Բրեդ-բերրիություն

Առավոտյան պաչեց մարդուն Մարին: Կարելի է ասել՝ արժանի էր: Հա՛մ ճերմակ աղավնի հիշեցնող, սպիտակ քարից երկու հարկանի տունն էր սեփական ձեռքերով կառուցել Վարուժը, հա՛մ տնամերձ, դրախտանման ընդարձակ այգու պտղատու ծառերն էր տնկել, հա՛մ էլ խորապես նպաստել էր, որ Մարին երկու որդի ունենա՝ իր պես անհասկանալի աչքերով: Անհասկանալի-գրավիչ: Վարուժն, ընդ որում, հենց այդպես էլ ասում էր, երբ մեծ գերդաստանում կամ ընկերախմբով հավաքվում էին սեղանի շուրջ. «Էդ տղերքը Մարիին են, ես ուղղակի խորապես նպաստել եմ, որ ծնվեն»:
Բայց Մարին հենց այնպես պաչողներից չէր, էն էլ սեփական ամուսնուն: Դեռ նախորդ օրը, երբ արևը մայր մտավ, Մարին բացել էր ննջասենյակի պատուհանն ու սովորական օրերին շողերին ներս չթողնող անթափանց վարագույրը թույլ շարժվում էր մեղմ քամուց. «Իսկական երջանկություն»,-ինքն իրեն ասում էր Մարին՝ ամռան սկսվելուն պես: «Իսկական երջանկություն»,-համաձայնում էր Վարուժը, երբ կինն իրեն առավոտյան պաչում էր՝ ամռան սկսվելուն պես:
Ամռան սկսվելուն պես որդիները վերադառնում էին տուն՝ ամեն մեկն իր ընտանիքով: Վարուժն ամեն դեպքում ամրացնում էր իր իսկ սարքած հսկայական սեղանի չորս ոտքերը, որը սովորական օրերին ամենևին էլ չէին օգտագործում ամուսինները: Սովորական օրերին Մարին մի աման ճաշ էր եփում, Վարուժն էլ գլուխը կախ ուտում էր: Գլուխը կախ ու անպաչ:
Բայց ամռանը գիշերների պես կարճանում էր Մարիի գիշերազգեստը, ու Վարուժն էլ գլուխը չէր կախում՝ ո՛չ տնից դուրս գալիս, ո՛չ էլ տանը: Առավոտյան ելնում էր կնոջ ծոցից՝ ինչպես ջահել նավաստին՝ բաց ծովից, հագնում էր բաց կապույտ շալվարը, իր տան քարի պես ճերմակ վերնաշապիկը, արձակում էր վերևի երեք-չորս կոճակը, ապրած տարիների պես հետ էր սանրում սպիտակ մազերն ու նետվում խոհանոց՝ «հրաշագործության»: Մարին «հրա՜շք» բացականչում էր, երբ աչքերը բացում էր ամուսնու պատրաստած սուրճի բույրից: Սա միակ դեպքն էր, երբ կնոջը հունից չէր հանում ամուսնու, ավելի ճիշտ նոր ծխած սիգարետի հոտը:
Հենց սուրճի առաջին կումից հետո էլ Մարին պաչեց մարդուն: Ու Վարուժի մտքով անգամ չանցան այդ սուրճի հատիկները բուռ-բուռ հավաքած ջահել-սիրուն մետիսուհիները:
-Գոնե երկուսն էլ մի օր գային: Կորյունը վաղն ա գալիս,-իր սուրճից կում արեց Վարուժը:
-Ոնց ծնվել են, տենց էլ գալիս են,-Մարին ժպտաց:
Կորյունը կրտսեր որդին էր: Մեծը՝ Լևոնը, հենց այդ օրն էր գալիս:
Կարելի է ասել՝ մտերիմ եղբայրներն էին Լևոնն ու Կորյունը, եթե իհարկե, չհաշվենք այն հանգամանքը, որ հայրական տնից դուրս եկած Լևոնը, որոշեց անցնել օվկիանոսն ու գնալ իր ամերիկյան երազանքի հետևից, իսկ Կորյունը գերադասեց անցնել կովկասյան լեռներն ու հաստատվել ռուսական հարթավայրում:
«Հիմա, որ համաշխարհային պատերազմ սկսվի, ես ի՞նչ եմ անելու»,-ամեն անգամ, հատկապես լուրեր լսելուց հետո, մտածում էր Վարուժը: Հետո անջատում էր հեռուստացույցը: Թարսի պես ձմռան գիշերները երկար էին... Ու ոչ միայն գիշերները:
Երկուսի գնալուց էլ դուռը չփակեցին Վարուժն ու Մարին: Երկուսի ճակատն էլ պաչեցին Մարին ու Վարուժը: Հատկապես աշնան ու գարնան անձրևներից հետո Մարին ամեն օր պարտադիր մաքրում էր տան պատուհանների ապակիները, Վարուժն էլ ձմռանը բահն առնում էր ու մաքրում ճերմակ տան սպիտակ ճանապարհը:
Որդիները զանգում էին: Նաև՝ իրար: Ո՛չ Վարուժը, ո՛չ էլ Մարին իրենց թույլ չէին տալիս հարցնել թե մեկին, թե մյուսին. «Ախպորդ զանգե՞լ ես», իրենք էին ասում. «Նոր Կորյունի հետ խոսեցի...», «Հա, Լևոնն ասաց...»: Վարուժն էլ աչքերն էր տրորում, Մարին էլ քաշվում էր խոհանոց, որտեղ փայտե սեղանի մոտ 20-25 տարի առաջ Կորյունն ուտում էր Լևոնի ապուրի կարտոֆիլները, քանի որ ավագ եղբայրը չէր սիրում ջրիկ ճաշի մեջ կարտոֆիլ:
Հիմա գալիս են: Հիմա ամառ է: Այս տարի նույնիսկ ուշացել են: Միշտ ամռան սկզբին են գալիս՝ մի քանի ամսով, հիմա արդեն օգոստոսի վերջն է: Հիմա Վարուժը առավոտյան սուրճ է պատրաստել: Ու հիմա Մարին պաչել է Վարուժին:
Հայրական տունը ԱՄՆ-ում ապրող Լևոնը սիրում էր անվանել սպիտակ տուն: Պատահական չէ, որ տուն մտավ Թրամփի պատկերով շապիկով ու առաջինն ինչ ասաց, հետևյալն էր. «Վերջապես վերադարձա»: Լևոնի երեխաները հայերեն խոսում էին, բայց ավելի շատ՝ հասկանում էին: Ամեն դեպքում Լևոնն ու կինը՝ Անահիտը, պնդում էին, որ դա հենց այդպես է: Անձամբ Վարուժին թոռներն անվանում էին «Գրեթպա»:
Երբ հաջորդ օրը Կորյունն իր ընտանիքով վերջապես վերադարձավ, Լևոնը դեռ քնած էր իր սենյակում:
Կորյունի երեխաները Վարուժին ասում էին «դեդա»: Լևոնն էլ, Կորյունն էլ երկուական որդիներ ունեին: Կորյունի կինը՝ Աստղիկը, Մարիին ասում էր՝ «մամա», Անահիտն «ամաչում էր»:
Սև գառան միսը բլթբլթում էր արդեն ճերմակ տան բակում Վարուժի վառած թեժ կրակի վրա: Երկար ճանապարհից հետո Կորյունն էլ գնաց իր սենյակ՝ մի քիչ հանգստանա՝ մինչև ընթրիքը պատրաստ լինի:
Սկզբում իրար պաչեցին հարսները, հետո եղբայրներն իրար ձեռք սեղմեցին, նույնիսկ գրկեցին միմյանց: Թոռները, բայց, սկզբում չմոտեցան իրար: Լևոնի որդիները շշնջացին մոր ականջին, թե հիմա իրենք Ռուսաստանի՞ց են... Կորյունի որդիներն էլ իրենց մոր ականջին փսփսացին. «Ամերիկայից են, չէ՞ եկել...»: Անահիտն ու Աստղիկն արագ հարթեցին սառը պատերազմը. «Դուք եղբայրներ եք»,-ասացին:
Սև գառան միսը հալչում էր բերանում: Վարուժն ավանդաբար ոտքի կանգնեց, իր քաշած ծիրանի օղու բաժակը բարձրացրեց, ասաց. «Բարո՛վ եկաք», հենց ոտքի վրա էլ խմեց, ձախ ձեռքով շուրթերը սրբեց, մի թարմ վարունգ գցեց բերանն ու նստեց:
Միսը բոլ-բոլ էր, ի տարբերություն՝ խոսքերի: Հարսները խոսում էին՝ երեխաների հետ: Միշտ ժպտում էին իրար: Մարին խոսում էր՝ հարսների հետ: Վարուժը լուռ էր, Լևոնը լուռ էր, Կորյունը լուռ էր: Հետո երեխաները հեռացան սեղանի մոտից: Վարուժը նկատեց, որ միասին, ու որ Մարին էլ ժպտաց: Հետո կանայք նույնպես հեռացան սեղանի մոտից: Առաջինը սիգարետը վառեց Կորյունը, բայց առաջինը խոսեց Լևոնը.
-Մի հատ ամերիկացի գրող կա՝ Բրեդբերի՛,-դիմեց հորը,-իրա գիրքը բերել եմ, որ կարդաս: Իսկական ամառը կարդալու բան ա:
-Օղիդ... Դե չասեմ... Ինչպես միշտ՝ վիշի կլաս,-Կորյունն էլ մի բան ասաց:
Վարուժը վառեց իր սիգարետը:
-Երեխեք կան, չե՞ս ամաչում, դուրսը ծխիր էլի,-Մարին հեռվից ուշադիր Վարուժին էր նայում:
Վարուժը հասկացավ: Հասկացավ ու արագ հեռացավ սեղանի մոտից՝ եղբայրներին մենակ թողնելով:
-Բա աշխարհի ամենասիրուն մաման ո՞նց ա,-Կորյունը հանգցրեց սիգարետը մոխրամանում ու քայլեց դեպի խոհանոց:
Լևոնը մենակ մնաց ու հայացքը հառեց հայրական տան հյուրասենյակի բարձր առաստաղին: Երևի, որ տեսնի՝ ինչ է փոխվել ու ինչն է անփոփոխ մնացել:
Պարզվեց՝ մեկ շաբաթով են եկել: Պարզվեց՝ ամռան ցերեկներն ամենևին էլ երկար չեն:
Նախավերջին, թե վերջին գիշերն էր, երբ Վարուժը պատահաբար լսեց.
-Գոնե էս տան մեջ ձենդ կտրի,-Լևոնն էր՝ Կորյունին՝ հոր տնկած պտղատու այգում, ծիրանի ծառի տակ՝ խոնավ հողի մեջ, սիգարետի մնացորդը խրելով:
-Չհրամայե՛ս,-Կորյունը հետ չմնաց:
Վարուժը չիմացավ՝ թե ինչ: Վարուժն իմացավ ամեն ինչ:
Գիշերը, երբ Լևոնն իր ընտանիքի հետ արդեն օվկիանոսի վրայով թռչող օդանավի մեջ էր, իսկ Կորյունի կին Աստղիկը՝ ռուսական քաղաքի իրենց տանն ամեն դեպքում արդուկում էր made in USA գրությամբ շորերը, որ որդիները հագնեն, ու երբ Լևոնի որդիները միջմայրցամաքային ինքնաթիռի մեջ հեռախոսներով գրում էին իրենց Ռուսաստանում ապրող, բայց եղբայրներին՝ պարծենալով, որ իրենք օդում էլ ինտերնետ ունեն, Վարուժը պառկեց Մարիի ծոցն ու ասաց.
-Վաղը գերեզմաններ գնամ. վաղուց չեմ գնացել:
Հենց հաջորդ առավոտ, երբ ամառն արդեն երեկ էր դարձել, Մարին պաչեց մարդուն:
-Ոչ մի տեղ էլ մի գնա,-ասաց,-ինն ամսից նորից ամառ ա:
Վարուժը սկզբում բան չհասկացավ, բայց հանկարծ ասաց.
-Մայիսի վերջի՞ն:
-Ի՞նչ պակաս ամառ ա,-խնդաց Մարին:
Վարուժը տեսավ: Անհասկանալի-գրավիչ աչքերով դստերը չէ, Մարիի ձեռքը, որ հազար տարի կլինի՝ չէր իջել փորին:
-Ամեն մեկն իրա աստվածուհին ունի: Ես էլ,-ասաց ու ինքն էլ կնոջը պաչեց:
Բրեդբերիի գիրքը դեռ տոպրակի մեջ էր: Վարագույրն էլի շարժվում էր:
Հովիկ Աֆյան
Լուսանկարը՝ Աղվան Ասոյանի