Արևը, որ մայր էր

Բարձր Հայքի ամենաարևաշունչ անկյունն է, երևի, Եկեղյաց գավառն իր գանձերով։ Երևի չէ, այդպես է։ Արևաշունչ՝ չի նշանակում ուղղակի արևոտ, շոգ կամ պարզապես գեղեցիկ։ Արևաշունչ նշանակում է, որ այստեղ հողը, ջուրը, մարդիկ ու ամեն ծիլ ու ծաղիկ շնչում են, ճառագայթում են արևը և, կկոցելով աչքերը, շարունակում արևը ծոցում պահել ու փոխանցել դարեդար։ Հենց ծոցում, հենց գրկած, հենց փայփայած․․․ Արևը։

Ժամանակին Անահտական լեռներ, Անահտական գավառ են ասել այս լուսավոր կողմերին՝ Անահիտ դիցուհուն նվիրված պաշտամունքի վայրերի առատության համար։

Այստեղից, ես կասեի, մայրության հոտ է գալիս, մայրական ջերմություն է ճառագում, և ես, իհարկե, ուշ եմ գլխի ընկել այդ մասին։ Որովհետև նախկինում Երզնկան, Թիլը, Դերջանը, նրանից մի սար այն կողմ ծվարած Ծոփաց գեղեցկուհին՝ Դերսիմը, ուղղակի հաճելի, ուղղակի անուշահոտ ու անչա՛փ հետաքրքիր տեղեր էին Էրգրի այդ զարմանահրաշ կողմերում։ Ես երբեք չէի կարողանում բացատրել, թե ինչու է սիրտս բառի բուն իմաստով բացվում հենց այս կողմերում, ինչու է ամեն հոգնածություն հօդս ցնդում հենց այստեղ, արի ու տես, դա ունի շատ հստակ պատճառներ, և երևի այստեղ են հորինել «սիրտը լայն պահել» արտահայտությունը։ Արտահայտություն, որը երևի ամենաշատը մայրերին, թե կուզեք՝ մայրության Աստվածուհիներին է սազական։

 

***

 

Իսկապես անվերջ էր թվում ճանապարհը դեպի Դերսիմ։ Ես այնքան էի լսել այստեղի մասին, նրա անունն այնքան էր թմբկահարվել, որ ես երբեք չէի երևակայի, թե այն իրավամբ այդքան «կորած» տեղ է։ Հիշում եմ միայն, որ գիշերվա մթին, գնում-գնում ու տեղ չէինք հասնում, ամեն անգամ հերթական ոլորապտույտը անցնելիս թվում էր, թե ահա, վերջ, բայց չէ, դեռ վերջը չէր։ Ու այդպես, չգիտեմ՝ քանի ոլորապտույտ անց, երբ հանդիպեցինք տանկի, ասացինք՝ ահա, տեղ ենք հասել։ Բարի գալուստ Թունջելի, մեր լեզվով ասած՝ Դերսիմ։

Ասում են՝ Տեր Սիմոն վարդապետի անունով է կոչվում այս հետաքրքիր ու մի քիչ էլ տարօրինակ երկիրը։ Երկիր, որտեղ ինքնությունները շատ են, բայց միաձույլ, ցավերը շատ են, բայց գրեթե միատեսակ, ձուլարանը մեծ է, բայց․․․ բաժին-բաժին։

Եվ այդ անծայր մթության ամենավերջում կանգնած էր Միհրան ախպարիկը, վերև տնկված ցուցամատով արտահայտելով և՛ ուրախություն, և՛ բարկություն միաժամանակ, ու արտասանելով իր սիրելի «Ալլահ սենին բելյանը վերսին» /Աստված թող պատիժդ տա/ խիստ զվարճալի արտահայտությունը։ Դրան ես արժանացել էի, քանի որ վերջին պահին էի զգուշացրել, որ Դերսիմ ենք գալիս։

Բայց Միհրան ախպարիկը բարի, մանկական սիրտ ուներ։ Նա ամբողջ ուժով գրկեց մեզ մեքենայից իջնելուն պես, արագ ուղեկցեց մեր մեքենան դեպի Դերսիմի հայերի միության շենք, օգնեց իրերը վերև բարձրացնենք։ Միության շենքում նստած մորուքավոր երիտասարդի հետ հասրեց վիճել, թե՝ «Դուք՝ քրդերդ այ էս եք», և չգիտեմ՝ մեզ էր մխիթարում, թե իրոք բարկացած էր։ Համշենցի մեր վարորդի հետ է՛լ ուրախ, է՛լ տխուր, էլ՛ բարձրաձայն, է՛լ կիսաշշուկով ինչքան բան խոսեցին այդ գիշեր, մի մասն էլ արդեն չեմ հիշում, բայց լավ եմ հիշում, որ Միհրան ախպարիկի հարցերն ուղիղ էին, երբեմն անսպասելի ու կտրուկ։

Հաջորդ առավոտ մեզ հրահանգված էր 5-ին արթնանալ, որովհետև շատ տեղեր պիտի տեսնեինք։ Միհրան ախպարիկի՝ պատից այն կողմ ծլվլացող զարթուցիչն ու 20 րոպե անց՝ «Քըզլա՛ր» /աղջիկներ/ բացականչությամբ մեր դուռը մեղմորեն թակելը այդքան էլ համոզիչ չէին մեզ համար, որ այդքան հոգնել էինք նախորդ օրվա ճամփից։ Փոխարենն ավելի քան համոզիչ էր հյուրասենյակից եկող այդ յուրահատուկ հոտը, որը մինչ օրս քթիս շուրջ պտտվում է ու ինձ հանգիստ չի թողնում։ Ուղիղ 11 տարի։ Այդ բույրը Դերսիմի սպիտակ պանրի ու կանաչու բույրն էր։ Միհրա՛ն ախպարիկ, իմացիր, որ կյանքիս ամենաճոխ ու գեղեցիկ նախաճաշի սեղաններից մեկն ես սփռել այդ օրը, և ես դա երբեք չեմ մոռանա։

Եվ ահա եկավ, հասավ այն պահը, երբ մենք բազմաթիվ պտույտներից հետո, անձրևի ու ցեխի մեջ, չգիտեմ ինչու, իջանք այդ ձորը․․․ Լա՛վ էլի, Միհրան ախպարիկ, հասկացանք՝ խենթի համբավ ունես, բայց մեզ այսքան տանջելն ինչո՞ւ, համար, դրա ժամանա՞կն էր․․․

Մի պահ չհասկացա՝ ես եմ շատ բարկացած ու անտրամադիր, թե՞ այդ ձորում մոմ վառող կանայք են ինչ-որ սխալ բան անում։ Ճի՞շտ եմ տեսնում։ Մո՞մ են վառում, ճիշտ մեր պե՞ս։ Երևի հին եկեղեցի է․․․ Հապա․․․

-Մայր Ֆաթմայի ուխտատեղին է, - բացատրում է Արմենակը, որն, ի դեպ, մի քանի տարի անց աղջկա անունը Արև կնքեց։ Այսինքն՝ դե Դերսիմում ուրիշ ի՞նչ անունով պիտի կնքեր, չէ՞։

-Այ մարդ, Անահիտի աղբյուրներն են, ամեն ապուշության ականջ մի դիր․ -իրեն հատուկ կտրուկությամբ, անկեղծությամբ ու մանկական համառությամբ վրա հասավ Միհրան ախպարիկը։

-Դե հիմա էդպես են ասում, սա շատ կարևոր տեղ է, հատկապես երեխա չունեցող կանայք շատ են գալիս այստեղ ուխտի, Մայր Ֆաթման պտղաբերություն, մայրություն, բարեբերություն շնորհողն է, - միամտաբար շարունակեց Արմենակը։

-Դատարկ մի խոսիր, այս ժողովուրդը մինչ օրս Անահիտին է պաշտում, ուզում է անունը Ֆաթմա լինի, ուզում է՝ Գյուլիզար։ Այս ժողովուրդը նույն ժողովուրդն է։ Այս հողը նույն հողն է։ Պատմությունը մի օր ջրի երես է դուրս գալիս, չես կարող կանխել։ Այս ամենն, ինչ տեսնում ես ու այն ամենն, ինչ ուզում եմ այստեղ անել՝ սկիզբն է։ Հասկացա՞ր՝ ինչ եմ ուզում ասել, ձագուկս, -ավարտեց ելույթը Միհրան ախպարիկը։

Նրան, իհարկե, այդպես էլ թույլ չտվեցին անել այդ լեռներում այն, ինչ ուզում է, և անգամ դիցուհի Անահիտի օրհնանքը չօգնեց։ Միությունը փակվեց, հայերենի դասերն այլևս չհովանավորվեցին։ Տարիներ անց հանդիպեցինք Պոլսի հայաշատ Քուրթուլուշի խիստ աղմկոտ փողոցներում, որտեղ Միհրանը, թողած լինելով Դերսիմն ու Մայր Անահիտի աղբյուրները, շուկայի ներսում գիրք էր վաճառում։ Արևմտահայերեն և թուրքերեն, ամեն տեսակ անգին գրքեր։ Ես դրանք տոննաներով էի շալակում տանում նրա համեստ գրախանութից, Միհրանի կին Կարինը մայրաբար իր ճամփորդական պայուսակն ինձ տվեց դրանք տեղավորելու համար, իսկ Միհրանն, ինչպես միշտ հարցրեց՝ «Հաց կերե՞լ ես»։ Մենք ճաշեցինք ներքևի ճաշարաններից մեկում և մսով ու սիսեռով ապուրի շուրջ ինչի մասին ասես խոսեցինք, բայց ոչ Դերսիմի ու ոչ Անահիտի աղբյուրների։

 

***

 

Իմ կյանքի առաջին հիշողությունը մորս հետ այն մասին է, թե ինչպես էր նա ինձ օդ թռցնում՝ լայն ժպիտով ու զրո դժգոհությամբ, չնայած նրա թևին վիրակապ կար։ Այդ վիրակապը ես շատ լավ եմ հիշում, և կարծեմ դա եղբորս՝ Համոյի ծնվելուց հետո կաթիլայինը խեղճ մորս երակներին սխալ կցելու արդյունքն էր։

Մայրս, որի անունը Մարիամ է, սակայն տատս այնքան կուզեր նրա անունը Անահիտ կնքել, այսպես թե այնպես մայրության մարմնացումն է որ կա։ Թե չէ մարդ ոնց կարող էր անվան երկու հավակնորդ ունենալ, երկուսն էլ՝ բացառապես մայրության մասին։ Այդպես ապրեց իմ Մարիամ-Անահիտը, մայրաբար, հեզիկ, բայց և ուժեղ ու իր ուժը միայն իր ներսի հայելիներին հասու թողնող։ Մենք երբեք չտեսանք այդ ուժի բիրտ արտահայտումները, երբեք չկասկածեցինք, որ այն՝ ուժը, այդքան շատ ու այդքան խոնարհ ձևով նրա մեջ կա ու ապրում է ամեն ժամ։

Եվ սա բնավ չի նշանակում քար կրող, բոլորին ու հոսանքին դեմ գնացող, հոգնության մասին երբեք չխոսող կին։ Սա նշանակում է․․․ Որ անկախ ամեն ինչից, անկախ քամիներից ու ոլորապտույտներից, անկախ հասկացված լինելուց կամ չլինելուց, անկախ ինքնություններից ու լռություններից, որոշ մայրեր, ինչպես իմ Մարիամ Անահիտը, շարունակում են արևը ծոցում պահել ու փոխանցել դարեդար։ Հենց ծոցում, հենց գրկած, հենց փայփայած․․․ Արևը։

 

 

Սոֆյա Հակոբյան