Հանդիպման վայրը փոխել չի կարելի
Հուլիսի 25-ը տաղանդավոր պոետի, դերասանի ու երգչի՝ Վլադիմիր Վիսոցկու հիշատակի օրն է: Վիսոցկին մահացավ 1980 թվականի հուլիսի 25-ին, երբ ամբողջ Խորհրդային Միությունն ապրում էր օլիմպիական տենդի մեջ: Անցած 46 տարիները նրա հանդեպ համաժողովրդական սիրո լավագույն վկայությունն են: Վիսոցկու հիշատակի օրվա առիթով առաջարկում ենք ընթերցել կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինի հուշերը պոետի մասին՝ «Ես, ինչ խոսք, հետ կգամ» գրքից, որի կազմողն ու թարգմանիչը Լևոն Բլբուլյանն է:
***
Դժվար է բառերով արտահայտել, թե որքան թանկ էր Վիսոցկին ինձ համար: 1980 թվականի հուլիսի 25-ը սև գծիկով կյանքն ինձ համար երկու անհավասար մասի բաժանեց` մինչև և հետո: Ու այն, որ «մինչև»-ն էր, լուսավորված, սրբագործված է Վիսոցկու պայծառ կերպարով:
Անիծում եմ ինձ թեթևամտության համար. որոշ բաներ գրի չառա, որոշ բաներ նեղություն չքաշեցի մտապահել: Եվ ո՛չ այն պատճառով, որ չէի հասկանում, թե ով է իմ կողքինը. մի՞թե կարող էի ենթադրել, որ նա՝ ինձնից երկու տարով փոքր, բնատուր առողջությամբ օժտված, ավելի վաղ կհեռանա կյանքից: Հավանաբար բանաստեղծները երկար ապրել չեն կարող. նրանք առավել զգացմունքային, ավելի տառապալի կյանքով են ապրում, ուրիշների ցավն էլ նրանցն է: Վիրավոր սրտով երկար չես դիմանա:
Ոչ մեծ արխիվ, այնուամենայնիվ, պահպանվել է: Նամակներ են, չիրականացված սցենարների մտահղացումներ, երգերի սևագրեր, ընծայագրված ձայնապնակներ, «Համլետ»-ի վերջին, այդպես էլ չկայացած ներկայացման տոմսը, սգո ժապավենը, որով կանգնել էի նրա դագաղի մոտ…
Ես նախ ձայնագրությունը լսեցի: Ո՞վ է նա: Որտեղի՞ց: Դատելով երգերից՝ կռվել է, շատ բան տեսել, դժվար կյանք ապրել։ Հզոր ձայն, հզոր տեմպերամենտ։ Իմ պատկերացմամբ՝ նա հաղթանդամ էր, ուժեղ, կյանք տեսած...
Եվ ահա առաջին ծանոթությունը: Վայրկենական հիասթափություն, իմ առաջ բարեկազմ, սպորտային կեցվածքով մոսկովյան մի ժպտուն տղա է: Կենդանի Վիսոցկին երևակայական կուռքից շատ ավելի հետաքրքիր դուրս եկավ: Ձայնագրությունը պահպանում է ձայնը, հնչերանգը, երգի իմաստը, բայց այդ ամենին որքան բան են ավելացնում տաղանդավոր դերասանի աշխույժ դիմախաղը, նրա արտահայտիչ աչքերը, լարումից պարանոցի վրա ուռած երակները: Վիսոցկին իր երգերը երբեք կես ուժով չի կատարել. միշտ ամենուրեք՝ համերգում, թե տանը՝ ընկերների մոտ, սառցադաշտում խփված վրանում, լեփ-լեցուն դահլիճում, թե միակ ունկնդրի համար, նա նվագում ու երգում էր ամբողջ ներդրումով մինչև վերջ, քրտնելու աստիճան:
Ինչ անսովոր երջանկություն էր նրա հետ բարեկամություն անելը: Ընկերություն անելն էլ տաղանդ է: Բնությունից մի քանի տաղանդով օժտված Վիսոցկին նաև այդ շնորհին՝ ընկերություն անելու արվեստին էր տիրապետում:
Քչերի հետ իմ բախտը ևս բերեց: Երջանիկ աստղն առաջին իսկ կինոնկարում ինձ նրան հանդիպեցրեց: Հետո էլի մի քանի կինոնկարներ եղան, առավել շատ մտահղացումներ: Եվ այդ ամենից բացի ամենաանմոռանալին՝ մոտիկ, անմիջական շփում հենց այնպես, առանց առիթի…
Երբեմն թերթում ես հին նոթատետրդ, և դատարկ, աննշան գրառումների մեջ այսպիսի տողերի հանդիպում. «ժամանեց Վոլոդյան: Շաբաթ և կիրակի ամառանոցում էինք: Նոր երգ է գրել»:
Հիշում եմ՝ նրան դիմավորեցի օդանավակայանում, ձեռքին էկրանի թարմ համարն էր, որի լուսանցքները գրոտված էին մանրիկ տողերով: Նոր երգի սևագիրն էր: Ուրեմն ինքնաթիռում էլ աշխատել էր: Նա բացարձակապես հանգստանալ չէր կարողանում:
Հիշում եմ, երբ ամառանոցում էինք, բոլորը ծովում լողում, արևի լոգանք էին ընդունում, իսկ նա բակում պառկած՝ աշխատում էր: Խարույկի վրա փլավ էին եփում, գոռգոռում ու ծիծաղում, համարյա լոք տալով անցնում էին նրա վրայով, բայց նա աշխատում էր: Իսկ երեկոյան կատարեց նոր երգը: Այն կոչվում էր «Բալլադ մանկության մասին»:
Ու ոչ ոք նրան Վլադիմիր Սեմյոնովիչ չէր ասում: Բոլորը կոչում էին Վոլոդյա: Նրան միայն չէին սիրում, ասես ամեն ոք նրա հետ իրեն մի ջերմ, մտերմիկ փոխհարաբերության մեջ էր զգում:
Մենք ևս Վոլորդյա կկոչենք նրան:
1966 թվականի ամռանը Կովկասում նկարահանում էինք «Ուղղահայացը»: Մեր հիմնական բազան «Իտկոլ» հյուրանոցում էր, որտեղ Վոլոդյայի հետ նույն համարում էինք ապրում: Ամեն օր նա երգում էր: Ալպինիստները, նկարահանող խումբը լցվում էին համար, և նա ամեն օր երկժամյա համերգ էր տալիս: Դերասաններին վիճակված էր մեկ շաբաթ վրանում ապրել՝ Կաշկա Տաշ սառցադաշտի տակ գտնվող ալպինիստական «Ջան Թուգան» ճամբարում: Հարկավոր էր ալպինիստական փորձ ձեռք բերել, ընդհանրապես զգալ լեռները, դա պետք էր հատկապես Վոլոդյային: Մենք մեծ հույսեր էինք կապում այն երգերի հետ, որ նա պիտի գրեր: Առանց դրանց կինոնկարը չէր ստացվի:
Այդ ժամանակ Ազատ Իսպանիա լեռնագագաթի վրա դժբախտություն պատահեց: Մի ալպինիստ զոհվեց: Ընկերները նրան ժայռից ցած իջեցնելու անհաջող փորձեր էին անում: Փրկարարական ջոկատները օգնության շարժվեցին: Անձրևներ էին տեղում, լեռը ողողվեց քարահոսքերով: Գագաթին ներքևի սառցադաշտը մարտադաշտ էր հիշեցնում. ալպինիստները ցած էին իջնում սառցադաշտով՝ ձեռքերի վրա տանելով իրենց վիրավոր ընկերոջը, ոմանց տեղափոխում էին պատգարակով: Մեր դերասանների վրանը վիրակապման կետի վերածվեց: Այստեղ լեռնագնացներին տաք թեյ էր սպասվում և ըստ հնարավորության՝ օգնություն:
Նշանակալից ու ողբերգական մի բան էր կատարվում: Կարելի էր, ասենք, մի շաբաթ սպասել, մինչև տարերքը խաղաղվեր. ի վերջո, նա, ում համար այդ մարդիկ իրենց կյանքը վտանգում էին, արդեն մեռած էր: Բայց ո՛չ, ալպինիստները համառորեն գրոհում էին բարձունքը: Դա արդեն մարտահրավեր էր: Ո՞ւմ: Վոլոդյան ագահ լսում էր խոսակցությունները, ջանում ըմբռնել էությունը, հասկանալ հանուն ինչի է այդ ամենը… Ու այդպես ծնվեց երգը.
Կարելի է մի քիչ շեղվել
Ու զառիթափը շրջանցել,
Բայց մեզ դժվար ուղիներն են հրապուրում,
Վտանգով լի՝ Ինչպես ռազմի արահետներ:
Այս շարքի վերջին երգը, որ նա գրեց, «Զինվորական երգն» էր, որի հետ այսպիսի պատմություն է կապված: Հոգնած, ցեխոտված՝ սառցադաշտից գալիս եմ «Իտկոլ», վեց ժամ ստիպված էի ոտքով քայլել: Վոլոդյան չկա: Սեղանին սևագրություն է: Նայում եմ՝ նոր երգ է.
Ջոկը ելնում է վեր, այնտեղ՝ գետի մոտ
Նա է, ում հետ առաջ քայլել ենք երկուսով:
Գրոհի ենք արդեն մենք ամենքս կարոտ…
Ես նորից հագնում եմ ուսապարկն ու բար իջնում : Այնտեղ ամերիկացի տուրիստներ են նստած ու նրանց հետ՝ Վոլոդյան: Ինձ նկատեց, մոտ վազեց ու ասում է. «Սլավա, էնպիսի՜ մի երգ եմ գրել: Գնանք վերև՝ երգեմ քեզ համար: Ես պատասխանում եմ. «Չեմ կարող, վեց ժամ վազել եմ, թող գոնե մի բան խմեմ»: Թեև այդպիսի բարձրության վրա օրգանիզմը լրիվ ջրազրկվում է, և ես առանձնապես խմելու ցանկություն չունեի. ուզում էի պարզապես նրա հոգու հետ խաղալ: Մենք մոտենում ենք վաճառասեղանին, ես մի շիշ ջուր եմ խմում, մի շիշ էլ վերցնում: Իսկ նա ուղղակի պար է գալիս. Այնպե՜ս է ուզում իր նոր երգը երգել:
-Ուզու՞մ ես,- ասում է,- ես քեզ համար այստեղ երգեմ, թեկուզ առանց կիթառի: Եվ սկսում է.
Ցոլաց մայրամուտը, ոնց պողպատե մի շեղբ,
Մահը իր ավարն է հաշվում արդեն…
Ես ասում եմ.
-Մի սպասի՛ր, դու ոնց որ Օստապ Բենդերը լինես, ով ամբողջ գիշեր հորինեց «Հիշում եմ պահը հրաշատեսիլ» և միայն առավոտյան հասկացավ ,որ իրենից առաջ ինչ-որ մեկն արդեն դա հորինել է:
-Ի՞նչ ես փչում:
-Ո՞նց թե՝ ինչ եմ փչում,- պատասխանում եմ,- դա բակսանական հին ալպինիստական երգ է՝ դեռևս պատերազմական տարիների:
-Ինչե՜ր ես հորինում,- փրփրում է Վոլոդյան,- հենց այսօր եմ գրել:
-Ոչինչ էլ չեմ հորինում,- ասում եմ,- էնտեղ դեռ կրկներգ էլ կա… Ուզո՞ւմ ես երգեմ: Ես հիմա ճշգրիտ չեմ հիշում, բայց կարծեմ էսպիսի խոսքեր կան.
Թողնե՛լ խոսքերն ամեն:
Առա՛ջ և վե՛ր միայն…
Սրանք մեր լեռներն են,
Կօգնեն մեզ անպայման:
Նա ասում է.
-Չի՛ կարող պատահել:- Իսկ ինքը նույնիսկ գույնը գցեց:- Այս ի՜նչ է ինձ հետ կատարվում: Ե՛ս եմ մտածել, ես ի՛նքս եմ գրել այդ տողերը, և դրանք ինձ առանձնապես դուր էին գալիս…
-Դե լավ, Վոլոդյա,- չդիմացա ես,- կատակում էի:
Ինչպիսի՜ հայացքով նայեց ինձ: Իսկ հետո դեռ երկար ժամանակ իմ այդ կատակը չէր մոռանում:
Ալպինիստները նրան իրենցն էին համարում։ Հավատում էին, որ նա փորձառու լեռնագնաց է: Այնինչ, նրանց մասին այնքա՜ն հանրահայտ իր երգերը գրելուց ընդամենը երկու ամիս առաջ էր նա լեռներն առաջին անգամ տեսել։ Ճակատում եղած մարդիկ համոզված էին, որ նա իրենց մարտական ընկերն է։ Այդպիսի խորը, արյունելու չափ ներգործուն ճշմարտություն էր հորդում նրա պատերազմական երգերից:
Իսկական տղամարդ էր: Խառնվածքով, հերոսական իր էությամբ նա, հավանաբար, ծովային, օդաչու, զինվորական պիտի դառնար: Բայց դրա համար մի քանի կյանք էր հարկավոր։ Ահա ինչու երգերում էր ապրում այն, ինչ կուզենար ապրել իրական կյանքում։ Լինելով արտիստիկ խառնվածք՝ նա ասես վայրկյանապես իր ուզած մարդու մաշկի տակ էր հայտնվում: Իր չիրականացած ճակատագիրն էր գտնում այդ երգերում։
Բայց ուզենալը դեռ քիչ է, հարկավոր է կարողանալ։ Դատելով երգերից, նա միշտ հիմնովին տիրապետել է խնդրո առարկային։ Որտեղի՞ց: Վոլոդյան զարմանալի հիշողություն ուներ, իսկ լսել այնպես էր կարողանում, ինչպես ոչ ոք։ Դա հազվագյուտ շնորհ է։ Ինձ թվում է՝ նա, ով անկարող է լսել, ով միայն ինքն իրեն է լսում (այդպիսիներին կյանքում հաճախ ենք հանդիպում), որպես արվեստագետ կորած է։ Նա այլևս ոչ մի նոր բան չի իմանա, որովհետև չի լսում։
Շփումը հետաքրքիր մարդկանց հետ Վոլոդյայի համար շատ բան արժեր։ Որպես բանաստեղծ, նա իր տեսած-լսածով էր սնվում: Նրա համար հետաքրքիր մարդիկ դեպի աշխարհ բացվող պատուհաններ էին, ուր ինքը, հոգսերով ու պարտականություններով ծանրաբեռնված, հեշտ մուտք չուներ։ Նա այդպիսի հանդիպումներ էր որոնում։
Նորից անդրադառնում եմ նոթատետրիս։ « 68-ի օգոստոս։ Թռչում եմ Կրասնոյարսկ։ Այնտեղից գնացքով հասնում եմ մինչև Մանա կայարան։ Հետո գնում եմ ոտքով։ Ուշ գիշերին մտնում եմ գյուղ։ Այն գտնվում է Սարանյան գետակի ափին ու շատ գեղեցիկ անվանում ունի՝ «Վիեզժի լոգ»։ Բոլոր շներին արթնացնելով, դժվարությամբ գտնում եմ ինձ հարկավոր տունը։ Դուռը թակում...» Դուռը բացեց Վալերի Զոլոտուխինը։ Նրանք Վոլոդիայի հետ այդտեղ նկարահանվում էին «Տայգայի տերը» ֆիլմում։ Տանը մութ է․ո՛չ նավթի լամպ կա, ո՛չ մոմ, էլեկտրականությունն անջատել են երեկոյան 11-ին։ Մենք գրկախառնվեցինք խավարի մեջ, և առաջին բանը որ Վոլոդյան ասաց․․․
Ի՞նչ կարող է ասել այն մարդը, ում գիշերով հանել են քնից, և ով առավոտ վեցին արդեն աշխատանքի պիտի լինի։ Երևի յուրաքանչյուրը՝ իրեն բնորոշ մի բան։
Բայց ես հիմա ճշտորեն գիտեմ, թե ինչ կասի իսկական բանաստեղծը․
-Էնպիսի՜ մի երգ եմ գրել,- ասած Վիսոցկին։
Վալերին նրան մեկնեց կիթառը, և ես դեռ ուսապարկս չէի հանել, երբ նրանք տեղավորվեցին կողք- կողքի և երկու ձայնով սկսեցին «Բաղնիքը» երգել։ Հետո էլ երբեք նման անկեղծ ու սրտառուչ կատարում լսելու առիթ չունեցա։
Մի անգամ նրա մտերիմ ընկերն ինձ ասաց.« Մենք իսկապես ընկերացանք մի այսպիսի միջադեպից հետո։ Դա պատահեց 66-ին՝ Բակսանական կիրճի «Իտկոլ» հյուրանոցում։ Վիսոցկու՝ մագնիտոֆոնային երգչի փառքն այդ ժամանակ դեռ չէր անցել Կովկասյան լեռնաշղթան, տեղաբնակներից ոչ ոք նրա մասին չէր լսել։ Աշնանային մի երեկո հյուրանոցի բակում բիլիարդ էի խաղում։ Ներս խուժեց տեղի ջահելների աղմկոտ մի խումբ։ Հարբած այդ խելառների նույնպես երիտասարդ, բայց ամբողջովին սպիտակած պարագլուխն առանձնապես լկտի ու սանձարձակ էր պահում իրեն, և այնպես ստացվեց,որ ստիպված էի ծեծկռտուքի մեջ մտնել։ Հակառակորդի թվական գերակշռությունն ինձ առանձնապես չէր անհանգստացնում, ես էլ երիտասարդ եմ եղել, մանկության, պատանեկության տարիներին կռվելու առիթներ քիչ չեմ ունեցել։ Բացի այդ, ինչպես աչքի պոչով հասցրի նկատել, բարում մեր նկարահանող խմբից մարդիկ կային, ու մտածեցի՝ թույլ չեն տա ինձ սպանել։ Բայց անցավ մեկ, երկու րոպե, դրությունն արդեն լուրջ է, բայց ոչ մեկի մտքով չի անցնում ինձ օգնության հասնել։ Ու այդ պահին հայտնվեց Վոլոդյան։
Այդ հետո միայն ես նրա մանկության ընկերներից իմացա, որ նա միշտ է այդպիսին եղել․ նրա մոտ միշտ ծայրաստիճան զարգացած է եղել ընկերության զգացումը։
Նման իրավիճակներում նա հետևանքների մասին չէր մտածում, ինչպես փոքրիկ առաձգական տորպեդ, նա դեպի մեզ թռավ։ Անկյունում սեղմված՝ ես անմիջապես զգացի ինչպես ճնշումը թուլացավ, և արդեն գործելու հնարավորություն բացվեց ինձ համար։ Այդպես ուս-ուսի, մենք մի կերպ դիմացանք, մինչև ոստիկանության գալը։ Միլիցիայի սենյակում երեքով էինք՝ ես, Վոլոդյան և կռիվն սկսող սպիտակահեր այն երիտասարդը։ Նրա աչքի տակ թանձր կապտուկ էր գոյացել։ Որքան էլ ջանացինք ոստիկանին (նույնպես տեղացի) ապացուցել, որ մենք միայն պաշտպանվել ենք մի քանի հոգու դեմ, որ հենց նրանք են կռիվը սարքել, բան դուրս չեկավ։ Սպիտակ մազերով երիտասարդը, մատով կապտուկը ցույց տալով, անընդհատ նույնն էր կրկնում։ -Նայի՛ր, ընկեր պետ, թե ով է ում ծեծել։
Ստացվեց, որ այդ մենք ենք հարձակվել նրա վրա ու գազանաբար ծեծել։ Վոլոդյան հետո հաճախ էր այդ սրիկային հիշում։
Շուրջ երկու շաբաթ նրա կզակը ցավում էր, և նա ոչ միայն ուտել, այլև երգել չէր կարողանում, որից առանձնապես նեղվում էր։
Եվ ահա, տասնյոթ տարի անց, ես նորից եկել եմ այս շրջան՝ նոր կինոնկարի համար հարմար տեղանք փնտրելու։ Տարիների ընթացքում շատ բան էր փոխվել։ Վիսոցկու փառքը ոչ միայն կտրել-անցել էր Կովկասյան լեռնաշղթան, այլ, կարծես, ընդմիշտ հաստատվել էր կիրճերում։ Ալպինիստական այս շրջանում առավոտն սկսվում է Վիսոցկու բարձահունչ երգով, և երեկոյան ևս, քնելուց առաջ, Վիսոցկու կատարմամբ որևէ երգ է հնչում «Ուղղահայացից»։ Վիսոցկուն շատերն են հիշում ֆիլմի նկարահանումներից։ Նա իսկական, նվիրյալ շատ ընկերներ ունի այստեղ։ Վիսոցկին ասես նշանաբան է այս վայրերում․ սիրո՞ւմ ես նրան՝ ուրեմն լա՛վ մարդ ես։ Դե, իսկ Վիսոցկու ընկերը լինելն արդեն բարձր կոչում է ու պարգև։
Խորովածանոցի մատուցողուհի՝ թենիսի մեր խաղընկերուհին խորովածի հրավիրեց մեզ.
-Անպայման եկեք, մեր տնօրենը Վիսոցկու հին ընկերն է, ձեզ համար ոչինչ չի խնայի:
-Նա ալպինի՞ստ է,- հարցրի ես:
- Ո՛չ:
Անորոշ կասկածն ինձ խոցեց.
-Իսկ ձեր տնօրենի անունն ի՞նչ է:
-Անունը Ռաշիդ է, բայց Բակսանում բոլորը սեդոյ են ասում նրան:
Ես ծիծաղեցի.
-Չէ՛, սիրելիս, ավելի լավ է վաղը մենք սոված մնանք:
Եվ, այնուամենայնիվ, հաջորդ օրը չծուլացանք, իմ օպերատոր Թեմուրի հետ մինչև խորովածանոց հասանք՝ Սեդոյին տեսնելու: Մատուցողուհին հեռվից ցույց տվեց նրան: Այո, այդ նա էր:
Մի անգամ մենք միասին Բոլշեվոյում էինք, Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տանը։ Փորձեցինք դետեկտիվ հորինել։ Սյուժեն վատ էր առաջ գնում, և շուտով վերջնականապես լռվեց, մնաց: Թեման ծովային էր, մենք խճճվեցինք «արկասնդուկների» հարցում : Ես, ինձ համարելով ծովային հարցերի գիտակ, դրանց վերաբերյալ մի բան էի պնդում, Վոլոդյան՝ մեկ այլ բան։ Մենք կռվեցինք... Մոտ մեկ տարի անց, նավաստիների հետ պատահական զրույցի ժամանակ, ես զարմանքով հայտնաբերեցի, որ ճիշտը Վիսոցկին էր։ Հետո մեկ անգամ չէ, որ առիթ ունեցա հիանալ իր զբաղմունքից շատ հեռու որևէ նյութի կամ ոլորտի վերաբերյալ նրա զարմանալի գիտելիքներով:
1968 թվականին Գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի ֆիզիկոսները մեզ ցույց էին տալիս կառուցվող արագացուցիչը։ Բացատրում էր մի երիտասարդ, մորուքավոր գիտնական։ Շուտով ուշադրությունս շեղվեց, քանի որ դադարեցի որևէ բան հասկանալ։ Իսկ Վոլոդյան, տեսնեմ, գլխով է անում, համաձայնում։ Ձևանում է, մտածեցի, իրականում ինձ պես ոչինչ չի հասկանում: Իսկ նա հանկարծ սկսեց հարցեր տալ մորուքավոր ֆիզիկոսին։ Հարց ու պատասխանների երկար մի շարք. ասես գնդակ են նետում իրար: Շուտով հասկացա, որ ընկերս լավ տիրապետում է զրույցի թեմային։ Այնինչ նա ամբողջովին հումանիտար հակումներ ուներ։ Ահա ևս մեկ նրբագիծ, որը կարելի է ավելացնել Վիսոցկու դիմանկարին:
Բայց, ինչպես ասում են, վերադառնանք մեր ոչխարներին։ Այսինքն՝ արկասնդուկներին, որոնք մեզ գժտեցրին։ Ի վերջո, մենք սցենարից ձեռ քաշեցինք, ու ամեն մեկս իր գործով զբաղվեց. ես սահում էի դահուկներով, իսկ նա առավոտից նստում էր թղթի առաջ, սեղանին իր սիրած ծխախոտը՝ մի տուփ ,«Վինսթոն» դնում ու գրում: Սա էր նրա հանգիստը; Ընդ որում, ինձ թույլ չէր տալիս անգամ պատուհանը բացել. Շատ էր վախենում «ձայնը մրսեցնել»: Որոշ ժամանակ անց Վոլոդյան մրմնջաց.
-Պատմիր ինձ շախմատի մասին:
«Ահա,- մտածեցի ես,- շուտով երգ կլինի իմ սիրելի շախմատի մասին»: Նա այդ ժամանակ իր ստեղծագործության «մարզական փուլում» էր։ Ես սկսեցի բացատրել՝ խաղը սկսվում է դեբյուտից... տարբեր սկզբնախաղեր են լինում... օրինակ՝ «Թագուհու գամբիտ», «հին հնդկական պաշտպանություն»...
-Հերիք է: - ասաց Վալոդյան։ - Այսքանը բավական է:
Ես վիրավորված էի. շախմատային այսպիսի գիտելիքնեով երգ կգրվի շախմատի մասին:
Նա մեկուկես օր լռեց, ինչ-որ բան էր գրում մանրիկ, կլորավուն տառերով, վերցնում ու շոշափում լարերը։ Այո, նա չէր ընտրում մեղեդի, այլ կարծես հենց այնպես շոշափում էր լարերը՝ հայացքն ինչ-որ տեղ մի կետի հառած: Երկրորդ օրվա երեկոյան երգը պատրաստ էր։ Այն կոչվում էր «Շախմատային թագի պատիվը»։
Սկզբում երգն ինձ հիասթափեցրեց : Չգիտեմ էլ, թե ես ինչ էի սպասում, հիշում եմ, նույնիսկ վիրավորված էի շախմատի համար։ Ախր, սա ի՜նչ անհեթեթություն է.
Մենք Տալի հետ տասը պարտիա խաղացինք՝
Եվ պրեֆերանս, և աչկո, և բիլիարդ...
Տալն ասաց. «Սա մեզ ամոթով չի անի».
Մեկ շաբաթ անց ես ու Վոլոդյան նստեցինք գնացք։ Ես գնում էի Օդեսա, նա՝ Կիև։ Երկու համերգ ուներ այնտեղ։ Իհարկե, ես իջա Կիևում և գնացի նրա համերգին։ Հենց այնտեղ էլ նա որոշեց առաջին անգամ հանրության առաջ փորձել «Շախմատային թագը»։ Ի՜նչ էր կատարվում դահլիճում։ Մարդիկ ջղաձգվում էին ծիծաղից ( ես էլ՝ նրանց հետ), նստարաններից սահում հատակին…
Զվարճալին չի կարելի ցույց տալ միայն մեկ մարդու, այն պետք է մեծ, բարեհաճորեն տրամադրված լսարանի վրա ստուգել: «Շախմատային թագի» այս պատմությունից հետո ես դա լավ հասկացա: Եվ, իհարկե, շախմատի մասին նրան ոչինչ էլ պետք չէր իմանալ, քանի որ այդ երգը ոչ թե շախմատի, այլ կյանքի մասին է։ Վիսոցկին երգեր չունի ծովի, երկնքի կամ երկրի մասին: Նրանք բոլորը մեր կյանքի, մեր մասին են:
Իսկ սպորտը նրա համար կյանքի մոդել է։ Զարմանալի չէ, որ մարզական նրա մանրապատումների գլխավոր գործող անձինք բնավ էլ հերոսներ չեն։ Բայց սա միայն նրանց կարող է վիրավորել, ովքեր սովետական սպորտը փառաբանող տափակ ու անհամ գովերգերով են դաստիարակվել: Ներբողները երբեք Վիսոցկու ամպլուան չեն եղել: Ի վերջո, ո՞րն է նրա պոեզիայի առանձնահատկությունը. քաղաքացիական լիցքը, հեղինակի ակտիվ դիրքորոշումը, այն ամենի անխնա ծաղրուծանակումը, ինչը խանգարում է, վիրավորում և արատավորում է մեր հասարակությանը: Իսկ ծաղրել նշանակում է մերկացնել, ցույց տալ փտած էությունը։ Ահա ինչու նրա բանաստեղծությունների ու երգերի մաքրագործող ուժն այդքան մեծ է։ Ահա թե ինչու դրանցում շատ կան զվարճալի, անհեթեթ, հիմար և պարզապես զզվելի կերպարներ: Միայն կույր կամ խուլ մարդը կարող է դրանք նույնացնել հեղինակի անձի հետ:
Ահա և սպորտը: Այստեղ ևս, ինչպես կյանքում, և՛ լավը կա, և՛ վատը: Կան այնպիսիք, ովքեր դեպի պատվանդանն են մղվում միայն հանուն նրա, որ «լավագույն պատառներն առաջիններինն են»։ Եվ կան այնպիսիք, ում համար սպորտը կռիվ, գոտեմարտ է ինքն իր ու սեփական թուլությունների հետ, իսկ հաղթանակը՝ հաղթանակ սեփական անձի նկատմամբ։
Եվ ուր էլ լինեմ, ես չեմ մոռանա,
Թե ինչպես այստեղ
Ամեն մի կասկած ես կարողացա
Իմ մեջ սպանել:
Լեռների մասին, լեռնագնացների մասին է երգը, այսինքն՝ սպորտի մասին։ Բայց այն կյանքի՛ մասին է:
Ողբերգականն ու ծիծաղաշարժը կյանքում միշտ կողք-կողքի են։ Վիսոցկու նույնիսկ ողբերգական բարձր լարվածության հասնող բանաստեղծություններում առկա է հումորը։ Էլ ի՜նչ ասել, ուրեմն, մյուս բանաստեղծությունների մասին. դրանցում հումորը հորդում է պարզապես:
Նա մշտապես շատ արագ ռիթմով էր ապրում։ Արագ աշխատում էր, արագ ուտում, արագ շարժվում, մեքենան վարում խելահեղ արագությամբ, գնացք տանել չէր կարողանում, թռչում էր ինքնաթիռով: Բայց վերջին շրջանում նրա կյանքի ռիթմը հասել էր սահմանագծին։ Ընդամենը չորս-հինգ ժամ քուն, մնացածը՝ աշխատանք: Նրա աշխատանքային օրը կարող էր դասավորվել, ասենք, այսպես. առավոտյան՝ փորձ թատրոնում, ցերեկը՝ նկարահանում կամ ձայնագրություն «Մելոդիայում»: Հետո՝ համերգ ինչ-որ տեղ Դուբնայում։ Երեկոյան՝ «Համլետ», աներևակայելի լարվածության մի ներկայացում: Իսկ գիշերը՝ ընկերներ, զրույցներ։ Ներկայացումից հետո Մալայա Գրուզինսկայայի վրա գտնվող նրա տանը միշտ մարդաշատ էր։ Ում ասես կարելի էր հանդիպել այստեղ` գրողի, դերասանի, երաժշտի, տաքսու վարորդի, ռեժիսորի, բժշկի, նկարչի, նախկին օրենքով գողի, ակադեմիկոսի, արտասահմանցի հայտնի նկարչի և փականագործիի: Մարդիկ մղվում էին դեպի նա, և ինքն էլ չէր կարող առանց նրանց, նա պիտի իմանար այն ամենն, ինչ կատարվում է կյանքում:
Պետք է ասել ահա թե ինչի մասին նաև. նա, ում աշխատանքային օրը ծայրահեղ ծանրաբեռնված էր, ստիպված էր իրենից, պոեզիայից ժամանակ խլել՝ ընկերների կենցաղային տարբեր հարցերը լուծելու համար: Օգնում էր բոլորին, ովքեր խնդրում էին: Մեկի համար ավտոմեքենայի հարց էր լուծում, մյուսի համար՝ բնակարան հաջողացնում, երրորդի սցենարի համար պայքարում: Ցավալի է այդ մասին խոսելը, բայց նրա ծանոթներից շատերն անխնա շահարկում էին նրա համբավը, ցանկացած դռնից մտնելու, ուզածդ ղեկավարի մոտ հայտնվելու հնարավորությունը:
Վոլոդյան սիրում էր գիշերային զրույցները։ Նա ինքն էր թեյ պատրաստում և շատ սիրում էր պատրաստման այդ արարողությունը։ Խոհանոցում դարակները լցված էին ամեն տեղից բերված թեյի բանկաներով։ Եվ միայն ուշ գիշերին, գրեթե լուսադեմին, երբ բոլորը ցրվում էին, ու տունը խաղաղվում էր, նստում էր սեղանի մոտ և բանաստեղծություն էր գրում։ Մահից հինգ տարի առաջ միայն նա բնակարան՝ իր սեփական բնակարանն ունեցավ։ Սիրով կահավորեց այն, մի գրասեղան գնեց, որի վրա ժամանակին աշխատել էր Թաիրովը, և ահագին հպարտանում էր դրանով։ Բայց ընդհանրապես գրում էր ամենուր, ցանկացած պայմաններում։ Գրում էր արագ: Միայն մտահղացման պրոցեսն էր շատ ժամանակ պահանջում: Լինում էր՝ կնստեր հեռուստացույցի առաջ ու անընդմեջ կնայեր բոլոր հաղորդումները: Մեկ ժամ, երկու... Ձանձրալի հարցազրույց, եղանակի տեսություն, վաղվա հաղորդումների ծրագիրը: Լիակատար այդ «անջատման մեջ» նրան որևէ բան հարցնելն անօգուտ էր։ Նա նոր երգ էր հղանում։
Այսպես էր ապրում օրեցօր, տարեցտարի... Սովորական մարդը նման ծանրաբեռնվածության չէր դիմանա։ Մոտավորապես այդ ժամանակ նրա գիտակցության մեջ հայտնվեց մոտալուտ վախճանի զգացողությունը։ Զեղվեցին սիրտ կտրատող տողերը. «Մի քիչ դանդաղ, նժույգներ իմ, մի քիչ կամաց»: Իսկ մի զրույցի ժամանակ ինձ ասաց. «Գիտե՞ս, ես սկսել եմ ավելի ու ավելի հաճախ մտածել՝ ինձ ինչքան քիչ է մնացել»:
Պարզվեց, որ նա ճիշտ էր. քիչ էր մնացել: Բայց դեռ շատ բան կար անելու։ Ուզում էր իրեն արձակում փորձել, սցենար, պիես գրել, զբաղվել նաև ռեժիսուրայով: Բազմազան են տեղծագործության տեսակները, իսկ նա բազմաշնորհ մարդ էր: Եվ կյանքի ռիթմը հասավ աներևակայելի աստիճանի։
Կինոյում նա քիչ խաղաց, քան կարող էր և ավելի քիչ, քան ցանկանում էր։ Շատ կինոպրոբների մասնակցեց, անցավ, բայց բանը նկարահանման չհասավ։ Ես պահել եմ նրա տխուր նամակներից մի քանիսը։
«Ինձ հաստատեցին «Սաննիկովի երկրում»…
Կանխավճար տվել են, պայմանագիր կնքել, տոմսը գնել։ Թատրոնից մեծ դժվարությամբ կարողացել է բացակայելու թույլտվություն ստանալ, իսկ մեկնելուց մեկ օր առաջ «Մոսֆիլմի» տնօրենը ռեժիսորին ասել է.
-Պետք չէ նրան նկարել։
-Ինչո՞ւ...
-Կարիք չկա և վերջ:
Այնտեղ՝ Կրասնոյարսկում, նա նկարահանվել է մեկ այլ ՝ ռեժիսոր Բիչկովի «Հայրս կապիտան է» ֆիլմում։ Ենիսեյի երկայնքով նավարկող շոգենավի տախտակամածին Վոլոդյան երգել էր իր լավագույն երգերից մեկը։ Բայց, չգիտես ինչու, ֆիլմն էկրան բարձրացավ առանց Վիսոցկու...
Միայն կյանքի վերջում նա հասկացավ, թե ինչ լավ է, երբ բոլորը քեզ դեմքով չեն ճանաչում: Նա շատ քիչ էր նկարահանվում ֆիլմերում, իսկ «Հանդիպման վայրից» առաջ հեռուստատեսությունը բացառված էր: Մինչև այդ նրան քչերն էին ճանաչում, հատկապես կարիերայի սկզբին։ Սկզբում նա նույնիսկ վրդովվում էր. հսկայական երկրի յուրաքանչյուր բնակիչ գիտի իր անունը, բայց դեմքով ոչ ոք չի ճանաչում։
Հենց այն ժամանակ՝ 1968-ին, Կրասնոյարսկից վերադառնալիս ստիպված էի մեկ օր կանգ առնել Նովոսիբիրսկում՝ ընկերներիս այցելելու։ Վոլոդյան ազատ էր, և որոշեցինք միասին գնալ. նա ուզում էր տեսնել Ակադեմիական քաղաքը։ Գիշեր է: Կիսադատարկ գնացքը եկավ։ Վագոնում երկու ուղեկցորդուհի կա՝ պրակտիկանտ աղջիկներ: Վոլոդյան ասում է.
-Աղջիկներ, մեզ առանձին կուպե տվեք, գոնե մի քիչ պատշաճ հանգստանանք:
-Լավ,-ասում է նրանցից մեկը: - Բայց ես տեսնում եմ, որ դու կիթառ ունես: Այդ դեպքում՝ մեզ համար կերգես։
Հենց գնացքն սկսեց շարժվել, նրանք մեզ մոտ եկան։ Վոլոդյան հարցրեց.
-Դե ասեք, ի՞նչ երգեմ ձեզ համար:
Մեկն ասում է.
-Ինչ-որ բան գիտե՞ք «Ուղղահայացից» ։
-Գիտեմ:
Եվ երկրորդը.
-Իսկ նա կարծես նման է այն մորուքավորին։
Եվ այսպես, ամբողջ գիշերր, գրեթե մինչև առավոտ, Վոլոդյան անիվների զարկի տակ երգեց նրանց համար, երգում էր ցածրաձայն, որպեսզի հարևաններին չխանգարի:

Խեղճ աղջիկներն այդպես էլ չհասկացան, թե ում հետ են ճանապարհորդում։ Որքա՜ն ուրախ կլինեին, եթե իմանային, որ գիշերային այդ գնացքում հենց Վիսոցկին է Վիսոցկու ամբողջ երգացանկը կատարել իրենց համար:
Նոթատետրիս մեջ այսպիսի գրառում գտա. «Վոլոդյա. Ինձ մոտ ամեն ինչ թարս է. եթե խեղդվեմ, հոսանքի հակառակ ուղղությամբ փնտրեք ինձ»։ Որտեղի՞ց սա։ Ամենևին նման չէ Վիսոցկուն։ Նա մարդ էր, ով հստակ գիտեր, թե ուր, ինչու և ինչի համար է գնում։ Չնայած...
Այնպե՜ս էր ուզում խաղալ «Հանդիպան վայրում»: Կարելի է ասել ֆիլմի գաղափարը տվողը, նախաձեռնողն ինքն էր: Այնքա՜ն անհանգստանում էր՝ կհաստատե՞ն իրեն Ժիգլովի դերում և հանկարծ...
1978 թվական, 10 մայիսի. նկարահանման առաջին օր: Նաև Մարինա Վլադիի ծննդյան օրն է: Մենք Օդեսայում ենք՝ մեր ընկերոջ ամառանոցում։ Եվ ահա անակնկալ: Մարինան ինձ տանում է մեկ այլ սենյակ, դուռը կողպում և արցունքն աչքերին ասում. «Բաց թող Վոլոդյային, ուրիշ դերասան գտիր»: Իսկ հետո Վոլոդյան. «Հասկացիր, ինձ այնքան քիչ է մնացել, ես չեմ կարող կյանքիս մեկ տարի կորցնել այս դերի վրա»:
Որքա՜ն կկորցներ հանդիսատեսը, եթե այդ երեկո ես տեղի տայի:
Մի անգամ, երբ հանդիսատեսների հետ հանդիպման ժամանակ պատմեցի այս պատմությունը, դահլիճից գրություն եկավ. «Իսկ այդ դերն արժե՞ արդյոք Վիսոցկու մեկ տարվա կյանքը»:
Բարդ հարց է. Եթե նա ծախսեր այն տարին, որ խլեցին նկարահանումները, նա սոսկ բանաստեղծությունների վրա ծախսեր, ապա պատասխանը միանշանակ կլիներ. «չարժեր»: Լինել բանաստեղծ, սա էր կյանքում նրա համար սահմանված հիմնական կոչումը: նպատակն այս կյանքում: Բայց Վոլոդյան այլ ծրագրեր ուներ, ես գիտեի դրանց մասին, և մենք նրա համար նկարահանումների այնպիսի գրաֆիկ ապահովեցինք, որպեսզի կարողանար իրականացնել այն ամենը, ինչ ծրագրել էր՝ լինել Հաիթիում, շրջագայել ամերիկյան քաղաքներով...
Նա մեզանից հեռացավ 1980 թվականի հուլիսի 25-ին։ Իսկ դրանից ուղիղ մեկ տարի առաջ՝ հուլիսի 25-ին, նրա սիրտը կանգ առավ, ու շնչառությունը դադարեց ։ Բժիշկները դա կլինիկական մահ են անվանում:
Դա պատահեց Միջին Ասիայում, սաստիկ շոգ մի օր։ Բարեբախտաբար մոտակայքում բժիշկ կար։ Նա շնչեց Վոլոդիայի թոքերի մեջ, սիրտը մերսեց: Հետո՝ սրտամկանի սրսկում, և սիրտն սկսեց աշխատել:
Ի՞նչ արեց Վոլոդյան: Արդյո՞ք մի վեց ամսով գնաց հիվանդանոց, խաղաղվեց, դադարե՞ց ամբողջ ներդրումով հանդես գալ համերգներում և ընդմիջումներին քամել սվիտերը: Ոչ մի նման բան. Հաջորդ օրը նա թռավ Մոսկվա, իսկ մի օր հետո գնաց օդանավակայան՝ իր փրկարար բժշկին տեղափոխող ինքնաթիռը դիմավորելու։ Վատ եղանակի պատճառով ինքնաթիռը ոչ թե Դոմոդեդովոյում է իջել, այլ՝ Վնուկովոյում։ Նա շտապել է այնտեղ։
Բժիշկը պարզապես ցնցվեց, երբ օդանավի դուռը բացվեց, և ներս մտավ Վիսոցկին (Վոլոդյային սիրում էին և շատ բաներ թույլատրում)։
Ինչո՞ւ եմ հիշում այս ամենը: Նրա խառնվածքը ներկայացնող բնավորության այս հատիկներից կարելի է ամբողջացնել իրեն չխնայող, բոլորանվեր ընկերներին, արվեստին, իր երգերին, ժողովրդին տրվող բանաստեղծի կերպարը: Նա ապրեց, աշխատեց նրանց համար, և նրանք մեծ սիրով հատուցեցին նրան։
Եթե Վիսոցկուն հարցնեին, թե քանի ընկեր ունի, նա հաշիվը կխառներ: Բայց նա չէր էլ կարող ենթադրել, թե իր մահից հետո որքա՜ն նոր ընկերներ կհայտնաբերվեն, և դրանում զարմանալի ոչինչ չկա։ Շատ հեշտ էր մարդկանց հետ մտերմանում, ինչպես հիմա են ասում, շատ շփվող էր, զրուցակցի հանդեպ՝ բարեհամբույր ու բարեհաճ: Այնպես էր կարողանում խոսեցնել, անկեղծության մղել դիմացինին, այնպիսի՜ կենդանի հետաքրքրությամբ էր լսում, իսկ բաժանվելիս անկեղծորեն խնդրում՝ չմոռանալ, զանգահարել, այցելել անպայման, որ քիչ առաջ միայն նրա հետ ծանոթացած մարդը բաժանվում էր այն համոզումով, որ Վոլոդյան հատկապես հենց իրեն նկատել, առանձնացրել է բոլորից: Եվ նրան ընդմիշտ գրանցում էր իր ընկերների ցանկում։
Նրա լավագույն դերը Համլետն է։ Եթե Ժեգլովին Նա «խաղաց», ապա Համլետին «ապրեց»։ Ինձ համար Համլետը հենց Վիսոցկին է։ Նրա համար մշտապես գոյություն ուներ ծանոթ հարցը՝ լինե՞լ, թե՞ չլինել, ինչպե՞ս ապրել։

Երկրորդ կլինիկական մահից հետո խաղաղ, հանդարտ ապրել իր օրերը՝ ենթարկվելով սրտում լսվող թակոցներին, թե՞ մնալ այնպիսին, ինչպիսին իրեն նախանշված էր լինել: Բանաստեղծի հուզական, անհանգիստ կյանք պիտի վարել, թե՞ ուշացնել, հետաձգել անխուսափելին: Լինե՞լ, թե՞ չլինել...
Նա շուտ մահացավ։
Ասենք, նայած դրան ինչպես կնայենք... Նա այնպիսի տեմպերով, այնքան լի ապրեց իրեն հատկացված ժամանակը, այնպիսի տեսանելի հետք թողեց թատրոնում, այնքան վառ փայլատակեց էկրանին և, որ ամենակարևորն է, այնքան բանաստեղծություններ թողեց, որոնք հավերժ «կմնան շարքում»: Ոչ, նման կյանքը կարճ համարել չի կարելի:
Թարգմանությունը՝ Լևոն Բլբուլյանի
Դիտումներ: 191
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։