Քեզ ծաղիկներ, Հալեպի խունկ ու մի զույգ աչք արցունք

Մանրապատումներ
Ես քեզ ծաղիկներ եմ բերել, Հալեպի խունկ ու մի զույգ աչք արցունք։
Ես չգիտեմ ինչպես բոլոր ժամանակային ձևերից ընտրեցիր անցյալը։ Ինչպես գնացիր ու տնավորվեցիր անցյալում։ Ախր հեռուստացույցն ամբողջ օրը գոռում է` Ապագա կա՛։
Ես գիտեի երկնքին հասնելու հազար ու մի ձև։ Դու ընտրեցիր ամենաբնականը։
Հիմա դու երկնքում ես, ես` ջրափոսում։ Հիմա էլ չես անհանգստանա, որ կմրսեմ, քիչ կուտեմ ու ուշ տուն կգամ։
Ծաղիկներն էժանացել են, ու ծաղիկ նվիրողների քանակը կտրուկ աճել է։
Էս կյանքը շատ ռոմանտիկ շան տղա դուրս եկավ։
Ապրում ես, գիտեն կաս, էլ չեն էլ հիշում։ Բազմազբաղ օրվա մեջ միտքը քեզնով չեն լցնում, բայց հլը փորձիր մեռնել։ Հեռախոսի մյուս ծայրից հենց լսեն՝ չկաս, կսկսվի։ Անհնարինը հնարավոր կսարքեն։ Ունեցած սև շորերից ամենասևը կհագնեն ու կգան։ Կգան, ամենամեծ ծաղկեպսակն ու ամենասիրուն վարդերը կբերեն։ Կասեն էս ի՞նչ արեցիր։
Իսկ դու քո ամենաամբարտավան կեցվածքով պառկածդ տեղից չես էլ շարժվի։ Չես էլ ասի.
-Իյա, եկե՞լ եք, բա էդ ո՞նց։ Էդ գործի չե՞ք, խառը չե՞ք, բա՝ բանը... ըտենց հոդացավով եկել հասել ես։ Բա ինքնաթիռի տոմսը էդ ինչո՞վ առար։ Մի մոլորակ կտրել եկել ես, տնաշեն: Դո՞ւ էլ ես եկել։ Ե՞րբ էր վերջին անգամ խոսում էինք, ասացիր՝ կարևոր քննարկում ունեմ, վերջացնեմ ու կգամ, էհ ասում եմ՝ կգամ, կզանգեմ։ Անհավանականն իրականություն եք սարքել։ Դրա համար ընդամենը պետք էր մեռնել։ Էհ, բա շուտ ասեիք։ Եկել եք։ Ապրեք։ Ապրեք, ու էդ ապրելու ընթացքում գոնե իմացեք հանուն ինչի՞ ու ո՞ւմ։ Մի պահ կանգ առեք ու հաշվեք, դե հաշվելուց լավ եք... փող։ Հաշվեք քանիսին էլ չեք հասցնի ասել՝ սուրճը դիր գալիս եմ, եկել եմ ինչ է, չես պատկերացնի ինչ եղավ... քո կյանքով ապրիր, մի բարդացրու, ստից բան է...
Ծաղիկներն էժանացել են, մարդիկ սկսել են իրար ծաղիկներ նվիրել։ Կյանքն էժանացել է, բայց ոչ մեկի մտքով չի անցնում իրար կյանք նվիրել։
Երկինք հասար, մնում է սիրուն ամպերով ծածկված երկնքի նկարներ ու սրտաճմլիկ երգեր սթորի անեմ։
Եկել եմ մոտդ, տենց էլ ժամանակ չունեցա Հալեպի անուշ հոտով, իսկական՝ էն հին վախտերի, խունկ բերեի քեզ։ Բերել եմ հիմա... մի պտղունց լցնեմ հոգուդ խաղաղության համար... իմը վաղուց կորրել է ու չի գտնվի։
Ծխում է հոգին, մենք էլ ուրիշ բան, որ գունավոր ամպերում ապրենք։
***
Ամենաազնիվը հետդ խմող ընկերներն են։
Ինչ-որ պահից սկսած հատվում է սահմանն անդարձի։ Բացվում է արկղը պանդորայի ու ինչպես ասում են՝ սկսվում է կինոն։
Սիրում եմ խմել քո հետ՝ Շուշի։ Խմելուց քո ամենահամառ տեսակը հարություն է առնում, մշտական անհետաքրքիր դեմքդ մանկական չարաճճի ու խորամանկ պայծառությամբ է ներկվում։ Վերջին անգամ խմելուց քեզ ասի՝ դե ողջ, առողջ, միացրու «Շուշիկի»-ն, հանճարեղ գործ է։ Տեսնես էդ ո՞նց են կարողանում երաժշտություն գրել։ Աներևակայելի է, սրտից լիմոնի նման քամում ու ուրիշների հոգին ասես լվանում են, լցնում են ու չեն դատարկվում։ Դու գնացիր, ես էլ...
Ես գնացի ու դարձա դագաղ սարքող։ Ուզում էի մի լավ բան անել։ Քանի որ ինչին ձեռքս գցում էի՝ չորանում էր, մի օր առավոտը շատ շուտ մինչ աքլորի կանչը, վեր կացա ու որոշեցի։ Դառնամ դագաղ սարքող, մեռնող էլ չլինի։ Ժպտացի այդ մտքից։ Մանկական երազանքս բժիշկ դառնալ ու կյանքեր փրկելն էր, չստացվեց։ Քեզ ո՛չ ես, ո՛չ էլ ուրիշները՝ արտասահմանում ավարտած բժիշկներն էլ, չփրկեցին։
Բժիշկ չդարձա։ Հա՛մ ես համբերատար չէի տասը տարի սովորելու համար, հա՛մ էդքան երկար ժամանակով ուսանող լինելու փող չունեի։
Բայց ես հանճար եմ, գիտեի միշտ։ Տե՛ս ինչ այլընտրանքային տարբերակ գտա կյանք փրկելու։ Ես կդառնամ դագաղագործ ու տրամաբանորեն չի լինի մեռնող մարդ շրջապատում։
-Էդ ի՞նչ է եղել տատ, ինչի՞ ես տնքում։
-Է՜ բալա ջան, լավ չեմ, մեռնում եմ։
-Դու հանգիստ կաց, քեզ մեռնել չկա։
-Էդ ինչի՞, ես հո ճանճ չեմ դառնալու պատին կպնեմ, մնամ։
-Չէ, վայ, հաստատ բան եմ ասում։
Թող ես պարապ ու անգործ մնամ։
2020-նն էր դրսում։ Ի՞նչ պարապ։
Գիշերները սարքում էի, առավոտները գնում թաղում։ Գիշերները լացում էի, ցերեկները գնում թափորի հետ։
Աշխատածս փողը մնում էր գրպանումս։ Կերածս հացը կուլ չէր գնում։
Ու միակ փրկությունը քո հետ խմելն էր։
Ծանրանում էր լյարդս, թեթևանում՝ միտքս։
Ամենաերիտասարդ կաղնիներն անտառներում անխնա մորթվում էին, որ դառնան տախտակ։
Ի՞նչ ենք տանում մեր հետ, մի քանի տախտակ ու մի քանի մեխ։ Կյանքն էլ տենց է սարքած։
Ամենաճշմարիտ բանը էս կյանքում մահն է։ Միշտ, ի վերջո, գալիս է։
Ու վերջում ամեն ինչ սկսվում է նորից։
Քո հետ խմելը էս կյանքի ցավերին չնկատելն ու առավոտը նորից սուտ խոստում տալն էր։
-Երեկ վերջին անգամն էր, որ էդքան լակեցի։ Էլ ջահել չեմ։ Մի քիչ էլ պետք է առողջությանս հետևեմ։
-Գլխացավը, տեսնես, Մառուս տոտայի խանութի լցնովի օղուց էր թե գլխապտույտ գործնական հաջողություններով ուղեկցվող ձգձգվող կյանքից։
-Շուշի, լցնեմ մի-մի հատ։ Միացնեմ «Շուշիկի»-ն, արի՛ խմենք, անհամանանք ու անմահանանք մի քանի ժամ, լինենք։ Հետո հավատամ, որ կա հետոն։
Ողորմիր Աստված։
***
Ցերեկը տուն եկա։ Վառեցի տան բոլոր լույսերը։ Էլի մութ էր։ Ծանր է այս օրը։ Այսօր էժանացած կյանքը ծանր է նստում ապրողներիս վրա։ Մի տոպրակ կարտոֆիլ, կամ գուցե մի շիշ էժանագին կիսաքաղցր գինի հազիվ արժի։ Քաղցը հագեցնել չի լինում։ Լույս գտնել չի լինում։ Վառեք շենքի բոլոր լույսերը։ Գոռաց բարձր՝ դեպի ներս։ Սերուժը գիտեր՝ հենց այդ ժամին է Երևանի քաղաքապետարանը միացնում քաղաքի փողոցային լույսերը։ Վարդագույն քաղաքից նշույլ չի մնացել, բայց լուսավորված Երևանը մեկ այլ սիրունություն է, այն տեսած աչքերն ավելի հարուստ են հաստատապես։
Լույսերի վառվելու հետ սկսվեց փողոցային շների անկանոն հաչը։ Տարածքում նոր շուն էր հայտնվել, մեկը ոգևորված պատմում էր գլխով անցածը, չգիտեմ, երևի ոսկորի կռիվ էր, մի ոսկորի կռիվ` ինչպես մարդկանց մոտ։ Շները մարդկանց մեջ ապրելով մարդկային արատներն իրենցով էին արել։
***
Փնտրվում են հոգու պլաստիկ վիրաբույժներ։
Մի տեսակ շատ են պլաստիկից մարդիկ ու օճառված են շատ:
Փրփուրից կախված ապրում եմ օրը ու ինձ թվում է աշխարհի վերջին դեռ շատ երկար ժամանակ կա։
Հանկարծ ձեռքիցս կընկնի ափսեն, կփշրվի։ Ես անհարթ հատակից հատ-հատ բեկորները կվերցնեմ, առանց էմոցիոնալ պարպման կգցեմ աղբն ու կշարունակեմ լոլիկ կտրտելս։ Ես հանգիստ ապրում էի իմ սովորական օրն այն ժամանակ երբ դու մահանում էիր քաղաքային հիվանդանոցներից մեկում։ Ես կինո էի նայում ու ծիծաղում, երբ օտար մարդիկ, բժիշկները փորձում էին քեզ փրկել։ Սիրտս չէր կծկվել ու ներքին ձայնս չէր գոռացել՝ կորցնում եմ, ինձնից ժամանակը խլում է սիրելիիդ։
Հիմա ի՞նչ, ափսոսամ թե ափսեն եմ կոտրել։ Ինձ թվում է՝ ես էլ մարդկանց չեմ կարոտում ու չեմ սիրում։ Նրանք, բոլորը մեռնելու հատկություն ունեն։ Ես չեմ ուզում անընդհատ գնալ հոգեհանգստի կարգի մասնակցել։ Մի քիչ մեռնել ամենքի հետ։ Եթե փակվեմ տանը ու չբարևեմ մարդկանց, նրանց մեռնելն էլ ինձ համար աշխարհում բան չի փոխի։
Բայց դու, դու ինչպե՞ս կարողացար։
Ինչպե՞ս կարողացար, չգիտեմ։ Այնպես թեթևությամբ լքեցիր, որ ուզում եմ հավատամ՝ ցավ չես զգացել։
Փնտրում եմ հոգու պլաստիկ վիրաբույժներ։ Կարող են ուզել աստղաբաշխական թվեր, ու ես, թալանելով իմ երազները, կվճարեմ։ Թե չհերիքեց՝ վարկ կվերցնեմ։ Հոգիս տգեղացել է։
Մարմինս վաղուց էր վերածվել ծանրության։
Չափից շատ է քո չլինելու ծանրությունն իմ հոգու ուսերին։
Ու ես շարունակում եմ ապրել, իսկ դու այսօր երազիս մեջ խոսում ու ժպտում էիր, ասես կյանքը հենց երազն էր այդ։
Շուշանիկ Գյոլչանյան