Հին ու նոր կամ՝ մեր ու իրական Խարբերդը
Ուղիղ 11 տարի առաջ էր, երբ առաջին անգամ եկա Խարբերդ։ Ոչ այն, որ Երևանի կողքին է, այլ իրականը՝ այն անիրական երկրում։ Դիարբեքիրից մոտ 3 ժամ էր տևում ավտոբուսով ճամփորդությունը դեպի Էլյազըղ՝ 17-րդ դարում հին Խարբերդի կողքին աճած քաղաք, որն այսօր համանուն նահանգի կենտրոնն է։ Էլյազըղից արդեն ընդամենը մի քանի րոպեում երթուղայինով կարելի էր հասնել հին քաղաք, նույն ինքը՝ Խարբերդ, որի երբեմնի փառքի փշրանքները քարացել են պատմական քաղաքի ամրոցի, ուրվական դարձած հին թաղամասերի բաղնիքների, լքված վանքերի հազարամյա շնչի շուրջ։ Այդ շունչը կա, զգացվում է տեղի տաք, երբեմն խեղդող օդում, ինչպես մի զգացողություն, որը մնում է մահացածից հետո իր տանը։ Մենք նստեցինք այն երթուղայինը, որը վերջին շաբաթում երրորդ անգամ պետք է մեզ տաներ հին Խարբերդ, ուր այլևս չկային հայեր, նստեցինք Էլյազըղից, որտեղ կային զազաներ, քուրմանջի քրդեր, դերսիմցի տեղահանվածներ և ուր ժամանակին կար դերձակ Վահանի հայտնի «դուքքյանը», այն Վահանի, որը Փարիզում սովորել ու վերադարձել էր հայրենի քաղաք՝ վերապրած լինելով սարսափելի ցեղասպանությունը, մի խոսքով՝ նստեցինք ու գնացինք։ Սիրիացի փախստական աղջիկը դրամ խնդրեց մեզանից և հրաժարվեց իմ մեկնած «սիմիթ» հացից։ Այդ օրը ես ու Սասունից Բիլալը, ով լրագրություն էր սովորում Էլյազըղի «Եփրատ» համալսարանում, և ում տատին մեկ դար առաջ ցեղասպանությունից փրկել էին Շեկո տան քրդերը, Խարբերդի ամրոցի բարձունքից հին քաղաքին նայելիս խոսքի մեջ հասկացանք, որ ազգական ենք։ Հեռու։ Եվ մոտիկ։ Շատ խառն էր այդ օրը Էլյազըղը։
***
Դրախտային Երզնկայից ու Դերսիմից «ներքև», բոլոր իմաստներով խանձված Դիարբեքիրից «վերև» է Խարբերդը՝ Արաբկիրի փառահեղ լեռներն ու դաշտը հյուսիս-արևմուտքում թողնելով, մարդկային աչքը ոչ մի կերպ չկշտացնող Բերդակն ու այն շրջապատած մնձուրյան ջրերը աջ թևի վրա տարածած։ Դժվար է երևակայել Խարբերդի նշանավոր դաշտը մոտ մեկ դար առաջ, որտեղ ծաղիկների հոտից մինչև այնտեղ արածող կովերի զանգուլակների ձայնն ու մարդկանց երջանիկ քրքջոցը և այն արևը, որն այդքան սիրում են ծիրանն ու թութը, կեռասն ու նուշը, զգալ են տալիս քեզ շարված այդ բառերը։ Եփրատի ավազանում կա՞ տեղ, որն այսքան դյութիչ չէ․․․ Չկա՛։ Եվ, արի ու տես, Խարբերդը, այն Խարբերդը, որ «Գորշ գայլերի» գերին է այսօր, ուղիղ Եդեմի մեջտեղում է փռված․․․
Այ քեզ կյանք, այ քեզ բախտ, այ քեզ․․․
Պոլսից տիկին Նատալին․․․ Որն այդքան նազիկ ձևով էր ամեն առավոտ կապում ձեռքի բարակ ոսկյա ժամացույցն ու դանդաղ քսում ձեռքերի կրեմը, նույնքան շուքով էր սիրում պատմել, թե Վարդավառի տոնին, երբ փոքր էր և երբ ամբողջ թաղամասով լցվում էին Թիլ գյուղ գնացող ավտոբուսը, վրաններ փռում և անցնում տոնական պատրաստության, այդ օրերի Էլյազըղում մարդիկ կրում էին փողկապ և «շափքա», մինչդեռ այսօր «բան մը չմնաց հոն»։
Հոն, ուր մինչև օրս «լոբիկ» ճաշ ու «փաթիլե» հաց են թխում մեր նախկին հարևաններն ու քաղաքի ներկա բնակիչները, հոն, ուր ասորական եկեղեցու դիմաց ոստիկանություն է կանգնած՝ անվտանգության նպատակով, և ի վերջո՝ հոն, ուր ասորի քահանան վախեցավ մեզ ներս թողնել, լսելով, որ Հայաստանից ենք․․․
Այո, դժվար է երևակայել։
***
Բերդը, որն այդ պահին ինձ այդքան էլ չէր հետաքրքրում, քանի որ դեռ չէի սկսել իմ զբոսավարական կարիերան, ինչ խոսք, վայելուչ էր։ Բայց ես քաղցած էի։ Հնչեց օրվա երրորդ ազանը, շոգ էր ու հոգնեցուցիչ էր պտույտը, որին ես պատրաստ չէի։ Հին հայկական թաղամասի ամենախորքում, որից գրեթե ոչինչ չէր մնացել, կիսով չափ պահպանված էր հին հայկական բաղնիքը։ Հենց այդտեղ էին որոշել բացել «Գորշ գայլերի» երիտասարդական թևի գրասենյակը Խարբերդում։ Լավ գաղափար է, ինչ խոսք։
Իջանք մի սրճարան, ուր միայն թեյ կար։ Ես այդ ժամանակ ոչ միայն դեռ զբոսավար չէի, այլև զինվորականի կին չէի, հետևաբար՝ հաճախ որևէ բան էի անում՝ նոր մտածում, ինչպես նաև այդքան էլ գաղտնապահ չէի։ Ո՛նց էին փայլում աչքերս, երբ նորահայտ ազգականիս՝ Բիլալին ցույց եմ տալիս հայաստանյան անձնագիրս՝ առաջին էջին Սասունցի Դավթի պատկերով։
«Տես է՛, ասեիր՝ չէի հավատա», -իր հերթին անթաքույց զարմանք ու հիացմունք է հայտնում երիտասարդ լրագրող ու սասունցի Բիլալը, ու մի քիչ էլ սիրտ հավաքելով, թե՝ «Իսկ ես սրանից երբևէ ունենալ կարո՞ղ եմ»․․․
Եթե իմանայի՛ր, Բիլալ, թե դրանից հետո որքան արյուն ու ջանք թափվեց այդ ինքնությունը պահելու համար։ 2020-ից հետո ես ու դու միշտ այդ մասին խոսել ենք շատ զուսպ և զգույշ՝ քո տեղն ու դերը հաշվի առնելով։
Ինչ արած․․․
Երեկոյան, երբ վերադարձանք Դիարբեքիր՝ տիկին Մարալենց տուն, վերջինս պատմեց, թե ինչու է այդքան երկար սպասել մեզ սրճարանի մուտքի մոտ, ոչ թե ներսում։ Իմ անձնագրային շոուից հետո մի քանի բեղավոր երիատասարդ գնացել են «բաղնիք» և վերարկուների տակ փայտե մահակներով վերադարձել սրճարան, դրսի սեղանների մոտ լուռ տեղավորվել։ Իր հերթին տիկին Մարալը, որը Էրզրումից Խոսրով աղայի թոռն էր, դուրս էր եկել դեպի այդ հատված, կանգնել նրանց համար տեսանելի տեղում, ձեռքը դրել պայուսակին ու նայել նրանց աչքերին։ Գայլուկները կարծել են, թե կինը զենք ունի և արագ ցրվել, լուծարվել են հին թաղամասի՝ անցյալը մաքրած փողոցներում։
«Հոն», ուր մինչև օրս «լոբիկ» ճաշ ու «փաթիլե» հաց են թխում մեր նախկին հարևաններն ու քաղաքի ներկա բնակիչները, հոն, ուր ասորական եկեղեցու դիմաց ոստիկանություն է կանգնած՝ անվտանգության նպատակով, և ի վերջո՝ հոն, ուր ասորի քահանան վախեցավ մեզ ներս թողնել, լսելով, որ Հայաստանից ենք․․․
Այո, դժվար է երևակայել։
Սոֆյա Հակոբյան