմ հիմքեր կստեղծի նոր քննարկումների համար: 

 

 

[1] NEWS.am Style, «Զոնտիկ»-ի ռեկորդը. ֆիլմը թողարկումից հետո դարձել է վերջին 15 տարվա ընթացքում տոմսերի ամենաշատ վաճառքն ունեցած ֆիլմը հայկական կինոշուկայում, (https://style.news.am/arm/news/113568/zontik-i-rekordy-filmy-toxarkumic-heto-dardzel-e-verjin-15-tarva-yntacqum-amenavatcharvatsy-haykakan-kinoshukayum.html), հասանելի է՝ 14.04.2026:

 

 

Բոլոր լուսանկարները Bravo.am կայքից   

Արամ Դովլաթյան

 

Դիտումներ: 259

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։