Կորով մարդու բանը

Ծուռ ու ահարկու է Սասուն աշխարհը ոչ միայն իր մարդկանցով, լեռներով ու պատմությամբ, այլև այդ լեռների արանքում ընկած ճեղքերով։ Ինքնության ճեղքերով։ Սարից սար, գյուղից գյուղ, հայացքից հայացք այնքան տարօրինակ ու իրարից տարբեր, որ թվում է՝ ինչ-որ մեկը դանակով փախլավա է կտրել, արանքներում էլ անհասկանալի ու օտարածին հավելումներ արել, կեսից տեսել, որ իր խելքի բանը չէ՝ խռովել, գնացել։
Ու այդպես էլ մնացել են։ Սարերը, գյուղերը, հայացքները։ Կիսատ, դանակահարված, օտար փոշիներով պատված, բայց մի աննորմալ, անհասկանալի քաղցրություն ներսում պահած։
Մեր կողմերում՝ Գելիեգուզանը շրջապատող դեռևս թավ անտառներում, որտեղ լավ վարազ, լավ մեղր ու անհամար ընկույզ կա, լռությունը ճեղքող էլ սկի չկա։ Մի քանի անտաղանդ մեղվապահ, որոնք այդպես էլ չսովորեցին ձմեռը մեղուների կեսից շատին մահվան չդատապարտել, մի քանի միջին վիճակագրական խաշնարած, 90-ականներին այստեղ ամեն ինչի ու բոլորի վրայով անցած թուրքական բանակի մեծամասշտաբ հարձակման մասին քչփչոցներ և Անդոկի հավերժական, իսկապես ծուռ ու իսկապես ահարկու հայացքը։ Վերջ։
Գելիից վար գլորվես՝ նույն, ավելի փառահեղ լռությունն է ձգվում Տալվորիկի ջրի երկայնքով, աշխարհի ամենագեղեցիկ փիրուզի, աշխարհի ամենավայելուչ նռենիների ու աշխարհի ամենադաժան մարդկանց ստվերի տակ։ Լուռ է Տալվորիկը։
Մի քիչ էլ, մի ոտք էլ արևմուտք ձգվեք՝ Խուլբաջրի՝ աշնանը ցամաքող հոսանքի երկայնքով թափառող այծերի հոտն է, Խուլբի ու Խիյանքի քաղցրագույն խաղողի ու աշխարհի չափ դառը պատմությունների թելի կծիկներ՝ դես ու դեն նետված։ Ասելու շատ բան կա այստեղ, բայց լռությունն է հաղթել։ Եվ սա գելիգուզանյան, տալվորիկյան դատարկված լեռների լռությունը չէ, սա խուլբյան, անդոկյան լռությունն է։ «Ես ձեզ բոլորիդ մի օր ցույց կտամ» ասող լռությունը։ Բարկությունը բռունցքի մեջ սեղմած, ատամները կրճացնող լռությունը։ Խուլբի և Խիյանքի փրկված հայերի՝ ճեղքված ինքնության՝ ճեղքից երբեմն ժայթքող լռությունը։ Հայերեն արդեն վաղուց չգիտեն, դրա համար միայն լռությունն է, որ կարող է ժայթքել այստեղ։
Ի՛նչ ճչոց է՝ միայն զգաք․․․
Ամենաաղմկոտը երևի ամեն դեպքում Մարաթուկի, Փսանքի, Մոտկանի հայերն են։ Կարճ ասած՝ Մարաթուկ լեռան շուրջ թառածները։ Նրանց մի թոնիր վառելն ու հաց թխելը արդեն այնքան «տուրուդմփոց» ու իրարանցում է ենթադրում, որ չգիտես՝ թթխմորի որակն է քննարկվում, թե՞ երրորդ համաշխարհայինն է սկսվել։ Ես այդ արաբերենը երբեք արաբերեն չհամարեցի։ Ու այդպես էլ չսովորեցի։ Նրանք էլ այդպես էլ չսովորեցին նորմալ արաբ լինել։
«Ճժերու համար Գուդիկ հաց կենիմ, քիզ համար՝ յեղով», -ասում էին Մարաթուկի շրջանի Վարդնոցում, որտեղ շրջակա շատ գյուղերի նման հայերը գալիս էին ամառը միայն, ոմանք անգամ «տաճիկ» ձևանալով գյուղում և քրիստոնեական կյանքի վերադառնալով ձմեռը՝ Ստամբուլում։
Բայց ամենահետաքրքիրը մեկ է Կորով գյուղն էր։ Որտեղ այնքան կորով ու այնքան տկարություն կար, այդքան մաքուր ջուր և այդքան տիպիկ մարդկային տկարություն։ Գյուղի վաղ միջնադարյան գերեզմանները, ասում են, հենց տեղի իսլամացված հայն էր քանդել՝ ոսկի գտնելու նպատակով։ Այդքան մաքուր ջուր ու այդքան տիպիկ մարդկային տկարություն․․․
Տիպիկ մարդկային․․․
***
«Ինչպէս թուրքերու մէջ տոհմը կամ ճինսը կը կոչուէր ղաբիլ, այդպէս ալ քրդերու մէջ տոհմը կո կոչուի աշիրէթ, որ կ՝ամփոփէ իր մէջ աամբողջ ցեղը՝ հեռաւոր ազգականներով ու ծառաներով (զօլամ)։ Այս աշիրէթի ազնուական դասը կը կոչուի Թոռուն։
․․․Անոնք, որ աշիրէթի մը չեն պատկանիր, կը կազմեն ռայաները, այսինքն հպատակ ժողովուրդը, որ միշտ նստակեաց կեանք կը վարէ եւ հողագործութեամբ կը զբաղի։ Աշիրէթի աչքին ռայան աստոր դասակարգ է։ Ան ստեղծուած է միմիայն ծառայելու աշիրէթին եւ ապրեցնելու զայն։ Աշիրէթի համար նշանակութիւն չունի, թէ ռայան ի՛նչ կրօնի եւ ազգութեան կը պատկանի․ բաւական է որ ան ռայա է․ եւ արդեն պազր է ռայայի և թօռունի փոխյարաբերութիունը», -այսպես է գրում Սասունում դեռևս 1904-ին մի լայն պտույտ տված Ռուբեն Տեր-Մինասյանն իր՝ «Հայ յեղափոխականի մը յիշատակները» 7 հատորներից երրորդում։ Այդ հատորն ավելի կարճ կարելի է կոչել «Սասունի հանրագիտարան», և, ինչպես ցույց են տալիս սասունյան իմ հիշատակները 21-րդ դարից՝ չհնացող հանրագիտարան։ Այստեղ կա՛մ ժամանակն է կանգնած, կա՛մ մարդիկ են կորցրել ժամանակի զգացողությունն ու մեռնելու վախը։
Ինչևէ, այսպես է շարունակում Տեր-Մինասյանը քրդական աշիրեթների ու այնտեղ ստրկացած տեղաբնիկների ճակատագրի մասին հիշողությունը․
«Աշիրէթները իրենց ռայաներէն կը ստանան իրենց հասանելիքը, բայց եւ կը պահեն ու կը պաշտպանեն զանոնք ինչպէս կթան կովեր ոչ միայն հարեւան աշիրէթներէն, այլ նաեւ կառավարութենէն։ Յաճախ պատահեր է, որ աշիրէթները իրարու հետ արիւնահեղ կռիւներ են ունեցեր ռայաները իրարու ձեռքէ խլելու կամ զանոնք պաշտպանելու համար»։
Այդպես էր։ Մինչև հիմա էլ այդպես է՝ Տեր-Մինասյանի գրառումներից շուրջ 120 և ավելի տարի անց։
«Սա իմ հայն է», -անհագ հպարտությամբ, բեղերի տակից բուսնած անծայր ժպիտով ու ներսում հազար ու մի հակասություն պարունակող պսպղուն աչքերով ասում էր Ահմեդ աղան Ի․ գյուղից։ Գիտեր, թե լավ բան է ասում։ Ի վերջո՝ իր աշխարհում լավի ու վատի սահմաններն այնքա՛ն տարբեր են մերինից, այնքան քարքարոտ, այնքան փոփոխական։
«Իր հայերը» ինչ-որ մի պահ կարողացան «արանքը ճղել», գնալ Պոլիս, մի քիչ մարդ զգալ, բայց ամեն գյուղ վերադարձին պիտի հիշեին՝ այս ինչի հայն էին։ Ավելին՝ նույնիսկ Պոլսի փողոցներում, որտեղ «Ահմեդների» ցեղից շատ մարդ էր պտտվում, այդ մասին նրանց չէին զլանում հիշեցնել․ աչքով, ունքով, ժպիտով ու «ամուր պաշտպանությամբ»։ Դե՝ «ռայայի» ստվերը, գիտեք ինչ, կատակ բան չէ։
Կատակ բան չէ, բայց ասեմ՝ կորով մարդու բան է։ Ե՛վ կյանքը պահելու «հանուններով» այս մարդկանց հետ տանիք ու օդ կիսելը, և՛ դեմքդ ու ամենակարևորը՝ ապրելու ծարավով աչքերիդ փայլը չկորցնելը, և՛ պարբերաբար ոչ թե վար, այլ վեր բարձրանալը։
Սրա արդյունքում, սակայն, նրանք ոչ միայն ֆիզիկապես ողջ մնացին, որպես «աշխատող ուժ», «թանկարժեք իր» կամ՝ ինչպես կուզեք կոչեք, այլև հենց այս ստրկատիրական համակարգը պարզապես չթողեց, որ հայության այս բեկորները տեղը տեղին փոշու հատիկ դառնան նրանց համար նախատեսված մեծ ձուլարանում։
Փաստորեն՝ հայը հայ է, աշիրեթ չի դառնում, քեզնից մեկը չի դառնում, ինչ ուզում է անի կամ չանի։ Օրը հինգ չէ, հիսուն անգամ նամազ արա՝ «ռայան» մնում է «ռայա», Հակոբը Հակոբ, Հասանը՝ Հասան։
Այ՛ քեզ պատմություն․․․
Ինչպես ռուսները կասեին՝ "Вот это поворот!"
Փաստորեն՝ ցեղասպաններն էլ են իրենց իսկ էգոյի ձեռքին կրակն ընկնում։
Փաստորեն՝ համ ուզես ոչնչացնես, համ տապալես մի ամբողջ կայսրության ծրագիր, որովհետև տեսեք տեսեք՝ ավելի շատ է ինքնասիրությունդ շոյում մի խումբ մարդկանց միշտ «հայի ծնունդ» ասելն ու «ռայա» ունենալը՝ նույնիսկ 21-րդ դարում։
Չէ, կորով մարդու բան է այս ամենի մեջ հայ, տո հայն էլ մի կողմ՝ մարդ մնալը։
«Մենք մեր պապերի ապրածը եթե անձամբ ապրեինք, երևի սրանց հետ նույն օդը շնչել չէինք ուզի, այնինչ ես նրանց հետ դպրոց եմ գնացել ու հաց կիսել», -մի քանի տարի առաջ ասաց Ռուբենը։ Տեր-Մինասյանը չէ, մերօրյա ուրիշ մի Ռուբենը, որից խլել էին ազգանուն, կրոնք ու գիր, բայց ոչ հայ ու մարդ լինելու կորովը։
Չէ՞ որ «ռայան» մնում է «ռայա»։
***
Ինչ ասեմ, կորով է պետք այս ամենի համար։ Կորով, որ մեզանից մի ճեղքված հայացք չմնա վերջում։ Կորով, որ ընդունենք։ Կորով, որ մարդկային տկարությունները տեսնենք, բայց ջուրը չպղտորենք։ Կորով, որ հայն էլ մի կողմ՝ մարդ մնանք։
Թե չէ, Աստված հոգին լույս դարձնի, Մաթևոսյանի ասած՝ «Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս։
․․․Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս»։
Էնպես որ՝ լուռ եք թե աղմկոտ, այս սարի ետևում եք թե մյուս՝ կորովով քայլեք, կորով շնչեք, կորով մտածեք, այ մարդի՛կ։ Հեշտ բան չէ, այդքանի մեջ պարբերաբար ոչ թե վար, այլ վեր բարձրանալը։
Կորով մարդու բան է․․․
Սոֆյա Հակոբյան