Նինա Բերբերովա և Իոսիֆ Բրոդսկի

20-րդ դարի առաջին տարում՝ 1901 թվականի հուլիսի 26-ին Սանկտ-Պետերբուրգում ծնվեց Նինա անունով մի աղջնակ։ Հայրական կողմից նա նորնախիջևանցի էր, նրա պապը Փարիզում ուսանած նշանավոր բժիշկ էր՝ իսկական եվրոպացի, հայրը՝ ֆինանսների մինիստրի հատուկ հանձնարարություններով պաշտոնյա։ Մայրը ռուս կալվածատերերի ընտանիքից էր։

Ինքնավստահ, հավակնոտ Նինան հանդես եկավ որպես բանաստեղծուհի, գրող, հրատարակիչ, դասախոս և հետազոտող, սակայն անմահացավ որպես փայլուն հուշագիր։ Նրան վիճակված էր ապրել երկար կյանք, մինչև իսկ տեսնել դարավերջի Ռուսաստանը, ինչը նրա հատուկենտ սերնդակից տարագրյալների էր վիճակված։

Երիտասարդ բանաստեղծուհին 1921-ին մուտք գործեց Պետրոգրադի բանաստեղծական շրջանակներ, իսկ արդեն մեկ տարի անց ամուսնու՝ բանաստեղծ Վլադիսլավ Խոդասևիչի հետ լքեց Խորհրդային Ռուսաստանը և բնակություն հաստատեց նախ Եվրոպայում, իսկ 1950-ից՝ ԱՄՆ-ում։ Նա նամակագրական կապեր ուներ Իվան Բունինի, Զինաիդա Գիպպիուսի, Ալեքսանդր Կուպրինի, Դմիտրի Մերեժկովսկու, Մարինա Ցվետաևայի և այլոց հետ։ 1930-ականներին Բերբերովան մտերիմ հարաբերություններ ուներ Վլադիմիր Նաբոկովի հետ, և ենթադրվում է, որ նա է «Գարունը Ֆիալտայում» պատմվածքի գլխավոր գործող անձ Նինայի նախատիպարը։ Հետագայում նա ջերմ հարաբերություններ է ունեցել «ատոմային ռումբի հայր» Ռոբերտ Օփենհայմերի հետ։

1930-ականներին Բերբերովան կենտրոնացավ մեծածավալ արձակ գործերի ստեղծման վրա։ Բարդ, հակասական բնավորության պատճառով գրական շրջանակներում նրա նկատմամբ որոշ վերապահում կար․ Բունինների ընտանիքում նրան անվանարկելիս չէին շրջանցում նույնիսկ նրա հայկական ծագումը, իսկ կրտսեր սերնդից Սերգեյ Դովլաթովը նրա մասին գրում  է․ «Ինչ վերաբերում է Բերբերովային, ես, իհարկե, ճանաչում էի նրան և մի քանի տարի նամակագրության մեջ էի, բայց հետո նա հասկացավ, որ ես ամբողջությամբ բաղկացած եմ նրան ատելի ​​հատկանիշներից՝ կամազուրկ, բարդույթներով տանջված մարդ եմ։ Եվ նամակագրությունը թոշնեց։ Ես նրան շատ բաների համար եմ հարգում, սիրում եմ նրա երկու հուշագրությունները (պոեզիան և արձակը, իմ կարծիքով, խոտան են), բայց նա ամբողջապես ռացիոնալ մարդ է, դաժան, սառը.․․»։ 

«Շեղագիրն իմն է» գիրքը (որում, ի դեպ, բազմաթիվ անդրադարձեր կան հեղինակի հայկական արմատներին) առանձնանում էր իր ազատամտությամբ և անողոք ճշմարտախոսությամբ, սակայն Բերբերովայի պատկերած իրականությունը կրում էր նրա անհատականության կնիքը, այն վառ էր, գրավիչ, բայց վերջին հաշվով սուբյեկտիվ էր ու նույնիսկ անվստահելի․ «Ես սագա եմ գրում իմ կյանքի, իմ անձի մասին, այստեղ ես ազատ եմ անել այն, ինչ ուզում եմ, բացահայտել գաղտնիքներ և պահել դրանք ինձ համար, խոսել իմ մասին, ուրիշների մասին, չխոսել ոչնչի մասին, կանգ առնել ցանկացած կետում, փակել այս նոթատետրը, մոռանալ դրա մասին, թաքցնել այն հեռու մի տեղ: Վեց հարյուր գրված և վեց հարյուր չգրված էջերի, բոլոր խոստովանությունների, բոլոր թերասացությունների համար պատասխանատվությունն ամբողջությամբ ես եմ ստանձնում։ Ինչպես նաև՝ խոսքի համար և դադարների: Այն ամենը, ինչ գրված է այստեղ, գրված է երկու օրենքներով, որոնք ես ճանաչեցի և որոնց հետևում եմ․ առաջինը՝ ամբողջովին քողազերծիր քեզ, և երկրորդը՝ քո կյանքը թաքցրու միայն քեզ համար»։

Իոսիֆ Բրոդսկին ռուսական տարագրության երրորդ սերնդի առաջին ներկայացուցիչներից էր, որ մեծ համակրանքով էր խոսում Բերբերովայի մասին։ Իր իսկ վկայությամբ՝ Բերբերովայի մասին լսել էր վաղ երիտասարդության տարիներին, երբ նրան ցույց էին տվել 1920-ականների սկզբին Բեռլինում արված ռուս գրողների համատեղ լուսանկարը: Այնտեղ յոթ տղամարդկանց կողքին (Խոդասևիչ, Բելի, Ռեմիզով և այլք) պատկերված միակ կինը Բերբերովան էր․ «Մեր ամբողջ սերունդը սիրահարվեց նրան՝ պատկերված այդ լուսանկարում»:

Իր հերթին Բերբերովան դեռևս 1960-ականների կեսերին տարագրության մամուլում ծանոթացել էր Բրոդսկու ստեղծագործություններին ու ուշադրությամբ հետևում էր թե՛ նրա ստեղծագործական ընթացքին, թե՛ նրա ճակատագրի շրջադարձերին։ Բերբերովայի ասպիրանտ Քերոլ Անշուցը դեռ Լենինգրադում անձամբ շփվել էր Բրոդսկու հետ, որը նույնիսկ մտադրվել էր Քերոլի հետ ամուսնանալով՝ լքել ԽՍՀՄ-ը։ Նրանց համատեղ լուսանկարը պահպանվում է Բերբերովայի արխիվում։

Զարմանալի չէ, որ 1972-ի ամռանը ԱՄՆ-ում ապաստանած բանաստեղծն արդեն աշնանը ծանոթացավ Բերբերովայի հետ․ վերջինս ռուսական տարագրութան առաջին սերնդի կարկառուն ներկայացուցիչներից էր, ականատեսն ու մասնակիցն էր եղել առաջին դարակեսի գրական-հասարակական բազում իրադարձությունների և նրա միջոցով էր, որ երիտասարդությունը պիտի հասու դառնար անցյալի գրական ավանդույթներին։

Բրոդսկին պատրաստվում էր Բերբերովայի հետ տեսակցել Փրինսթոնում՝ 1972 թվականի հոկտեմբերի սկզբին, բայց ինչ-ինչ պատճառներով նրա ժամանումը հետաձգվեց։ Նրանց առաջին հանդիպումը տեղի ունեցավ երկու շաբաթ անց՝ Նյու Յորքում տեղի ունեցած Բրոդսկու պոեզիայի երեկոյի ժամանակ։

Այդ երեկոյից մի քանի օր անց Բերբերովան նամակ ուղարկեց Բրոդսկուն. «Հարգելի Ի. Բ.։ Դուք ինձ հարցրեցիք՝ ինչպե՞ս էր: Ես էլ պատասխանեցի՝ լավ։ Սա վերաբերում էր լեփ-լեցուն դահլիճին, ձայնին, թարգմանություններին , հանդիսատեսի ուշադիր վերաբերմունքին, նույնիսկ եղանակին... Բայց ես չասացի բանաստեղծությունների թողած տպավորության մասին, ինչն ինձ համար, իհարկե, ոչ միայն ամենագլխավորն էր, այլև միակ կարևորը։ Այո, ես հասկացա, որ Դուք հիմա շառագունում եք, երբ Ձեզ գովում են Ուխտավորների և Ձիու համար (ակնարկում է Բրոդսկու ստեղծագործությունները - Ա․Գ․): Դուք դրանցից շատ հեռու եք գնացել։ Բայց Դուք է՛լ ավելի հեռուն կգնաք, ու Ձեր դիցաբանական շրջանը նույնպես իր ողջ շքեղությամբ, վեհությամբ և տաղանդով կմնա անցյալում»:

Նույն նամակում Բերբերովան հայտնում էր, որ պատրաստվում է ներկա գտնվել Յեյլում կայանալիք Բրոդսկու ելույթին։ Թվարկելով Յեյլում ապրող մտերիմ ծանոթներին՝ Բերբերովան գրում է. «Սրանք բոլորը Ձեր երկրպագուներն են և հնարավոր ընկերները։ Ես ուզում եմ, որ Դուք շատ ընկերներ ունենաք, և նրանց թվում լինեմ ես։ Ես ահավոր ուրախ կլինեմ, երբ իմանամ, որ Դուք ավելի շատ ընկերներ ունեք, քան թշնամիներ։ Ես ուզում եմ, որ բոլորը սիրեն Ձեզ: Եվ որ նրանք սիրեն և հասկանան Ձեր բանաստեղծությունները ու Ձեր տեղը ռուս գրականության վերջնարարում, որը սկսվել է «Խոտինի գրավման ձոնով» (1739 թ.)»։  

Մի քանի տարի անց Բերբերովան այսպես է նկարագրել իր առաջին հանդիպումը Բրոդսկու հետ․ «Այն օրը, երբ ես և Դուք առաջին անգամ հանդիպեցինք ու գրկախառնվեցինք, և ես Ձեզ մակագրեցի ու նվիրեցի իմ գիրքը («Շեղագիրն իմն է»), ես արդեն գիտեի, որ երբեք չեմ ցանկանա Ձեզ որևէ մեկի հետ համեմատել, որ Դուք ոչ թե «լավագույնն» եք ինձ համար, այլ միակը: Եթե դա ճշմարտություն էր այն ժամանակ, դա ճշմարիտ է և հիմա, ու միշտ կլինի ճշմարիտ: Սև ձիուց մինչև Ֆլորենցիան դեկտեմբերին, և Պլատոնը (նկատի ունի Բրոդսկու ստեղծագործությունները - Ա․Գ․), և շատ-շատ ավելի հեռուները, քայլում եք Դուք, անցնում հինգ մետր խորությամբ սառած ռուսական պոեզիայի տունդրայում, որտեղ յուրաքանչյուր երկրորդ հանդիպած մարդու ուղեղը վերածվել է ասֆալտի կտորի: Եվ իմ փոշոտ խաչմերուկից ես հետևում եմ Ձեր արքայական երթին»։

Սակայն Բերբերովան Բերբերովա չէր լինի, եթե չնկատեր նաև բացասականը, չդժգոհեր։ Նամակներից մեկում նա գրել է, որ առաջին հանդիպման ժամանակ Բրոդսկին լավ տպավորություն է թողել, սակայն ինքը խղճում է նրան, ինչպես և բոլոր մյուսներին, ում խեղել է կյանքը Խորհրդային Միությունում։

Առաջին հանդիպումից հետո Բրոդսկին երկար ժամանակով կորավ Բերբերովայի տեսադաշտից․ «Ժոզեֆը պարզապես անհետացել է: Ես դրանից չեմ դժգոհում՝ նա զբաղված է ինքն իրենով, ինչը հասկանալի է, և զբաղված է «մոտակա» մարդկանցով, ինչը ևս միանգամայն բնական է։ Մի օր մենք նորից կհանդիպենք»։ 1978 թ․ նոյեմբերին, Փրինսթոնում կայացած Բրոդսկու երեկոյից հետո քմահաճ Բերբերովան գրում է․ «Նա կարդում էր հրաշալի Պլատոնը և որոշ հին գործեր, որոնք ինձ ձանձրացրել են։ Բայց ընդհանուր առմամբ նա հանճար է»։

Բանաստեղծ ու կենսագիր Լև Լոսևի խոսքերով՝ Բրոդսկին մեծապես հարգում էր Նինա Նիկոլաևնային և՛ որպես ուժեղ, անկախ անհատականության, և՛ «որպես մեծ կրակի մնացորդի» (այս արտահայտությամբ Բրոդսկին բնորոշել էր Նադեժդա Մանդելշտամին)։ Բերբերովային և Բրոդսկուն՝ երկու տարբեր սերունդների վառ անհատականություններին շատ բան էր միավորում․ ոչ միայն ձգտումը դեպի նորը և նորարարականը, այլև անկախ, կամային, ինչ-որ տեղ թունոտ ու սառը բնավորությունը և նույնիսկ աշխարհընկալման ընդհանրությունները։

Բանասեր-սլավիստ Օմրի Ռոնենը այսպես է նկարագրում Բերբերովային․ «Դուրեկան էր նրա հավերժական երիտասարդությունը, հավերժական սերը դեպի նորը գիտության մեջ, արվեստում ու կյանքում, և հավերժական կանացիությունը և հարվածին հարվածով պատասխանելու հավերժական պատրաստակամությունը, և անհրաժեշտության դեպքում ընկերներին օգնելու ու նրանց օգնությունն ընդունելու ունակությունը: «Լավ է թշնամիներ ունենալը, դա ողորկում է արյունը», - ասում էր նա»։ Բերբերովան գնահատում էր կյանքի բոլոր երանգները, իր բնորոշմամբ՝ սովորում էր փնտրել ոչ թե երջանկություն, այլ ավելի շատ լիաթոք կյանք։

Լիտվացի բանաստեղծ Թոմաս Վենցլովան ընդգծում է, որ Բրոդսկին մտերիմ էր «առաջին» տարագրության որոշ ներկայացուցիչների հետ, «օրինակ, լավ էր վերաբերվում Նինա Բերբերովային, բայց ընդհանուր առմամբ անախրոնիզմ էր համարում նրանց տեսակետները և իրենց իսկ»։

«Շեղագիրն իմն է» հուշագրությունը Բրոդսկին կարդաց Ամերիկայում հաստատվելուց հետո ու բարձր գնահատեց՝ բնորոշելով այն որպես հրաշալի ստեղծագործություն, որը չի զիջում Նադեժդա Մանդելշտամի հուշերին։ Բրոդսկին նշում էր, որ ԽՍՀՄ-ում և տարագրության մեջ ռուսական գրական կյանքի մասին ողջ ճշմարտությունը ներկայացնում են միայն Նադեժդա Մանդելշտամի ու Նինա Բերբերովայի հուշերը։ Բերբերովան իր հերթին կարծում էր, որ Բրոդսկին մեծ բանաստեղծ է, սակայն ո՛չ արձակագիր․ «Ես նրան իբրև անգլիագիր էլ մեծ բանաստեղծ եմ համարում, չնայած ամերիկացիներն այդպես չեն կարծում։ Երբ նա ստացավ Նոբելյան մրցանակը, մենք բոլորս անչափ ուրախ էինք։ Եվ նա արժանի է այդ մրցանակին»։

1989 թվականին Բերբերովան այցելեց Ռուսաստան, որտեղ 88-ամյա կինը չէր եղել շուրջ յոթ տասնամյակ։ Լոսևի խոսքերով՝ չնայած շատ ջերմ ընդունելությանը և այն փաստին, որ Բերբերովան իր ողջ կյանքի ընթացքում Արևմուտքում դավանում էր ձախակողմյան հայացքներ, հայրենիքում նա իրեն լավ չէր զգացել։ Վերադարձից անմիջապես հետո մի երեկույթի ժամանակ նա Բրոդսկուն պատմել է իր անուրախ տպավորությունների մասին: Հայրենիքում իր ելույթին ներկա գտնված հանդիսատեսի մասին նա ասել է․ «Ես նայում էի այդ ամբոխին, և մտածում՝ [տվե՛ք ինձ] գնդացիրներ»: Մինչև այդ նրան սրտացավորեն լսող Բրոդսկին բացականչել է․ «Այդպես չի՛ կարելի, Նինա Նիկոլաևնա»: «Ի՞նչ չի կարելի», -մռայլվել է Բերբերովան: - «Դե՛, չի՛ կարելի այդպես, ոչ քրիստոնեաբար…» «Ես չեմ հասկանում նման խոսակցությունները», -ասել է Բերբերովան և շրջվել մեջքով դեպի Բրոդսկին (հանուն ճշմարտության նշենք, որ այդ հանդիպումը Բերբերովան միանգամայն այլ կերպ է նկարագրել․ ըստ նրա՝ Բրոդսկին ասել է, իբր ԽՍՀՄ-ում բանտապահներն առավել հետաքրքիր են, քան կալանավորները, ինչը խիստ վրդովեցրել է Բերբերովային):  Ուշագրավ է, որ Բերբերովային հակադարձող Բրոդսկին ինքը մի քանի տարի առաջ նույն ոգով գրել էր Մոսկվայի մասին․ «Դեպի այդ քաղաք լավագույն տեսարանը՝ ռմբակոծիչի միջից է»։

Ինչևէ, միգուցե հենց Բերբերովայի տպավորությունների ազդեցությամբ է, որ տարագիր բանաստեղծն այդպես էլ չեղավ իր հայրենի երկրում, չուզեց առերեսվել օտարացած միջավայրի, մտապատկերից տարբերվող իրականության հետ․․․

 

Աշոտ Գրիգորյան