Խորհրդավոր Ժիրայր Օրագյանը

20-րդ դարի ահեղաշունչ իրադարձությունների ու սոցիալական չարիքների՝ պատերազմի, սպանդի, գաղթի, միայնության և օտարացման, արդյունաբերական տեխնոլոգիաների կատաղի առաջընթացի արձագանքն է իտալահայ արվեստագետ Ժիրայր Օրագյանի ստեղծագործությունը: Նրա գործերի ճնշող մեծամասնության՝ գեղանկար թե գրաֆիկա, հերոսները մարդիկ են։ Նկարչի ուշադրության կենտրոնում կյանքի ոլորապտույտ արահետներում տառապող թշվառ, կրծքի տակ մեծ ցավ, բայց և մաքուր սիրտ կրող անձնավորությունն է, որն այնքան հիշեցնում է չապլինյան, ու առավել ևս՝ կաֆկայական «փոքր մարդուն»։ Ճակատագրի երկաթե ճիրաններում հայտնված, սոցիալական համակարգերից ու ընդհանրապես լինելիության աբսուրդից հալածված կերպարները դառնում են տձև ու դեֆորմացված, չքավոր ու մերկ, նրանց աչքերում անորոշությունն է ու վախը, սակայն նրանք դեռևս փորձում են դիմադրել, չեն կորցնում մարդկայնության կնիքը, հոգեկան լիցքերը։

Էքսպրեսիոնիզմի ուղղությունը սփյուռքահայ շատ արվեստագետների համար  ցեղասպանության սարսափներն արտահայտելու միջոց է․ Օրագյանի համար այդ թեման դարձել է լեյտմոտիվային։ Ապրելով սփյուռքում, և այն էլ՝ ոչ առանձնապես հայաշատ Հռոմում, իր թեմաների ընտրությամբ, թե մտածողությամբ նա առաջին հերթին շարունակել է մնալ հայ նկարիչ․ «․․․Արվեստս շատ անհատական է, դյուրին չէ զայն հասկանալ։ Կրնամ ըսել՝ հայ արդի նկարչություն մըն է։ Հակառակ անոր, որ քառասուն տարիներ ի վեր Եվրոպա կապրիմ, իրենցմե առած եմ իրենց լավ մասերը և արվեստը, բայց իբրև արվեստագետ՝ հոգվույս մեջ զուտ հայ եմ մնացած»։ Պատմում են, որ միայնության մեջ նկարելիս սիրել է երգել հայկական երգեր և ուղեկցել դրանք պարային շարժումներով։

Օրագյանը ծնվել է 1901 թվականի հունիսի 25-ին՝ Կոստանդնուպոլսում: Հայրն ունևոր հայ բժիշկ Գրիգորն էր, մայրը՝ ֆրանսուհի։ Ժիրայրն իր միջնակարգ կրթությունը ստացել է հայոց Կեդրոնական վարժարանում, հայտնի եղել որպես «ըմբոստ աշակերտ»: 1915թ․, երբ սկսվել է Հայոց ցեղասպանությունը, Օրագյանի հայրը ձերբակալվել է ու նահատակվել։ Վերապրելով այդ ողբերգությունը՝ Ժիրայրը նախ մեկնել է Ֆրանսիա՝ մոր հայրենիք, որտեղ ծանոթացել է ֆիգուրատիվ արվեստի կարկառուն ներկայացուցիչների հետ, իսկ 1920 թվականին հաստատվել է Հռոմում: Ապրած ցավն ու դժվարություններն այնքան մեծ են եղել, որ միայն հինգ տարի անց է նա կարողացել ընդունվել Հռոմի Գեղարվեստի ակադեմիա, ապա՝ ավարտել այն և մնացել Իտալիայի մայրաքաղաքում։ Ծանոթ է եղել Արա Սարգսյանի և Օնիկ Ավետիսյանի հետ։ 1930-ական թթ․ դասավանդել է Հռոմի «Վիլլա Մեդիչի» գեղարվեստի վարժարանում: Այդ տարիներին նա ծանոթացել է Դե Սիմոնիների մեծահարուստ ընտանիքի հետ, որի անդամները դարձել են նրա երկրպագուները և ծանր պահերին օգնության հասել՝ աստիճանաբար կուտակելով Օրագյանի նկարների խոշոր հավաքածու։

Ըստ Արմինե Կալենցի հուշերի՝ 1930-ականներին նա հանդիպել է Օրագյանին Դամասկոսում անցկացված իտալերենի դասընթացների ժամանակ։ Նկարիչը հանձնարարել է աղջնակին սովորելու մեկնել Փարիզ, այլ ոչ թե Հռոմ․ «Ժամանակակից նկարչությունն այնտեղ է»։

Այդուհանդերձ, ինքը՝ Օրագյանը շարունակել է ստեղծագործել Իտալիայում։ Կրել է նեոռեալիստական «Նոր արվեստի ճակատ» իտալական խմբի և այն ոգեշնչող Պաբլո Պիկասոյի նկատելի ազդեցությունը։ Քննադատները նշել են, որ Օրագյանի ստեղծագործությանը բնորոշ է էքսպրեսիոնիզմի և մետաֆիզիկայի գեղարվեստի տարրերի խիստ անհատական միաձուլումը հեղինակի հայկական արմատների հետ, իսկ պատկերվող դեմքերը կրում են բյուզանդական արվեստի և հայ մանրանկարչության ազդեցությունը։ Քննադատ Գլաուկո Վիացիի (Աշրաֆյան) խոսքերով՝ «աշխարհի նրա տեսլականը դառն է և սարկաստիկ, կյանքի նկատմամբ նրա դատողությունը՝ խիստ ու անբեկանելի»։

Հռոմում նկարիչն ապրել է ծայրահեղ աղքատության և մեկուսացման պայմաններում՝ առանց ընտանիքի, Ֆաբիո Մասիմո փողոցի 48 շենքի հետնամասի փոքրիկ սենյակում։ Համացանցում իրականացված փնտրտուքների արդյունքում տեղեկացանք, որ սիրել է Ջինա անունով մի իտալուհու, նրանից որդի ունեցել (շնորհակալություն ենք հայտնում նկարչի թոռանը՝ Մորիսին, մեզ հաղորդած տվյալների համար)։ Տարիների ընթացքում վարժվել է քիչ ուտելուն, հիմնականում սնվել հացուպանրով և թեյով։ Այդուհանդերձ, Օնիկ Ավետիսյանի վկայությամբ՝ նկարիչը չի կորցրել ոգու կայտառությունը, «նա իրեն դժբախտ չէր զգում այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում էր նկարել, կտավին հանձնել այն, ինչ զգում էր և մտածում կյանքի մասին, հատկապես մարդկանց մասին․․․»։ Հաճախ կտավ գնելու գումար իսկ չի ունեցել, այդ պատճառով անցել է գրաֆիկայի կամ կիրառել խառը տեխնիկա․ ի դեպ, նրա գեղանկարներն էլ երբեմն կատարմամբ գունավորված գծանկարներ են հիշեցնում: Իտալացի արվեստաբան Մարիո Վերդոնեն՝ հիանալով Օրագյանի բարձր վարպետության ոճով, ափսոսանք է հայտնել, որ նրա աշխատանքները երբեք ամբողջությամբ չեն ընդունվի Իտալիայում, քանզի ներծծված են կոտորածների հիշողություններով և անհուն թախծով։ Ավելին, նկարիչը ջանքեր չի գործադրել քննադատներին դուր գալու համար, նախընտրել է իր նկարները նվիրել, ոչ թե վաճառել, այն էլ՝ միայն իրեն համակրելի անձանց։ Կ․ Կուրղինյանի պատկերավոր բնորոշմամբ՝ «նա շատ ցավ էր տեսել, անկարող էր երգել և աղաղակեց միայն։ Իսկ մարդիկ երգ են սիրում»։ Ինքը՝ Օրագյանը, այսպես է արտահայտվել․ «Իմ ամբողջ կյանքն անվերջ պայքար է բոլոր իմաստներով՝ պայքար ուսման ընթացքում, նկարիչ դառնալու, օրվա հացը վաստակելու համար և վերջապես՝ ստեղծելու նկարներ, որոնք արժանի են արվեստ կոչվելու: Յուրաքանչյուր աշխատանք տանջանքով եմ ստեղծել, քանի որ այն ամենը, ինչ անում եմ, չի բավարարում ինձ: Միշտ ձգտում եմ կատարելագործվել»։ Իրեն Հնդկաստանից այցելած Ասատուր Կյուզելյանին նա ասել է․ «Մեկ հարազատ ու անբաժանելի բարեկամ ունիմ, որուն հետ հաճախ կառանձնանամ, ու այդ բարեկամիս անունը հայրենաբաղձություն է․․․»։ Փափագել է Խորհրդային Հայաստան տեղափոխվել («վաղն իսկ կհավաքեմ գործերս և կփոխադրվիմ Հայաստան, անշուշտ հայրենիքը եթե զիս կանչե»), սակայն թույլտվություն այդպես էլ չի ստացել։ Մահացել է Հռոմի հիվանդանոցներից մեկում՝ 1962թ․ օգոստոսի 2-ին, դրանից առաջ գրել է․ «Փրկեցեք գործերս: Դա ինձ համար ամենակարևորն է...»։

«Ջարդը (Եղեռն)» մեծածավալ կտավը (1947թ․) նկարչի ազդու աշխատանքներից է, որում մռայլ գույների, իրար վրա կիտված մեռած մարմինների ու տարբեր տարիքի ու սեռի սպանվածների սարսափազդու դեմքերի, նրանց լուռ ճիչի, քանդված տնակների միջոցով նա կարողացել է տալ սպանդի ահազդու պատկերը, ինչպես իր հռչակավոր «Գեռնիկայում» դա արել է Պիկասոն։ Հայ նկարչի էքսպրեսիոնիստական գլուխգործոցն իր ողբերգական շերտով հիշեցնում է նաև Էդվարդ Մունկի «Ճիչը»։ Երկու նկարներում էլ նորագույն ժամանակների էքզիստենցիալ մարտահրավերներն ու արհավիրքները վերապրող մարդիկ են, որոնց անձայն ճիչը փոխանցվում է գեղանկարչական արտահայտչամիջոցներով։ Հայտնի է նաև «Եղեռնի» գրաֆիկական տարբերակը, որը առավել վերացական է։ Համեմատաբար զուսպ բովանդակային լուծումներով է արված «Վիշտը» աշխատանքը։ Մի շարք այլ, այդ թվում՝ գրաֆիկական ստեղծագործություններում անպաշտպան, մերկ մարդկանց ֆիգուրները ևս նկարչի վերապրած ցեղասպանության արձագանքերն են։ Շարունակելով զուգահեռները՝ այդ աշխատանքները կարող ենք համեմատել մեկ այլ սփյուռքահայ արվեստագետի՝ Ժանսեմի գծանկարների հետ, որոնցում մերկությունը հաճախ տառապանքի և թշվառության հայտանիշն է։

Որպես հայի՝ Օրագյանի համար կարևոր նշանակություն է ունեցել ընտանիքի պատկերումը․ կյանքի վերջում արվեստագետը մի քանի կտավ է վրձնել, որոնք նրան մեծ ճանաչում են բերել։ «Չքավոր ընտանիքի զավակները» (1960թ․) կտավում թախծոտ, եթե ոչ հուսահատ աչքերով ծնողներն ու զավակները գրկել են միմյանց, քանզի այս աշխարհում այլևս ոչինչ չունեն։ 1961թ․ ստեղծված «Սրճարանում» կտավում ևս աչքի է զարնում պատկերվողների քնքուշ, ջերմ ու գորովալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ, մինչդեռ կողքից դիտող օտարները սառն են ու չարակամ։ Նկատելի է, թե որքան զգուշորեն ու համաչափորեն է հեղինակը յուղաներկը քսել կտավին, ասես նկարել է տեմպերայով (ընդ որում, չի բացառվում վերջին տարբերակը, այդ դեպքում նկարագրություններում նշվող յուղաներկը, հնարավոր է, սխալմունք է)։

Հայտնի են նաև նույն թեմայով դեռ 1930-ականներից գուաշով, ջրաներկով ու տուշով արված աշխատանքները։ «Ընտանիք» (1930-ական թթ․) այլաբանական աշխատանքում ակներև է հեղինակի կարոտն ու սերն առ կորսված ընտանիքն ու հայրենիքը։ «Քառասուն տարիներե ի վեր կապրիմ այս օտար քաղաքին մեջ, բայց չեմ հաջողիր օտար տիպար մը գծել։ Կնստիմ իտալացի գործազուրկ մը գծելու, երբ կավարտեմ, կտեսնեմ, որ հայ մըն է պաստառեն զիս դիտողը»,- մի առիթով ասել է նկարիչը։

Հեռավոր հայրենիքի հուշերը ամենատարբեր առիթներով հառնում են նկարչի աշխատանքներում․ այսպես, «Աղոթողներ» (1932 թ․) գեղանկարում աղոթքը կատարվում է հայկական գմբեթների ներքո, հայ են մինչև իսկ նրա պատկերած Քրիստոսն ու Աստվածամայրը։ Ինքնին խոսուն են նրա գործերի անվանումները՝ «Որբեր», «Իմ ընտանիքը», «Գաղթականներ», «Հիշատակներ Հայաստանից» և այլն։ «Զարմանալի բան, կարդում ես Սարոյանին, լսում Շառլ Ազնավուրին, նայում Օրագյանի գործերը և ինչ-որ հարազատ բան ես զգում, անկախ սյուժեից, թեմայից, քանի որ բանը զգացմունքների, խառնվածքի հարազատությունն է, արյունակցական կապը»,- գրել է արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։

Օրագյանն առանձնահատուկ հետաքրքրություն է տածել գյուղական կյանքի, նահապետական կարգերի նկատմամբ («Գյուղական կյանք», «Գյուղական ընտանիք» և այլն)․ թերևս հենց հողի հանդեպ կապի շեշտադրումով կարելի է բացատրել նրա գործերում նկատելի մի տարօրինակությունը՝ կերպարների անհամաչափորեն հաստ ու խոշոր ոտքերը։ Ընդհանրապես, Օրագյանին հատուկ է անսովոր դիրքերից նկարված տձև ֆիգուրների պատկերումը:

Իտալիայում Ջերարդո Օրագ անվամբ հայտնի նկարիչը երկրի մայրաքաղաքում 1947 և 1958 թթ. անհատական ցուցահանսեսներ է ունեցել, որոնք արժանացել են արվեստաբանների բարձր գնահատականին. նրան անվանել են «Խորհրդավոր մարդ, անսովոր խառնվածքով նկարիչ»: նրան Իսկ արվեստագետ և գրող Վիրջիլիո Գուիդին այսպես է արտահայտվել․ «Պետք է հիշել, որ նկարիչը հայ է, բայց պետք չէ նրա նկարներում փնտրել լեռները: Թող գնահատվի նրա՝ մեզ իր ցեղի նկարագիրը ներկայացնելու ծառայությունը, նրա խորը և անաղարտ հավատքը»: 1955թ․ Օրագյանի աշխատանքները ներկայացվել են քննադատ Մարիո Ռիվոսեկիի կազմակերպած խմբային ցուցահանդեսում, որը գովաբանել է հայ նկարչի համառ տեմպերամենտը, ոճն ու նոնկոնֆորմիզմը։ Օրագյանը մասնակցել է 1950թ․ Վենետիկի գեղանկարչական ցուցահանդեսին, միաժամանակ վերականգնել Սուրբ Ղազարի Մխիթարյան մայրավանքի տանիքը, իսկ 1961-ին Հռոմում՝ Նվարդ Զարյանի պատկերասրահում բացել է իր կյանքի օրոք կայացած վերջին անհատական ցուցահանդեսը (ի դեպ, Զարյանը ստեղծել է նկարչի դիմաքանդակը)։ 1966թ․՝ նկարչի ժառանգության զգալի մասի՝ հայրենիքում հանգրվանելու կապակցությամբ Հայաստանի պետական պատկերասրահում կազմակերպվել է նրա հետմահու անհատական ցուցահանդեսը։ Եվ ահա, նկարչի թոռը մեզ հաղորդեց, որ երկարատև ընդմիջումից հետո այս տարվա ապրիլին իտալական Տրևիզոյում բացվելու է Օրագյանի ցուցահանդեսը։

«Բազմավէպ» հանդեսի թղթակիցը այսպես է նկարագրել Օրագյան-մարդուն և արվեստագետին․ «ծերունի մըն էր զուարթ ու կատաղի, հպարտ, խրոխտ, հակահամաձայնական, կծող եւ ազնիւ»: Իսկապես, պարադոքսների նկարիչ է նա. մի կողմից նկատելի է հակումը դեպի անփույթ ֆորմաները, ձևախեղումը, մինչև իսկ նկարելու տեխնիկական վարժության համեմատական պակասը (ակադեմիայում ուսանելու տարիներին նրան ընկերներից ոմանք «անտաղանդ բոհեմիեն են համարել»), մյուս կողմից վերացական և միաժամանակ արտահայտչականությամբ հագեցած մոտեցումները գեղարվեստում, օտարումը բնականից և գեղագիտության ստորադասումը նրան դարձնում են գուցեև ամենաարդիականը իր սերնդի հայ նկարիչներից:

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ «Չքավոր ընտանիքի զավակները», կտավ, յուղաներկ, 1960 թ․

2․ «Սրճարանում», կտավ, յուղաներկ, 1961 թ․

3․ «Ջարդը (Եղեռն)», ֆաներա, յուղաներկ, 1947 թ․, բոլորը՝ ՀԱՊ

4․ «Անվերնագիր», կտավ, յուղաներկ, 1934 թ․, մասնավոր հավաքածու

5․ «Պար», կտավ, յուղաներկ

6․ «Աստվածամայրը Մանկան հետ», գծանկար

7․ «Հիշատակներ Հայաստանից», գծանկար

... ... ... ... ... ...