Երեք հայրենիք ու մի բուռ «մխաշար»

Այնպես պատահեց, որ մի անգամ որոշեցինք ոչ թե ինչպես միշտ կանգ առնել Վանի Նեմրութի հրաբխային լճերի մոտ ու հետ դառնալ, այլ շարունակել ընթացքը այդ խորհրդավոր ու անհասկանալի լեռան՝ ամեն րոպե փակուղի մտնելու պատրաստ ճանապարհով։ Գնանք, տեսնենք, թե Նեմրութի մյուս կողմում ինչ կա մեզ համար։ Իմ խլաթցի ընկեր Գևորգը հազար անգամ խոսել ու նկարագրել է, միշտ պատմել է Նեմրութի՝ առանց հետդարձի ճանապարհի մասին, բայց ինչո՞ւ ենք ամեն անգամ ասել՝ «Մի ուրիշ անգամ», չգիտեմ։ Հետաքրքիր է, ինչ դժվար է տրվում մարդուն անհայտը։
Ասում են՝ հետապնդվող Աղբյուր Սերոբը Խլաթով բարձրացել ու Դատվանով իջել է Նեմրութից մեկ շաբաթ անց, երբ բոլորը կարծել են, որ վաղուց մեռած է մռայլ Նեմրութի ձների մեջ։ Այնինչ այս չափազանց հարուստ ու բարդ բնաշխարհով լեռը նրա ընկերն էր, ինքն էլ նրա, և դրա համար էլ վախենալու ոչինչ չկար։ Կամ էլ կար, բայց չէ՞ որ չկան անվախ մարդիկ, կան նրանք, ովքեր հաղթում են վախը, և նրանք, ովքեր չեն էլ փորձում։
«Անցյալ» ու «ներկա» հայրենիքներ կա՞ն, հարցրի մի օր Խլաթցի Գևորգ եղբորս։
«Նման բան չկա, Սոֆ։ Հայրենիքը հայրենիք է։ Այն չի կարող մի պահ կապված լինել քո հետ, իսկ մյուս պահին՝ ոչ։ Ուրիշ հարց է, որ այնտեղ ուրիշ դրոշներ են ծածանվում, և սա արդեն առիթ է մեզ համար մտածելու մեր բացթողումների մասին։ Այսքանը»։
Ինչևէ, մենք բարձրացանք Դատվանով և իջանք դեպի Խլաթ՝ Նեմրութի խիստ, բազմերանգ ու բազմաբնույթ վայրիվերումները վայելելով։ Հրաբխային լճերի սառնությունն ու անապակությունը, դրանք այդքան պինդ գրկած ու ամենաշքեղ պայմաններում բանտարկած ժայռերը, հազիվ «փսած» (Արցախի բարբառով՝ բուսնած) այն ծակող կանաչակապտավուն բույսերի հոտը, դեղին անթառամներն ու զույգ կատարներից մեծի վրա տեղ-տեղ երևացող ձյունը։ Մեջքիդ հետևում կարծես մի պահ նիրհած, բայց միշտ արթուն ու ամեն ինչ ապրող, ամպերը երեսից ցրել չշտապող, իր հավերժական անշտապ անգերազանցելիությամբ քեզ նայող ու երբեք նեղացածի տեսք չունեցող մեծափառ, մեծահոգի, մեծալույս Վանա լիճը։ Աջից Գրգուռն է իր զիգզագերով ծիկրակում ու կամաց-կամաց անհետանում, որովհետև մենք որոշեցինք առաջ գնալ ու բռնել այս զարմանահրաշ աշխարհի մյուս՝ նոր կողմի ճանապարհը։
Աստվա՛ծ իմ, ա՛խ Աստված իմ, երբևէ ինձ բաժին հասած ամենատեսարաններից մեկն է․ Սիփանը Նեմրութից վայր գլորվելիս։ Այս ի՞նչ օրհնություն ու անեծք է, սրանով ո՞նց ապրես, արի ու մի ասա։ Ահա Սերոբի Թեղուտը, քիչ խորքում Գևորգենց Մեծքը և ընթացքի մեջ հազիվ հեռվում նշմարված Սուրբ Ստեփանոսի բազիլիկը․․․
Խոտը դեռ կանաչ է, գառնուկները ցաքուցրիվ վազում են, իսկ գյուղացին շվարած իր անսարք տրակտորին է նայում։ Սիփանի դիմաց․․․ Սիփանի ամենահոգեցունց տեսարանի առաջ․․․ Սա ի՞նչ օրհնություն ու անեծք է․․․ Աստված իմ․․․
***
Մի անգամ Ասկերանի Պատարայում շատ անդուր անձրև էր գալիս։ Խոնավ, բայց անչափ թարմ էր ամեն ինչ։ Օդը, կանաչը, հույսը։ 2022-ն էր։
Ճիշտ է, մի քիչ ցրտոտ էր մայիսի վերջի համար, բայց հո «թողպ» կար, արցախցիների ամենասիրելի երևույթներից մեկը։ Վերջերս հադրութցի Կարենը Իջևանի մեր տանն էր, պատուհանը բացեց՝ «Մեր սարերն են»․․․ Ասեցի՝ «Էէ, Կարեն, թողպ ա, պեն չի ըրըվաս», Կարենն էլ թե՝ «Թողպը բա փի՞ս պեն ա․․․ Թողպին ենք կարոտ, մի թողպն ինչ ա, որ Էրևան կա վեչ»․․․
Այ այդպիսի թողպ էր այդ օրը Ասկերանի Պատարայում։ Մենք էլ Մհերի հետ «շաշվել», որոշել էինք Կաչաղակաբերդ բարձրանալ։ Եկանք Ստեփանենց տուն, իրերը տեղավորեցինք, մի «յուղ ու ծյու» վայելելուց հետո ճանապարհ ընկանք։ Իհարկե, ինչպես հարիր է մի հադրութեցու ու սասունցու՝ ամենաերկար ու բարդ ճանապարհով։
Հիշում եմ, որ երբ հասանք Պատարայի հայտնի բազիլիկին և ներս մտանք մարմանդ անձրևից պատսպարվելու, քանի Մհերը կատակում էր ներսի անհաջող վերանորոգումից, թե՝ «Հանցա թորքի բանյա ինի», ոտքերս արդեն շատ հոգնած էին, հոգիս ուզում էր թունավորվել ու հետ գնալ։ Սկսեցի հիմար բաներ պատմել Մհերին, որ ամեն քայլարշավ չէ, որ մինչև վերջ հասնելով է իմաստալից, էսպես- էնպես, կարող ենք հետ դառնալ։ Մհերը ինձ երբեք չի համոզել, ոչինչ, այդ օրն էլ է ինձ կամքս փորձարկելու ազատություն տվել։
Գնացինք։
Այդ օրը մենք Կաչաղակաբերդը չտեսանք։ Ոչ, չմոլորվեցինք, ոչ էլ հետ դարձանք։ Մենք հասանք վերև՝ թրջված, սոված ու սառած, բայց բերդի միայն սիլուետն էր երևում թավ մառախուղի մեջ։ Տիպիկ արցախյան «թողպ»․․․
Հոգ չէր, մենք ունեինք այն, ինչ պետք էր երջանկության համար։ Սպիրտի կոճակներով վառված կրակ, մի քիչ խորոված բանան, իրար ու Արցախը։
Հետո ի՛նչ մեծ սիրով էինք արդեն ներքևում՝ Ստեփանենց տաքուկ տանը վայելելու արցախյան լեգենդար «մաչը»՝ բրնձով և չորացրած հոնով լցոնած տնական հավը, որը ես պատրաստել այդպես էլ չսովորեցի։ Հիշում եմ, որ Մհերի մաման 2023-ին կես ճամպրուկ հագուստի հետ մի բուռ չորացրած հոն էր դուրս բերել շրջափակված Ստեփանակերտից։ Հատիկ-հատիկ կտահան արված, ասել է թե՝ «մխաշար»․․․ Եվ եթե ինձ հարցնեք՝ ի՞նչ գույն ունի Արցախը, ես վստահաբար առանց երկմտելու կասեմ․ կարմիր ու սպիտակ։ Հոնի կարմիրը և Կաչաղակաբերդից Շուշի ձգվող թավ «թաղպի» սպիտակը։
Շատ սպիտակ ու շատ կարմիր էիր, Արցախ, երբեմն՝ չափից դուրս։
***
«Անցյալ» ու «ներկա» հայրենիքներ, ամեն դեպքում, լինում են, ներող ըլլաս, Գևորգ եղբայր։ Չէ, միանշանակ ճիշտ ես՝ հայրենիքը հայրենիք է և այն չի կարող բովանդակություն փոխել, այն էլ մեր սխալների արագության չափ արագ։ Հայրենիքն իր եղած-չեղածով, ի վերջո, հազար անգամ ավելի կայուն բան է, քան մենք։ Բայց թույլ տուր մեր մի քանի հայրենիքներին «պատմական», «հյուրընկալ» ու «ամենակարևոր» ածականներ էլ կպցնեմ։
Ինչո՞ւ ոչ։
Որովհետև էական է այլ բան․ այդ հայրենիքներից յուրքանչյուրի անուրանալի դերը մեր այս մառախլապատ, տիպիկ արցախյան «թողպ» պատած կյանքում։ Բանն այն է, որ «պատմական» հայրենիքը, որի գոյությունը ժխտելը անասելի պարզամիտ է, մի բանի համար է եկել մխրճվել այդ «թողպի» մեջ, մյուսները՝ այլ։
Օրինակ՝ ամենակարևորն, անշուշտ, ներկա հայրենիքն է, որը դու ընտրել ես որպես քո երեխաների ապագա ապրելու և արարելու վայր։ Դրանից ավելի կարևոր հողակտոր ու ճշմարտություն դու չունես։ Եվ դա պարզ է, որքան Նեմրութից գլորվելիս Սիփանի անամպ և մաքուր պարզությունը։ Այդ հայրենիքի դերը քո կյանքում հավանաբար հենց քո իսկ լավագույն տարբերակը դառնալն է։ Այլապես՝ ինչո՞ւ ենք Հայաստանում ապրում, չէ՞, եթե չենք անելու լավագույնը, ինչ կարող ենք։ Լոնդոն կա, Լիոն կա, Մոսկվա կա, ի վերջո՝ Սինգապուր էլ կա։ Բայց մենք այստեղ ենք։ Որովհետև մենք որոշել ենք փորձել լինել մեր իսկ լավագույն տարբերակը։
Պատմական հայրենիքն ուրիշ է։ Ինքը սխալների մասին է։ Ինքը հայրն է ու ասում է՝ «խելքդ գլուխդ հավաքիր, թե չէ այ էս օրը կընկնես»։
Ներկա հայրենիքը մայր է, ինքը էդպես չի անում։ Սիրտը չի տանում։ Ինչքան էլ ընկնես՝ ձեռքիցդ բռնում, վերև է հանում, ներում է, գլուխդ շոյում է, հայրիկից թաքցնում նոր կերածդ «ղալաթը»։ Արի ու մի ասա՝ Մայր Հայաստան։
Հետո, դե ուզենք չուզենք՝ հյուրընկալ հայրենիքներ ենք ունեցել այս կյանքում։ Դրանք հյուրատուն կամ ընթացիք մի բան չեն, ո՛չ, տեղը տեղին հայրենիք են։ Ինչպես որ ես կրել եմ ուկրաինական «վիշիվանկան» մեծ հպարտությամբ, և դու՛, Գևորգ եղբայր, վրացերեն խոսելիս զգում ես քեզ, ինչպես տանը։ Դրանք էլ երևի այն հայրենիքներն են, որոնք սովորեցնում են հայերի ամենաչսիրաած բանը՝ իրականությունն ընդունել էնպիսին, ինչպիսին կա և հաշվի նստել աշխարհի լավ կամ վատ իրողությունների հետ։
Մարդ կա բնավ անհայրենիք է, մենք տե՛ս որքանը ունենք։
Արի ու տես՝ հարցը նորից ձևը չէ, այլ բովանդակությունը։
Արի ու տես՝ երբ երբեք չես հարցնում «ինչի մասին է այս հայրենիքը», մեկ-մեկ ձեռքումդ մի բուռ «մխաշարից» բացի ոչինչ չի մնում։
Սոֆյա Հակոբյան