Լադո Գուդիաշվիլին և հայ արվեստագետները

Վրացական արվեստի կարևորագույն դեմքերից Լադո Գուդիաշվիլիի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներում ցայտուն ու գունագեղ, հաճախ հեքիաթաշունչ տեսարաններ և կերպարներ են, առավելապես՝ հմայիչ կանայք։ Նրա հեղինակային ոճը ձևավորվեց բազմամշակութային միջավայրերում, նախ՝ ժողովուրդների թիֆլիսյան խառնարանում, և ապա՝ արվեստների մայրաքաղաք Փարիզում։ Նկարիչ Սերգեյ Սուդեյկինի բնորոշմամբ՝ չնայած կարճուկտրուկ տեխնիկական հնարավորություններին՝ Գուդիաշվիլին «վրացական ոգու տեսլականի բարձրագույն կետն է, որը բնազդորեն ընկալեց արևմտյան մշակույթը՝ հանուն արևելյանի վերածննդի»։ Գուդիաշվիլին այն անհատականություններից էր, որոնց շնորհիվ Վասիլի Քաթանյան-ավագի բնորոշմամբ՝ «Թիֆլիսը փոխակերպվեց Փարիզի»։
Ապրելով հինավուրց Թիֆլիս-Թբիլիսիում՝ Գուդիաշվիլին շփվում ու սերտորեն կապված էր ժամանակի հայ արվեստագետների հետ։ Այս թեմայով նյութերի առավել մանրակրկիտ ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտել բազմաթիվ ուշագրավ փաստեր։
Վրացի ապագա անվանի նկարիչը ծնվել է Թիֆլիսի Ճուղուրեթի թաղամասում՝ Քուռ գետի ձախափնյա մասում, Սուրբ Կարապետ եկեղեցուց ոչ հեռու։ Գուդիաշվիլին այդ թաղի մասին հետագայում գրել է․ «Դա շատ աղքատ, բայց բացառապես կոլորիտային անկյուն էր։ Հիշողությանս մեջ պահպանվել են այդ թաղի բնակիչների անսովոր, յուրահատուկ տիպերը, նրանց հյութեղ, ժողովրդական հումորի փայլքերով համեմված կենդանի լեզուն, գիշերային մեղեդիները, նեղ ու ծռտիկ փոքրիկ փողոցները, ցանցկեն փայտե պատշգամբներով ու հարթ ծածկերով տները, որոնցից բացվում էր տեսարանը դեպի Քուռի գեղատեսիլ ափերը․․․» Քիչ հեռու ծնվել ու իր մանկությունն է անցկացրել Գուդիաշվիլիի հասակակիցն ու ընկերը՝ հայ նկարիչ Ջոտտոն։ Գուդիաշվիլին հետագայում նշել է․ «Ջուր մատակարարող մի տնակ կար Արսենալի վերելքի սկզբին, որտեղից ջրկիրները (թուլուղչիները) ուսերից կախած փայտե տակառիկներով ջուր էին հասցնում բնակիչներին։ Հենց այդտեղ՝ կավածեփ մի խրճիթում է ծնվել Գևորգ (Ջոտտո) Գրիգորյանը։ Նրա հայրը՝ Ստեպկոն նույն տեղում էլ փոքրիկ խանութ ուներ, որտեղ մոմ, աղ, լոբի, սխտոր և բազում մանրուքներ էր վաճառում։ Մեր ընտանիքը նույնպես նրանից ապառիկ գնումներ էր անում»։ Այս կրպակում էլ Լադոն ծանոթացել է փոքրիկ Գևորգի հետ, որը հաճախորդներին տրվող մթերքի պարկերին սոսնձով նկարներ էր կպցնում․ «դրանք մարդկանց, կենդանիների և բնության զանազան պատկերներ էին, որ ինձ համար շատ անսովոր և ուղղակի զարմանահրաշ էին»։ Գուդիաշվիլիի վկայությամբ՝ փոքրիկ Գևորգը նկարազարդել է նաև խանութի լուսամուտները՝ դրանով իսկ գրավելով անցորդների ուշադրությունը։
Անցնում են տարիներ՝ 1919 թ․ Գուդիաշվիլին Սերգեյ Սուդեյկինի ու Դավիթ Կակաբաձեի հետ նկարազարդում է թիֆլիսյան «Քիմերիոնի» արտիստական սրճարանի պատերը։ Նրա մեծ որմնանկարը կոչվում է «Ստեպկոյի կրպակը»․ այնտեղ՝ շրջապատված բազմագույն մթերքով՝ տեսնում ենք թավ բեղերով մի վաճառողի ու նրա մանկահասակ որդուն։ Տիցիան Տաբիձեն այս աշխատանքն անվանել է «վրացական արվեստի գլուխգործոց»։ Որմնանկարը պահպանվել է այժմյան Ռուսթավելու անվան թատրոնի ներքնահարկում ու արվեստաբանների մնայուն հետաքրքրության առարկան է։ Այս սյուժեին նույն թվականին Գուդիաշվիլին անդրադարձել է ևս մեկ անգամ՝ ստեղծելով համանուն կտավը․ այնտեղ բացակայում է փոքրիկ տղան, փոխարենը ավելացվել է կինտոյի ֆիգուրը, իսկ հետնապատկերին զույգ ձիեր են (հայտնի է, որ Ջոտտոն ծնվել է նախկին ձիանոցում)։ Կարելի է ենթադրել, որ Ստեպկոն հենց Ջոտտոյի հայրն է, համենայն դեպս Գուդիաշվիլին իր հուշերում որպես Ստեպկոյի կրպակ նկատի ունի Ստեփան Գրիգորյանի խանութը։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ Գուդիաշվիլին ճանաչել է մեկ այլ վաճառող Ստեպկոյի ևս․ հարցե՜ր, հարցե՜ր, որոնց սպառիչ պատասխանը երբևէ չենք ստանա։
1910-ին Գուդիաշվիլին ընդունվում է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցը, որտեղ նրա անմիջական ուսուցիչներն էին Օսկար Շմեռլինգը և Եղիշե Թադևոսյանը։
Գուդիաշվիլին և նրա դասընկեր Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանն իրենց առաջին ցուցահանդեսը կազմակերպում են համատեղ․ այն հաջողություն է ունենում, արժանանում մտավորականության ու մամուլի բարձր գնահատանքին։ Գուդիաշվիլիի դիմանկարը Բաժբեուկի ամենավաղ պահպանված գործերից է, նա հետագայում ստեղծել է նաև վրացի նկարչի կնոջ ու դստեր դիմանկարները։ Բաժբեուկի այդ ու մի շարք այլ աշխատանքներ պահվում են Գուդիաշվիլիների հավաքածուում։
Բաժբեուկի հետ Լադոյի մտերմության մասին տարբեր կիսամիֆական պատմություններ են պահպանվել։ Այսպես, մի անգամ երկու ընկերները հյուր են գնացել իրենց ծանոթներին, որոնց տանը ընտելացված արջ էր ապրում։ Լադոն գազազեցրել է կենդանուն, ու արջը հարձակվել է նրա վրա։ Բաժբեուկը՝ դժվարությամբ հետ քաշելով զայրացած արջին, փրկել է ընկերոջը...
Մեկ այլ դեպք էլ պատմել է Եղիշե Չարենցը․ Բաժբեուկը Գուդիաշվիլիին նվիրել է իր գործը, սակայն ոչ մի կերպ չկարողանալով ապրել առանց դրա, կես գիշերին եկել ու հետ է վերցրել այն։
Իր մյուս ուսանողական ընկերոջ՝ Հովսեփ Կարալյանի մասին Գուդիաշվիլին գրել է, որ նա «անկեղծորեն զգում ու արտահայտում է իրականն ու ճշմարտությունը»։
Իհարկե, դարասկզբի Թիֆլիսում արվեստագետների միջավայրում առանձնահատուկ վերաբերմունք կար նաիվ արվեստի ներկայացուցիչներ Նիկո Փիրոսմանիի, Վանո Խոջաբեկյանի ու Կարապետ Գրիգորյանցի հանդեպ։
Փիրոսմանին բնակվում էր նույն թաղամասում, ինչ Գուդիաշվիլին ու Ջոտտոն, և, բնականաբար, նրանք ծանոթ էին։ Երբ 1915 թ․ Կիրիլ Զդանևիչը սկսեց Փիրոսմանիի նկարների որոնումն ու պահպանումը, նրան այդ գործում օգնում էին Գուդիաշվիլին, Բաժբեուկ-Մելիքյանը և Ս․ Վալիշևսկին։
Կարապետ Գրիգորյանցի մասին Գուդիաշվիլին պատմել է, որ նա «քաջ հայտնի էր հին Թիֆլիսում։ Ինքնատիպ էր, պայծառ տաղանդ ուներ... Միայն թե մենք կորցրեցինք նրան։ Նույնիսկ չգիտենք, թե որտեղ է գերեզմանը։ Ինչպես Փիրոսմանիի դեպքում...»։
Գուդիաշվիլին տարբեր առիթներով վերհիշել է Խոջաբեկյանին. «Վանոն բարյացակամ էր, բարեհոգի, ոչ շատ բարձրահասակ, ինչպես շատերին էր թվում (պարզապես լավ կազմվածքով), հեզաբարո հայացքով, փոքրիկ մորուքով և պարզ, ասես թափանցիկ աչքերով»։
Վրացի նկարիչը ծանոթ է եղել Կարա-Դարվիշի, Գեորգի Յակուլովի, Ռուբեն Աղաբաբյանի և այլ թիֆլիսահայերի հետ։ Իր և Բաժբեուկ-Մելիքյանի համատեղ ցուցահանդես այցելած Հովհաննես Թումանյանի մասին Գուդիաշվիլին հետաքրքիր հուշեր է թողել, որոնք 1969թ․ հրատարակվել են հայերեն։ Վրացի արվեստագետի վկայությամբ՝ «բանաստեղծը շատ գոհ էր մեր բարեկամության և միատեղ կազմակերպած ցուցահանդեսի համար»։
Երբ 1919 թ․ Գուդիաշվիլին մեկնեց Փարիզ, այնտեղ նա շփումների մեջ էր Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի և այլ հայերի հետ։ Մոնպառնասի մի ռուսական ճաշարանում Գուդիաշվիլիի ու նրա տիկնոջ՝ Նինայի հետ ծանոթացել է Վիգեն Իսահակյանը և իր հուշերում նկարագրել նկարչին․ «Գուդիաշվիլին գեղեցիկ, ազնվական վրացու արտաքին ուներ, հպարտ վարվելակերպ և գիտեր իր արժեքը։ Նորաձև նկարչական հոսանքներին տուրք չէր տալիս, նկարում էր իր հարազատ Սվանեթիայի բնանկարները, ինչպես և գեղեցիկ վրացուհիների ոճավորված դիմանկարներ»:
Քոչարի փարիզյան հաղթարշավի մասին Գուդիաշվիլին պատմել է․ «Փարիզում նա մեծ հաջողություն ունեցավ։ Նրա նկարները ցուցադրվում էին հայտնի նկարիչների կտավների կողքին, նրա մասին գրում էին մեծանուն արվեստաբանները և ֆրանսիական մշակույթի գործիչները»։ Վրացի նկարիչը հետագայում էլ ջերմ հարաբերություններ ուներ Քոչարի հետ, որն՝ իր իսկ խոստովանությամբ, իրեն սնում էր «էներգիայի ու լավատեսության հոսանքով»։ Քոչարից Գուդիաշվիլիի կրած ազդեցություններից կարող ենք նշել մի քանի յուղաներկ աշխատանքներում կերպարների դեմքերի ու մարմինների շեշտված մոնումենտալությունը (Մանանա Շոթաձեի դիմանկարը 1937, «Գարուն» 1960 և այլն)։ 1964թ․ իր վրացի ընկերոջը նվիրված հոդվածում Քոչարը գրել է․ «Թբիլիսին արդեն Թբիլիսի չէ առանց Լադո Գուդիաշվիլիի։ Կանցնեն տարիներ, նրա կյանքի շրջանը կամբողջանա, և այդ ժամանակ կծնվի առասպելը, կծնվեն զրույցներ նրա անհատականության, նրա ստեղծագործության մասին»։
Քոչարի ուղեկցությամբ Գուդիաշվիլիին հյուր են գնացել Հարություն և Արմինե Կալենցները։ Վերջինս հետագայում վերհիշել է, որ վրացի նկարիչը «լավ բնակարան ուներ, բավականին ընդարձակ եւ շքեղ։ Հնուց մնացած ազնվական շունչ կար այդտեղ։ Լավ ընդունեցին մեզ, ապա [հրավիրեցին] արվեստանոց․․․ Մեծ կտավներ, մասնավորապես Բաշբեուկի նման նկարված կանայք - կոմպոզիցիաներ՝ բավականին ոճավորված։ Այդ ոճի մոտեցումը ինձ չհուզեց․ կեղծ ասված մի բան կար»։ Նկարչուհու եզրակացությունը բացասական է եղել․ «Կուտիաշվիլին հետեւորդն է Բաշբեուկի, բայց այն, ինչ որ սիրելի է նրա մոտ, անհաճո է Կուտիաշվիլու մոտ։ ․․․Բաշբեուկի մոտ թեկուզ սեքսուալ շեշտվածություն կա, մեծ կրծքեր, լայն կոնքեր, բայց այդ մարմիններից լույս է ճառագում, զգում ես նրա պաշտամունքը դեպի կինը, եւ դու մասնակցում ես այդ հիացումին եւ սիրույն։ Իսկ Կուտիաշվիլին վերցնում է կանացի արտաքին հատկանիշները եւ դարձնում է նրան վուլգար, գռեհիկ ու կոպիտ, ներքին սիրուց չի բխում․․․ Կամ այդ հոգին ինձ դուր չի գալիս»։
Իսկապես, Փարիզից վերադարձից հետո, հատկապես 1940-1950-ականներին Գուդիաշվիլիի մի շարք աշխատանքներում («Զբոսանքից առաջ»1941, «Զինվորները և աղջիկները» 1943, «Պար լողափին» 1950 և այլն) զգալի է Բաժբեուկ-Մելիքյանի ոճական ազդեցությունը՝ շրջապտույտ հիշեցնող դինամիզմ, փայլող մաշկի ու շղարշների առատություն, կրքոտ վրձնահարվածներ։
Գուդիաշվիլին Բաժբեուկ-Մելիքյանի մասին այսպես է արտահայտվել․ «Նա մեծ վարպետ է։ Բազում անհաջողություններ ու տառապանքներ է տեսել, բայց միշտ հավատարիմ է մնացել իր ստեղծագործական սկզբունքներին։ Նա ճշմարիտ նկարիչ-արարիչ էր, անհունորեն սիրում էր իր ամեն մի նկարը՝ ընկալում այն որպես իր հոգու մի մասնիկը։ Մշտապես լինում էր ինձ մոտ»։ Գուդիաշվիլիի խոսքերով՝ Բաժբեուկի հետ իր մոտ «սովորաբար գալիս էր Ջոտտո Գրիգորյանը՝ տաղանդավոր, ուշագրավ նկարիչ։ Մեր զրույցների հիմնական թեման, բնականաբար, արվեստն էր։ Բաժբեուկ-Մելիքովը յուրօրինակ բնավորություն ուներ։ Նա աղքատ էր ապրում, վատ բնակարան ուներ։ Նկարիչների միությունը բազմիցս առաջարկել է նրան տեղափոխվել նոր բնակարան, սակայն նա ամեն անգամ հրաժարվում էր այն պատճառաբանությամբ, իբր իրեն դուր է գալիս իր բնակարանի լուսավորությունը ու որ նա դրան միանգամայն հարմարվել է։ Ըստ երևույթին՝ չէր ուզում բաժանվել այն աշխարհից, որում ստեղծագործում էր»։ Վրաց արվեստագետի խոսքերով՝ չնայած կրած դժվարություններին՝ Բաժբեուկն ամենից շատ սիրել է Թբիլիսին, որտեղ էլ մահացել է, մինչդեռ Ջոտտոն տեղափոխվել է Երևան։ Գուդիաշվիլին անդրադարձել է նաև Ջոտտոյի և Դիանա Ուկլեբայի առասպելական սիրուն, նշելով, որ Դիանան մինչև վերջ մնացել է հայ նկարչի հավատարիմ ընկերուհին։ Ի դեպ, Գուդիաշվիլիի մի քանի գծագրերում («Մերկը» 1969 և այլն) նկատելի է Ջոտտոյի գրաֆիկայի ազդեցությունը։
Դժվար է ասել, թե ինչ չափով է ազդել Գուդիաշվիլիի արվեստը հայ նկարիչների վրա։ Նա մեկ այլ, հույժ կարևոր ծառայություն է մատուցել Ջոտտոյին ու ընդհանրապես՝ հայկական կերպարվեստին․ Ջոտտոյին նվիրված նրա հոդվածների հրապարակումը մոռացված հայ արվեստագետի հանդեպ ուշադրության նոր ալիք բարձրացրեց։ Հենց սա նկատի ունենալով 1965 թ․ փետրվարին Հ․ Կարալյանին ուղղված իր նամակում Գուդիաշվիլին գրել է․ «Մեծ հաջողություններ եմ մաղթում նաև մեր «տառապյալ» Ջոտտոյին, որն արժանի է լինել հայ ժողովրդի փառապանծ որդիների համաստեղությունում»։ Հայտնի է, որ Ջոտտոն ստեղծել է Փիրոսմանիի, Խոջաբեկյանի ու Գուդիաշվիլիի խմբանկարներ։
Իր «Վրձնի կախարդը» հոդվածում (1961թ․) Գուդիաշվիլին գրում էր․ «Միգուցե այն պատճառով են ինձ այդքան հարազատ Սարյանը ու նրա աշխարհազգացողությունը, իսկ նրա գեղարվեստական աշխարհը խորապես ազդում ու հուզում է ինձ, որովհետև հարազատ ու նման են հայ և վրացի ժողովուրդների ճակատագրերը»։ Վերհիշելով Սարյանի հետ իր մտերմությունը՝ Գուդիաշվիլին գրել է․ «Նա ինձ էր հյուր գալիս, իսկ ես նրան էի այցելում Երևանում։ Հիանալի մարդ էր, սրտագին, ջերմ, անսովոր հյուրասեր․․․ Նրա գեղարվեստը, հատկապես բնանկարները, հենց նրա հայրենիքի մարմնացումն են․․․ Սարյանը մեծ կուլտուրայի ու մեծ կրքերի մարդ էր։ Շատ հաճելի ու հետաքրքիր զրուցակից էր, սիրում էր կիսվել իր մանկության ու պատանեկության մասին հիշողություններով»։ Հայ գեղանկարչության նահապետի հոբելյանին Գուդիաշվիլին նրան է նվիրել իր «Կարմիր եղնիկներ» կտավը։
Գուդիաշվիլին ուշադիր էր նաև կրտսեր սերնդի հայ արվեստագետների նկատմամբ։ Վաղարշակ Էլիբեկյանին անվանում էր «հին Թիֆլիսի երգիչ»․ «Նկարչի գունագեղ մանրանկարները հինավուրց, անհետացող Թիֆլիսի տխուր հուշեր են։ Այս նկարները ստեղծվել են բնիկ թիֆլիսցու սիրով, որոնք մեր հիշողության մեջ վերականգնում են մեր մանկության և երիտասարդության քաղաքը»։
Թբիլիսիում ուսանողական աշխատանքների ամառային ցուցահանդեսի ժամանակ Գուդիաշվիլին ընտրել ու առանձնացրել է երիտասարդ Էդուարդ Իսաբեկյանի էսքիզներից մեկը։ Տասնամյակներ անց՝ 1965-ին վրացի նկարիչը եղել է Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի պատվավոր հյուրը և Բաժբեուկի հետ նրան իր տուն հրավիրել։ Իսաբեկյանի խոսքերով՝ իրենց սպասում էր «"թավադին վայել" իշխանական սեղան»։
Գուդիաշվիլիի հյուրընկալության մասին ջերմ տողեր են թողել նաև արվեստաբաններ Նամի Միկոյանը, Մարտին Միքայելյանը, Թելման Զուրաբյանը և Ռուբեն Զարյանը, վերջինի մասին Գուդիաշվիլին գնահատական գիր է հեղինակել։
Ծերունազարդ նկարիչը ջերմ հարաբերություններ է ունեցել լուսանկարիչ Ալեքսանդր Սահակովի հետ, որը Գուդիաշվիլիի ու նրա ստեղծագործությունների մի քանի տարածված լուսանկարների հեղինակն է։
Գուդիաշվիլիի ստեղծագործությունները նրա կյանքի օրոք ցուցադրվել են Հայաստանում, իսկ 1987 թվականի փետրվարին Հայաստանի պետական պատկերասրահում բացվել է Գուդիաշվիլիի անհատական ցուցահանդեսը, որին ներկայացվել է 100-ից ավելի աշխատանք։ Այդ առիթով Է․ Իսաբեկյանը գրել է․ «Գուդիաշվիլին՝ հին Թբիլիսիի սիրավառ նոր երգիչը, ինչ-որ տեղ վերստին կյանքի կոչողն էր Թբիլիսիի հին, անհայտ թե հայտնի ազնվագույն նկարիչների և առաջին հերթին, զարմանալի Նիկո Փիրոսմանիի, Խոջաբեկյանի, որոնցից առաջինի հետ կապ ու արմատ ուներ իր երանգապնակով, իսկ երկրորդի հետ՝ իր կոնտուրային, պլաստիկ գծանկարով»։
Ինչ խոսք, ներկայացվածը հայ արվեստագետների հետ Գուդիաշվիլիի՝ մեր օրերում հաճախ անտեսվող կապերի մի մասն է միայն, սակայն այս էլ բավական է համոզվելու համար, թե որքան նշանակալի են եղել այդ շփումները և փոխազդեցությունները։ Կարծում եմ, առջևում մեզ շատ այլ ուշագրավ բացահայտումներ են սպասում։
Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ Լադո Գուդիաշվիլի, «Ստեպկոյի կրպակը», որմնանկար, 1919 թ․Լադո Գուդիաշվիլիի 1987 թ․ երևանյան ցուցահանդեսի ազդագիրը
2․Լադո Գուդիաշվիլիի 1987 թ․ երևանյան ցուցահանդեսի ազդագիրը
3․ Գուդիաշվիլին և Մարտիրոս Սարյանը Սերգեյ Գերասիմովի և վրացի նկարիչների հետ, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ, 1938 թ․

