Պետրոս Կոնտուրաջյան․ ճակատագրի խորթ զավակը

Անժխտելի է, որ իր ուղին հարթելու համար ճշմարիտ արվեստագետին տաղանդից բացի անհրաժեշտ են նաև պողպատե նյարդեր ու իհարկե՝ բարեբախտություն։ Մեծ Եղեռնը վերապրած շատ սփյուռքահայ նկարիչներ ողբերգական ճակատագիր ունեցան՝ Արշիլ Գորկուց մինչև Արման Մանուկյան։ Պակաս ողբալի չէր ստալինյան բռնատիրության ժամանակաշրջանում հայրենադարձված գրողների ու արվեստագետների կյանքը․ ինքնասպանություն գործեց Պետրոս Կոնտուրաջյանը, խելագարվեց Տիրան Սութճյանը, 10 տարով Սիբիր աքսորվեց Բարդուղ Վարդանյանը, կասկածելի հանգամանքներում զոհվեց բանաստեղծ Անդրանիկ Թերզյանը, արգելքների ու մոռացման ծանր տարիներ դիմագրավեցին Կալենց ամուսինները, Արամ Ղարիբյանը և այլք։ Իրենց երազանքների երկրում՝ հայրենի եզերքում հանգրվանած մեր հայրենակիցները առերեսվեցին անազատ, իրենց համար խորթ խորհրդային իրականությանը, ամեն մեկը յուրովի արձագանքեց պետական կառույցների պարտադրանքներին ու կենսական միջոցների բացակայությանը։ Երևելի ստեղծագործական ձեռքբերումներ ունեցած, փարիզյան արվեստասերների ու արվեստաբանների համակրանքին արժանացած Պետրոս Կոնտուրաջյանը չէր կարող հավատուրաց լինել, դավաճանել արվեստում դավանած իր սկզբունքներին․․․ Տառապալից կյանք ապրեց նա և այդ ամենով հանդերձ՝ նրա թողած ստեղծագործական ժառանգությունը հիրավի անօրինակ մի սխրանք է, կյանքում նրան բաժին հասած զրկանքներն ու վիշտն արվեստի պայծառ բռնկումներով ու փոխակերպումներով ցրելու փորձ։

Պետրոս Կոնտուրաջյանը (Կոնտրաջյան, նաև՝ Պետո, իսկական ազգանունը՝ Կոշկակարյան) ծնվել է 1905 թվականին՝ պատմական Եդեսիայում (Ուրֆա)՝ կոշկակար Ներսեսի ընտանիքում։ Տասը տարեկան էր, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Ուրֆայի ինքնապաշտպանության ժամանակ զոհվում է հայրը, ապա կորցնում է մորը։ 1918թ․ անգլիացի զինվորները Պետոյին կրտսեր եղբոր՝ Արշակի հետ տեղափոխում են Հալեպի ազգային որբանոց․ այնտեղ է հանգրվանում նաև նրանց կրտսեր քույրը։ Ուսումնատենչ Պետոն սիրով է հաճախում Հալեպի Հայկազյան վարժարան, որտեղ էլ աչքի է ընկնում իր նկարչական ընդունակություններով․ ուսուցչի՝ Հովհաննես Մոմջյանի միջոցով ստանում է նախնական գիտելիքներ, գծագրում զարդեր կանանց ձեռագործների, սեղանի ծածկոցների համար։

1923 թվականին Պետոն եղբոր հետ ճանապարհվում է «արվեստների մայրաքաղաք» Փարիզ, որտեղ ընդունվում է Լա Կանալ լիցեյը, ապա հաճախում Մոնպառնասի ազատ ակադեմիաները։ Ապրուստի միջոցներ հայթայթելու համար գիշերային հերթափոխերին ծանր աշխատանք է կատարում գործարանում, սրբագրում նեգատիվ կլիշեներ, հմտանում լուսանկարչության ասպարեզում։ Հոգում է նաև եղբոր կարիքները, որը ևս նկարչական ձիրք ուներ ու մասնագիտանում էր գեղագրության ասպարեզում։

Պետոն շարունակում է կատարելագործել իր գիտելիքները․ սովորում է Ֆերնան Լեժեի ստուդիայում, Փարիզի գեղարվեստի ակադեմիայում, սակայն ստիպված լինելով հոգալ իր ապրուստը՝ ավարտական վկայական այդպես էլ չի ստանում։ Նրա համար իսկական դպրոց է դառնում Լուվրի թանգարանը, որի մշտական այցելուն էր։ Բացի այդ, երկու տարի ունկնդրում է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության ու հնագիտության դասընթացները։

1930 թվականից Կոնտուրաջյանը մասնակցում է Փարիզի ամենամյա «Աշնանային սալոններին», հետագայում ընտրվում ժյուրիի անդամ։ 1935թ․ նրա ցուցադրած մերձքաղաքային բնանկարի մասին Կլեմենտ Մորոն գրում է, որ դրանում արտահայտված է «հազվադեպ դիտողականության ունակություն»։

Գիծը Կոնտուրաջյանի համար այն հիմնառանցքն է, որը պայմանավորում է նկարի կոմպոզիցիոն ներդաշնակությունը։ Ուրվագծերը նրա աշխատանքներում շեշտված են, նա չի կենտրոնանում ավելորդ մանրամասների վրա, յուրովի ընդհանրացնում է իր տեսածը և այն հրամցնում դիտողին։ Կոնտուրաջյանի ժանրային ստեղծագործություններում նկատելի է կերպարվեստի տարբեր հոսանքների ազդեցությունը․ այսպես, նրա բնանկարների վերացական սխեմատիզմը հիշեցնում է կլուազոնիզմի ստեղծագործական մեթոդը և հատկապես դրա մշակողներից ֆրանսիացի սիմվոլիստ նկարիչ, Գոգենի ու Վան Գոգի մտերիմներից Էմիլ Բերնարի աշխատանքները, օրինակ՝ «Երկաթուղային կամուրջ Անիերում» և «Կեսօր Սեն-Բրիակում» (երկուսն էլ՝ 1887թ․) կտավները։ Բերնարին բնորոշ հետիմպրեսիոնիստական պայմանականությունը, գունային փորձարարությունը հարազատ են Կոնտուրաջյանին։ Կլուազոնիզմի մեթոդը ենթադրում էր պատկերվող տիրույթի պարզեցված մեկնաբանություն, գունային բծերի և ուրվագծերի պլաստիկայի դեկորատիվ նշանակության շեշտում։ Այս մեթոդից են ծագել Կոնտուրաջյանին հատուկ գունային վառ հակադրությունները, ստվերներ հիշեցնող թանձր ֆիգուրները։ Ինչպես նշում է Շահեն Խաչատրյանը՝ «չնայած ներկի բարակ շերտին ու ողորկ մակերեսին, գույնը նրա մոտ նյութական է, հագեցած»։ Նկարիչը հատուկ ուշադրություն է դարձրել նրբերանգներին․ Ռուբեն Դրամբյանի խոսքերով՝ Կոնտուրաջյանի գեղանկարչությունը առանձնանում է «կիսատոների բացառիկ նուրբ թրթռումով, ինչը նրա նկարների կոլորիտին հաղորդում է գունային հատուկ հարստություն»:

Որպես պորտրետիստ՝ Կոնտուրաջյանը յուրացրել է Սեզանի ու Մոդիլիանիի որդեգրած որոշ մոտեցումներ, մասնավորապես՝ վերջինիս վրձնած դիմանկարներում հանդիպող դատարկ աչքերը։ Միաժամանակ, Կոնտուրաջյանը իր բնորդներին պատկերել է առավել դինամիկ, շեշտված կուբիստական թարմությամբ, մինչև իսկ դատարկ աչքերում կարողացել է հայացք ու տրամադրություն պատկերել։ Այդպիսի ուշագրավ դիմանկարներից է «Աղջիկը պատշգամբում» գործը (1942), որի բնորդուհին՝ չնայած արտաքին հանդարտությանը, խոր անհանգստություն, նույնիսկ տագնապ է արտահայտում․ այդպիսի տպավորության ստեղծմանը նպաստում են դատարկ աչքերը, կողմ ուղղված հայացքը, մռայլ գույների համադրությունը։ Նույն անհուսությունն է պատկերված ավելի ուշ շրջանի «Պատանու դիմանկարում (Գևորգը)»։ Զգացմունքային մեծ լարմամբ է ստեղծված «Մայրը մանկան հետ» աշխատանքը, որն աչքի է ընկնում ինքնատիպ տարածածավալային ու լուսաստվերային լուծումներով։ Արվեստի հոգեբանության տեսանկյունից ուշագրավ նյութ կարող է հանդիսանալ այս գործի համեմատությունը Արշիլ Գորկու «Նկարիչը և իր մայրը» նկարի երկու տարբերակներների հետ։ Թե ինչ ծանր ապրումներ են ունեցել ծնողներին ու հայրենիքը կորցրած նկարիչներն իրենց կյանքի ընթացքում, որ չափով են տառապել հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ՝ կարելի է միայն ենթադրել։

Փարիզյան տարիներին Կոնտուրաջյանին մեծ համարում բերեցին բնանկարները․ «Քաղաքային տեսարան․ Փարիզ» (1935), «Քարե կամուրջ․ Փարիզ», «Գետափին» աշխատանքները արված են վարպետորեն, որոշակի տրամադրություն ու զգացական ազդակներ են հաղորդում։ Դրանցում պարզեցված քաղաքային լանդշաֆտն է․ շեղող կամ մխիթարող ոչ մի մանրամասն չկա, ինչը թույլ կտար կարծել, թե այստեղ մարդը միայնակ չէ կամ հենման գոնե մի կետ ունի։ Տները ու շինությունները հաճախ դիտողին կողքով են շրջված, մարդիկ էլ հազվադեպ են երևում։ Իսկ եթե որևէ մեկը պատկերված է, ապա թախծոտ է ու ընկճված, ինչպես ձկնորսական պարագաներ կրող մարդը կամ երեկոյան ճեմուղով շրջող ֆիգուրները։ Փարիզյան «Ռևյու մոդեռն» ամսագիրը 1937թ․ գրել է, որ Կոնտուրաջյանը «կարողանում է լրիվ թարգմանել, վերարտադրել այն հույզը, որ ապրում է նատուրայի առջև»։

Նկարչի ժառանգությունում նշանակալի տեղ են զբաղեցնում գծանկարները։ Սկզբնական շրջանում դրանցում զգացվում է ուսուցչի՝ Լեժեի ազդեցությունը, սակայն հեղինակն աստիճանաբար ինքնուրույնություն է ձեռք բերում, ձևավորում սեփական ոճն ու մաներան։ Պահպանվել են աշակերտական տետրում արված կոմպոզիցիաներ, որոնցում կարելի է գտնել վերացական առաջատար հոսանքներին բնորոշ տարրեր։ Կոնտուրաջյանի գրաֆիկական աշխատանքների արխիվը, որը ներառում է պաստելով, մատիտով ու ածուխով արված մերկ մարմինների պատկերներ, դիմանկարներ, բնանկարներ ու նատյուրմորտներ, ամենածավալուններից է Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ)։

1939-ին Կոնտուրաջյանը զորակոչվել է, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1945 թ․ Պիկասոյի, Մատիսի և այլոց հետ մասնակցել է Փարիզում կազմակերպված «Ժամանակակից մեծ նկարիչները ռազմագերիների օգտին» ցուցահանդեսին։

Հայրենասեր արվեստագետը Փարիզի հայկական «Ազատ արվեստագետների միության» գործուն անդամներից էր ու բոլոր ցուցահանդեսների մասնակիցը։

Երբ 1947թ․ աշնանը նկարիչը ներգաղթեց Խորհրդային Հայաստան, նա իր հետ վերցրեց միայն իր աշխատանքների մի մասը։ Նախ հաստատվեց Լենինականում․ աշխատում էր Մռավյանի անվան դրամատիկական թատրոնում, նկարչություն էր դասավանդում դպրոցներում։ Ամուսնացավ ուսուցչուհի Գայանե Սահակյանի հետ, սակայն անձնական կյանքում երջանիկ չեղավ։ 1951-ին միայնակ տեղափոխվեց Երևան ու մի սենյակ վարձեց Արաբկիրում, որտեղ նրա նկարներից բացի ոչինչ չկար։ Գումար վաստակելու համար ստեղծում էր կտորեղենի զարդանկարներ մետաքսի ֆաբրիկայի համար, կահույքի գծագրեր, սակայն գիտակցում էր, որ դա չէ իր կոչումը։ Հետագայում պիտի գրեր․ «1947-ին սոցիալիզմի սիրոյն համար ես հրաժարուեցայ իմ թանկագին հարազատներից և մէն-մենակ ներգաղթեցի Հայաստան»։

Ճանաչողների վկայությամբ՝ Կոնտուրաջյանը ընթերցասեր, բարի, քչախոս ու մենակյաց անձնավորություն էր։ Արմինե Կալենցը պատմում է․ «Նա համեստ, պարզ, լռակյաց և ազնիվ մարդ էր, լրիվ կազմակերպված նկարիչ՝ կիսասպիտակ մազերով, միջահասակ, բարեկիրթ և համակրելի։ Թողել էր իր շվեյցարացի կնոջը և եկել հայրենիք։ Կալենցն ու ես առաջարկեցինք, որ հաճախ լինի մեր տանը։ Վերջիվերջո մենք տուն և ընտանիք ունեինք, իսկ նա մեն-մենակ էր։ Բայց նա չէր ուզում սուրճ եփելու անհանգստություն անգամ պատճառել որևէ մեկին»։

Եվրոպական նորաշունչ ուղղություններին հարող նկարիչը կյանքի օրոք Հայաստանում իր տեղը չի գտնում։ Երբեմն նույնիսկ ստիպված է լինում քերել հին գործերը և դրանց փոխարեն նկարել նորերը, որոշ դեպքերում էլ այդ նպատակով օգտագործում է նկարների հակառակ կողմը։ Հեղձուցիչ միջավայրից ազատվելու համար պլեներներ է անցկացնում գեղատեսիլ վայրերում՝ Սևանում, Ծաղկաձորում, Բյուրականում, ստիպված ստեղծում առավել իրապաշտական բնանկարների շարքեր, որոնք ցուցադրվում են Մոսկվայի հայ մշակույթի տասնօրյակին և որոնց համար, սակայն, իր նկատմամբ խստապահանջ հեղինակը ամաչում էր։ Արվեստաբան Մարիամ Այվազյանի ձևակերպմամբ՝ «Պ․ Կոնտուրաջյանի, ինչպես և Հ․ Կալենցի ու այլ հայրենադարձ նկարիչների ստեղծագործական գործունեությունում շատ դժվարություններ էր ստեղծում 1940-ականների վերջի - 1950-ականների սկզբի մեր քննադատությունը, որ հաճախ սխալ էր կողմնորոշում նրանց ու այդպիսով արգելակում արվեստի զարգացումը», այլ կերպ ասած՝ «փաստորեն հանդես էր գալիս կյանքի ու արվեստի նկատմամբ գործուն ստեղծագործական վերաբերմունքի դեմ՝ վերջին հաշվով նպաստելով անկյանք, կաղապարային ստեղծագործությունների թվի ավելացմանը»։

Վկայում են, որ Երևանում Կոնտուրաջյանն ապրուստի միջոցներ չի ունեցել, ուստի չի ցանկացել վերադառնալ Բյուրականից, որտեղ ստեղծագործում էր։ Բյուրականում էլ վատացել է նկարչի ինքնազգացողությունը, նրան տեղափոխել են նախ՝ Աշտարակի, ապա՝ Երևանի հիվանդանոց։ Կորցնելով ինքնատիրապետումը՝ ջարդել է ջրի գրաֆինը, դրա կտորներով փորձել պատռել որովայնը, ինչից հետո ձեռքերը կապել են։ Ի վերջո, չպարզված հանգամանքներում իրեն դուրս է նետել արտաքնոցի պատուհանից՝ հինգերորդ հարկից․ 1956թ․ օգոստոսի 23-ն էր։ Արմինե Կալենցը հիշում է, որ դատական բժիշկը նկարչի վզի վրա մատնահետքեր է նկատել։ Լուրեր են տարածվել, իբր Կոնտուրաջյանը կախվել է, իսկ նկարիչ Հովսեփ Կարալյանը ենթադրել է, որ ՊԱԿ-ն է նկարչին ինքնասպանության հասցրել։ 

1970-ին սպանության զոհ են դարձել նկարչի այրին ու նրանց դուստրը՝ Սիրվարդը։

Քիչ բան գիտենք Կոնտուրաջյանի մասին, ճշտված չեն մինչև իսկ նկարների մեծ մասի անվանումները և ստեղծման թվականը։ Ցայսօր հայտնի ստեղծագործությունների մեծ մասը հանգրվանել է Հայաստանի ազգային պատկերասրահում, սակայն «Աշնանային սալոնին» ու «Անկախների սալոնին» ներկայացված նրա լավագույն աշխատանքների մի մասը վաճառվել է Փարիզում ու Հայաստան չի հասել։

Երկար տարիներ Կոնտուրաջյանի աշխատանքները գրեթե անծանոթ էին նրա հայրենակիցներին, ու, ցավոք, հայ արվեստի վրա նա չունեցավ այն ազդեցությունը, որ կարող էր ունենալ։ Միայն Մինաս Ավետիսյանի ու Շահեն Խաչատրյանի ջանքերով 1966-ին Հայաստանի պետական պատկերասրահում բացվեց նրա առաջին՝ հետմահու անհատական ցուցահանդեսը․ ինչպես Պարույր Սևակը կասեր՝ ուշ, բայց ո՛չ ուշացած։ Կոնտուրաջյանը այնքան առաջ էր անցել իր ապրած ժամանակից, որ նրա գործերը հետագայում իրենց արժանի տեղը գտան Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի մշտական ցուցադրությունում։ Հակառակ դեպքում՝ առանց հայրենադարձված Կոնտուրաջյանի չէր ամբողջանա 20-րդ դարի հայ արվեստի շքեղ համայնապատկերը։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ «Քաղաքային տեսարան․ Փարիզ» (կտավ, յուղաներկ), 1935

2․ «Գործարան» (կտավ, յուղաներկ)

3․ «Մայրը մանկան հետ» (փայտ, յուղաներկ)

4․ «Աղջիկը պատշգամբում» (ստվարաթուղթ, յուղաներկ)

5. «Սևան. Ամպամած օր» (կտավ, յուղաներկ), 1950

6․ «Բնորդուհին ծալապատիկ նստած», գծանկար (բոլորը՝ ՀԱՊ)

... ... ... ... ... ...