Բախտավորները

Սիրո նամակը «ես»-ով չի սկսվում: Այսինքն չես կարող նրան գրածդ նամակն սկսել նույնիսկ «ես քեզ սիրում եմ»-ով: Եթե սիրում ես, ի՞նչ «ես»... Կամ եթե սիրում ես, ի՞նչ նամակ, կամ սիրելու դեպքում, ի՞նչ եթե...

 

Ա

Լեռնագնաց է Ա-ն: Ամենաշատը սիրում է, երբ ոտքերի տակն ամուր է: Մոնբլանում այդպես էր, Կիլիմանջարոյում այդպես էր, Ֆուձիյամայում այդպես էր, Ակոնկագուայում այդպես էր... Հիմա Էվերեստի վրա է: Ինքը վստահ է, որ միշտ է Էվերեստի վրա եղել. ամեն դեպքում Մոնբլանում վստահ էր,... Ակոնկագուայում վստահ էր:

Երբ հարցնում են՝ ի՞նչ ես կորցրել լեռներում, լռում է: Երևի չգիտի, գուցե փնտրում է՝ հույսով, որ համատարած սպիտակի վրա ամեն բան երևում է, չիմանալով, որ հենց այդ սպիտակն է ամեն բան ծածկողը: Ա-ն քառասունութ տարեկան է: Ու Էվերեստի վրա է: Ու չգիտի: Ու փնտրում է: Ուրեմն կորցրել է: Ա-ն երկու դուստր ունի և կին՝ մեկը մյուսից վեր նայող աչքերով: Ա-ն բոլոր մայրցամաքներից նվերներ է տանում դստրերին ու նամակներ է գրում տուն: Վերջին անգամ երկու օր առաջ գրեց. «Ես հասա Էվերեստ»: Այդքանը: Երեքի լուսանկարն էլ Ա-ի ծոցագրպանում է: Ինքը նրանց հետ չէ:

Երրորդ գիշերն է Էվերեստի վրա: Դեռ խարույկ վառվում է: Բոցերը հեռանում են՝ տուն-կրակից: Առաջ չէ. վե՛ր: Լեռնագնացները կրակին են նայում: Ա-ն հորինում է անհետացած բոցերի աշխարհը: Խավարի մեջ Էվերեստի գագաթն է՝ չնայած ձյունածածկ, բայց սև: Ոչ ոք չի խոսում. բոլորն այստեղ են, որովհետև հոգնել են, երբ խոսում են: Մահու չափ: Այստեղ բոլորն ուզում են բարձրանալ՝ հաց առնելուց, հարսանիք-հուղարկավորություններին պարտադիր մասնակցելուց, պատերազմ գնալուց կամ նախագահ ընտրելուց, արնածոր արկերի կամ արհեստական բանականության գրած հեքիաթների պատճառով մանկության համաշխարհային դեֆիցիտից, փողոցում բողոքի ակցիա անելուց կամ տանը նստած՝ սիրտ պայթեցնելուց, քնելու համար դեղ խմելուց, ինչ-որ բան անպայման անելուց, տափակությունից, երկարությունից, ծանոթ հորիզոններից ու դեպք-դեմքերից: Եթե հնարավոր լիներ միայնակ բարձրանալ Էվերեստը, ապա նաև` իրարից: Հազարավոր կիլոմետրեր բարձրացած ու դեռ բարձրացող այս մարդիկ հոգնած են ու բոլորն այստեղ սիրում են կյանքը: Մահու չափ:

 

«Բախտավորները»

Բուենոս-Այրեսի Ավենիդա դե Մայո փողոցում է «Լոնդոն սիթի» հանրահայտ սրճարանը: Ավելի ճիշտ՝ Ավենիտա դե Մայո և Պերու փողոցների հենց խաչմերուկում: Պատուհանի կողքի սեղաններից մեկը միշտ զբաղված է: Նստած է արձանացած Խուլիո Կորտասարը՝ քարե սիգարով ու մի բաժակ սուրճով: Հենց այդ սրճարանում ու հենց այդ սեղանի մոտ է նա այս բառերով սկսել իր «Բախտավորները» վեպը. «Ամենը տեղի ունեցավ «Լոնդոնում»՝ Պերու և Ավենիդա դե Մայո խաչմերուկի վրա: Ժամը վեց անց էր տասը րոպե»:

Կապ չունի՝ ժամը քանիսն է. «Լոնդոն սիթին» մշտապես լեփ-լեցուն է մարդկանցով: Կա վարկած, որ ցերեկը տղամարդիկ ու կանայք ընտրում են նրանց, որոնց հետ գիշերը խմելու են ու տանգո են պարելու և գիշերը հիասթափվում են նրանցից, որոնց հետ խմեցին ու տանգո պարեցին: Գիշերը չէ, լուսադեմին՝ նայած խմիչքի: Ամեն օր:

Գիտե՞ն արդյոք «Լոնդոն սիթիում» հենց հիմա Էվերեստը բարձրացող կրակե աչքերով մարդկանց մասին: Հազիվ թե. ամեն դեպքում, եթե ուշ գիշերին լինես այդ սրճարանում ու հարցնես որևէ տղամարդու կամ կնոջ, թե ի՞նչ է անում, անպայման կասի. «Էվերեստն եմ բարձրանում» կամ. «Սուզվում եմ ծովի մեջ»:

Իսկ գիտե՞ն արդյոք «բախտավորները» Ի-ի մասին:

 

Ի

Ջրասուզակ է Ի-ն: Ամենաշատը սիրում է, երբ ոտքերը չի զգում գետնի վրա: Սան Մարտինում այդպես էր, Կասպիցում այդպես էր, Տանգանիկայում այդպես էր... Հիմա Բայկալում է: Քաղցր ջուր: Ինքը վստահ է, որ ջուրը միշտ է քաղցր: Ամեն դեպքում Սան Մարտինում վստահ էր,... Տանգանիկայում վստահ էր:

Երբ հարցնում են՝ ի՞նչ ես կորցրել ջրի տակ, լռում է: Երևի չգիտի, գուցե փնտրում է՝ հույսով, որ ջրի տակ ամեն բան երևում է, չիմանալով, որ հենց ջրի տակ են ամենաշատը հանդիպում ամեն ինչ տեսնել ուզած, խորտակված նավերը: Ի-ն քսանութ տարեկան է: Արդեն Բայկալում: Դեռ չգիտի: Դեռ փնտրում է: Ուրեմն չի էլ ունեցել: Ի-ն բոլոր ծովերից մարգարիտ է տանում տուն: Ինքը սիրում է ասել ոչ թե տուն, այլ. «Տնից՝ ցամաք»: Ի-ն ինքը մարգարիտ է՝ ծովի տակ՝ միայն մաքուր, ցամաքում՝ հաճախ կեղծվող:

Երրորդ րոպեն է Բայկալի մեջ: Այնտեղ խարույկը միայն ներսում է վառվում: Բոցերը ոչ մի տեղ չեն հեռանում, միայն պայթեցնելու չափ լցվում են աչքերը: Ի-ի աչքերն անհետացած բոցերի աշխարհն են: Լույսի մեջ երկինքն է՝ չնայած կապույտ, բայց՝ սպիտակ: Ի-ն գիտի, թե ինչով են տարբերվում երկնքի տակն ու ծովի տակը: Երկնքի տակ բոլորը հաց են առնում, հարսանիք-հուղարկավորություններ են լինում, պատերազմ են գնում ու նախագահ են ընտրում, արնածոր արկեր ու արհեստական բանականություն են նետում՝ մանկության վրա, փողոցներում բողոքի ակցիաներ են անում ու սրտեր պայթեցնում՝ տանը նստած, քնելու համար դեղ են խմում, անպայման ինչ-որ բան են անում, որ տափակությունն ավելի տափակի, որ երկարությունն ավելի երկարի: Ի-ն այս ամենը գիտի և դրա համար է ծո՛վի տակ: Այնտեղ ոչ մի ձուկ հոգնած չէ, դեպքերը չեն կրկնվում ու դեմքեր չկան, այնտեղ բոլոր ձկները լուռ սիրում են կյանքը: Մահու չափ:

 

Բախտավորները

Մոխիտոյի դեղնականաչ հոտի մեջ թաղված «Լոնդոն-սիթի»-ում կանանց ու տղամարդկանց ընտրության ժամերն են: Կան տղամարդիկ, որ մեսիջ են ուղարկում տուն. «Ես ուշ եմ գալու», «Ես գիշերը չեմ գալու», «Ես...»: Կան տղամարդիկ, որ չեն էլ գրում: Կան կանայք, որ հեռախոսները նետել են մոխիտոյի բաժակի մեջ, որ հետո հայտնեն գողության մասին, նույնիսկ լացեն դրա համար: Կան կանայք, որ առանց հեռախոսների են եկել՝ լացած աչքերով: Կանայք ու տղամարդիկ խմում են: Դեղ չէ, որ քնեն: Շատ, որ սիրեն կյանքը: Մահու չափ:

Չնայած ժամը վեց անց է տասը րոպե, բայց ինչ լավ է, որ Ա-ն ու Ի-ն Պերու և Ավենիդա դե Մայո խաչմերուկի վրա չեն: Նույնիսկ իրար չեն ճանաչում, որ նամակ գրեն՝ անհնարին բարձրության ու խորության մասին: «Ես բարձրացա Էվերեստը»,-կասեր Ա-ն: «Ես իջա Բայկալի հատակը»,-կասեր Ի-ն:

Ինչ լավ է, որ Բայկալից մինչև Էվերեստ սեր կա: Չանհետացո՛ղ:

 

Հովիկ Աֆյան