Ափն ու սերը, որ Ոստանիկինն էր

«...Սիրելիներս, գրեցեք լեռների ու դաշտավայրերի մասին: Երգեցեք Վանը: Երգեցեք ծիրանիները, հացահատիկի դաշտերն ու գութանները: Երգ երգեցեք»:
Արշիլ Գորկի
․․․Ամեն մեկս ունենք մեր բաժին սերերն այս կյանքում։ Եվ որքան վեհ պիտի լիներ մարդկանց ճակատագիրը, որոնց սերը Վանն էր կամ դրա հետ կապված որևէ բան։ Երևի հենց դրա համար է Արտոսի այս հայացքը, Վանի հարավային ափի հենց այս հատվածն այդքան զգացական ու խորքային լուռ ինձ համար, որովհետև Արշիլ Գորկու լուռ, աշխարհից նեղացած, հավերժ մանկական հայացքն ամենայն հավանականությամբ մեկընդմիշտ ամփոփվել է այս ծառերի արմատների, Արտոսի այս ձների, Վանի այս ալիքների մեջ։ Սեր, որը նրանն էր, կյանքից նրա բաժինն էր, նրա «փայը», ինչպես կասեին մեր հայրենիքում, բայց և որն անողոքաբար կիսատ ձգեցին։ Ու ամեն անգամ, երբ պիտի գամ Վանի Խորգոմ՝ Արշիլ Գորկու ծննդավայր, ամեն անգամ անպայման պիտի զգամ այդ տխուր ու աշխարհը չներած այդ հայացքը, որը կարծես բեկում է Ոստանիկի ընդհատված մանկությունն ու այս ալիքները, և ասում՝ «Ո՞ւր է իմ բաժին սերը, մարդի՛կ»։
***
Գիտեմ, հիմա կասեք՝ այս աղջիկը էլի Վանից, Սասունից, Մուշից ու էլի չգիտեմ որ հեռուներից է խոսում։ Թերթե՛ք, անցեք, եթե դուք ավելի լավ բաների մասին եք, մարդի՛կ։ Ամեն մարդ իր կյանքի տեսած ամենագեղեցիկ բաների շուրջ է հյուսում ասելիքն ու չասելիքը։ Եվ հետո՝ հավաքարարն իր գործն է անում, գիտնականն իր, ես՝ իմ։ Ու դե ես չեմ՝ դուք եք, դե ասեք՝ ես մեղք ունե՞մ, որ Վանն այդ ճանապարհի ամենաճչան պատմություններից մեկն է։ Ռետինով մաքրե՞մ, թե՞ համակարգչից երգ ջնջելու պես «դիլիթ» տամ։ Թե՞ այսքան միամտության կողքին հետն էլ վստահ եք, որ ձեր սպին եթե չտեսնելու տաք, ուրիշներն էլ չեն տեսնի։ Ա՛յ միամիտ, ա՛յ հանգստության կարոտ ժողովուրդ․․․
Իսկ միգուցե դո՞ւք եք խիստ մարդկային, հասարակ բաների մեջ սկսել շատ խուճուճ, շատ վտանգավոր բաներ փնտրել, և եթե այո՝ էլի ես մեղավոր չեմ։ Սիրելի Խուստուփը վկա, մեղավոր չեմ։
Ինչևէ։
Ինձ միշտ թվացել է, որ Վանից լինելը բարդ բան է։ Թեև ինքս վանեցի իմ տոհմում չունեմ։ Բայց Վանի հետ ծանոթանալուց հետո սիրտս ճմլվել է, երբ ամեն անգամ մտածել եմ՝ այ էստեղից գնաս, ասենք, Արարատյան դաշտում ապրես ու չգժվես, ի՞նչ տեսակ զգացում, ի՞նչ տեսակ ուժ է։ Եվ այդ օրվանից ի վեր գաղթականության, զրոյացման, նորից սկսելու ու նորից հավատալու ուժի չափը հենց Վանից եկող սանդղակով եմ չափել, այսինքն՝ անչափելիով։ Հետո, ինչքան էլ որ տարօրինակ համարեք, սկսել եմ սիրել Արարտյան դաշտը։ Սկսել եմ ընդունել, որ դրա ծիրանն իսկապես ամենահամեղն է։ Որ այդտեղի տների գլխին թառած արագիլներն իսկապես ամենահուսաշողն են մեր կյանքում։ Որ այդտեղի արևն ամենապայծառն է, իսկ մեր «ա»-երով արարատյան բարբառն ամենաանմիջականն ու սիրառատը։ Սկսել եմ սիրել Արարատյան դաշտը, որը տանել չէի կարողանում առնվազն երկու տասնամյակ։ Սկսել եմ սիրել, այնպես ինչպես վանեցին կսիրեր։ Ու կապրեր։ Որովհետև եթե Վանից հետո կյանք կա՝ ուրեմն այդ տեղը սիրելու առնվազն հազար պատճառ կա։
***
«Բարի գալուստ սուրբ հողեր, Սոֆիա ջա՛ն», -Վանի համալսարանի քուրդ դասախոս, միշտ զվարթ Ադիլն օդանավակայանի մուտքի մոտ ուղղակի դուրս է թռչում մեքենայից ու նետվում ինձ հանդիսավոր դիմավորելու։
«Սուրբ հողեր»․ այդպես են Թուրքիայում ասում ծննդավայրին կամ ծնողի ծննդավայրին։ Կարճ ասած՝ տարածքին, ուր դու գուցե էլ չկաս, բայց դեռ պատկանում ես նրան, նա էլ՝ քեզ։
Մինչև թուրք-իրանական սահման քշում ենք Ադիլի ու կնոջ հետ, դժվարամատչելի, բավականին բարդ, տխուր ճանապարհներով։ Ես Վան գալիս սովորաբար չեմ գնում Շատախ, որովհետև մարդիկ այնտեղ էլ չկան, բայց Աղբակի Սուրբ Բարդուղիմեոս, թեկուզ՝ դատարկ, չգնալ չես կարող, եթե նման ճոխության հնարավորոթյուն կա։ Սուրբ Թադեոսն ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ՝ Իրանի սահմաններում է, ավելի բարվոք ու ավելի շատ այցելվող։ Տեսնես ի՞նչ են խոսում Սուրբ Բարդուղիմեոսի հետ, ինչի՞ մասին են համբերում ու ի՞նչ են ուզում տեսնել այստեղ, «սուրբ հողերում»։
Քանի դեռ երեկոյան Ադիլենց տանը Վանի հին Այգեստանի՝ այլևս գոյություն չունեցող տների նկարներն ենք ուսումնասիրում, ոչ ոք չգիտի, որ ինձ ամենից ու ամենքից զատ մի հանդիպում է հուզում, տվայտում ու սիրտս ծոփ-ծոփ տատանում։
Վաղը։ Վաղն անպայման պետք է խնդրեմ, որ Խորգոմ գնանք։ Արշիլ Գորկու կամ Ոստանիկի Խորգոմը։ Տեսնես՝ ինչպիսի՞նն է։ Տեսնես ի՞նչ են խոսում Արտոսն ու Վանն իրար հետ այդտեղ, հենց այդ ափին ինչի՞ մասին են համբերում ու ի՞նչ են ուզում տեսնել այստեղ, «սուրբ հողերում»։
Տեսնես՝ ի՞նչ զգացողություն է, ի՞նչքան գեղեցիկ է ու ինչքա՞ն ցավոտ, որ այդ գույներից այդքան նուրբ ու խոսուն, հստակ ու անողոք գլուխգործոցներ են ծնվել։ Անողոք գլուխգործոցներ։ Այդքան նուրբ վրձին։ Ու այդքան նեղացած հայացք։ Այդ հայացքը, որը կարծես բեկում է Ոստանիկի ընդհատված մանկությունն ու այս ալիքները, և ասում՝ «Ո՞ւր է իմ բաժին սերը, մարդի՛կ»։
***
«Նա (Գորկին) նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով: Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»:
Ուիլյամ դե Կունինգ, ամերիկացի նկարիչ
Ադիլը շատ էր ջանք գործադրում, որ ես իմ ուզած ամեն անկյուն տեսնեմ, արդարանում՝ եթե որևէ ճանապարհ դեռ ձնհալի պատճառով փակ էր կամ դժվարանցանելի։ Երկար, ցրտաշունչ արահետով հասանք Սրխու Սուրբ Նշան, ձյան տակից հազիվ էր նշմարվում, բայց որքան հանդարտ, զուսպ ու կարևոր էր կքած։ Ներքևում Արևելյան Տավրոսը նկարում էր իր հերթական անկրկնելի կտավը, իսկ Գորկին արդեն տասնամյակներ էր, որ մեզ հետ չէր։
«Սուրբ Թովմասն այ այն բարձունքում է, տեսնում ես՝ ձյուն է, ամեն դեպքում, թե կուզես՝ փորձենք, բան չեմ ասում», -էլի արդարանում է Ադիլը։
Չեմ ուզում։ Որովհետև ես գիտեմ, որ ամենահզոր Սուրբ Թովմասը հունիսյանն է, ինչպես և սիրելի, սիրելի, սիրելի Գոմսը։ Վանի հարավային, ամենավայրի, բայց ամենաայցելվող ափը մնում է սպասելով Աղթամար լցվող զբոսաշրջիկներին, մոմ վաճառել փորձող անգաղափար ոստիկաններին, գուցե՝ այդ ամբոխի մեջ մի քիչ մեզ ու մի քիչ աղոթք, իսկ ես՝ երազում եմ, որ այս սառցե պահը ձգվի ու այդ ամառը, հերթական աղմկոտ ու իրոք անհարկի աղթամարյան ամառը դեռ չգա։
Ադիլն ու կինը թատրոնից, ընկերների հարսանիքից ու սպասվող քննություններից են խոսում, իսկ ես սկզբում վրդովվում, բայց հետո անկեղծորեն նախանձում եմ նրանց։
«Ինձ Խորգոմն է պետք, Ադիլ աբի (եղբայր)», -վերջապես բարձրաձայնում եմ ես։
«Խնդիր չկա, ճանապարհին է, խնդիր չկա»․․․
Տեսնես՝ ինչպիսի՞նն է։ Տեսնես ի՞նչ են խոսում Արտոսն ու Վանն իրար հետ այդտեղ, հենց այդ ափին ինչի՞ մասին են համբերում ու ի՞նչ են ուզում տեսնել այստեղ, «սուրբ հողերում»։
Խորգոմի անունը ավելի խոր լինել չէր կարող։ Այնքան խոր, որքան Գորկու հայացքը, կարոտն ու խռովքն այս աշխարհից։ Այս աշխարհից, որը թույլ տվեց, որ նա առանց Վան, առանց Արտոս, առանց Խորգոմ ապրի․․․
Սոֆյա Հակոբյան