Էլի հարսանիք ու էլի լեռներում

Այս հունիսի պես զով ու թեթև չէր 2023-ի հունիսը։ Այսինքն՝ չգիտեմ, թե ուրիշ տեղ ոնց էր, բայց Արցախում զով չէր, իսկ արտաքին աշխարհից բնավ լուր չունեինք։ Այդ հունիսի համեմատ երևի բոլոր հունիսներն այսուհետ թեթև են լինելու, ինչպես նաև զով։
Գարնանը հերթական անգամ որոշել էին մի քիչ էլ քնեցնել մեզ։ Դե, շոգ տարի էր։ Նորից մեծաքանակ ապրանքներ, ինչպես Արցախում էին ասում, «տես տեն» էին ներմուծել ռուս խաղաղապահները։ Այդ խաբուսիկ երջանկությունը ոնց չէի սիրում։ Շատ էր վախեցնում։ Ինչ-որ մի պահ նույնիսկ իմ սիրելի «Բաունտի»-ն կար խանութներում, պանիր կար, նույնիսկ՝ երշիկեղեն էր սկսել երևալ։ Ոնց չէի սիրում այդ խաբուսիկ երջանկությունը․․․ Ոնց էի սարսափում դրանից։ Երբեմն էլ բարկանում։ Որովհետև քնի մեջ սովորաբար քեզ չեն լսում։
«Իմ ախպեր կարող ա՞ կիժվի», -ծիծաղելով, բայց իրեն հատուկ «մանթրաշ» հայացքով հարցրեց Մարիաննան՝ Մհերի քույրը, որ շենքի մուտքում տեսել էր երջանիկ Մհերին՝ սիգարետ գտած ընկերների մոտ շտապելիս։ Այդ օրերին բոլոր տղամարդկանց աչքերը կարմիր էին, իսկ հատիկով սիգարետ գտնողները խմբով էին ներս քաշում այն կամ ամաչում դրսում ծխելուց՝ չունեցողներին այդ մեծ հոգեկան ցավը չպատճառելու համար։ Տրանսպորտ արդեն չկար, և, օրինակ, հադրութցի Վ․-ն ոտքով 10 կմ քայլում էր իրենց գյուղից Ստեփանակերտ՝ սիգարետ հայթայթելու ու ձեռքի հետ մեզ 10-12 թարմ ձվով ուրախացնելու, քանզի մեր՝ քաղաքաբնակներիս համար դա վաղուց «դիլիկատես» էր։ Բայց հետո, իհարկե, ծխախոտն էլ եկավ, իհարկե, բա ոնց։ 10 հատը 35 000 դրամ, և «գինը կարևոր չի ախպեր»-ը երբեք այդքան անկեղծ չէր հնչել։
Ես երբեք չեմ կարոտել քեզ, շրջափակում։
Շատ շոգ էր 2023-ի հունիսը։
Ու այդպիսի մի հունիսին մենք որոշեցինք ամուսնանալ։
Ոչ թե որովհետև այդքան լավատես էինք, այլ ընդհակառակը՝ վերջապես հասկացել էինք, որ ամեն ինչ շատ վատ է։ Այնքան, որ ես գիտակցել էի, որ մամաս իմ հարսանիքը չի տեսնելու, ճանապարհը երբևէ չի բացվելու, ու այդ օրը լավագույն դեպքում մեզ հույս է ներշնչելու մի օր միասին այստեղից ողջ դուրս գալու։
Նորից հարսանիք էր ու նորից լեռներում։ Բայց այս անգամ Շուշիից ներքև էր ու հաղթանակի մասին չէր, այլ պարտության, որը մենք որոշել էինք պատվով ու միասին տանել։ Բա գիտեք, թե մենակ հաղթանակնե՞րն են պատվով տանում։ Հապա մի փորձեք պարտությունը պատվով տանել․․․
***
Ինչպիսին էլ որ լիներ այդ հունիսը՝ մենք դժգոհ չէինք։ Ես, անկախ ամեն ինչից, դժգոհ չէի, որ դեռ այնտեղ եմ, Մհերը դժգոհ չէր, որ դեռ ծառայում էր, Արցախում դժգոհ չէին, որ դեռ տանն են։ Հետաքրքիր է, մարդկանց կարմիր գիծը հիմնականում «տունն» էր, բոլոր խոսակցությունները վերջանում էին «Վեչինչ, թա քի մեր տանը ինինք»-ով, ու դա շատ հետաքրքիր էր։ Այնքան, որ մենք էլ որոշեցինք «տուն դառնալ»։
Տունը, ինչ խոսք լավ բան է։
Ես երբեք չեմ երևակայել ճոխ հարսանիք, որի շռայլությունները չէր ների շրջափակումը։ Ինձ բնավ պետք չէր մեծ տորթ, փայլփլուն զգեստ, շատ հյուրեր։ Երբեք։ Այսօրվա պես հիշում եմ, թե 2022-ի հոկտեմբերին, վերջին անգամ դեպի Արցախ իրերս հավաքելուց, ինչպես պատահականության սկզբունքով ճամպրուկը նետեցի ճերմակ մի բլուզ ու մանուշակագույն դասական տաբատ, մտածելով՝ մի առիթ կլինի, ձեռքիս տակ դասական հագուստ ունենամ։ Ո՛վ իմանար, որ այդ առիթը բլոկադային ամուսնությունն էր լինելու։ Ճիշտ է, միայն բարձրակրունկ կոշիկ չունեի, ու դե ամբողջ կյանքում չեմ ունեցել, բայց այդ օրը դա շատ «երևանսկի» և հանդուգն քայլ կլիներ իմ կողմից, պետք էր գնել։ Ինչպես Արցախում էին ասում՝ «ախրը որոշ պարտադիր պեներ կա, մատաղմ, վեր պիտի պահվե», և այդ մեկ նախադասության մեջ ես գտել էի արցախյան ամբողջ տոհմիկությունը։ Թո՛ղ լինի ձեր ասածով։ Առաջին պատահած խանութը Պիտաճոկից վերև բարձրանալիս ձախ էր, մտա, փորձեցի, գնեցի, դուրս եկա։ Եվ այդ առաջին պատահած բարձրակրունկները ի՛նչ անհավատալի փայլուն համատեղելիությամբ սազեցին իմ ունեցած միակ դասական հագուստի հետ՝ կարել չըմ թա ասիմ։
Եվ ես իրոք, սիրելի Մհեր, մինչ օրս հավատում եմ, որ անգամ շրջափակման մեջ մեզ համար կատարյալ ու ոչ պատահական պատահականությունների շղթայով պատրաստված էր ամեն բան։
***
Անին ասում է, որ չնայած տեղահանվածի ուղեղին հատուկ ցրվածությանը, հիշում է այդ օրվա ամեն մի դետալ։ Թե ինչպես ես մի փունջ վարդից երեխայի պես ուրախացա, թեև մուգ կարմիր վարդ չեմ սիրում, թե ինչպես Մհերը շփոթված ու մատանիների տուփը ձեռքին մոտեցավ նրան ու ասաց՝ «Անի, հիմա ի՞նչ անեմ սրանով», ինքն էլ, թե՝ «Բաց, Մհեր, ուղղակի բաց»․․․ Ինչպես նաև փոքրիկ ճերմակ տորթը, որը ես հայթայթել էի շրջափակված Ստեփանակերտում գործունեություն ծավալող հատուկենտ հրուշակագործից, որն անգամ խոստացել էր ելակ դնել վրան ու շոկոլադե գնդիկները չխնայել։ Իհարկե, չէր գտել, «Սնիկերս» էր կտրտել տորթի վրա ու վայելել իմ հիասթափված, տիպիկ «երևանսկի» դժգոհ հայացքը։ Փոխարենը մեկ գդալ կակաո ավելացնելու համար 3000 դրամ հավելավճար էր վերցրել, իսկ մեր հյուրերը հենց այդ կակաոյի շնորհիվ ասացին, որ երբեք նման համեղ տորթ չեն կերել։
Բոլորս միասին էինք մեկ սենյականոց շատ նեղլիկ, շատ շոգ, շատ անհարմար տանը, որը նույնիսկ մերն էլ չէր։ Բոլորս՝ Անգին բաբոն, Անին, Արեգը, Վարուժ դային, մեր կրտսեր ջիգյարը՝ արդեն լուսահոգի Յուկան, ու մենք։ Շատ շոգ հունիս էր։ Երևի բլոկադայի միակ կարոտի արժանի կողմն է՝ շատ էինք միասին։ Բայց ներիր բլոկադա, ես քեզ երբեք չեմ կարոտելու։
Ուղիղ 4 օր անց չարաբաստիկ Հաքքարիի մոտ չգիտեմ ով չգիտեմ ում դրոշին կրակեց և ո՛չ 35 000 դրամանոց սիգարետ, ոչ անգամ «Սնիկերս» այլևս չէինք տեսնելու մինչև Արցախին հրաժեշտ տալը։ Նույնիսկ Էմմա տատիկի խանութը, որտեղից կարելի էր պեղել անպեղելին, և որտեղից գիշերվա 1-ին մենք հաջողել էինք հայթհայթել մեր «հարսանեկան» շամպայնը, նույնպես փակվեց։
Քնից զարթնելու ժամանակն էր, բայց մենք չէինք շտապում։ Որովհետև դա վերջն էր, ու որովհետև հետո, այնուամենայնիվ, կարոտելու էինք։
Հապա մի փորձեք պարտությունը պատվով տանել․․․
***
Ես երբեք չեմ կարոտելու շրջափակումը։ Ուզում եք նեղացեք, ուզում եք՝ չէ։
Ես չեմ կարոտելու հացի հերթերը, որոնք շրջանցում էի, որ մարդկանց ամենաստորացուցիչ վիճակը չտեսնեմ։
Ես չեմ կարոտելու «լոխ լավա ինական» խաբեությունը և չեմ կարոտելու մարդկանց, որոնք դրանից բացի ոչինչ չարեցին։
Ես չեմ կարոտելու մայրերի ժպիտը, որոնք կես կիլոգրամ շաքարավազ գտնելով ամենաերջանիկն էին, որ երեխան քաղցր թեյ կխմի՝ նոր կգնա դպրոց։
Ես չեմ կարոտելու այն պահերը, երբ 21-րդ դարում ուրախանում էինք 4 ժամ անց 2 ժամով եկած էլեկտրաէներգիայի, երկու գազարի, թեփով թխված կես հացի համար։
Եվ ես խոստանում եմ քեզ, Արցա՛խ, որ երբեք չեմ շփոթելու այս ամենն իմ անսահման, անծայր, անեզերք կարոտի հետ քո հանդեպ։ Դու իսկապես անպատմելի էիր, ինչպես «տունը» կամ Արցախի բարբառով՝ «տոնը»։ Դու իսկապես տոն էիր։ Եվ ես մինչև կյանքիս վերջ շնորհակալ եմ լինելու, որ դու ինձ ընդունեցիր քո տուն՝ ամենադժվար ժամանակներում։
Եվ մենք դարձանք տուն ու տոն․․․ Որովհետև որոշել էինք պատվով պարտվել։
Ասել է թե՝ ապրել։
Ասել է թե՝ հաղթել։
Սոֆյա Հակոբյան