Հեքիաթը՝ Տալվորիկը

Դատարկ է Տալվորիկը։ Բայց և փառավոր։ Մի ամայի խորությամբ, մի երևելի լույսով ու սարսափելի գեղեցկությամբ գալիս ու տպվում է հոգուդ մի երեսին ու գնում։ Գնում է, որովհետև Տալվորիկը շատ լինել չի կարող։ Ինչպես վայելքը մարդու կյանքում պետք է չափ ու սահման ունենա, որ մարդ չմոռանա իր երկրային պարտքերի ու օրվա հարցի մասին, այնպես էլ Տալվորիկը չի կարող շատ լինել, որ չմոռանանք՝ ուր ենք, ով ենք, ինչու ենք։
Տալվորիկում չենք։
Այս ահարկու սևածայր ու սրածայր ժայռերը ներքևից հոսող փիրուզն առած ու պապանձված, այս կքած նռնենիների՝ արևի հետ պարող վարդագույնը, այդ փիփերթի դաշտերի պարզությունն ու այդ երկաթ ծնող անընկալելի լեռները։ Այդ ամենը կարծես արարվել, ապրվել ու լքվել է հենց այդ մեկ պահի մեջ քարացած մտքի գիտակցման, վերևից ներքև իջնելու համար, հիշելու, թե մենք ուր ենք։
Տալվորիկում չենք։
***
Տալվորիկը Սասունի, թերևս, միակ շրջանն է, որտեղ հայեր չեն մնացել։ Ասում էին՝ Գելիեգուզանը Սասունի սիրտն էր, իսկ Տալվորիկը՝ երկաթե դարպասը։
Այդպես էլ կար, ճիշտ էին ասում։
9 գյուղից բաղկացած այս փոքրիկ աշխարհում ընդամենը մեկ ելք ու մուտք կար, արտաքին աշխարհի հետ կապող մի բարակ թել՝ Տալվորիկի Սատանի կամուրջը։ Տալվորիկի ջրի վրա թառած քարե կամրջից, իհարկե, ոչինչ չի մնացել, իսկ Տալվորիկը ճեղքող ու շրջանցող ճանապարհներ կառուցել դեռ ջանում են ու ջանում։
Դատարկ է Տալվորիկը։ Ամառվա տապը, ձմեռվա բուքը, լեռները և ճակատագիրը սրբում տանում են տներ, հետքեր ու մարդիկ։ Ճանապարհ փորող մեքենաների անբնական ու տկար աղմուկը փոշի է հանում ու խլանում ամայի խորքի մեջ։
Չեմ հիշում, ես մարդ չեմ հիշում Տալվորիկում։ Միայն երբեմն կանաչաչյա Գյուլայշեն է երևում հոգնած մտքիս՝ նուրբ ասեղնագործ լաչակով Բարձր քարից դեպի Փուրխ և դիմաց՝ Խլհովիտ նայելիս, որտեղից Տալվորիկի ջուրը բաժանում է այսօր Տալվորիկը Բաթմանի ու Դիարբեքիրի նահանգների միջև։
Շատ գեղեցիկ ու խելացի էր Գյուլայշեն։ Բիբարի սերմ ու իր ամիսների աշխատանք ասեղնագործ շալը նվիրեց ինձ։ Հայերը նման մուգ գույն ոչ կրում են, ոչ նվիրում։ Շատ լուսավոր էր Գյուլայշեն։ Ոնց որ այն մարդու ծոռը չլիներ, որը դատարկել, ամայացրել ու կարծես անեծքի տակ է թողել եդեմական Տալվորիկը։
***
Խոր աշնան այդ մեղմ, բայց ժամ առ ժամ սաստկացող առավոտյան ցուրտը միանգամից կոտրվում է սաստիկ տաքությամբ ու այրվող երկաթի թշշոցի հաճելի ձայնով։
Տին-տին, տին-տին, տին-տին․․․․
Անսպառ ուժով ու ուղղամտությամբ է իջնում փոքրամարմին Ֆեհմի պապի ահռելի մուրճը վառարանից դուրս եկող մանգաղի ծայրին։
Տին-տին, տին-տին, տին-տին․․․
Հավասարաչափ, տոկուն, արագ։
Տին-տին, տին-տին, տին-տին․․․
Մի կողմից Ֆեհմին, մյուս կողմից՝ թոռը՝ Աբդուլլահը։
Տալվորիկի երկաթագործների վերջին սերունդը։
Եվ ֆեհմիի՝ Հովհաննես հայրիկից հիշած միակ նախադասությունը․
«Դե զարկե՛ զարկե՛, դե զարկե՛ զարկե՛»․․․
Տալվորիկից 30 կմ այս կողմ ենք, մեկ սար այս կողմ, ուր նրանք մեկ դար է՝ չկան։
Ես, Ֆեհմի պապը, Աբդուլլահը և մյուսները մեկ դար է ո՞ւր ենք, ո՞ վ ենք, ինչո՞ւ ենք։
Կանք։
Բայց Տալվորիկում չենք։
Ո՞ր մեկն է ավելի կարևոր։ Ամեն մեկս ինքը կորոշի։
***
-Վերջը ասում ես տղաների համար հարմար հարսնացու կա՞ հա էդ կողմերում, - Ֆեհմի պապի գործնական և խիստ դեմքը մի ակնթարթում այնքան ճարպիկ ու միաժամանակ անմեղ տեսք ընդունեց, որ ծիծաղս դժվար էի զսպում։
-Դե, դա հեշտ է, Ֆեհմի պապ, կարևորը տղան համաձայնի Հայաստան գալ։
-Չէ, այ էդ մեկը չեղավ։
-Ինչո՞ւ։
-Հին ադաթն ինչպես որ է՝ այդպես պետք է լինի։ Աղջիկը պիտի գա։ Մեզանում այդպես է։
-Է հա, մեզանում էլ է այդպես, բայց հիմա իրավիճակն ուրիշ է։ Հայաստանը պետք է ծաղկեցնենք, այնտեղ մարդիկ պետք է շատանան, հայրենիքը շենանա։
-Հայրենիքն այստեղ է։
․․․Մինչև ո՞ւր է հայրենիքը, ումն է ու չափման ինչ միավորներ ունի՝ չգիտեմ։ Այս մասին դեռ շատ են մտորելու, վիճելու, և դա հրաշալի է։
Իմ հադրութեցի Մհերը վերջերս ավելի հաճախ է կրկնում, որ Ստեփանակերտում մնացած 10-15 հոգին «դավաճաններ» են։ Ֆեհմի պապին ես, իհարկե, այդ մասին չեմ պատմի։ Եվ, ի վերջո՝ ի՞նչ կարևոր է, թե որ ծայրից են նրանք հյուսում իրենց մտքի հայրենիքը, եթե երկուսն էլ երկաթ ծռելու պես տաժանակիր, բայց մեծ, անսահման հպարտությամբ են անում այն, ինչն ունակ է պահել այդ հայրենիքի՝ ամեն փոթորիկից հետո նորից ծլող ինքնությունը։
Ինչպես Սասունի այն ընկույզը, որ Ստեփանակերտի մեր պատշգամբում աճեց, ծլեց, չորացավ, հետո նորից ծլեց։
***
Իսկապես փառավոր է Տալվորիկը, ինչ մեղքս թաքցնեմ։ Եթե նույնիսկ շատ ուզեմ պաթետիկ չերևալ, չեմ կարող չասել՝ հեքիաթ է Տալվորիկը։
Երևի արդեն բազմիցս ասել եմ, որ նման տեղերը խոսում են, գոռում են այն մասին, որ հայրենիքը երբևէ մեր կարիքը չունի փառավոր լինելու, փառավոր մնալու համար։
Դատարկ է Տալվորիկը։ Եվ ի՞նչ։ Ոչինչ։
Ֆռֆռքարը նույն սրությամբ է վեր խոյանում, Տալվորիկի ջրի փիրուզի փայլից ոչինչ չի պակասել, Տալվորիկի նռան համից՝ նույնպես։
Մենք Տալվորիկում չենք։
Եվ ի՞նչ։
Ոչինչ։
Եվ որքան տարօրինակ, բարդ ու ճշմարիտ է իսկապես տեսնել ու զգալ, որ այդ ամենը կարծես արարվել, ապրվել ու լքվել է հենց այդ մեկ պահի մեջ քարացած մտքի գիտակցման, վերևից ներքև իջնելու համար, հիշելու համար, թե մենք ուր ենք։
Սոֆյա Հակոբյան