Անդրանիկ

Անդրանիկ․ մանկուց շատ վեհ տոնայնության մեջ էր լսվում, արտասանվում ու ապրվում այս անունը մեր տանը։ Առնվազն մեկական «Անդրանիկ» կա, երևի, իրեն հարգող ամեն սասունցու տանը, որը հիշում է իր՝ ինչ տեսակ խմորից հունցված լինելը։ Չէ՞ որ Անդրանիկն էր նրանց առաջնորդել, հասցրել դեպի դժվարին, բայց նոր կյանքի այս մի դուռը և թիկունք եղել աշխարհում ոչ մեկին չհետաքրքրող միակ մարդուն՝ գաղթականին։
Սասունցիները երկար-բարակ եկան, Զանգեզուրով պտտվեցին ու, ի վերջո, թառեցին Արագածի փեշերին՝ Անդրանիկ Օզանյանի առաջնորդությամբ։
Եվ երբեք չմոռացան նրան՝ Անդրանիկին։
Անդրանիկ է նաև մեծ եղբորս անունը, որին հայրս այդպես էր կոչել շատ հպարտորեն և նույնիսկ ոչ թե զուտ առաջնեկ լինելու, այլ հենց Անդրանիկ փաշայի պատվին։ Ո՛նց էի խեթ նայում եղբորս, եթե ուկրաինացի ընկերներին համարձակվեր իրեն «Անդրեյ» ներկայացնել։ Այսի՞նքն, ո՞նց թե, չե՞ս ամաչում․․․ Լավ չէ՞ր գետինը բացեիր, մեջը թաքնվեիր, Անդո՛․․․
Օզանյանի պատվին նաև մեր ապակյա պահարանները լցված էին «Անդրանիկ» անունը կրող, բայց շատ անճաշակ դիզայնով կոնյակների շշերով, ինչպես նաև մեկ շատ հին գիրք կար տան խորքերում թաքնված, որի վրա նույնպես գրված էր «Անդրանիկ» և որը ես, կանխազգալով Արցախի «վերջը», հետս չէի տարել Ստեփանակերտ մյուս գրքերի հետ, որոնց ճակատագրի մասին դուք արդեն գիտեք։
Ինչևէ։ Այո, մենք Անդրանիկ փաշայի շատ մեծ ու շատ կարևոր լինելու մասին սովորեցինք հորիցս, ինչպես Հայաստանի հետ կապված գրեթե ամեն բան այս կյանքում։ Այդ անվան մեծությունն ամփոփված էր հենց հորս դեմքի արտահայտության ու ձայնի տոնի մեջ, երբ Օզանյանի մասին խոսելիս ասում էր «փաշան»։ Ի վերջո, այն ինչ մենք՝ նրա երեխաները, կարողացանք նրա համար անել վերջում, դա Անդրանիկի ու հորս սիրելի Մշո Առաքելոց վանքից մի քար բերելն ու նրա գերեզմանում նրա հետ միասին ամփոփելն էր։ Շատ սենտիմենտալ ու պաթետիկ մի բան, որը, սակայն, հայրս կսիրեր, կգնահատեր, մանավանդ, որ այդպես էլ չտեսավ Մուշը, իսկ մենք՝ որպես հայր կորցրած ամեն որբուկներ, ովքեր տևական ժամանակ չեն կարող դեռ ձերբազատվել իրենց սենտիմենտալությունից, պարզապես մի փոքր ավելի լավ զգացինք մեզ։
Անդրանիկ զորավարի մասին էի միշտ հիշում նաև կյանքիս այլ, ավելի հասուն փուլում, երբ Արևմտյան Հայաստանում կամ Արևելյան Թուրքիայում (ինչպես ուզում եք՝ կոչեք, ձեր գործն է, ավելին՝ ոչինչ չփոխող գործը) հաճախ էի լինում։ Այդտեղ Խորասան գյուղաքաղաքով ամեն անցնելիս Մարշալ Բաղրամյանի հուշն էր մտքումս, թե ինչպես է ապտակ ստացել Օզանյանից հենց այստեղ, և թե ի՛նչ մեծ պատիվ էր ապտակ ուտել անձամբ Անդրանիկից։
1968-ին Բաղրամյանն արդեն Երևանում այսպես պետք է հիշեր այդ օրը․
«…1918թ. մարտին Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ մեր ջոկատը կանգ առավ կարճատև հանգստի։ Էրզրումից նահանջում էր Զորավար Անդրանիկը ավելի քան 15000 գաղթականներով։ Առավոտ շուտ ինձ դուրս կանչեցին։ …Զորավարը խոժոռ հայացքով նայեց ինձ ու ապտակեց.
-Կոռնետ Վանո՛, քո այդ երեսուն զինվորները իմ հույսն են… բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում… Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով… Գնա կարգի բեր քո էսկադրոնը…
Ցավալի էր, 1918թ. գարնանը ամենուրեք կարելի էր լսել «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է մենք ինչքան կռվեցինք»։
Զորավարի ապտակը ինձ մարշալ դարձրեց։ Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ… Չէ՞ որ 1941-ին աքսորի մեջ գտնվող մեծ թվով խորհրդային գեներալներ վերադարձան պայքարելու ֆաշիզմի դեմ, ինչպես օրինակ, մարշալ Կոնևը…»։
Մի օր էլ մենք Խորասանում կանգնեցինք, մզած նուռ խմեցինք, վաճառող թխահեր տղան էլ թե բա՝ «Դուք հյուր չեք, հայերն այստեղի տերն են»։
Չգիտեմ՝ Անդրանիկն ում կապտակեր այդ պահին, բայց մենք ուզեցինք ասել՝ «Սրտներովս գնա, եղբայր», բայց չասեցինք, ժպտացինք ու, նռան հյութ խմելով, Մուշ քշեցինք։
***
Արևաշատ Երզնկայից հյուսիս, եղևնոտ Համշենից հարավ է ընկած Շապին Գարահիսարը՝ Սեբաստիայի և վար տարածվող ամեն գունեղության հետ միասին կազմելով Փոքր Հայքը։
Արի ու տես մեր գյուղը՝ Սասունի Գելիեգուզանն, այդքան սիրող Անդրանիկը այստեղից շատ հեռու, շատ-շատ հեռու էր ծնվել, սնվել ու մեծացել։
Ռուբենը գրում էր, թե Անդրանիկն ու Հրայր Դժոխքը շատ բուռն էին վիճում՝ Սասունի 1904-ի շրջափակման ժամանակ խիստ անհավասար ուժերով «մինչև վերջ» կռվե՞լն էր ճիշտ, թե մնացած կյանքներն ու Մշո դաշտը փրկելու գնով՝ միառժամանակ լեռներից իջնելը։ Անդրանիկը երկրորդն է զգացել ու ցանկացել։
Ասողին լսող էր պետք։
Եվ ո՛վ կմտածեր, որ իմ մանկության հերոսը՝ Անդրանիկը, փաստորեն, մտածում էր ճիշտ այնպես, ինչպես ես՝ Արցախի շրջափակման ժամանակ։ Անկախ ինձանից էի այդպես մտածում ես։ Որովհետև դա էի արդար տեսնում։ Թե չէ ո՛չ Անդրանիկի գիրքը, ո՛չ Ռուբենի հուշերը իմ կողքին չէին շրջափակման մեջ։ Վերջինը նույնպես Երևանի տանն էի թողել՝ նույն կանխազգացմամբ, որի մասին արդեն գիտեք։
Գուցե սրա՞ համար են սասունցիներն այդքան պաշտում Փաշային․ կյանքը գերագույն արժեք ճանաչած լինելո՞ւ։ Չգիտեմ։ Բայց գիտեմ, որ ուրախ եմ, որ Անդրանիկի գիրքը դեռ ինձ հետ է և ուրախ եմ, որ Արցախում նույնպես նախընտրեցին կյանքը, ինչպես կնախընտրեինք մենք՝ սասունցիներս, և ինչպես կնախընտրեր նա՝ Անդրանիկը։
Ասողին լսող էր պետք։
***
Իսկ մեր լեռներում Փաշային դեռ հիշում են։ Նույնիսկ նրանք, ովքեր Զանգեզուրով չեկան, չթառեցին Արագածի փեշին ու չկանգնեցրին հետագայում Անդրանիկի կիսանդրին։
«Ի՞նչ է եղբորդ անունը», -հետաքրքրվեց Փառկացի պապիկը Սասունի լեռներում ուղիղ 10 տարի առաջ։
Դեղնած ճակատով, փոքրամարմին, ճարպիկ ու փայլող աչքերով պապը քրտինքը սրբեց ու սառը թան ուզեց տղաներից, հետո հետաքրքրասեր ու միշտ առույգ աչքերը նորից նետեց դեպի ինձ․
-Քանի՞ երեխա եք, գոնե հինգը, վեցը կա՞ք․․․ Էս հայերն ինչո՞ւ են այդքան սխալ մտածում, այդքան եսակենտրոն ապրում, բա մարդ երեխա չունենա՞, բա ամեն մեկը մի տասը չունենա՝ բոլորի հերն անիծեն։ Էէէէ, պարապ խոսելուց են լավ։ Ինձ նայիր՝ ամեն տարի մեկը ծնել ենք, արանքում, լավ չեմ հիշում, մոտ հինգը մահացել են։ Հիմա տես՝ ընտանիքս, թոռներս, ծոռներս, բաղ ու բախչան, ո՞վ կհամարձակվի ասի՝ հայ ես, թուրք ես, քուրդ ես․․․Երեխան լավ բան է, զավակս, երեխայից լավ բա՞ն․․․ Վեերջը քանի՞ եղբայր ունես․․․
-Երեք․․․
-Անուններն ի՞նչ է։
-Անդրանիկ․․․
-Անդրանիկ՞․․․ Անդրանի՞կ․․․
-Այո․․․
-Դու գոնե գիտե՞ս Անդրանիկն ո՛վ է․․․ ,- պապի հայացքը կարծես հրավառություն էր ժայթքում ու ալեկոծվում հուզմունքից, անսպասելի ուրախությունից ու անբեկանելի մնացած, բայց խորը թաղված հիշողությունից։
-Ո՞վ է, -չեմ համբերում լսել այս անտեր լեռներում զուգահեռ իրականության մեջ ապրող կրոնափոխ հայ պապի պատասխանը։
-Անդրանիկը հայերի «բաշին» էր․․․ Իմացա՞ր։
Չեն մոռացել մեր լեռներում Փաշային։ Նույնիսկ նրանք, ովքեր Զանգեզուրով չեկան, չթառեցին Արագածի փեշին ու չկանգնեցրին հետագայում Անդրանիկի կիսանդրին։
Գուցե կյանքը կրոններից ու դրոշներից զատ գերագույն արժեք ճանաչած լինելո՞ւ համար։
Ախր, ասողին լսող է պետք։
Սոֆյա Հակոբյան