Ջոտտո՝ հայկական նոր վերածննդի վարպետը

Հայ գեղանկարչության համար անսովոր հեղինակային մաներա և ներկապնակ ունեցող Ջոտտոն (Գևորգ Գրիգորյան) մեկընդմիշտ հավատարիմ մնաց իր որդեգրած սկզբունքներին։ Նա անզիջում էր նույնիսկ անհատի պաշտամունքի տարիներին, վերապրեց ահեղ ժամանակները և 1960-ականներին վերադարձավ Մայր հայրենիք, այդպիսով մաս դառնալով ոչ միայն վրացահայ, այլև հայրենի մշակութային իրականությանը։ Հայկական նոր վերածննդի տարիներն էին․ խորհրդային Հայաստանը ղեկավարում էր արդարամիտ ու ազգասեր Յակով Զարոբյանը, Ջոտտոյի հովանավորներից էր հայկական գիտական մտքի զարթոնքի առաջամարտիկներից Արտեմ Ալիխանյանը։ Բազում արգելքներ, անասելի խոչընդոտներ դիմագրաված նկարիչն իր կյանքի մայրամուտին ստեղծագործական նոր վերելք ապրեց, արժանացավ համընդհանուր ուշադրության և արվեստասերների համակրանքին, թո՛ղ որ ուշացումով՝ ներկայացվեց հեղինակավոր ցուցասրահներում և հետմահու ունեցավ իր արվեստանոց-թանգարանը։
Ջոտտոն նախ և առաջ թիֆլիսահայ գեղանկարչության ավանդույթների շարունակողն էր։ Դա դրսևորվում էր զուսպ գույներին (նրա դեպքում՝ կապույտին և դեղնականաչին) տրվող նախապատվության, ընդհանրացման ձգտման, ձևային ազատ մտածողության, ներքին ռիթմի գերակայության մեջ։ Սակայն նրան առանձնահատուկ բացառիկություն էր հաղորդում նախավերածննդյան իտալական արվեստին հատուկ տարածական ու գունագծային լուծումների համատեղումը կուբիստական վերացարկման հետ։ Այստեղից էլ ծագել է նկարչի կեղծանունը, որն ընդգծում է իտալացի վարպետ Ջոտտո դի Բոնդոնեի հետ հոգեհարազատությունը (վերջինս իր դիմանկարներում ձգտում էր լույսի և ստվերի միջոցով ստանալ եռաչափ տարածության տպավորություն): Ի դեպ, հայտնի է, որ Եղիշե Չարենցն իր աշխատասենյակում կախել է Ջոտտո դի Բոնդոնեի ստեղծած Դանթեի և Պետրարկայի զուգապատկերը, ու ըստ վարկածներից մեկի՝ հենց նա է Գրիգորյանին Ջոտտո կոչել։
Հայոց Ջոտտոն՝ Գևորգ Գրիգորյանը ծնվել է 1897-ին՝ Թիֆլիսի Ճուղուրեթի թաղամասում։ Յոթ տարեկանում կորցրել է հորը ու ստիպված է եղել հոգալ բազմանդամ ընտանիքի ապրուստը․ ծառայել է մազութի պահեստում, վարսավիրանոցում, աշխատել որպես ցրիչ, ապակի տեղափոխել, կրպակում միրգ ու գրքեր վաճառել։ Թղթե պարկերը սոսնձելիս դրանց վրա մարդկանց, ծաղիկներ և կենդանիներ է պատկերել՝ գրավելով գնորդների ուշադրությունը։ Այդ օրերին է նրա հետ ծանոթացել վրացի նկարիչ Լադո Գուդիաշվիլին, որը բարձր էր գնահատում Ջոտտոյի տաղանդը։ 1916-1919թթ․ Գրիգորյանը սովորել է Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակագործության դպրոցում, որտեղ նրա ուսուցիչը Եղիշե Թադևոսյանն էր։ Դպրոցի սաների 1918թ․ տեղի ունեցած ցուցահանդեսում Գրիգորյանի գործերը նկատել և իր հոդվածում արժևորել է բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկին։ Երիտասարդ Գևորգը հաճախ է եղել Թիֆլիսի Հայ արվեստի տանը, որտեղ շփվել է Թումանյանի, Չարենցի, Դեմիրճյանի և ուրիշների հետ։ Ջերմ հարաբերություններ է ունեցել ինքնուս գծանկարիչ Վանո Խոջաբեկյանի հետ։ 1921-1923 թթ․ ուսումը շարունակել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական արվեստանոցներում (Վխուտեմաս)՝ որպես բացառություն միանգամից ընդունվելով երկրորդ կուրս։
Արդեն 1920-ականներին ձևավորվեց Ջոտտոյի ուրույն ոճը, որը լավագույնս արտահայտվեց այդ շրջանի նրա մի շարք աշխատանքներում («Հայկուհու դիմանկարը» 1922, «Հովհարով աղջիկը»1926, «Մոր դիմանկարը» 1929, «Նատյուրմորտ։ Մրգեր» 1929, «Հերոսի մահը» 1929 և այլն)։ 1927թ․ հեղափոխության 10-ամյակի մոսկովյան ցուցահանդեսին ներկայացված նրա «Առաջնորդի մահը» և «Ստեփան Շահումյան» կտավներն արժանացան մամուլի դրվատանքին։ 1929-ից Ջոտտոյի նկարները ցուցադրվում էին նաև հայաստանյան ցուցահանդեսներում։
Ջոտտոյի մասին գրականությունում առկա են կցկտուր վկայություններ, որ նա 1920-1930-ականներին Թիֆլիսում զբաղվել է հայերեն գրքերի ձևավորմամբ․ մեզ հաջողվեց գտնել երեք հրատարակություն՝ Հակոբ Աղաբաբի «Պախրախոտը», Ծերուն Թորգոմյանի «Կանաչ բարձունքները» (երկուսն էլ՝ 1935) և Մարգարի «Չալիկը» (1936)։ Նկարազարդումներում ակնառու է Ջոտտո-գրաֆիկի՝ արդեն ձևավորված ոճը՝ կյանքի քնարական պատկերմամբ, երկարավուն, կոր գծերի կիրառմամբ, կուբիզմին բնորոշ երկրաչափական մասնատումներով։ Ըստ ամենայնի՝ Ջոտտոյի անունը կարող է դասվել ժամանակի առաջադեմ հայ նկարիչ-ձևավորողների շարքին։ Ափսոս, որ կտրված լինելով հայ գրահրատարակության կենտրոնը դարձած երևանյան միջավայրից, նա զգալի ազդեցություն չի ունեցել դրա զարգացման վրա, ինչպես, ասենք, Հակոբ Կոջոյանը կամ Տաճատ Խաչվանքյանը։ Հետաքրքիր է, որ ի տարբերություն Ջոտտոյի գեղանկարներում տիրապետող զուսպ երանգների, նրա գծանկարները հաճախ կենսալից են, գունավառ։ Ժամանակին արվեստաբան Կիրիլ Զդանևիչն է նկատել, որ Ջոտտո-գրաֆիկը բոլորովին տարբեր է Ջոտտո-գեղանկարչից։
Ջոտտոն հիմնականում ստեղծել է նատյուրմորտներ, բնապատկերներ և, իհարկե՝ դիմանկարներ։ Նույնիսկ կոմպոզիցիոն գործերում նա հաճախ կենտրոնանում է մարդկանց դեմքերի վրա․ դրա վառ օրինակ են «Առաջնորդի մահը» և «Չարենցը և Կոմիտասը» (1974) կտավները։ Իր լավագույն դիմանկարներում նկարիչն արտաքինից առավել արտահայտել է կերպարի ներքին բովանդակությունը, ավելի ճիշտ՝ իր վերաբերմունքը դրա հանդեպ։ Այսպես, քնարական, գրեթե եթերային է «Երիտասարդ Չարենցը» (1926), իսկ «Ստեփան Շահումյանը» մթագնած է, ասես նրա հոգում հակամարտում են բարին ու չարը, մարդկայինն ու վայրենականը։ Չարենցի դիմանկարներից մեկը Ջոտտոն ստեղծել է չարագույժ 1937-ին․․․
Դժվար թե նա հաղթահարեր այդ տարիները, եթե նրա կողքին չլիներ հավատարիմ կողակիցը՝ վրաց-գերմանական արմատներով բանաստեղծուհի և նկարչուհի Դիանա Ուկլեբան։ Նրանք պատահաբար հանդիպել են 1926-ին՝ Քութայիսում, և Ջոտտոն ստեղծել է 16-ամյա ոսկեծամ աղջնակի դիմանկարը։ Ճակատագրի բերումով նրանք վերստին հանդիպել են ուղիղ տասը տարի անց և այլևս երբեք չեն բաժանվել։ Իր իսկ խոստովանությամբ՝ առաջին անգամ տեսնելով Ջոտտոյի նկարները, Դիանան հասկացել է, որ չի կարող բաժանվել դրանցից ու դրանց հեղինակից։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին Ջոտտոյի աշխատանքները խստորեն քննադատվել են տիրող գաղափարախոսության դիրքերից, ու նա հեռացվել է նկարիչների միությունից։ Նկարչություն դասավանդելով դպրոցում՝ նա գրեթե ոչինչ չի վաստակել և ապրուստի հոգսն իր վրա է վերցրել անձնազոհ Դիանան։ Իսկ երբ կտավ գնելու համար գումար չեն ունեցել, Դիանան աղբամաններում նկարչի համար ստվարաթղթի կտորներ է որոնել։ Հայտնի է, որ վախի և հուսալքության պայմաններում Ջոտտոն ստիպված կրակին է հանձնել շուրջ 300 աշխատանք։ Դժվարին օրերին նկարչի հանդեպ Դիանայի հավատն է միայն նրան ապրելու ու արարելու ուժ ներշնչել․․․
Ջոտտոյի ստեղծագործությունների շարքում իր ողբերգականությամբ առանձնանում է ընտանիքը կորցրած էրզրումցի գաղթական Մանուշակի դիմանկարը (1929)։ Ի՞նչ բուռն հույզեր են փոթորկվել արտաքինից հանդարտ ու զուսպ արվեստագետի հոգում, որ սոցիալիստական վերելքի ու կեղծ լավատեսության տարիներին արարել է այդ ահասարսուռ, նմանը չունեցող գործը։ Հայոց ցեղասպանության թեմային նկարիչն անդրադարձել է ամբողջ կյանքի ընթացքում («Էրզրումցի կինը», «Ռեքվիեմ», նաև կուբիստական մտածողությամբ, մռայլ գույների գերակայությամբ է ստեղծված «Ողբ Կոմիտասի» (1965) կտավը։
1922 թվականից Ջոտտոնն ապրել է Թբիլիսիի այժմյան Ասաթիանի-Մաչաբելի փողոցների անկյունային տան կիսանկուղային հարկում՝ ծայրահեղ չքավորության պայմաններում։ Նա սերտորեն կապված էր Հայաստանի հետ, կնոջ ուղեկցությամբ հաճախ էր լինում Երևանում, որտեղ էլ նրանք վերջնականապես հաստատվեցին 1962 թվականին։
Ջոտտոյի ստեղծագործության հանրահռչակման գործում կարևոր դեր խաղաց անվանի ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանը, որի գլխավորած ֆիզիկայի ինստիտուտի հանրակացարանում միառժամանակ ապաստանեցին ամուսինները։ Ի տարբերություն հայաստանցի այն նկարիչների, որոնք նախապատվությունը տալիս էին վառ գույներին ու օտարների ընկալմամբ ավելի էկզոտիկ էին, Ջոտտոյի արվեստը հարազատ էր հյուսիսցի մտավորականությանը։ 1966-ին Մոսկվայի Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտի մշակույթի տանը բացվեց Ջոտտոյի ցուցահանդեսը, որը նշանակալի իրադարձություն դարձավ։ Ջոտտոյին բարձր էին գնահատում Լև Սլավինը և Լուիս Օրտեգան, նրան այցելում էին Լեոնիդ Ենգիբարյանը և Անդրեյ Սախարովը, Ալեքսանդր Դիմշիցը և Միխայիլ Դուդինը, Լյուդմիլա Մոտալովան և Եվգենի Եվտուշենկոն․ ըստ վերջինիս՝ այն, ինչ Աստված տվել է Ջոտտոյին, քչերին է տվել։ Եվտուշենկոն նաև բանաստեղծություն է նվիրել նկարչին։ Սուրեն Զոլյանին գրած իր նամակում մշակութաբան Յուրի Լոտմանը նշել է․ «Դուք երևի հիշում եք, որ հանգուցյալ Ջոտտոն (Գրիգորյանը) ինձ նվիրեց մի գեղանկար և երեք գուաշով արված աշխատանք։ Իմ պատերից կախված նրա երկու նկարների, ինչպես և իմ կողմից անկեղծորեն սիրված այս հրաշալի նկարչի և մարդու շատ այլ նկարների թեման 1915 թվականի ցեղասպանությունն է: Դրանք միշտ իմ աչքի առաջ են. ես չեմ կարող մոռանալ հայ ժողովրդի տառապանքների մասին»:
1965 թվականին Երևանի նկարչի տանը տեղի ունեցած Ջոտտոյի առաջին անհատական ցուցահանդեսի առթիվ (նա այդ ժամանակ 68 տարեկան էր) Գևորգ Էմինը գրել է․ «մեր գեղանկարչությունը հարստացավ ևս մի լավ և ուրիշներից տարբեր նկարչով»։ Միևնույն ժամանակ, Ջոտտոյի երևանյան գործընկերները թերահավատությամբ էին վերաբերում նրան։ Երվանդ Քոչարը նույնիսկ դեմ էր, որ Ջոտտոն Երևան տեղափոխվի, 1960-ականներին նրանց հարաբերությունները լարվեցին այն աստիճան, որ Ջոտտոն հրաժարվում էր գնալ իր երբեմնի բարեկամի տուն։ Դիանա Ուկլեբայի խոսքերով՝ գալով Ջոտտոյի անհատական ցուցահանդեսին, Քոչարն ասել է․ «Հավաքիր ցուցահանդեսդ ու գնա քո Թբիլիսին։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում գործերդ, որ ցուցադրում ես»։ Ապագայապաշտական նորարարությունների ջատագով Քոչարը Ջոտտոյի նկարչական մաներան համարել է հնաբույր, «բարձր արվեստից» զուրկ։ Իհարկե, նրանց փոխադարձ անհանդուրժողականությունն ավելի շուտ խաղ է եղել, քան իրական դիրքորոշում․ Դիանա Ուկլեբայի ճշգրիտ բնորոշմամբ՝ «հավանաբար իրար հոգու հետ էին խաղում՝ առանց ներքին չարության ու նախանձի, պարզապես մեծ մարդկանց տարօրինակությամբ․․․»։
Հակասական են ժամանակակիցների վկայությունները Ջոտտոյի մասին․ անշուշտ, նա բարդ բնավորություն է ունեցել, եղել է կամային ու ծայրահեղ ազնիվ անձնավորություն, չի հետապնդել խմբակային շահեր, ուստի Երևանում էլ գտնվել են նրա կյանքը պղտորողներ։ 1967թ․ Ջոտտոն «Soviet Life» ամսագրի թղթակցին ասել է․ «Ես նկարում եմ իմ նյարդերով ու արյամբ․ արվեստի ամենահիմնական բաղկացուցիչն անկեղծությունն է»։
Տեղափոխվելով հայրենիք՝ տարեց ու հիվանդ արվեստագետն ասես վերագտավ իրեն, նոր թափով սկսեց աշխատել։ Նա ստեղծեց մի շարք յուրահատուկ, մեծարժեք գործեր, որոնք կարևոր ներդրում էին 1960-1970-ականների հայկական կերպարվեստում։ Բավական է նշել «Մայրս ու ես» (1972) բազմախորհուրդ կտավը, որը միջնադարյան սրբապատկեր է հիշեցնում։
Ի տարբերություն թբիլիսյան բնանկարների, որոնցում գերակշռում էր կանաչը, Ջոտտոյի երևանյան շարքն ավելի գունեղ էր։ Խիզախ ավանգարդիստական ընդհանրացումներով է լուծված «Ստեղնաշար և ծիծեռնակ» (1965) կտավը։
Հայաստանում Ջոտտոն վրձնեց հայ և օտարազգի անվանի գործիչների դիմանկարների շարք։ Նա նշում էր․ «Գլխավորը, ինչն ինձ հետաքրքրում է՝ մարդու ներաշխարհն է, հայի, իմ հայ ժողովրդի լավագույն կարողությունները, ես ուզում եմ ընդգծել նրա վեհությունը»։ Խորհրդանշական զուգադիպությամբ՝ նկարչի վերջին գործը, որն անավարտ մնաց, «Խաչելությունն» էր՝ այդքան համահունչ արվեստագետի ապրած կյանքին։
Դիանան նշում էր, որ իրենց կյանքում շատ են եղել ճակատագրական համընկնումները․ երկուսն էլ ծնվել են նոյեմբերի 25-ին՝ 13 տարվա տարբերությամբ, առաջին անգամ հանդիպել են ամուսնությունից տասը տարի առաջ ու մոռանալով այդ մասին՝ վերստին ծանոթացել, իսկ Ջոտտոն մահացել է իր ծննդյան նախօրեին․․․ 40 տարի Ջոտտոն և Դիանան անբաժան էին, հայ նկարիչն առանց իր կողակցի որևէ տեղ չէր գնում, նրանք միշտ քայլում էին՝ իրար ձեռք բռնած․ մահանալիս էլ Ջոտտոն մինչև վերջ բաց չի թողել կնոջ ձեռքը ու մի վերջին անգամ գորովանքով նայել է նրան։ Հետագայում Դիանան պատմել է արվեստաբան Թելման Զուրաբյանին․ «Մահանալիս անվրդով էր, անընդհատ ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չէր կարողանում։ Նա արտակարգ մարդ էր։ Աշխարհում այդպիսի մարդիկ չկան, չեն լինում։ Բարի, ջերմասիրտ, ուրիշների ողբերգությունները խորապես վերապրող: Քառասուն տարի ես նրանից ոչ մի կոպիտ խոսք չեմ լսել։ ․․․Աշխարհն առանց նրա դատարկվեց ինձ համար»։ Նկարչի մուսան, որ ամուսնու կյանքի օրոք հազվադեպ էր մոտենում նկարակալին, ինքը սկսեց նկարել՝ դառնալով նրա նկարչական ոճի շարունակողը։ 1983թ․ Վրաստանում բացվեց ամուսինների աշխատանքների համատեղ ցուցահանդեսը, որը բարձր գնահատվեց տեղի մամուլում։
Դիանա Ուկլեբայի ջանքերով Մաշտոցի պողոտայի հարևանությամբ գտնվող Ջոտտոյի արվեստանոցը վերածվեց թանգարանի։ Մեծ զոհողությունների գնով ստեղծված ու փոշիացումից փրկված հավաքածուն պահ տրվեց սերունդներին, որպեսզի շեքսպիրյան իմաստուն ձևակերպմամբ՝ ժամանակն իր շավղից դուրս չսայթաքի։ Ջոտտոյի ժառանգությունը, վստահաբար, բռնեց ամենակուլ ժամանակի քննությունը․․․
Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1. Ջոտտո (1966), լուսանկարը՝ Հ․ Հեքեքյանի
2. «Դիանայի դիմանկարը» (կտավ, ստվարաթուղթ, յուղաներկ), 1926
3․ Հակոբ Աղաբաբի «Պախրախոտի» նկարազարդումներից
4․ Ծ․ Թորգոմյանի «Կանաչ բարձունքների» նկարազարդումներից
5․ Թբիլիսիի Ասաթիանի փողոցի այս տանն է բնակվել Ջոտտոն



