Բուլատ Օկուջավա. Արբատի տրուբադուրը

Ռուսական պոեզիայի, ինչ-որ առումով նաև արձակի և երգարվեստի կարևորագույն դեմքերից է Բուլատ Օկուջավան։ Հանուն արդարության արժե նշել, որ չնայած նա մոր կողմից հայ էր և չէր մոռանում իր հայկական արմատների մասին, սակայն լինելով երդվյալ հեղափոխականների որդի՝ խորհրդային միջավայրի ծնունդ էր, այլ էր ինքնության նրա ընկալումը։ Որպես ստեղծագործող նա ռուսական մշակույթի ծիրում էր, իհարկե նախ և առաջ Արբատի՝ ոսկեգմբեթ Մոսկվայի այդ հինավուրց թաղամասի երգիչ-բանաստեղծն էր, նորագույն ժամանակների տրուբադուրը, հիշենք թեկուզ ինքնախոստովանանքն իր հանրահայտ երգում․ «Արբատ, դու իմ հայրենիքն ես»։ Անշուշտ, ռուսական միջավայրում չեն մոռանում նրա վրացական և հայկական ծագման մասին։ Երբեմն նույնիսկ հանդիպում ենք արտառոց ձևակերպումների, ինչպես, ասենք, «Նշանավոր մարդկանց կյանքը» շարքից Դմիտրի Բիկովի հեղինակած «Բուլատ Օկուջավա»  գրքում. «հրեաներին և հակասեմականներին միաբանում է Օկուջավային որպես հրեա տեսնելու կրքոտ ցանկությունը, սակայն նրանք թերևս պետք է հաշտվեն այն փաստի հետ, որ Օկուջավայի մայրը՝ Աշխեն Նալբանդյանը զտարյուն հայուհի էր»։ Նշենք նաև, որ բանաստեղծի մայրը Վահան Տերյանի հորաքրոջ թոռնուհին էր, նկարիչներ Դմիտրի և Արփենիկ Նալբանդյանների հորեղբոր դուստրը։

Ապագա բանաստեղծ-երգահանն ու գրողը ծնվել է հարյուր տարի առաջ՝ խորհրդանշական մի օր՝ մայիսի 9-ին, Մոսկվայի սրտում՝ Արբատում, որի նրբանցքները նրա համար կյանքի իսկական դպրոց էին և որը «երբեք մինչև վերջ չես անցնի»։ Բոլշևիկ ծնողները սկզբում նրան անվանակոչել են Դորիան՝ ի պատիվ ուայլդյան հայտնի կերպարի։ Անհատի պաշտամունքի տարիներին նրանք ձերբակալվել են․ հայրը՝ վրացի Շալվան գնդակահարվել է, իսկ մայրը երկար տարիներ անց է կացրել ճամբարներում։ Բուլատի և նրա կրտսեր եղբայր Վիկտորի խնամքը ստանձնել է մորական տատը՝ Մարիա Վարդանովնան, որի մասին Օկուջավան հետագայում գրել է․ «Նրա մեջ եռում ու փրփրում էր օջախի հայուհի պահապանի բուռն արյունը»։ 1940-ին եղբայրները տեղափոխվել են Թբիլիսի՝ Սիլվիա մորաքրոջ մոտ։ Ռազմաճակատ կամավորագրված Բուլատը վիրավորվելուց հետո 1943թ․ մարտին ուղարկվել է «շատ բարձրերը՝ Լեռնային Ղարաբաղ»՝ Ստեփանակերտ, որտեղ 126-րդ հրետանային բրիգադի կազմում ծառայել է որպես ռադիստ։ Հենց Ղարաբաղում է նա գրել իր առաջին երգը։ Շուրջ մեկ տարի այստեղ ծառայելուց հետո Օկուջավան զորացրվել է ու 1945թ․ ընդունվել Թբիլիսիի պետհամալսարան։ Նույն 1945-ին լույս է տեսել Օկուջավայի առաջին բանաստեղծությունը։ Անշուշտ, բանաստեղծի կյանքի բոլոր դառն իրադարձություններն ուղղակի կամ անուղղակի կերպով արտացոլվել են նրա երգերում, չափածո և արձակ ստեղծագործություններում, սակայն որպես կանոն՝ հուսադրող երանգավորմամբ։

1947թ․ ճամբարից վերադարձել է Բուլատի մայրը և Վիկտորի հետ բնակություն հաստատել Կիրովականում, սակայն երկու տարի անց կրկին ձերբակալվել է ու արտաքսվել։ Վերջնականապես արդարացվել ու ազատ է արձակվել 1954-ին։

Չնայած տարիների բաժանմանը՝ Բուլատի կյանքում կարևորագույն տեղ է զբաղեցրել մայրը` նրա գողտրիկ բանաստեղծությունների հասցեատերը։ Դրանցից մեկում այսպիսի տողեր կան․

 

Իսկակա՛ն, լա՜վ մարդիկ քի՛չ են բոլորովին,

Ողջ աշխարհում՝ չնչի՛ն, աննշա՛ն մի քանակ,

Իսկ Ռուսաստանում լոկ մայրիկն է իմ անգին,

Ի՞նչ կարող է անել, սակայն, նա միայնակ (թարգմ․՝ Լևոն Բլբուլյան):

 

Օկուջավան մորն անդրադարձել է նաև արձակ ստեղծագործություններում։

1963-ի աշնանը նա երկրորդ կնոջ հետ այցելել է Վրաստան և Հայաստան։ Երևանում շփվել է իր ազգականների հետ, հանդիպում է ունեցել «Կոմսոմոլեց» թերթի աշխատակազմի հետ։ 1960-ականներին հայ մտավորականությունը ևս հրապուրված էր Օկուջավայի երգերով, հաղթահարելով անասելի դժվարություններ՝ հայթայթում և լսում էր նրա ձայնագրությունները։ Ավելի մեծ շուքով անցավ Օկուջավայի 1969 թ․ աշնանային այցելությունը Երևան․ շնորհիվ ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի (Օկուջավայի կինը նրա գործընկերոջ՝ Լև Արցիմովիչի զարմուհին էր) Ֆիզիկայի ինստիտուտի գիտնականի տանը տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ-երգահանի հետ։ Հանդիպման ժամանակ Օկուջավային հարցրել են, թե ինչպե՞ս է վերաբերվում Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործությանը, ինչն անակնկալի է բերել նրան։ Թարգմանիչ Դավիթ Կարապետյանի վկայությամբ՝ այդ տարիներին Երևանում Վիսոցկին իր ժողովրդականությամբ արդեն գերազանցում էր նույնիսկ Օկուջավային։

Որքան հայտնի է, Օկուջավան տարբեր հարցերում իր կարծիքն ու վերաբերմունքը վերանայելու, փոփոխելու սովորություն է ունեցել։ 1983-ին փարիզյան «Ռուսսկայա միսլ» պարբերականին տված իր հարցազրույցում նա ասել է․ «Հայրս վրացի էր, մայրս՝ հայ։ Բայց ծնողներս Մոսկվայում էին ապրում, այստեղ ես ծնվել ու մեծացել եմ ռուսական մշակույթի միջավայրում։ Պատերազմից հետո ապրել եմ Վրաստանում, քանզի ռազմաճակատից վերադառնալուց հետո գնալու տեղ չունեի ու տեղափոխվեցի Թբիլիսի՝ մորաքրոջս մոտ։ Այնտեղի համալսարանում ավարտել եմ ռուս բանասիրության ֆակուլտետը։

Ես ինձ ռուս գրող եմ համարում, բայց տարիքի հետ ավելի ու ավելի եմ զգում զգացմունքային ինքնորոշման կարիքը, իրականում իմ ով լինելը հասկանալու անհրաժեշտությունը։ Եվ այսպես, ես իմ մեջ գիտակցեցի, զգացի վրացական արմատներս, ինչ-որ կերպ հորս արյունը հաղթեց մորս արյանը»։

Հայաստանում նա այլևս չեղավ։ Սակայն 1991-ին գրեց իր մարդասիրությամբ լի ազդու բանաստեղծություններից մեկը՝ ներառելով հայերեն արտահայտություններ։ Ահա դրա առաջին քառատողը․

 

Կեսգիշեր է Բոսֆորում։ Լռության ժամն է։

Բայց Ստամբուլի խավարում՝ համր ու վիթխարի,

Ճիչ-աղաղակն է լսվում իմ նախնիների...

Ի՞նչ պիտի ասեմ։ Ախ՜, ի՞նչ պիտի անեմ։

 

Արցախյան հակամարտության մասին է Օկուջավայի՝ 1990թ․ գրված «Խոսքը փոթորիկ չէր կանխագուշակում» բանաստեղծությունը։ Կյանքի վերջին տարում՝ 1997-ին, վերանայելով իր ինքնաբնորոշումը՝ նա ասել է․ «Ես կես վրացի եմ, կես հայ։ Եվ այդ պատճառով իմ մեջ զուգակցվում է երկու կիրք՝ վրացական արքայական ծուլությունն ու հարգանքն ինքն իր նկատմամբ հայի համառության ու աշխատունակության հետ»։

Բուլատ Օկուջավայի մահվան առիթով բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն գրեց․ «Հիմա բոլորին պարզ է, որ Օկուջավան ռուսական պոեզիայի դասական է, բայց նախկինում նրան գռեհիկ էին անվանում, համերգներն արգելում էին, անվստահելիության պատճառով չեղարկում էին նրա արտասահմանյան ուղևորությունները»։

Հենց Օկուջավան «ձնհալի» գրականություն բերեց ռուսական «արծաթե դարի» երաժշտականությունը, ազնվազարմությունն ու ճակատագրապաշտությունը։ Նրա առաջին բանաստեղծական ժողովածուն լույս տեսավ 1956 թ․՝ Կալուգայում․ սկսվեց բանաստեղծ-երգահանի ստեղծագործական բուռն շրջանը։ Լայն տարածում գտան նրա հեղինակային կատարումների ձայնագրությունները։ 1960թ․ հունվարին Լենինգրադում տեղի ունեցավ Օկուջավայի առաջին թույլատրված ելույթը, իսկ արդեն հաջորդ տարվա նոյեմբերին նույն քաղաքի Արվեստի աշխատողների պալատում նրա ելույթի ժամանակ հանդիսատեսների աննախադեպ հոսքի պատճառով մուտքի մոտ հերթապահում էին հեծյալ ոստիկանները։ Դրան հաջորդեց երկու թերթերում ոմն Ի․ Լիսոչկինի ««Աղմկոտ հաջողության» գինը» քննադատական հոդվածի հրապարակումը։ Բանաստեղծ-երգահան Ալեքսանդր Գորոդնիցկու բառերով՝ «Օկուջավան երբեք այլախոհ չի եղել, նա (կոմունիստական) կուսակցության անդամ է հանդիսացել, պարզապես փորձել է ազատ շնչել անազատ տարածությունում։ Նրա համար՝ որպես բանաստեղծի, բարոյականությունը գոյության հիմնական սկզբունքն էր»։ Ինքը՝ Օկուջավան այսպես է բանաձևել. «Խիղճը, Ազնվականությունը և Արժանապատվությունը՝ ահա մեր սուրբ զորականությունը»:

Օկուջավայի առաջին մեծ ձայնապնակները թողարկվեցին արտասահմանում՝ 1960-ականներին, մինչդեռ ԽՍՀՄ-ում նրա երգերը հիմնականում տարածվում էին ընդհատակյա միջոցներով։ Միայն 1976-ին հայրենիքում լույս տեսավ «Բուլատ Օկուջավա․ երգեր» մեծ ձայնասկավառակը։

Երգերի միջոցով Օկուջավան անմահացրեց իր բանաստեղծությունները․ մի շարք ստեղծագործություններ («Արբատի մասին երգ», «Աղոթք», «Հուսո փոքրիկ նվագախումբը», «Վրացական երգ», «Երգ Մոցարտի մասին», «Կապույտ տրոլեյբուս», «Մեզ միայն հաղթանակ է պետք», «Ցտեսություն, տղաներ», «Եկեք բացականչենք», «Ես գրում եմ պատմավեպ», «Իրար ձեռք բռնենք, ընկերնե՛ր», «Ձերդ ազնվություն» և այլն) սիրվեցին ու մնացին ունկնդիրների հիշողության մեջ։ Այդ երգերից շատերը հնչեցին ֆիլմերում։

Կիթառի նվագակցությունը շեշտված քնարականություն էր հաղորդում Օկուջավայի բանաստեղծություններին, սակայն հարկ է նշել, որ նա գրել է և բազմաթիվ չերգվող բանաստեղծություններ։ Ընդհանրապես, Օկուջավա-բանաստեղծը մեծ դադարներով է ստեղծագործել։ Իր բանաստեղծությունների պես եղել է արտաքինից պարզ, բայց իրականում խորը, զերծ չի մնացել հակասություններից։ Իր մասին ասել է․ «երբ ինքս ինձ հանճարեղ եմ թվում, գնում եմ ամանները լվանալու»։

Օկուջավան «Լուծարված թատրոն» ինքնակենսագրական վեպի և այլ արձակ ստեղծագործությունների (վեպեր, վիպակներ, պատմվածքներ) հեղինակ է։ Թարգմանություններ է արել մի քանի լեզուներից։

Նաև սցենարիստ էր․ տարատեսակ արգելքների պատճառով ԽՍՀՄ-ում նրա սցենարներով միայն երկու ֆիլմ է նկարահանվել և երկուսն էլ լավ ընդունելություն են գտել։ Օկուջավան նկարահանվել է ֆիլմերում՝ երբեմն խաղալով ինքն իրեն, ինչպես Մառլեն Խուցիևի «Իլյիչի ուղեկալում» (1963)։

Եթե Վիսոցկին իր երգերում համամարդկային հարցեր էր արծարծում ու ողբերգական մի շեշտ ուներ, իսկ Յուրի Վիզբորը չափազանց լավատես էր, ապա Օկուջավան, չմոռանալով, որ ինքն իդեալիստ ծնողների զավակ է, ջանում էր իր երգերում վառ պահել հույսը և հավատը լավ ապագայի, սիրո հաղթանակի հանդեպ։

Ըստ մասնագետների՝ Օկուջավայի խորը, բայց միաժամանակ պարզ տեքստերը մեծապես ազդել են ժամանակակից ռուս ստեղծագործողների վրա։ Մեծ հարգանքով են նրան վերաբերվել կրտսեր գրչընկերները՝ Իոսիֆ Բրոդսկին, Բորիս Գրեբենշչիկովը, Անդրեյ Մակարևիչը և ուրիշներ, շատերը խոստովանել են, որ կրել են նրա ազդեցությունը։ Չնայած նոր սերունդը համեմատաբար քիչ է լսում Օկուջավային, վերջինս իրագործեց իր պատմական առաքելությունը․ եղավ առաջին երևելի երգիչ-պոետը Խորհրդային Միությունում, տրուբադուր-բարդերի մի հզոր աստղաբույլի նախակարապետը, ճանապարհ հարթեց անազատության պայմաններում ինքնարտահայտվելու անհագ մղում ունեցող պոետների համար։

Եվ կարելի է վստահաբար ասել, որ քանի դեռ մարդիկ դժվարին ժամանակները հաղթահարում են՝ ապավինելով Աստծո գթասրտությանը և սիրո զորությանը, նրանք կրկին ու կրկին փնտրելու են Օկուջավայի երգերը, չի լռելու «հուսո փոքրիկ նվագախմբի» ձայնը․․․

 

Աշոտ Գրիգորյան

Պատկեր․

1․ Բուլատ Օկուջավան մոր՝ Աշխեն Նալբանդյանի հետ