Նորվիդի առեղծվածը
Մտքի, գրչի ու արվեստի մարդկանց կյանքը հաճախ է լեցուն լինում խոչընդոտներով ու դժվարություններով։ Լև Տոլստոյը որևէ ճշմարիտ ստեղծագործող անհատի ճակատագիրը համարում էր անձնուրացությունն ու տառապանքը։ Բանաստեղծական դժնդակ ճակատագրի վառ օրինակ է լեհ բանաստեղծ, դրամատուրգ, գրող, մտածող, նկարիչ և քանդակագործ Ցիպրիան Կամիլ Նորվիդի կյանքը։ Թափառաշրջիկի պես անցնելով երկրեերկիր, նա իր կյանքը նվիրեց գրականությանն ու արվեստին, դավանած իդեալների տարածմանն ու իրագործմանը, ապրեց խորը աղքատության մեջ, հայտնվեց բանտերում, աստիճանաբար կորցրեց տեսողությունն ու լսողությունը, բայց շարունակեց ստեղծագործել։ Առեղծվածային էր ոչ միայն նրա կյանքի ընթացքը, այլև թողած ժառանգությունը․ նրա պոեզիայի խրթին, բազմաշերտ հոգե-մտավոր հյուսվածքը, փիլիսոփայական մոտիվները, ոճական նորարարությունները հեղինակի կենդանության օրոք չգնահատվեցին քննադատների կողմից, և նա դարձավ հասկացված չլինելու զոհը։ Նախապես լինելով լեհական ռոմանտիզմի ներկայացուցիչ՝ նա առաջինն էր, որ յուրովի ընկալեց ռոմանտիզմի հիմնադրույթները և քննադատեց դրանք։ Մահվանից հետո միայն՝ 20-րդ դարի սկզբին նա վերագնահատվեց ու մեծ ազդեցություն ունեցավ պոեզիայի հետագա զարգացման վրա։ Ըստ գրականագետների՝ նա տասնամյակներով առաջ էր ընկել իր ժամանակի եվրոպական պոեզիայից ու ավելի մոտ լինելով 20-րդ դարի գրական ավանգարդին՝ հանդիսացավ մոդեռնիզմի նախակարապետներից մեկը։ Ավելին՝ ըստ լիտվացի բանաստեղծ Թոմաս Վենցլովայի՝ Նորվիդի պոեզիան կարելի է բնորոշել որպես poesis docta (գիտական պոեզիա), ինչը մոտ է ոչ միայն մոդեռնիզմին, այլև բարոկկոյի մետաֆիզիկական պոեզիային։
Մեր հարցմանն ի պատասխան՝ Նորվիդին այսպես է բնորոշում գրականագետ Դմիտրի Բիկովը․ «Ուշադրություն դարձրեք նրա բառամթերքին (նույնիսկ թարգմանության դեպքում է դա երևում), նրա նախադասության ինտոնացիոն շարակարգին, նրա բանաստեղծությունների թեմաներին։ Նա ավելի շուտ Ռիլկեի ժամանակակիցն է՝ հոգևոր աշխարհ ներթափանցելու նրբավարժությամբ։ ․․․Նրան պետք է թարգմանել միանգամայն ժամանակակից ոճով, ընդհուպ՝ ժարգոնով․․․»։
Իոսիֆ Բրոդսկին Նորվիդին համարում էր 19-րդ դարի լավագույն բանաստեղծը, «Բոդլերից, Վորդսվորդից, Գյոթեից լավը», իսկ ռեժիսոր Անջեյ Վայդան նրա բանաստեղծության «Մոխիր և ալմաստ» տողով անվանել է իր հռչակավոր ֆիլմը։ Ահա՛ «Ալբոմում» շարքից այդ քառատողը՝ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ․
Քեզանից մոխի՞ր կմնա այստեղ,
Եվ հողմացրիվ անհետ կկորի՞,
Թե՞ մոխրի միջից կրկին կշողա աստղդ ալմաստե
Եվ հաղթանակիդ արևածագը կավետի նորից:
Ապագա բանաստեղծի հայրը լիտվական ծագման՝ սնանկացած ազնվական ընտանիքից էր, ուստի ծնողներն ապրում էին մոր կալվածքում՝ Լյասկովո-Գլուխի գյուղում, Վարշավայից 40 կմ հյուսիս-արևելք։ Այսպիսով նա իր ժամանակի մեծ լեհ գրողներից (մյուս երեքն են Ադամ Միցկևիչը, Յուլիուշ Սլովացկին և Զիգմունտ Կրասինսկին) միակն էր, որ ծնվեց այսօրվա Լեհաստանի տարածքում՝ 1821թ․ սեպտեմբերի 24-ին։ Չորս տարեկան դեռ չկար, երբ կորցրեց մորը։ Հայրը մշտական աշխատանք և բնակատեղի չուներ, այդ պատճառով Ցիպրիանը եղբայրների և քրոջ հետ հանձնվեց արքայական ծագում ունեցող նախատատ Իլարիայի խնամակալությանը։ 1835 թվականի հուլիսին մահացավ նաև պարտքերի պատճառով բանտում հայտնված հայրը։
Դժվարին պայմաններում Նորվիդը ստիպված ընդմիջումներով էր դպրոց հաճախում, սակայն ագահությամբ էր նոր գիտելիքներ կլանում, նաև ստեղծագործում էր․ 12 տարեկանում ստեղծեց առաջին նկարը՝ վարդ սպիտակ ատլասի վրա։ 1837 թվականին Նորվիդը թողեց գիմնազիայի հինգերորդ դասարանը և սկսեց ուսանել հայազգի Յան Մինասովիչի արվեստանոցում։ Հենց այս ծանոթությունը նա հետագայում կարևորեց իր գեղարվեստական ուղու զարգացման համար։ Կապեր հաստատեց «Ազգային գրականություն» ամսագրի շրջանակի հետ, այդ ամսագրում էլ 1840 թվականին առաջին անգամ տպագրվեց նրա բանաստեղծությունը («Իմ վերջին սոնետը»)։ Նա հատկապես ջերմ հարաբերություններ ուներ իր ավագ եղբայր Լյուդվիկի հետ, որը նույնպես բանաստեղծություններ էր գրում․ նրա ստեղծագործությունները երբեմն վերագրել են եղբորը և՝ հակառակը։
Ֆրանսիական հեղափոխությունից հետո Եվրոպայի տարբեր երկրներում սկիզբ առած հեղափոխական և ազատասիրական ալիքները հասան մինչև Լեհաստան, սակայն 1830-1831թթ․ ապստամբությունը ճնշվեց (հանուն արդարության նշենք, որ այն իր հերթին ուներ կայսերապաշտական կողմնորոշում), իսկ Լեհական թագավորության ինքնավարությունը լուծարվեց։ Երազելով Լեհաստանի անկախության մասին՝ Նորվիդը գրում էր հայրենասիրական բանաստեղծություններ, ներբողում ազգային պայքարի առաջնորդներին։ «Անցյալ դարի լեհական իրականության ամենակարևոր կողմերը Նորվիդի ստեղծագործություններում արտահայտվել են, թերևս, ամենամեծ խորությամբ»,- գրել է Յարոսլավ Իվաշկևիչը։ Նորվիդը հավատում էր, որ լեհ ժողովրդի ազատագրությունը միայն լարված պայքարի, անխոնջ աշխատանքի արդյունքում կարող է իրականություն դառնալ․
Ծափահարություններից տանջված ափերով,
Երգերից հոգնած՝ մարդիկ սպասում էին գործերի։
Նա նշում էր, որ ակնկալիքներ կարող է ունենալ միայն զարթոնք ապրող, չլռող ժողովուրդը․ «Lավ է`փշերի վրայով՝ առանց վարանելու,/Դեպ գագաթները քայլ անել»։ Երբ լեհական ընդհատակյա կազմակերպության անդամներին ձերբակալում են և դատապարտում աքսորի՝ Նորվիդն ընկերների հետ դուրս է գալիս փողոց և ճանապարհում նրանց։
Դավանանքով նա ջերմեռանդ կաթոլիկ էր ու քրիստոնեական աշխարհընկալումը կարևոր տեղ է զբաղեցրել նրա ստեղծագործության մեջ։
Քաղաքական ենթատեքստի պատճառով իր բանաստեղծությունները Նորվիդը չէր ստորագրում կամ նշում էր միայն անվան սկբնատառերը, սակայն ընթերցողները ճանաչում էին նրան, անվանում «ազնվական» ու «արքայազն» և հրավիրում գրական հավաքների։
1842 թվականին Նորվիդը գաղթում է Դրեզդեն՝ քանդակագործության ոլորտում կատարելագործվելու պատրվակով և մեկընդմիշտ դառնում տարագիր։ Նա այլևս երբեք չէր վերադառնալու այն հայրենիք, որ միայն «դափնի ու խավար կարող է տալ»։ Ապրում է Վենետիկում և Ֆլորենցիայում, 1844 թվականին հաստատվում Հռոմում։
Բանաստեղծն անձնական կյանքում ևս հաջողակ չէր․ հարսնացուն հրաժարվել է նրա հետ ամուսնանալ, իսկ 1845 թ․ Ֆլորենցիայում նա սիրահարվել է ժամանակի ամենագեղեցիկ կանանցից մեկին՝ Մարիա Կալերգիսին։ Նորվիդը ճանապարհորդել է՝ ուղեկցելով գեղեցկուհուն ու նրա ընկերուհուն՝ Մարիա Տրեմբիցկայային, վատնել վերջին միջոցները և հյուծել նյարդերը, սակայն՝ ապարդյուն։ Նա բազում բանաստեղծություններ է նվիրել Կալերգիսին։
Լեհ բանաստեղծն իրեն նմանեցնում էր Դոն Քիշոթին և բանաստեղծություններից մեկում այսպես է արտահայտվել․ «Խելառի պես խոսում եմ ես ինձ հետ/Անվարժ է խոսքս, բայց մոտ ճշմարտությանը»։
Բեռլինում նա մասնակցում է համալսարանական դասախոսություններին ու տարագիր լեհերի հանդիպումներին։ 1846 թվականին ձերբակալվում է և աքսորվում Պրուսիայից։ Ապրում է Բրյուսելում, որտեղ հայտնի է դառնում լեհական ապստամբության 16-րդ տարելիցի առթիվ իր ելույթով։ Նա հրապարակում է հոգևոր-քաղաքական մանիֆեստ, որում հայրենիքի հասկացությունը կապում է քաղաքացիներին միավորող բարոյական ուժի հետ։ 1847թ․ տեղափոխվում է Հռոմ, որտեղ բացում է գեղարվեստական արվեստանոց և հանդիպում Ադամ Միցկևիչի և Զիգմունտ Կրասինսկու հետ։ Պաշտպանելով Հռոմի պապ Պիոս IX-ի աշխարհիկ իշխանությունը՝ նա հանդգնում է վիճաբանել Միցկևիչի հետ։
1849-1852 թթ․ ապրում է Փարիզում, հանդիպում Յուլիուշ Սլովացկիի և Ֆրեդերիկ Շոպենի, ինչպես նաև Իվան Տուրգենևի և Ալեքսանդր Գերցենի հետ։ Մեծ բանաստեղծ Սլովացկին ըստ որոշ լեհ գիտնականների՝ մայրական կողմից հայ էր․ մահվան պահին Նորվիդը նրա կողքին է եղել, 1860-ին հանդես է եկել դասախոսությունների շարքով, որոնցում բարձր կարծիք է հայտնել Սլովացկու մասին՝ ընդդիմանալով նրա դերը նսեմացնողներին։
Մի լեհ ազնվականի օգնությամբ նա 1852 թվականի դեկտեմբերին մեկնում է Լոնդոն, ապա՝ Միացյալ Նահանգներ։ Այստեղ՝ հայրենիքից շա՜տ հեռու՝ նա ստեղծում է «Իմ երգը» հայրենասիրական բանաստեղծությունը՝ նկարագրելով իր կարոտն առ Լեհաստան։ Միաժամանակ, նա խիզախորեն քննադատում է լեհական հասարակության թույլ ու հոռի կողմերը․ «Ես պատկանում եմ մի ժողովրդի, որի համար գրեթե հարյուր տարի շարունակ յուրաքանչյուր գիրք հրատարակվում է չափազանց ուշ, իսկ յուրաքանչյուր գործողություն ձեռնարկվում է չափազանց վաղ։ Միայն սա շտկելով կարելի է փրկել ժողովրդին»։
Նորվիդին բնորոշ էր գրականության և արվեստների սինթեզը, նա հաճախ համատեղում էր դրանք, զբաղվում գրաֆիկայով, գեղանկարչությամբ, քանդակագործությամբ։ «Օրբիս» անունը կրող ալբոմում նա իր և ուրիշ նկարիչների պատկերներով ու սեփական գրառումներով ներկայացրել է աշխարհի պատմությունը։
1853 թվականին նա աշխատանք է գտնում Նյու Յորքի գրաֆիկական նկարչության ստուդիայում, այցելում հնդկացիներով բնակեցված հողատարածք՝ նրանց ուսումնասիրելու նպատակով։ Կարճ ժամանակ անց ծանր հիվանդանում է, գրեթե խլանում, զրկվում ապրուստի միջոցներից։ Բացի այդ, նրան տանջում են մելամաղձությունն ու կարոտը Եվրոպայի պատմական վայրերի, «Հռոմի ավերակների» և «հազարամյա քարերի» հանդեպ։ Տեղեկանալով Ղրիմի պատերազմի մասին՝ ջանքեր է գործադրում վերադառնալու Եվրոպա։ Վերջապես 1854 թվականի ամռանն իր հայրենակից կոմս Լյուբոմիրսկու աջակցությամբ հասնում է Լոնդոն, բնակություն հաստատում աղքատների թաղամասում և կատարում պատահական աշխատանքներ։ 1855 թվականին ռուսական իշխանությունները նրան դատապարտում են աքսորի և ունեցվածքի բռնագրավման՝ զրկելով հայրենիք վերադառնալու իրավունքից։ Նույն տարվա վերջում Կրասինսկին օգնում է նրան տեղափոխվել Փարիզ։
Այնտեղ գրված «Իմ հայրենիքը» (1861) նշանավոր բանաստեղծությունում հեղինակը արծարծում է հոգևոր հայրենիքի գաղափարը, պնդում, որ հին հյուղակները, գյուղերը, դաշտերը հայրենիքի սոսկ արտաքին մակերևույթն են, երևացող մասը, որից վեր հոգևոր հայրենիքն է, Ոգին․
Մարմինս Եփրատի այն կողմից է,
Ոգով Քաոսից եմ ես վեր
Եվ պարտական աշխարհին։
Թոմաս Վենցլովայի խոսքերով՝ Նորվիդի պոեզիայի «բարդությունն ու իմաստային գերհագեցածությունը» հաճախ չհասկացվածության պատճառ է դարձել․ «Իր կյանքի ընթացքում Նորվիդը գնալով ավելի ու ավելի էր կորցնում կապը լսարանի հետ, «կտրվում» ընթերցողներից ու քննադատներից, զրկվում հետադարձ կապից և, հետևաբար, իր ստեղծագործության նկատմամբ վերահսկողությունից»։ Իր գրվածքներն անհասկանալի համարողներին Նորվիդն այսպես է պատասխանել․ «Մի փոքր խոնարհություն ունեցեք և խոստովանեք, որ ես խելագար չեմ՝ ես աղոտ չեմ գրում, այդ դուք եք աղոտ կարդում»։ Միաժամանակ, իր մտերիմներից բանաստեղծ Թեոֆիլ Լենարտովիչին նա քննադատում էր, իբր նա խանգարում է ընթերցողին մտածել և ընտրած ոճը չի համապատասխանում ապրած ժամանակաշրջանին։ Նամակներից մեկում խոստովանել է․ «Նա իմ ընկերն է, այդ պատճառով երբեմն նրան տանջում եմ»։ Իր ժամանակի քննադատների նկատմամբ Նորվիդն անհաշտ էր, նրա սուր լեզուն ու կոշտ դիրքորոշումը վիճաբանությունների տեղիք էին տալիս․
Դու մեղադրում ես՝ իբր անհասկանալի է խոսքն իմ։
Իսկ ինքդ, որքան գիտեմ, մեկ մոմ իսկ չես վառի։
Քո սպասավորն է քեզ համար մոմեր բերում միշտ։
Տեսա՞ր արդեն, որ ճանաչել եմ բնույթդ լիովին։
Փարիզ վերադառնալուց հետո Նորվիդը ստեղծեց «Քաղաքացի Ջոն Բրաունին» (1859) հակառասիստական բանաստեղծությունը, «Vade mecum» (1865-1866) բանաստեղծական շարքը, «A Dorio ad Phrygium» (1871) փիլիսոփայական պոեմը, «Կուլիսների հետևում» (1865-1866) և «Կլեոպատրա» ողբերգությունները, նովելներ։ Նաև թարգմանություններ արեց Հոմերոսից, Շեքսպիրից, Բայրոնից և ուրիշներից։ 1869-ին Նորվիդը հանդես եկավ «Բան խոսքի ազատության մասին» պոեմի հրապարակային ընթերցմամբ ու հավանության արժանացավ ունկնդրի կողմից, սակայն քննադատները կրկին դժգոհ էին։ Այդ տարիներին նա հասցրեց հրատարակել մի քանի ստեղծագործություն և իր միակ բանաստեղծական ժողովածուն, սակայն լավագույն գործերն այդպես էլ անտիպ մնացին։ Չնայած վատառողջությանը՝ Նորվիդը զինվորագրվեց լեհ վտարանդիների ջոկատին՝ ֆրանկո-պրուսական պատերազմին մասնակցելու համար, սակայն խլության պատճառով մերժվեց։ 1877 թվականի փետրվարից նա ապրում էր Փարիզի ծայրամասում՝ Իվրիում գտնվող լեհական բարեգործական ապաստարանում, որտեղ էլ մահացավ 1883թ․՝ բոլորից լքված և մոռացված։ Մահվանից հետո նրա դարակում հայտնաբերված ձեռագրերը ոչնչացվեցին։ Նրա աճյունը վերաթաղվեց Փարիզի մերձակա Մոնմորանսի գերեզմանատանը գտնվող անհայտ լեհ թափառականների եղբայրական գերեզմանում։ Հետագայում այդ գերեզմանից վերցված հողն ամփոփվեց Միցկևիչի և Սլովացկու կողքին՝ Կրակովում։
Նորվիդը մահվանից շատ տարիներ հետո միայն ճանաչվեց որպես երկրի մեծագույն բանաստեղծներից մեկը․ բանաստեղծ և քննադատ Զենոն Պշեսմիցկին հայտնաբերեց նրա ձեռագիր բանաստեղծական ժողովածուն և հրատարակեց այն՝ սկիզբ դնելով Նորվիդի համաշխարհային ճանաչմանը։ Իսկ կենդանության օրոք նա առավել հայտնի էր որպես նկարիչ․ 1868-ին Նորվիդը մասնակցել էր Փարիզի գարնանային սալոնին ու դարձել Փարիզի նկարիչների ընկերակցության անդամ։ Նրա նկարչական աշխատանքները հաճախ այլաբանական են, բազմիմաստ և առեղծվածային։ «Զոյիլ»-ում տավիղով երիտասարդին հետապնդում է երկար գանգով, չար հրեշի գլխով քննադատը, որ, չգիտես ինչու, թիկունքին փետրահան թևեր ունի։ Ոգեշնչման պակա՞սն են դրանք խորհրդանշում, թե՞ կապը անկյալ հրեշտակների հետ․ դժվար է ասել։ 1870-ին ստեղծված «Ավերակ սրբավայր» կտավը լքյալ հայրենիքի այլաբանությունն է, սակայն զարմանալիորեն սրբավայրի թե՛ ներսում, թե՛ դրսում կյանքն է բաբախում, ասել է թե՝ հույսը դեռ չի մարել։ Մեծ հումորով են պատկերված տարագիրների հավաքույթները արտասահմանում։ Եվ ինչ էլ պատկերել է Նորվիդը՝ ամենուր ալեկոծություն է, պոռթկում ու շարժում։
Իոսիֆ Բրոդսկին վաղ տարիքից հետաքրքրվել է Նորվիդի ստեղծագործությամբ («Նորվիդն իմ ամենաուժեղ տպավորություններից է եղել»), թարգմանել մի քանի բանաստեղծություն։ Նա լեհ բանաստեղծին համեմատել է Մարինա Ցվետաևայի հետ՝ տոնայնությամբ և թափով․ «Որևէ լեզվով ավելի մեծ բանաստեղծություն չգիտեմ, քան նրա «Զորավար Բեմի հիշատակի վշտալի ռապսոդիան»»։
Յուրաքանչյուր սերունդ նորովի է բացահայտել Նորվիդի մելամաղձոտ, դառնությամբ, բայց և խոցող հեգնանքով լի աշխարհը․ լեհական ռոքի կարևոր դեմքերից Չեսլավ Նեմենը երգերի է վերածել նրա բանաստեղծությունները, որոնք լայն ընդունելության են արժանացել ունկնդրի (այդ թվում՝ հայ) կողմից։ 1979թ․ սեպտեմբերին «Երեկոյան Երևան» թերթին տված հարցազրույցում արտիստը մեջբերել է Նորվիդին՝ նշելով, որ նա իր սիրելի պոետն է։
Բանաստեղծ-արվեստագետի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում, այդ թվում՝ մեր հայրենակիցների ջանքերով։ 2021թ․ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ հայերեն հրատարակվեց Նորվիդի ստեղծագործությունների «Եղիցի կամքը Քո» ժողովածուն։ Նույն թվականին բանաստեղծին նվիրված առաջին ռուսերեն կենսագրական մենագրությունը հրատարակեց Նաթելլա Բաշինջաղյանը՝ նշանավոր գեղանկարչի թոռնուհին։
Լեհ գրականագետ, բանաստեղծի կենսագիր Ստանիսլավ Ֆալկովսկու կարծիքով՝ «Նորվիդը գրել է այն ամենի մասին, ինչ հուզում է մարդուն։ Չնայած վախճանվել է ավելի քան հարյուր տարի առաջ՝ նա մեր ժամանակների բանաստեղծ է»։ Հիրավի, Նորվիդի ստեղծագործություններն, ի վերջո, գտան իրենց ընթերցողին, քանի որ նա խիզախել էր մատը վերքի վրա դնել, ապրել, խորհել ու գործել ավելի ապագայի, քան ներկայի համար, հանուն վեհ ու անսակարկելի նպատակների․․․
Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ Նորվիդի ինքնադիմանկարը, մոտ 1849 թ․
2․ «Մարիա Տրեմբիցկայայի դիմանկարը», 1870 թ․
3․ «Օջախի մոտ», կտավ, յուղաներկ
4․ «Բնանկար», տախտակ, յուղաներկ
5․ «Ավերակ սրբավայր», կտավ, յուղաներկ, 1870 թ․