Կոպենհագեն

Արդեն տասներկու տարեկան էր, բայց դեռ չիշիկ էր անում տակը: Խեղճ մերը մետրով էր ցելոֆանի տոպրակն առնում, որ գիշերները փռի տակը՝ ներքնակը խոնավությունից չհոտի: Հերն էլ գլուխը կախում էր ամեն անգամ, երբ տղերքով խմում էին «որդիների կենացը»:

Նույնիսկ հերթապահություն սահմանեցին: Գիշերը երկու-երեք ժամը մեկ զարթնում էին՝ մեկ մերը, մեկ հերը, որ իրենց որդուն արթնացնեն: Չէր օգնում:

-Կպսակվի, կանցնի,-մի օր ասաց պապը:

-Սենց ո՞նց պսակվի,-հառաչեց հերը:

Գենի ամբողջ պատմությունն ուսումնասիրել էին: Ոչ մեկը չկար գիշերամիզությամբ տառապող. ո՛չ հորական կողմում, ո՛չ՝ մորական:

-Սա էս ո՞ւմ քաշեց,-ախ էր քաշում տատը:

Մերը բանը չէր ասում. մերը մենակ լացում էր:

Լույսը բացվելուն պես խնդիրը վերանում էր, ասես չկար: Նորմալ դպրոց էր գնում, նորմալ տուն էր գալիս, նույնիսկ լավ էր սիրում, առարկաներից էլ ամենաշատը սիրում էր աշխարհագրությունը, հատկապես այն, թե ինչպես է հնչում Դանիայի մայրաքաղաքը: Ամբողջ սենյակի պատերին փակցրել էր Կոպենհագենի լուսանկարներն ու օր էր լինում՝ ժամերով դուրս չէր գալիս սենյակից:

-Այ տղա՛, արի հաց կեր,-ասում էր մերը:

-Երանի դրսում թաքուն ծխելիս լիներ,-ճաշի մեջ աղ էր լցնում հերը:

Մերը միշտ անալի էր սարքում ճաշերը: Հերը աղի էր սիրում: Հաց ուտելիս՝ չէին խոսում: Տանը բոլորով լինում էին միայն հաց ուտելիս ու քնելու համար:

Տասը, թե տասնմեկ տարի առաջ էր, երբ այն ժամանակ երկար մազերով մերը հպարտացավ հասակակից ընկերուհիների մոտ, թե բա. «Տղես տակդիրից կտրվել ա. նույնիսկ գիշերը զարթնում ա՝ մեծ մարդու պես»: Ու սա հատկապես տղա երեխաների մայրերին հատուկ պարծենկոտություն չէր. իսկապես զարթնում էր: Երկու տարեկանում, օրինակ, անգիր ասում էր բոլոր տառերը ու գիտեր, որ Անդերսենը դանիացի է:  

Այդ գիշեր, երբ արդեն գովասանագիր էր ստացել՝ առաջին դասարանը «փայլուն գիտելիքներով ու ցուցաբերած օրինակելի վարքով ավարտելու համար», մեծ մարդու պես զարթնեց, առաջին անգամ լսեց բարձր ձայները: Գուցե էլի էր լսել, բայց այդ գիշեր ինքն արդեն մեծ տղա էր, ինչպես առաջին դասարանն ավարտելու առիթով գցված մեծ սեղանի գլխին հայտարարեց հերը՝ օղու վեցերորդ, թե ութերորդ բաժակը դատարկելով: Ինքը բառեր չէր լսում, եթե լսեր էլ, գուցե չհասկանար, ինքը ձայն էր լսում՝ հորն ու մոր կիսաբաց սենյակից, որտեղ ընկած Լուսնի լույսը միշտ ուղեկցում էր իրեն գիշերները, երբ զարթնում էր: Չհասկացավ սենյակի դո՞ւռը, թե՞ մերը առաջինը հայտնվեց գետնին: Բայց տեսավ, թե ինչպես հոր ստվերը դուրս ցատկեց սենյակից ու բռնեց մոր երկար մազերը, ապա արդեն ոտքով սկսեց հարվածել տապալված մորը: Հերը չտեսավ, որ ինքը տեսել է: Մերը չէր էլ կարող տեսնել:

Այդ օրից էլ չի զարթնում գիշերները:

Այդ օրից մերը ճաշերն անալի է եփում ու մազերը կարճ է պահում:

Այդ օրից հաց ուտելիս՝ չեն խոսում:

Այդ օրից քսան, թե քսանմեկ տարի է անցել: Ինքն առաջինը գնաց պատերազմ: Իրեն առաջինն ապտակեցին ռազմաճակատում, երբ ներկայացավ ու հարցրեց. «Այստեղ են, չէ՞ մեռնում»: Գնդապետը ապտակելուց հետո ասաց. «Այստեղ չեն մեռնում. հրաման չկա»:

Հերն ու մերը ավելի հաճախ էին հանդիպում տանը: Նույնիսկ խոսում էին իրար հետ.

-Բա որ գիշերը քնի՞... երեխիս ձեռ կառնեն,-լացում էր մերը:

-Ընդեղ գիշերը չեն քնում,-ծխում էր հերը:

Մոր ծննդին ինքը չկարողացավ զանգել: Հերը մի տաք սվիտեր էր առել: Ծաղկավոր: Մերը միանգամից հագավ: Հետո հաց կերան: Բժիշկը հորն ասել էր. «Աղը խստիվ արգելվում է»:

Գարնան վերջին ամիսն էր, երբ եկավ: Մերը սվիտերով էր, հերը՝ սիգարետը բերանին: Մերը ժպտում էր՝ լուսանկարի մեջ: Մեծացրա՛ծ:

-Ուշացա՛ր,-ասաց հերը:

-Դու էլ,-ասաց ինքը:

Լռությունը վերադարձավ տուն: Արդեն ինքն էր ուտելու բան սարքում, հեր ու տղա նստում-ուտում էին: Հերը մի բաժակ խմում էլ էր, ամեն անգամ ձեռքը թափ տալով՝ որ մենակ:

-Ինչի՞ չես պսակվում,-աշնան մի օր չդիմացավ հերը:

-Որ մենակ չմնամ,-տաք-տաք կարտոֆիլն ամանը դրեց ինքը:

Հերն այդ օրը երկու բաժակ խմեց: Հետո բժիշկները պիտի ասեին, որ խմելուց է, բայց ինքը հո գիտե՞ր, թե հոր խմելն ինչից է: Սկզբում մտածեց, որ մորից հեռու տեղավորի, բայց մերն ինչ գնացել էր, հերը կնոջ կողմում էր քնում՝ ամուսնական մեծ մահճակալին: Նույնիսկ գիշերազգեստը բարձի տակից չէր վերցրել: Մերն էլ ժպտում էր, ճիշտ է՝ լուսանկարից, բայց ծաղկավոր սվիտերով:

Ինքն այդպես էլ չիմացավ, թե ինչ էր եղել այն գիշերը, երբ ծնողների սենյակի դուռն ընկավ գետնին: Սկզբում ուզում էր հասկանալ, բայց հետո որոշեց, որ դա ամենևին էլ կարևոր չէ: Նույնիսկ եթե պարզի, վախենալու է. պատերազմից չէ, գիշերներն արթնանալուց, մարդ ծեծելու՝ հայրական, մայրական, մարդկային գենից, «հերումեր» լինելուց:

Ամբողջ իրերը մի սև ցելոֆանե տոպրակի մեջ տեղավորեց: Չուզեց տեսնի նոր տանտերերին, բանալին հանձնեց բրոկերին ու հեռացավ մանկության բակից:

-Բայց ինչ վատ հոտ ա գալիս էս տնից մի տեսակ,-ասաց երիտասարդ նոր տանտիրուհին, որի հղիությունն արդեն երևում էր:

-Բայց նայի՜, էս տանը երազել են,-ասաց երիտասարդ նոր տանտերը՝ կնոջը ցույց տալով Կոպենհագենի նկարները՝ սենյակներից մեկի պատերին:

 

Հովիկ Աֆյան