Գույները փոխվում են

Տան փոքրն էր։ Վատ էին ապրում ու բոլոր բարեկամներն ու անծանոթներն ասում էին միաբերան.

-Մի կտոր հաց չունեն ուտելու` չորրորդ երեխան ունեցան։

Գյուղում խոհեմ տատիկներ են ապրում։ Ամեն անգամ նրանք պատասխանում էին.

-Ամեն մի երեխա իր ղսմաթն ունի։ Աստված տվել է, Աստված էլ կպահի։

Դպրոց գնաց սիրուն, սևաչյա Հրոն։ Պարզվեց մեկին գումարած մեկն ամենաարագն ինքն էր լուծում։ Ամենասիրուն շարադրությունն ինքն էր գրում։ Դասատուները միաբերան պնդում էին՝ մարդ կդառնա։

Հենց դասերն ավարտվում էին, արագ տուն էր գալիս։ Տան գործերում փորձում էր օգնել, հարևանները տեսնում էին ինչպես է իրենից ծանր կացինով փայտ կոտրում, հետո էլ կտորները շնորհքով դասավորում պատի անկյունում։ Ասում էին միաբերան՝ մարդ կդառնա։

-Աղչի Անուշ ի՜նչ ճիշտ արիք էս երեխուն ունեցաք։

Ֆուտբոլ էր խաղում ու թեև ամենավտիտն էր բակում, ամենաարագն էր վազում ու գոլեր խփում աներկյուղ, տղերքն ասում էին՝ Ճուտոն մարդ կդառնա։

Մեծացավ՝ մարդ դարձավ։ Թողեց լավաշահոտ ու մարդամոտ գյուղը գնաց մարդաշատ քաղաք։ Գնաց մարդ դառնա։ Գնաց ու կորավ ոտքերի անհաշվելի քաոսի մեջ։

Հոգեբաններն արդեն աներկբա ասում են՝ մարդկանց բոլոր վախերն ու խնդիրները մանկությունից են գալիս։ Նա խնդիրներ ու հոգսեր չուներ։ Կողքից այդպես գիտեին։

Նա հոգեբան չէր, բայց բժշկում էր։ Փաբի բարմենի սեղանին մոտեցող յուրաքանչյուրի հոգեբանն էր։ Չէր նայում նրանց որպես հարբեցողի։ Նայում էր որպես ելք որոնողի։ Անգիր գիտեր՝ ով ինչ է խմում՝ ներքին հրեշներին առժամանակ լռեցնելու համար։

Ինքն էլ էր խմում։ Գործից հետո։ Մենակ։

Ամեն օր նոր պատմություններ էր լսում սերերի, դավաճանների ու անհույս մոլորվածների մասին։ Տեղ-տեղ գտնում իրեն այդ պատմությունների մեջ։ Էն սերերի մասին հենց խոսում էին հիշում էր Արևին։ Իր Արևին։ Էն որ ծագեց ամպոտ մի օր, գրկախառնվեց ու գնաց։ Ամպերն այն կողմ ամպերն անդին։

Սիրե՞լ էր՝ այո՛, սիրո՞ւմ է՝ ո՛չ։ Սա հստակ էր ինչպես և այն, որ փաբի դուռը բացած ու ներս մտած այն ժպտադեմ աղջիկը կպատվիրի Ապերոլ Սպրից ու պանրի գնդիկներ։ Հետո աղի Մարգարիտա ու պանրի չիպս։ Հետո տաքսի կկանչի ու կգնա։ Կգնա տուն թե՞ այնտեղ ուր չեն սպասում։ Իսկ բոլոր տներում սպասողներ կա՞ն։

Իրեն սպասող չկար։

Վաղուց մենակ էր ապրում։ Սովորել էր։ Նկարչուհու գնալուց հետո, երբ նա բոլոր գույները հավաքեց գնաց, մի կանաչ ներկ գտավ դարակում մոռացված։ Տան բոլոր պատերը կանաչ ներկեց։ Կանաչ ճանապարհ հավանաբար, մտածեց  Գնաս բարյավ սեր իմ։

Իմ հորինած, հորինվածք։

Փաբում իր սիրած երաժշտությունն է ու արդեն իր սիրած մարդիկ։ Հարազատացել են։

Իսկ Լուսինը, որ հենց նոր մտավ ներս, ինչպես գիշերը ջնջող մի լույս, բոլոր շանսերը ունի տան պատերի գույնը փոխելու։

-Ինչպես մի՞շտ։

-Չէ՜, կապույտ մի բան լցրու, որ հա՛մ քաղցր է հա՛մ՝ չէ, որ թեթև հարբեմ։ Բայց կարողանամ տուն հասնել։

-Հասցեն գրիր ու անպայման կհասնես։

Զեմֆիրայի «Սիգարետի»-ին օդը լցնող, թափանցիկ քո մարմինը, որ անընդհատ թթվածնի պակասի էր տանում ու հասցեդ ափի մեջ գրված։ Բարմեն դարձած Մարդը կարծես ժամանակի ու տարածության մեջ երջանիկ էր։

Ուրիշները խմում են, մոռանում ու հորինում, ես խմում եմ ու իմ հորինածներին իսկական իմոնցից զատում։

Սխա՞լ է՝ հա՛, օգնո՞ւմ է՝ ո՛չ միշտ, պե՞տք է՝ միանշանա՛կ։

-Տուն գնանք, կապույտը անխղճորեն խփեց, բայց արդար չէ, շատ շուտ եղավ։

-Գնա՛նք, երկար նայելուց հետո գոռաց Հրոն։

Մեկ էլ Հայաստան-Չեխիա խաղի ժամանակ էր այդքան բարձր գոռացել։

Փաբի անկյունում տաքսին սպասում էր։ Երկու օրորվող ստվերներ մոտենում էին։

Պարզվեց ամենասիրելի հասցեները կարելի էր և ափի մեջ պահել։

Երբ մարդու սիրտը տաք է, աշխարհն ավելի սիրուն է։

Ու աշխարհի ամենասիրուն գյուղում երկար սպասված փոփոխություն էր, տան պատերը բաց կապույտ էին ներկվում՝ թեթև հարբեցնող Սևանի ալիքների ու էն կոկտեյլի պես։

Մարդ դարձավ, ասում էի չէ։

Ամեն երեխա իր ղսմաթն ունի։

Աղչի Անուշ, ի՜նչ ճիշտ արիք էս երեխուն բերիք։

 

***

Փշերի մեջ էլ երիցուկներ կան

 

Քամին հյուսիսային էր, բայց կարծես ճանապարհին գրկախառնվել էր հարավից եկած տաք հոսանքների հետ։ Գնում էր անշտապ, անձրևից հետո կուլ տալով թարմ օդն ու կկոցում էր աչքերը քամու ամեն համբույրից հետո։ Քամուն դուր էր եկել պեպենոտ այդ նուրբ դեմքը։ Աղջնակի հետ հազարամյա քամին կարծես պատանի էր դարձել։ Խուտուտ էր տալիս դեմքն ու աղջկա մեղմ ժպիտով տարված՝ պար գալիս։ Ծաղկավոր զգեստը, որ երբեք բնորոշ չէր ջինսեր և կեդեր նախընտրող աղջկան, մի տեսակ  չտեսնված կտավ էր ամբողջացրել։ Շիրակը, որը երբեք կանաչ տարածությամբ աչքի չէր ընկել, զարմանալիորեն աղջնակի ոտքերի տակ օազիս էր փռել։ Ամեն տեղ կանաչ   խաբկանք էր։ Անհոգ աղջնակը հաց ու պանրի բրդուճը ձեռքին անցնում էր դաշտերով հայոց։ Ի՞նչ էր կորցրել, ո՞ւմ էր փնտրում, ի՞նչ էր գտել, ո՞ւմ չէր պահել... անիմաստ հարցեր՝ ժամանակի ու տարածության մեջ։

«Փշերով ծածկված դաշտից էլ մի փունջ երիցուկներ կստացվի հավաքել»։

Ժպտաց այդ մտքից ու դիմացը հայտնված հատուկենտ երիցուկների արևներին վազեց ընդառաջ։

Երևանից էր, մայրաքաղաքից։ Խոսում էր գրագետ ու ասես ամեն բառից մեղր էր կաթում։ Շիրակի բարբառը ամենահումորով ու համովն է, բայց երևանյանի հետ համեմատած կոշտ է ու կոպիտ։

Մենք թիթիզ բաներ չենք սիրէ(ե), մերն ուղիղ է։

-Այ կմտածեմ՝ դու սիրուն ես, շա՜տ սիրուն,- ու կըսեմ էդ մասին:

-Վայ ապրես։

-Ես ընչի՞, մամայիդ ու պապայիդ ըսա՛։

-Դու էլ որովհետև նկատեցիր ու ասացիր:

-Ի՞նչ էրեցի։

-Նը-կա-տե-ցիր։ Նկատեցիր։

-Էհ հա, ես հո՞ քոռ չեմ։

-Վայ, Վան, Վան։

Ծաղիկ կուզեի՞ր, ըսեիր բերեինք։ Գնացել, հասել ես դաշտեր։

-Չէի ուզե, ծիծաղեց, տեսա սիրտս ուզեց։

-Բա ո՞ր դաշտից ես քաղել։

-Էն հեռվի, որ փշերով է լի։

-Դե աբռիս աղջի՛կ ջան, մեզ էլ ամոթ։ Երևանից եկել հասել ես օր փշերի մեջից ծաղիկ հավաքես։

-Տե՛ս, ի՜նչ սիրուն են։

-Ահա։ Դու ավելի սիրուն ես։

Ամոթխած սերը լուռ պատանուց քամում էր բառեր, որոնք սրտում բանտված մնալու փոխարեն հնչում էին։

Գյուղի մաքուր օդը, Վանը ու փշերից գողացած երիցուկները տարիներ հետո  կդառնան թանկագին հիշողություն։ Աղջնակը կմեծանա ու ներկան ապրելու տեղը ապագայի հոգսերով ծանրաբեռնված կլինի։ Ժամանակները կստիպեն, որ գեղեցիկ սեռը նաև ուժեղ լինի։ Ամեն անգամ, երբ հերթական հոգսաշատ օրվա վերջում տուն գա, կնայի նկարին որ մնացել էր հեռու գյուղից։ Նկարում մի պեպենոտ աղջիկ էր երիցուկների փունջը ձեռքին, մի վերքոտ ոտքերով նիհարիկ պատանի ու հին սև քարերով տուն։

Ու կլինի փոքրիկ հուշում ձեռագիր գրված ու փակցված շրջանակի վրա.

«Փշերով ծածկված դաշտից էլ, եթե ուզես, մի փունջ երիցուկներ կստացվի հավաքել»։

Նայեց, թախիծով լի աչքերը ժպտացին։ Լսվեց՝ միշտ։

Հաջորդ օրը՝ ճամպրուկը ձեռքին, ծաղկավոր զգեստով անցնում էր մի պեպենոտ գեղեցկուհի Շիրակի դաշտերով։ Հիասքանչ տեսարան էր, մի իսկական կտավ բաց երկնքի տակ։

 

Շուշանիկ Գյոլչանյան