Միխայիլ Շեմյակին․ տխեղծ արարածների տիրակալը

Դեպի արվեստի բարձունքներ տանող ճանապարհը հաճախ քարքարոտ ու դժվարանցանելի է։ Ռուս նկարիչ, քանդակագործ, բեմանկարիչ և արվեստի հետազոտող Միխայիլ Շեմյակինի դեպքում հուժկու խոչընդոտներն ու արգելքներն ամենուր էին։ Նա կարողացավ հաղթահարել դրանք, սակայն ճնշումները նկատելի հետք թողեցին նրա ստեղծագործության վրա։ Այլ կերպ չէր էլ կարող լինել․ Շեմյակինն իր մաշկի վրա զգաց խորհրդային ամբողջատիրական համակարգի դաժանագույն պատժամիջոցներն ու հալածանքները։ Նրա աշխատանքներում հիմնականում հանդիպում ենք ծուռումուռ, անճոռնի արարածների, նույնիսկ դրական հերոսները տհաճ են ու այլայլված։

Ապագա արվեստագետը ծնվել է 1943 թ․՝ Մոսկվայում։ Հայրը կաբարդինական ծագման հեծելազորային էր՝ չափազանց խանդոտ մարդ, ուստի փոքրիկ երեխան մոր հետ ուղեկցում էր հորը ռազմաճակատում։ Մայրը ռուս կինոդերասանուհի էր, որը թողել էր մասնագիտությունը ու ծառայում էր ամուսնու զորագնդում։

1957 թվականին ընտանիքը Գերմանիայից տեղափոխվեց Լենինգրադ, որտեղ Միխայիլը ընդունվեց Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի միջնակարգ գեղարվեստական դպրոց։ Արդեն պատանի տարիքում Շեմյակինը նկատելիորեն առանձնանում էր շրջապատից։ 1961 թվականին նրան հեռացրին դպրոցից «համակուրսեցիների գեղագիտական ​​այլասերման» և «սոցիալիստական ​​ռեալիզմի նորմերը չպահպանելու» համար։ Դեմ լինելով, որ որդին արվեստագետ դառնա, հայրը դադարեց խոսել նրա հետ։ Իսկ իշխանությունները նրան բռնի կերպով տեղափոխեցին փորձարարական հոգեբուժարան, որտեղ հոգեմետ դեղորայքի սրսկումներով փորձում էին զզվանք առաջացնել ներկերի ու ստեղծագործելու նկատմամբ։ Բացի այդ՝ հիվանդներից մեկը հարձակվեց նրա վրա ու ջարդեց ծնոտը։ Ի վերջո, մոր երաշխավորությամբ Շեմյակինը դուրս գրվեց հոգեբուժարանից, սակայն հետզհետե խորացող ընկճախտը, ահագնացող ներքին վախը թույլ չէին տալիս նրան ստեղծագործել։ Նա նկատել էր՝ եթե օձը կծում է շանը, շունը հեռանում է անտառ՝ կազդուրվելու կամ էլ հակառակ դեպքում՝ բոլորից հեռու մեռնելու։ Ոչ ոքի ոչինչ չասելով՝ Միխայիլը թռչում է Հայաստան, վայրի մարդու պես բնակվում լեռներում․ «քնում էի քարանձավներում, ինձ վարժեցնում սառը գետնին, սակայն խանգարում էին օձերը։ Հենց նիրհում ես՝ օձերը նախընտրում են քնել կրծքիդ, տաք տեղ են որոնում»։ Հայաստանից անցնում է Սվանեթիա, ապրում վանականների հետ, սնվում հիմնականում այն ամենով, ինչ ծառերի վրա է աճում, ի հետևանք՝ խիստ նիհարում է և մեկ տարի անց՝ հասկանալով, որ գիտակցությունը վերականգնվում է և արդեն կարող է ստեղծագործել, վերադառնում է Լենինգրադ։ Համարվում է, որ հենց հոգեբուժարանից հետո նա սկսեց իր նկարներում պատկերել տձև, վախ ու երբեմն էլ նողկանք ներշնչող արարածներ ու առարկաներ։

Գինարբուքները նկարչի կյանքի անբաժան մասն էին։ «Երևի մեզնից յուրաքանչյուրում բնակվում են չար ոգին և հրեշտակը։ Նրանից, թե ով կհաղթի կենաց կռվում, կախված է մեր հետագա ճակատագիրը և կեցությունն այն աշխարհում՝ Մահվան այցելությունից հետո»,-գրել է նա։

Շեմյակինն իբրև փոխադրասարքի բանվոր աշխատում էր Էրմիտաժում, որպեսզի գոնե այդ կերպ մոտ լինի արվեստի գլուխգործոցներին։ 1962 թվականին «Զվեզդա» ամսագրի խմբագրությունում բացվեց նրա առաջին ցուցահանդեսը։ Հինգ տարի անց նա դարձավ «Մետաֆիզիկական սինթետիզմի» մանիֆեստի հեղինակներից մեկը․ ստեղծագործական այդ սկզբունքը կոչված էր հետազոտել ու ներթափանցել հարմոնիայի գաղտնիքների մեջ, որոնք թաքնված են ռուսական սրբապատկերի ուրվանկարի գծերի ռիթմերում ու գունային զուգադրությունների համաչափություններում։

Շեմյակինը լայն դիապազոնի արվեստագետ է․ ստեղծագործական բնույթի փոփոխություններն ու նորարարությունները համարում է իր գլխավոր նվաճումներից մեկը։ Իսկական ստեղծագործությունը նա բնորոշում է որպես հստակ արտահայտված միտք, որին ներդաշնակ ձև է տրված և որին ենթարկվում են ուրվանկարը, կոմպոզիցիան ու գույնը։

Նկարչի վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում արված են մռայլ գույներով։ Խորհրդային տարիների նրա նշանավոր գործերից է «Սուրբ Քրիստափոր» կտավը (1968)։ Զարմանալի չէ, որ շնագլուխ Սուրբ Քրիստափորին նա առանձնապես հաճախ է անդրադարձել․ այդ անսովոր կերպարանքով սուրբը չէր կարող չհրապուրել ընդունված գեղագիտությունից տարբեր նախընտրություններ ունեցող հեղինակին։

1971 թվականին Շեմյակինը ստիպողաբար լքեց ԽՍՀՄ-ը և բնակություն հաստատեց Փարիզում, որտեղ սկսեց ակտիվորեն համագործակցել պատկերասրահների հետ։ Այստեղ էլ 1972-1976 թթ․ նա ստեղծեց «Փարիզի որովայնը» ֆանտասմագորիկ վիմագրությունների շարքը։ Դրանցում մսագործների ֆիգուրներն էին՝ լեշերը գրկած քարշ տալիս։ Կենդանի ու մեռած նյութի հակադրությամբ նա արվեստասերին մեկ ուրիշ՝ զարհուրելի Փարիզն էր ցուցադրում։

«Արվեստի, հաճույքի, զեխության ու թշվառության մայրաքաղաքում» նրան ճանաչեցին և գնահատեցին։ Ի վերջո, ինչպես Բոդլերն ու Ռեմբոն էին ժամանակին իրենց բանաստեղծություններում էսթետիկացնում տգեղը, այնպես էլ Շեմյակինն՝ իր արվեստում։

Այդուհանդերձ, 1981 թվականին նա տեղափոխվեց Նյու Յորք։ «Երիտասարդ, նշանավոր, հարուստ, տաղանդավոր, խելացի, գեղեցիկ ու ազնիվ»․ այսպես է արվեստագետին բնորոշել Սերգեյ Դովլաթովը։ Շեմյակինն ընտրվեց Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի և Եվրոպական արվեստների ակադեմիայի անդամ։

2007 թվականից նա կրկին բնակվում է Ֆրանսիայում՝ Փարիզի մոտ գտնվող 18-րդ դարի ամրոցում, որը ծառայում է և՛ որպես տուն, և՛ որպես արվեստանոց։

Շեմյակինը Վլադիմիր Վիսոցկու մերձավոր ընկերներից էր։ Նրանք ծանոթացան 1974 թ․, երբ Վիսոցկին վերջապես կարողացավ այցելել Փարիզ։ Շեմյակինի խոսքերով՝ «մեր ստեղծագործող ու Լույսը, Գեղեցիկը և Արդարը սիրող հրեշտակները ճանաչեցին միմյանց, ինչպես և անզուսպ, կատաղի ու ծուռ ցնծության ու շվայտության ոգիները, որ երկուսիս մեջ էլ նստած էին»։ Փաստելով նույնը՝ Մարինա Վլադին իր հուշերում գրել է․ «ինձ միշտ անհասկանալի է եղել նրանց ընկերությունն ու այն, թե ինչը կարող էր նրանց միավորել՝ բացի տաղանդից ու խմիչքի հանդեպ կրքից»։ Առաջին հանդիպումից հետո Վիսոցկին ու Շեմյակինն ամբողջ գիշեր թափառել են Սենի ափին ու նրանց թվացել է, թե հին ծանոթներ են։

Ընկերոջ մահվանից հետո Շեմյակինը երկար ժամանակ իրեն չէր գտնում, հետո նա սկսեց նկարազարդել Վիսոցկու երգերը։ Արվեստաբան Իրինա Անտոնովայի խոսքերով՝ Շեմյակինի նկարազարդումները պատմում են երկու ռուս մարդկանց մտերմության, համաստեղծագործության ու կենսարարման մասին։ Այդ նկարազարդումներից շատերն արված են մռայլ, մութ գույներով, դրանցում գանգեր են, դիականման մարդիկ, Կաֆկայի աշխարհը հիշեցնող չարագույժ մեխանիզմներ։ Սա արդեն ոչ միայն Վիսոցկու, այլև Շեմյակինի աշխարհն է, կամ ավելի ճիշտ՝ առաջինի աշխարհը՝ երկրորդի պատկերացումներով։ Այսպես, «Փրկեցեք մեր հոգիները» երգի գրեթե անգույն նկարազարդումներում շնչասպառ լինող անհատն է՝ հրեշներ հիշեցնող գանգերի շրջապատում, որոնցից ամենախոշորը թագակիր է։ Բանտի նմանվող միջավայրում անհատին հետապնդող երկոտանի հրեշն է՝ մեծ առնետին թամբած։ «Կործանիչի մահը» երգի նկարազարդման թերթերից երկուսում հոգևարող օդաչուն է՝ ատամնաթափ գանգին, ասել է թե՝ մահվանը դեմ դիմաց։ 2009-ին ստեղծված «Գմբեթներ»-ի նկարազարդումը այլաբանական է․ գմբեթը կազմված է բռնավորների անվերջանալի շարքից, սակայն երբ ուշադիր ես դիտում, դրանք սովորական բանտարկյալներ չեն, այլ գերեվարված մարդիկ, որոնց առաջ է քշում մահը։ Վերևում խաչն էլ անսովոր թեքված է՝ հիշեցնելով Վիսոցկու տողերը մեկ այլ երգից՝ «Ամեն ինչ այն չէ»։ Խորը ենթատեքստ ունի «Գայլորսի» նկարազարդումը (2007)․ այնտեղ արգելքները հաղթահարած գայլ-պոետն է, իսկ գետնին թավալվում են հսկիչ-որսորդների դիակները։ Տասնյակ գրաֆիկական թերթերում տիրապետող է ողբերգական ոգին, որը հարազատ է նկարչի աշխարհայացքին, Վիսոցկու մյուս՝ ուրախ երգերից այստեղ ոչինչ չկա։ Որոշ դեպքերում Շեմյակինը շարունակում է կամ լրացնում երգի սյուժեն․ այսպես, կատակային նրբերանգներով «Կարմիր, կանաչ» երգը նկարչի մեկնաբանությամբ հոռետեսական մի վախճան է ստացել՝ գլխահակ հերոսին ձեռքերը ոլորած՝ տանում են չեկիստները։ Իսկ «Իմ գնչուականի» նկարազարդման մեջ հերոսի գլխավերևում կացինով կառափնակոճղն է։

Նկարազարդումները հրատարակվեցին առանձին գրքով ու 2011-ին ցուցադրվեցին Մոսկվայի Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարանում։

Շեմյակինը նաև 2008-ին Սամարայում տեղադրված Վիսոցկու հուշարձանի հեղինակն է։ Ու բոլոր աշխատանքներում պոետ-բարդին հակադրվում են ասես Բոսխի կտավներից իջած այլանդակ արարածներ։

Շեմյակինը շարքերով, տարբերակներով ու վարիացաներով աշխատող հեղինակ է․ իրեն հետաքրքրող թեմաներին նա կրկին ու կրկին է անդրադառնում՝ ասես շարունակաբար մտորելով ու վերափոխելով իր մոտեցումները։ Պետրոս Մեծի կերպարը նա բազմիցս է ներկայացրել, այդ թվում՝ գրաֆիկայի ու քանդակագործության միջոցով։ Երեք վայրերում տեղադրված արձանները միանգամայն տարբեր են․ Լոնդոնում կանգնեցվածն առաջին հերթին Եվրոպայից սովորող ցարն է, Ստրելնայում՝ մարդը և ամուսինը, իսկ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում՝ ինքնագոհ, տիրոջ ու հիմնադրի կարգավիճակով հպարտ Պետրոսը։

2001 թվականին Մոսկվայի սրտում՝ Բալչուգում տեղադրվեց Շեմյակինի՝ 15 քանդակների անսամբլը․ մոնումենտալ կոմպոզիցիան կոչվում է «Երեխաները՝ մեծերի արատների զոհեր»։ Երկու լուսավոր, հրեշտակատիպ, աչքակապոցի խաղացող, այսինքն՝ ոչինչ չտեսնող երեխաների շրջապատել են զարհուրելի հրեշներ, որոնք խորհրդանշում են մարդկային մոլությունները՝ թմրամոլությունը, պոռնկությունը, տգիտությունը, անտարբերությունը և այլն։ Այսպես, տգիտությունը էշի գլխով պճնամոլ է, իսկ սադիզմը բալախոն հագած ցմփոր ֆիգուր է՝ ռնգեղջյուրի մռութով։ Հեղինակն արձանախումբը համարում է «այսօրվա և ապագա սերունդների փրկության կոչ ու խորհրդանիշ»։ Դրա վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնվել, սակայն այն իրապես տպավորիչ է ու այնքան յուրօրինակ, որ միանգամից պարզ է դառնում, թե ում գործն է։

Թեկուզ ուշացումով, բայց հայրենիքն արժանին մատուցեց իր երևելի զավակին․ կայացան նրա անհատական ցուցահանդեսները Տրետյակովյան պատկերասրահում և Էրմիտաժում։ 2001 թվականին Մարիինյան թատրոնում Պ. Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկ» բալետը, որի բեմադրող նկարիչն էր Շեմյակինը, ցնցող հաջողություն ունեցավ։ Նկարիչը պարգևատրվեց ՌԴ պետական մրցանակով, երկու հյուսիսկովկասյան հանրապետությունների ժողովրդական նկարչի կոչումով, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվո մեդալով։ Պապենական Կաբարդինա-Բալկարիա առաջին այցելության ժամանակ իր բառերով «թագավորական ընդունելության» է արժանանում։

Ընդհանրապես, չնայած Շեմյակինի ստեղծագործության շուրջ վեճերը չեն դադարում, դրանք միշտ գրավում են դիտողին, որևէ մեկին անտարբեր չեն թողնում։ Նրա արվեստի նկատմամբ համընդհանուր հետաքրքրության վկայությունն է կեղծված գործերի ահռելի քանակը։ Այսպես, 2003 թվականին Կրասնոյարսկ քաղաքում մի հավաքորդ կազմակերպեց նկարչի անհատական ցուցահանդեսը, որին ներկայացված գրեթե բոլոր ստեղծագործությունները կեղծ էին։ Իսկ 2018թ․ «Սոթբիս» աճուրդից հանվեց Շեմյակինին վերագրվող միանգամից չորս գործ, այդ թվում՝ գեղանկար և արձանիկներ։ Վերջին տարիներին Շեմյակինի կենտրոնը հայտնաբերել է 100-ից ավել կեղծ աշխատանքներ։

Իր կյանքի մայրամուտին էլ Շեմյակինը անողոք է մարդկության հանդեպ․ նրա խոսքերով՝ «մարդը տխմարավուն արարած է»։ Նա կրկնում է ակադեմիկոս Սերգեյ Կապիցայի՝ հոռետեսությամբ լի խոսքերը․ «Աշխարհը կկործանի ոչ թե ատոմը կամ քաղցկեղը, այլ ագահ ապուշը»։ Նկարչի համոզմամբ՝ «մեզ դրախտ էր տրվել, որը մենք ոչնչացրինք և շարունակում ենք ոչնչացնել»։ Իր այդ մոտեցումը նա յուրովի արդարացնում է հետևյալ կերպ․ «Իսկական ստեղծագործ մարդը՝ եթե նա ինքնասիրահարված հիմար չէ, անընդհատ հիասթափություններ է ապրում։ Դա խթանում է վարպետ արվեստագետին»։ Եզրակացությունն անսպասելի է, մետաֆիզիկին հարիր և ըստ ամենայնի՝ ուսանելի․ «Գիտե՞ք, միայն հիմարը կարող է բացարձակ երջանիկ լինել, բայց ամեն դեպքում մարդը պետք է գոհ լինի և շնորհակալություն հայտնի Աստծուն այն ճակատագրի համար, որն ունի»։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ Միխայիլ Շեմյակին

2․ «Փարիզի որովայնը», № 14, վիմագրություն, 1977 թ․

3. «Ստվերը հայելու հետ», կտավ, մետաքսագրություն, հեղինակային տեխնիկա, 1997 թ․

4․ «Կործանիչի մահը» (Վ․ Վիսոցկու երգերի նկարազարդումներից), թուղթ, տուշ, ջրաներկ, 2007-2008 թթ․

5․ «Երեխաները՝ մեծերի արատների զոհեր» արձանախումբ, Մոսկվա, 2001 թ․

... ... ... ...