ԱփSOS

Նավաբեկությունից հետո փշոտ ցամաքը դրախտ էր թվում: Գուցե իսկապես դրախտը հենց դա էր, ամեն դեպքում բոլոր փրկվածները ճանաչում էին իրար, ոչ մի օտար մարդ չկար ու վերջապես կարողանում էին բացել աչքերն ու խոր շունչ քաշել, ինչն աշխարհաստեղծման առաջին օրվա մեծագույն սխալի պատճառով՝ անհնարին է ծովում:

Դեռ նավում, որտեղ բարձրացել էին ճիշտ երեսուն օր առաջ, հասցրել էին մտերմանալ մարդիկ: Նույնիսկ ընտանիքներ կային ու փառք Աստծո՝ ոչ մի երեխայի ծովը չէր գրկել: Ճիշտ է՝ զոհերն ու մանավանդ անհետ կորածներն ավելի շատ էին, քան փրկվածները, բայց այդ ո՞ր ցամաքում այդպես չէ, նույնիսկ երբ այդ ցամաքը զրկված է ծովին դիպչելու հավերժական երազի իրագործումից: Մանավա՛նդ այդ դեպքում:

Կլինեին, երևի, մի հիսուն հոգի: Առավոտյան արևի կենարար արթնացումից առաջինը տարեց մի մարդ աչքերը բացեց ու ձայն հանեց.

-Փրկվեցի՜նք:

-Հա՞ որ,-արձագանքեց երիտասարդ տղան, որը, սակայն, անձամբ օգնել էր առնվազն տասը հոգու՝ ցամաք հասնելու ճանապարհին: Աստվածայի՜ն մարդասիրություն:

Տղան աչքերով աղջկան փնտրեց ու գտավ: Դեռ չէր բացել աչքերը: Հենց այդ աչքերը նորից տեսնելու համար էր տղան որոշել անպայման ցամաք հասնել՝ չնայած համոզված էր, որ ծովի խորքում մի՛շտ է տեսնելու՝ աշխարհի պատմության մոխիրների վրա կանգնած:

Նավում միայն մեկ անգամ կարողացան խոսել, եթե իհարկե, չհաշվենք աստղազարդ գիշերներին բռնկվող տղայական անքնությունը: Հենց այդ անքնությունը հաղթահարելու նպատակով, բայցև առաջին անգամ երակներով հոսող անզորություն զգալով, կամ գուցե Լուսնի տեսքից ազդված՝ տղան մոտեցել էր հեռուներին նայող աղջկան: Զրույցն այդ ամենևին էլ երկար չէր: Տղան ընդամենն ասել էր.

-Երկու օրից ցամաք կհասնենք:

Ու աղջիկը պատասխանել էր.

-Ափսոս:

Եւ հեռացել էր:

Անհետացավ աղջիկը: Երկու օր տղան չէր կարողանում գտնել նրան: Նավի վրա էլ տեղ չկար, որ փնտրեր: Նույնիսկ աստղերի մեջ մի գիշեր փնտրեց, որոնք երբ ծովի վրա են, դժվար է ասել, թե որտե՞ղ է երկինքը. այդքան գաղտնապահ են: Մանավանդ համբույրի հարցում: Առաջի՛ն: Տղան այդ գիշեր փակեց աչքերը. աղջիկը գտնվել էր, ինչպես ինքն ասաց՝ չէր էլ կորել, որովհետև ինքը չի կորչում:

Հիմա չի բացում աչքերը: Հիմա տղան ուժերն է հավաքում, որ մոտենա, ձեռք տա, հասկանա՝ ինչո՞ւ չի բացում: Հիմա նավաբեկությունից փրկվածներն ամուր գրկել են իրար ու ծովից առանձնացած սպիտակ երկնքին են նայում, շատերն առաջին անգամ: Հետո պետք է մեծ իրարանցում սկսվի. բոլորը պետք է այս ու այն կողմ նետվեն՝ փշոտ ցամաքից դուրս պրծնելու ճանապարհը գտնելու համար: Շուտով փրկվածները փրկություն պետք է փնտրեն և կրկին ոչ թե երկնքին, այլ ծովի հեռուները նայելով, այնտեղ նավ տեսնելու հույսով: Շուտով չէ. արդե՛ն:

Երիտասարդ ամուսիններն առաջինը նկատեցին հեռվում երևացող նավը: Ավելի ճիշտ՝ տղամարդը տեսավ, երևի որովհետև շտապում էր ոտք դնել մայրցամաքի վրա, քանի որ հասկացել էր՝ ինչպես է պետք փրկել կործանվող աշխարհը: Հենց սկսված մեծ իրարանցման ժամանակ, երբ բոլորը մոտեցել էին ափին, ոտքերով մտել ծովը, որից քիչ առաջ փրկվել էին, ու ձեռքերով կանչում էին երևացող նավին, ձեռքերով ու ամբողջ ձայնով, տղան գոռաց: Բոլորը ոտքերով տրորում են աչքերը չբացող աղջկան:

-Ի՞նչ եք անում,-գոռում էր տղան,-Չեք տեսնո՞ւմ:

Բոլորը միայն նավն էին տեսնում: Դրախտը: Եթե դրախտը, ուրեմն նաև դժոխքը: Երկուսն էլ կան: Երկուսն էլ չկան: Աղջիկը չկա: Տղան հասել է նրան, այնտեղ, որտեղ աչքերը փակ պառկած էր, ինքը հաստատ տեսնում էր, որ պառկած էր, բայց աղջիկը չկա: Տղան գոռում է: Տղան բոլորի մեջ միակն է, որ մեջքով դեպի ծովն է գոռում: Նրա անունից: Աղջիկը կորել է: Աղջիկը երբեք չի կորչում: Տղան ընկնում է գետնին: Ահա՛ նրա պառկած տեղը: Փշեր: Մարդիկ: Բոլորը:

Նավը մոտենում է: Նավը երկնքի պես սպիտակ է: Մարդկային դրախտը երևի նավում է. ամեն դեպքում երկնքում չէ, որովհետև չի կարող լինել դրախտ, որը չունի աստղազարդ երկինք: Երեխաները նավում են, տարեցները նավում են, կանայք նավում են, տղամարդիկ նավում են: Մարդը չի ասում. «Փրկվեցի՜նք». նա այնքա՜ն տարիներ է տեսել ու այնքա՜ն մարդկանց՝ ցամաքի վրա: Նավապետն ասում է, որ մայրցամաքը մոտ է ու բոլորը վերջապես խորը շունչ են քաշում՝ չնայած շատերը դողում են նավի վրա ոտք դնելով. երեկվա նավաբեկությունը խորն անցյալ չէ:

Բայց Լուսինը ծովի միակ լապտերն է: Հենց նա էր արդեն փրկության նավում ասում՝ «Թող լույս լինի», երբ երիտասարդ ամուսինը մոտեցավ հեռուներին նայող իր կնոջն ու կինն ասաց.

-Իսկ այն տղան, որ գիշերները չէր քնում, նավ չբարձրացա՞վ:

Ինչ էլ մարդ հիշեցիր,-տղամարդը գրկեց կնոջը,-Միայն լսեցի, որ ափին կանգնած գոռում էր:

-Ի՞նչ էր գոռում,-կինը մի տեսակ անջատվեց ամուսնուց:

-Հեռացե՛ք բոլորդ, ես չեմ գալիս, ես մնում եմ, նա այստեղ է... Լսիր, վստահ եմ, որ գիժ էր: Մի անգամ տեսա...

-Ի՞նչ տեսար,-կինը դուրս եկավ ամուսնու ձեռքերից ու դեմքով թեքվեց դեպի նա:

-Տեսա, թե ինչպես է համբուրվում:

-Տեսա՜...ր,-կինը լայն բացեց աչքերը:

-Հա: Կյանքումս առաջին անգամ տեսա, թե ինչպես է մարդը համբուրում օդին:

Կինն ամուր գրկեց ամուսնուն և տղամարդն ասաց.

-Նավապետը հայտնեց, որ մայրցամաքը շատ մոտ է: Երկու օրից կհասնենք:

 

Հովիկ Աֆյան